HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Շինարարությունը հինգ ամսում 23.4%-ով կրճատվել է. COVID-19-ը խափանեց սպասելիքները

Այս տարվա հունվար-մայիսին, ըստ պաշտոնական վիճակագրության, Հայաստանում մոտ 77.5 մլրդ դրամի շինարարություն է իրականացվել։ Ինչպես վկայում են Վիճակագրական կոմիտեի  (ՀՀ ՎԿ) տվյալները, 2019 թվականի նույն հինգ ամիսների համեմատ այն 23.4%-ով կրճատվել է։

Երկար տարիների անկումից հետո շինարարության ոլորտը Հայաստանում 2018-2019 թվականներից սկսել էր դանդաղ վերականգնվել։ Սակայն, ինչպես տնտեսության բազմաթիվ ոլորտներ, շինարարությունը ևս մեծ հարվածներ է ստանում նոր կորոնավիրուսի (COVID-19) տարածման հետևանքով։ Տնտեսագետներն ու ոլորտի ընկերությունները փորձում են ելքեր գտնել՝ ինչպես «փրկել» շինարարությունը։

Պայթած «փուչիկից» մինչև դանդաղ վերականգնում

Մինչև 2017 թվականը, շինարարության ոլորտը Հայաստանում «ազատ անկման» մեջ էր։  Դրանից շուրջ տասը տարի առաջ ի հայտ եկած համաշխարհային տնտեսական ճգնաժամից հետո այս ոլորտը միանգամից «հոգեվարքի» մեջ հայտնվեց։

2008 թվականին նախորդող հատկապես հինգ տարիներին շինարարությունն աճում էր սրընթաց տեմպերով. 2005 թվականին տարեկան աճը գերազանցեց 40%-ը։ Այդ տարիներին շինարարությունը դարձել էր Հայաստանի տնտեսության շոգեքարշը։ 

Հետագայում այդ ժամանակաշրջանի աճը նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի կողմից «շինարարական փուչիկ» անվանումը պիտի ստանար։ Տիգրան Սարգսյանը, բանավիճելով, Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերը Քոչարյանի հետ, վերջինիս մեղադրեց իր պաշտոնավարման տարիներին տնտեսական աճը շինարարության ոչ առողջ աճի հաշվին ապահովելու հարցում։ Ռոբերտ Քոչարյանը, բնականաբար, չընդունեց այս դիտարկումը։ 

Շինարարության աննախադեպ աճը նախաճգնաժամային տարիներին բացատրվում էր հիմնականում մասնավոր ներդրումների, բնակարանային շինարարության ծավալների աճով, արտասահմանից Հայաստան տրանսֆերտների ավելացմամբ։ Դրա հետևանքով զարգանում էր տնտեսության ոչ արտահանելի հատվածը, տրանսֆերտների աճը հանգեցրել էր դրամի գերարժևորվմանը, որը մի շարք տնտեսագետներ համարում էին վտանգավոր տնտեսության համար։ Հետագայում շինարարության ոլորտի կտրուկ անկումը (2009թ.-ին շինարարության ծավալները կրճատվեցին միանգամից 37.4%-ով) ցույց տվեց, որ նախորդող տարիների աճն, իսկապես, ոչ առողջ երևույթներ է պարունակել։ 

2009 թվականից մինչև 2017 թվականը շինարարության ոլորտը «ուշքի չէր գալիս»։ 2017-ից արդեն որոշակի կենդանության նշաններ ցույց տվեց։ 2018-2019 թվականներն այս ոլորտի համար աստիճանաբար վերականգնման տարիներ էին։ Հատկապես 2019-ի զարգացումները 2020 թվականի համար դրական ակնկալիքների հույս էին տալիս։ Սպասվում էր, որ այս տարին շինարարության համար  արդեն ակտիվացման տարի է լինելու՝ չնայած ակնհայտ էր, որ  նախաճգնաժամային տարիների շինարարության ծավալներին վերադառնալուն դեռ երկար ժամանակ կար։

Նույնիսկ 2019 թվականի մարտի 27-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայատարարեց, որ Հայաստանը կանգնած է շինարարական բումի նախաշեմին։

Սակայն, արդեն այս տարվա մարտից սկսած այդ սպասումները փոխվեցին։  Շինարարությունն այն ոլորտներից էր, որն անմիջապես բացասաբար արձագանքեց նոր կորոնավիրուսի տարածմանը։

Մարտին, 2019 թվականի նույն ամսվա համեմատ, շինարարության ծավալները անկում են ապրել միանգամից  26.2%-ով։ Ապրիլին անկումը խորացել է՝ հասնելով 51%-ի։ Մայիսին այն համեմատաբար  դանդաղել է, որը պայմանավորված էր երկրում սահմանված տնտեսական գործունեության արգելքների թուլացմամբ, սակայն կրկին անկման մեծ թիվ է գրանցվել՝ 27%:

Շինարարությունը նվազում է գրեթե բոլոր ուղղություններով

Վիճակագրական կոմիտեն հրապարակել է շինարարության ոլորտի բացվածքը, որտեղ երևում են շինարարության ֆինանսավորման աղբյուրները և ոլորտները։

Դրանց ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ այսօր ամենամեծ ծավալի շինարարություն կատարում են կազմակերպությունները։ Այս տարվա հունվար-մայիսին կազմակերպությունների կողմից իրականացվել է 40.8 մլրդ դրամի շինարարություն։ Նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ այն նվազել է 17.9%-ով։

Կազմակերպությունների կողմից շինարարության ծավալների մեջ է ներառվում նոր բազմաբնակարան շենքերի շինարարությունները։ Ինչպես հայտնի է, վերջին տարիներին բնակարանաշինության ոլորտի աճին էապես խթանել է եկամտային հարկի վերադարձով հիպոթեքային ծրագիրը։

Ծրագրի համաձայն՝ եկամտային հարկն ուղղվում է կառուցապատողից գնվող բնակարանի կամ տան հիպոթեքային վարկի տոկոսագումարները մարելուն։  Եվ ինչպես ավելի վաղ գրել ենք, սրանով մի կողմից զարկ է տրվում հիպոթեքային շուկայի զարգացմանն ու բնակարանաշինությանը, մյուս կողմից այն պետության վրա է բեռ դառնում։

Պետությունը ներկայում քննարկում է եկամտային հարկի վերադարձի ծրագիրը Երևանի առաջին և երկրորդ գոտիներում դադարեցնելու գաղափարը։ Իսկ կառուցապատողները պնդում են, որ նման խոշոր փոփոխությունների համար իրենց առնվազն երկու տարի ժամանակ է հարկավոր։

Եվ եթե այս ծրագրի վերաբերյալ սահմանափակումները ընդունվեն, ենթադրվում է, որ դա բացասաբար է ազդելու կազմակերպությունների կողմից իրականացվող շինարարության ծավալների վրա։  Համենայնդեպս, այս պահին էլ, ինչպես տեսնում ենք, շինարարության այդ հատվածը արդեն իսկ կրճատվում է։

Ի դեպ, երբ շինարարության ծավալները դիտարկում ենք ըստ տնտեսության ոլորտների, ապա կրկին տեսնում ենք, որ ամենամեծ ծավալի շինարարությունն իրականացվում է անշարժ գույքի հետ կապված գործունեության ոլորտում։ Այս տարվա հունվար-մայիսին այն կազմել է 23.9 մլրդ դրամ։

Նույն իրավիճակն է նաև մյուս հատվածներում՝ ինչպես պետական բյուջեի հաշվին իրականացվող շինարարության, այնպես էլ՝ բնակչության միջոցներով իրականացվող։

Պետական բյուջեի հաշվին այս տարվա հունվար-մայիսին իրականացվել է 17.4 մլրդ դրամի շինարարություն, որը նախորդ տարվա նույն ամիսների համեմատ 28%-ով նվազել է։

Պետական բյուջեի հաշվին իրականացվող շինարարության ներքո պետք է հիմնականում հասկանալ կապիտալ ծախսերը, որոնց գերակշիռ մասը պետությունը կատարում է միջազգային կազմակերպություններից ստացվող վարկերի հաշվին։ Եվ ինչպես նախորդ տարի, այս տարի ևս պետությունը թերանում է կապիտալ ծախսերում։ Հինգ ամսում՝ հունվար-մայիսին, կապիտալ ծախսերը կազմել են  շուրջ 36.3 մլրդ դրամ։ Մինչդեռ վեց ամսում դրանք պետք է կազմեին  118  մլրդ դրամ։  

Մասնագետներն այս տարի շինարարության ծավալների աճ  էին ակնկալում նաև կապիտալ ծախսերի աճի մասին իշխանությունների խոստումների ֆոնին։ Սակայն, դատելով կապիտալ ծախսերի թերակատարումից, այդ սպասումները չքանում են։

 Իսկ բնակչության միջոցներով հունվար-մայիսին կատարվել է 18.5 մլրդ դրամի շինարարությունը, որը ևս նվազել է 28%-ով։  Սակայն, վիճակագրության այս հատվածը որոշակի նրբություններ ունի։ Հայտնի է, որ Վիճկոմիտեն ոչ միշտ է կարողանում ճշգրտորեն հաշվարկել բնակչության կողմից իրականացվող մասնավոր շինարարությունը։ Հիմնականում հաշվարկվում է  վարկերի միջոցով իրականացվող շինարարությունը, որի տվյալները տրամադրում են բանկերը։ Այսինքն՝ այս շինարարության վիճակագրության այս հատվածը որոշակիորեն թերի է։ Ավելին՝ բնակչության կողմից շինարարության որոշակի աշխուժություն է նկատվում վերջին երկու ամիսներին, որի մասին է վկայում նաև շինանյութի արտադրության աճը։  Այդ մասին անդրադարձել ենք հոդվածի վերջին հատվածում։

Շինարարության ծավալների կառուվածքում ամենափոքր մասնաբաժինն ունեն համայնքների և մարդասիրական օգնության միջոցների հաշվին իրականացվող շինարարությունները։  Առավել մանրամասն՝ ստորև գտնվող գրաֆիկում։

Շինարարության կշիռը տնտեսության մեջ փոքրացել է

Չնայած, որ շինարարությունը շարունակում է մնալ Հայաստանի տնտեսության ամենակարևոր ճյուղերից մեկը, որը  շղթայաբար ազդում է տնտեսության բազմաթիվ ճյուղերի վրա, 2009 թվականից հետո շինարարության կշիռը Հայաստանի տնտեսության մեջ աստիճանաբար փոքրացել է։

Եթե նախաճգնաժամային տարիներին, ըստ Վիճկոմիտեի բազաներում առկա տվյալների, շինարարությունը զբաղեցրել է Հայաստանի ՀՆԱ-ի (համախառն ներքին արդյունք) 25-30%-ն, ապա այսօր մի քանի անգամ ավելի փոքր է։  

2019 թվականի տարեկան տվյալներով ՀՆԱ-ի կազմում շինարարության տեսակարար կշիռը 6.2% է։ Համեմատության համար նշենք, որ օրինակ մշակող արդյունաբերությունը զբաղեցրել է 11.7%-ը, առևտրի ոլորտը՝ 11.5%-ը և այլն։ Այսինքն՝ ճգնաժամից հետո տնտեսության շոգեքարշը դարձան մյուս ոլորտները, մեծապես՝ առևտուրն ու ծառայությունները։

Շինարարությունը, երկար տարիներ անկումային վիճակում գտնվել,  զսպել է տնտեսական աճը։

Այս տարվա համար շինարարության ոլորտի վերաբերյալ սպասումները բացասական են։ Օրինակ, համաձայն  Կենտրոնական բանկի վերջին կանպատեսումների՝  2020 թվականին Հայաստանում սպասվում է 4%-անոց տնտեսական անկում է: Ընդ որում ՝ տնտեսության ճյուղերից ամենամեծ անկումը կանխատեսվում է  շինարարության ոլորտում՝  -11.2%։

 Ինչպես «փրկել» շինարարությունը կամ դանդաղեցնել անկումը

Մարտի 16-ից Հայաստանում արտակարգ դրություն է հայտարարված։ Դրանից մեկ ամիս անց արդեն հայտնի էր, որ տնտեսության բազմաթիվ ոլորտներին համավարակի այս ալիքը մեծ հարված է հասցրել՝ շրջանառության ու եկամուտների անկում, աշխատատեղերի կրճատում և այլն։

 Շինարարությունը, ինչպես նշեցինք, ամենից շատ տուժող ոլորտներից էր։ Արդեն ապրիլի կեսերից այդ իրավիճակը կառավարությանը ստիպեց թույլատրել բացօթյա շինարարությունը, ինչպես նաև գործունեության մի քանի այլ տեսակներ։

Պարետատան թույլտվությունից հետո շինհրապարակներում արդեն որոշակի աշխուժություն էր նկատվում։ Սակայն թե՛ շինարարական ընկերությունները, թե՛ կառուցապատողները այժմ էլ չեն կարողանում աշխատել այն նույն տեմպերով, ինչ համավարակից առաջ էր։ Պատճառը ինչպես պահանջարկի անկումն է, այնպես էլ՝ շինանյութի ներմուծման հետ կապված և այլ դժվարությունները։

Կառուցապատողների հայկական ասոցիացիայի նախագահ Գուրգեն Գրիգորյանի խոսքով՝ ամենակարևոր քայլը, որ կառավարությունը կարող է անել կազմակերպությունների կողմից իրականացվող շինարարության ծավալների կտրուկ անկումը ապագայում կանխելու կամ դանդաղեցնելու համար, եկամտային հարկի վերադարձի ծրագրի հնարավոր սահմանափակումների չեղարկումն է։

Ըստ նրա՝ եթե ծրագիրը սկսի նոր սահմանափակումներով գործել, ապա առաջնային շուկայից ձեռք բերվող բնակարանների պահանջարկը կնվազի, հետևաբար կնվազի նաև՝ կառուցապատումն ու շինարարության ծավալներն այս ոլորտում։ Այս փուլում դա կհանգեցնի շինարարության ծավալների ավելի մեծ անկմանն ու աշխատատեղերի կրճատմանը։

«Մեր հիմնավոր դիրքորոշումը կայանում է նրանում, որ հիփոթեքային վարկերի տոկոսների գծով պետական բյուջեից եկամտային հարկի վերադարձման ծրագիրը իր կարևորությամբ արժանի է ոչ միայն պահպանման, այլև անհրաժեշտ է իրականացնել օրենսդրական փոփոխություն և վերացնել ծրագրից օգտվող քաղաքացիների համար 55 մլն բնակարանի արժեքի շեմը, որպեսզի ծրագրից օգտվող սուբյեկտների թիվը էլ ավելի լայնանա: Նշենք որ նշված շեմի վերացումը որևիցե կերպ չի ավելացնի բյուջեի ծախսերի թիվը, քանի որ առկա է մեկ անձի համար ամսական 500 հազար ՀՀ դրամից ոչ ավել եկամտային հարկի հատուցման սահմանափակումը»,- «Հետքի» հետ զրույցում ասաց ասոցիացիայի նախագահը։

Ըստ Գուրգեն Գրիգորյանի՝ ներկայում կառուցապատողները մի շարք խնդիրների առաջ են կանգնում՝ հողամասի ձեռքբերման փուլից մինչև փաստացի շահագործման հանձնման փուլ։ Այս ընթացքում խնդիրներ են առաջանում ճարտարապետահատակագծային առաջադրանքի տրամադրման, նախագծման, փորձաքննության, շինթույլտվության, բուն շինարարության, ավարտական ակտի տրամադրման և այլ փուլերում։

Կառուցապատողներն այս ամենը մանրամասն շարադրել և պատրաստվում են ներկայացնել իշխանության տնտեսական բլոկի ներկայացուցիչներին։

«Շինարարության ոլորտում գործող ընկերություններին պետության կողմից ուղղակի ֆինանսավորումը արդյունավետ չի լինի»

Տնտեսագետ Սուրեն Պարսյանի խոսքով՝ շինարարության ոլորտին օգնելու տարատեսակ տարբերակներ կան, բայց պետք է ընտրել դրանցից արդյունավետները։ Տնտեսագետը արդյունավետ և առաջնահերթ չի համարում շինարարության ոլորտում գործող ընկերություններին պետության կողմից ուղղակի ֆինանսավորելու տարբերակը։ Ըստ նրա՝ ավելի առաջնահերթ ծախսեր ունի պետությունը։ Շինարարության ոլորտին պետությունը կարող է օգնել ճիշտ տեղեկություններ փոխանցելով, նպաստելով բանկերի կողմից վարկային արձակուրդների երկարաձգմանը։

Սուրեն Պարսյանը նշում է, որ որպես կանոն, ֆինանսատնտեսական ճգնաժամերի ժամանակ մեծ անկում է ապրում շինարարության ոլորտն ու անշարժ գույքի շուկան։ Սա օրինաչափություն է, և մենք պետք է պատրաստ լինենք այս տարի այս ոլորտում կորուստներ ունենալուն։ Ճգնաժամերի ժամանակ մարդիկ, որոնց գույքը գրավադրված է բանկում, ստիպված են լինում գույքը կամ արագ վաճառել, կամ բանկն է վերցնում այն, էժան գնով  վաճառում։ Այդ միտումը Հայաստանում, գոնե առայժմ, չկա, քանի որ բանկերը երկու-երեք ամսով հետաձգեցին վարկային պարտավորությունների մարումը։ Սակայն առաջիկա ամիսներին նման ռիսկեր կան։

«Հիմա՝ հուլիս-սեպտեմբեր ամիսներին, երբ մարդիկ ստիպված են լինելու վճարել իրենց մի քանի ամսվա վարկային պարտավորությունները, նրանք լուրջ խնդիրներ են ունենալու։ Կամ ստիպված են լինելու արագ վաճառել բնակարանները, կամ թողնել բանկին։ Այս իրավիճակում անշարժ գույքի գների կտրուկ անկումը նաև մեծ վնաս է հասցնում շինարարության ոլորտին։ Շահութաբերությունը կտրուկ անկում է գրանցում. շինարարները իրենց նախագծերի հիմքում եղած հաշվարկների համեմատ շատ ավելի փոքր եկամուտներ են ստանում։ Ստիպված են լինում իջեցնել բնակարանների գները կամ վաճառքը հետաձգել, որը ևս խնդիր է»,- «Հետքի» հետ զրույցում նշեց Սուրեն Պարսյանը։

Նրա խոսքով՝ այս ընթացքում, հնարավոր է, գտնվեն մարդիկ, որոնք արհեստականորեն սպասումներ ձևավորեն բնակչության շրջանում, որ շուտով բնակարաններն էժանանալու են, դրանով պայամանավորված պահանաջարկն ընկնի, որն էլ իսկապես հանգեցնի գնանկման։ Նույն մարդիկ կարող են, օգտվելով առիթից, էժան գնով բնակարաններ գնել՝ հետագայում այն առավել թանկ գնով վաճառելու ծրագրով։ Սուրեն Պարսյանը համարում է, որ այս դեպքում էլ պետությունը պետք է հետևի զարգացումներին՝ թույլ չտալով սպեկուլյատիվ երևույթների տարածումը։

«Նաև կարծում եմ, որ այստեղ պետական որոշակի երաշխիքների կարիք կլինի։ Մարդկանց մի մասը, ովքեր ցանկանում են բնակարան գնել, մտավախություն ունեն, որ շինարարական այս կամ այն կազմակերպությունը, հնարավոր է, ավարտին չհասցնի շենքի շինարարությունը։ Պետությունը այստեղ կարող է որպես երաշխավոր հանդես գալ։ Օրինակ՝ Երևանի քաղաքապետարանը կարող է երաշխավորել և որոշակի ռիսկ իր վրա վերցնել, հայտարարել, որ այս կամ այն շենքի բնակարանները երկու-երեք տարի անց պատրաստ են լինելու»,- նշում է տնտեսագետը։

Ինչ վերաբերում է բյուջեի հաշվին շինարարության ծավալների նվազմանը, որն ուղիղ կապված է կապիտալ ծախսերի հետ, Սուրեն Պարսյանը նկատում է, որ կապիտալ ծասխերի թերակատարումը պայմանավորված է ինչպես ծրագրերը կառավարող գերատեսչությունների ոչ բավարար կարողություններով, այնպես էլ՝ սահմանված ընթացակարգերով, որոնք շատ ընկերությունների թույլ չեն տալիս մասնակցել մրցույթներին։

«Կապիտալ ծախսերին թերատարումը լուրջ ձախողում է պետական բյուջեի տեսանկյունից։ Կապիտալ ծախսերի չիրականացումը նշանակում է, որ մենք ոչ միայն այս տարվա տնտեսական աճին ենք վնասում, այլև՝ հաջորդ տարվա։ Ակնհայտ է, որ պետական բյուջեով կապիտալ ծախսերի այս տարվա նախատեսված ցուցանիշները չեն կատարվելու։ Պատճառները մի քանիսն են։ Ինչպես նախորդ տարի, այս տարի ևս կառավարությունը չունի բավարար կարողություններ, որպեսզի կապիտալ ծախսերի ծրագրեր իրականացնի, հատկապես խոշոր ծրագրերը։ Չի կարողանում կատարել անհրաժեշտ բոլոր նախապատրաստական աշխատանքները՝ նախագծային, մրցութային։ Նաև վախենում են որոշակի ռիսկեր վերցնել իր վրա։ Որոշակի գերատեսչություններ շատ խոշոր ծրագրեր անընդհատ հետաձգում են մինչև տարվա վերջ, որովհետև կոռուպցիոն ռիսկեր կան»,- նշում է տնտեսագետը։

Նա նկատում է, որ այս տարի Հայաստանը պետական բյուջեի եկամտային մասով ավելի քան 200 մլրդ դրամի կորուստ է ունենալու, և դա, բնականաբար, ազդելու է նաև ծախսերի վրա։ Պետությունը ծախսերի վերանայումներ է իրականացնելու, որոշակի առաջնահերթություններ է ճշտելու, այդ թվում ՝ կապիտալ ծախսերի մասով։

Սուրեն Պարսյանը, միևնույն ժամանակ, շեշտում է, որ այսօրվա իշխանություններին հաջողվում է ճանապարհաշինության ոլորտում բարձր որակ ապահովել։ Սակայն, այստեղ էլ խնդիրներ կան։ «Ճանապարհաշինությունը բավականին լավ որակով է ստացվում, բայց միայն ճանապարհաշինությամբ չեն կարող շինարարության ոլորտի անկումը կասեցնել։ Նաև այս տարվա ծրագրով նախատեսված ճանապարհաշինությունը չեն կարող ամբողջությամբ կատարել, որովհետև բազմաթիվ մրցույթներ հետաձգվել են։ Դրան չի նպաստում նաև այն հանգամանքը, որ անցած տարի փոխվեց պետական գնումների ընթացակարգը, և մրցույթին մասնակցող կազմակերպությունները պետք է բանկային երաշխիք ներկայացնեն ծրագրի գումարի չափով։ Այսինքն ՝ եթե 100 մլն դրամի շինարարություն են իրականացնում, պետք է բանկում 100 մլն դրամի գումար ունենան, կամ բանկը պետք է երաշխիք տա։ Փորք և միջին կազմակերպությունների դեպքում, հատկապես, դա անհնար է»,- ասում է տնտեսագետը

Ըստ նրա՝ մրցույթներում սահմանված կանոնների փոփոխությունները թույլ կտան, որ ավելի շատ ընկերություններ մասնակցեն  և ավելի մեծ ծավալով շինարարություն իրականացնեն։

Սուրեն Պարսյանը ևս մեկ հետաքրքիր միտում է նկատել։ Վերջին ամիսներին ավելացել է անձնական կարիքների համար շինարարության ծավալները։ Այսինքն՝ ամեն մեկն իր կարիքների համար շինարարական աշխատանքներ է իրականացնում՝ տուն ու բնակարան վերանորոգում։ Գտնվելով կարանտինային պայմաններում և ունենալով ազատ ժամանակ՝ ոմանք իրենց խնայողությունների հաշվին փոքր ծավալի շինարարական աշխատանքներ են իրականացնում։

Ի դեպ, այս մասին է վկայում նաև պաշտոնական վիճակագրությունը շինանյութի որոշ տեսակների արտադրության մասին։ Մասնավորապես, Վիճկոմիտեից տեղեկանում ենք, որ այս տարվա հունվար-մայիսին, նախորդ տարվա նույն ամիսների համեմատ, Հայաստանում ցեմենտի արտադրությունն ավելացել է 33.8%-ով, գաջի արտադրությունը՝ 37.3%-ով, ապրանքային բետոնինը՝ 6.7%-ով և այլն։

Ըստ Սուրեն Պարսյանի՝ ակնհայտ է, որ բնակչության շրջանում մասնավոր շինարարության այս միտումը կարճաժամկետ է, որը կարող է տևել միայն երկու-երեք ամիս։

Այսպիսով, շինարարության ոլորտում մտահոգիչ զարգացումներ են։ Թեև անհատների շրջանում որոշակի աշխուժություն է նկատվում, սական կազմակերպությունների, պետության և ֆինանսավորման այլ աղբյուրներով շինարարության գծով բավականին մեծ անկում կա։ Առաջիկա զարգացումները կախված կլինեն մեծապես համավարակի տարածման տեմպերից ու ազդեցություններից, ինչպես նաև՝ պետության ու ոլորտի մասնակիցների վարքագծից։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter