HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տրդատ Մուշեղյան

ՄԻԵԴ-ը կոմունիկացրել է Ադրբեջանում դատապարտված Կարեն Ղազարյանի գործը և կարևոր արձանագրումներ արել

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) կոմունիկացրել է Տավուշի մարզի Բերդավան գյուղի բնակիչ Կարեն Ղազարյանի գործը: Հիշեցնենք, որ վերջինս 2018 թվականի հուլիսից գտնվում է Ադրբեջանում, նրան այնտեղ ապօրինաբար դատապարտել են 20 տարվա ազատազրկման: Ադրբեջանում հայտնվելուց օրեր հետո նրա իրավահաջորդների ներկայացուցիչները դիմում են ուղարկել ՄԻԵԴ, և ահա այսօր հայտնի է դարձել, որ Եվրադատարանը կոմունիկացրել է Կարեն Ղազարյանի գործը, ինչը նշանակում է, որ սկսվել է գործի քննությունը, այսինքն՝ ՄԻԵԴ-ը ներկայացված դիմումում տեսել է այնպիսի խնդիրներ, որոնք առնվազն անհիմն չեն: Կարեն Ղազարյանի ծնողներ Արմեն Ղազարյանի և Աստղիկ Բայրամյանի շահերը ՄԻԵԴ-ում ներկայացնում են փաստաբաններ Արա Ղազարյանը, Արթուր Ղազարյանն ու Մերի Բաղդասարյանը:

Այս թեմայի վերաբերյալ զրուցել ենք Արա Ղազարյանի և Արթուր Ղազարյանի հետ:

Ինչպես նշում է Արա Ղազարյանը, որոշման կարևորությունը Ադրբեջանի կառավարությանն ուղղված հարցերի մեջ է, որոնք ներկայացվել են լայն ծավալով: Գործը կոմունիկացվել է կյանքի, խոշտանգումներից զերծ մնալու, արդար դատաքննության իրավունքների, ձերբակալության և կալանքի օրինականության, անձնական կյանքի, իրավական պաշտպանության միջոցների հոդվածներով:

«34-րդ հոդվածը (Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի-հեղ.) վերաբերում է անհատական գանգատ ներկայացնելու իրավունքին, քանի որ մենք նշել էինք, որ նա պահվում է առանց արտաքին աշխարհի հետ կապի: Մենք չգիտենք՝ նա ուզու՞մ է դիմել ՄԻԵԴ, թե՞ չի ուզում: Հնարավորություն չունենք նրա հետ խոսել: Հետևաբար, արդյոք դրանով պետությունը չի՞ խանգարում անձին դիմել Եվրոպական դատարան, երբ նույնիսկ հնարավորություն չի տալիս կապվել իր ծնողների հետ: Կարեն Ղազարյանին նույնիսկ զանգի հնարավորությունից են զրկել, իսկ դա նշանակում է, որ ինքը հնարավորություն չունի գանգատ ներկայացնելու: Դա շատ լուրջ խախտում է, պետությունը բարեխղճորեն չի կատարում միջազգային պայմանագիրը, սա միջազգային իրավունքի հանրաճանաչ նորմ է»,- ասում է Արա Ղազարյանը՝ ընդգծելով, որ Ադրբեջանը խախտում է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան՝ թույլ չտալով իր տրամադրության տակ եղած քաղաքացիներին դիմել Եվրոպական դատարան: Իսկ թե ինչու թույլ չի տալիս, ըստ Արա Ղազարյանի, պատճառը կապված է Կարեն Ղազարյանի շուրջ ստեղծված այն լեգենդի հետ, թե իբր նա դիվերսանտ է, այսինքն՝ կապի հնարավորության դեպքում այդ լեգենեդը պարզապես կփլվի:

Կարեն Ղազարյանի իրավահաջորդների ներկայացուցիչներն առանձնակի ուշադրություն են հրավիրում ՄԻԵԴ-ի կողմից Ադրբեջանի կառավարությանն ուղղած 12-րդ հարցի վրա: Արա Ղազարյանն ասում է, որ այս հարցից կարելի է հասկանալ, թե Եվրոպական դատարանը ինչ կարծիք ունի Ադրբեջանի վերաբերյալ այս գործի մասով: 

Որոշման մեջ նշված 12-րդ հարցում ՄԻԵԴ-ը Ադրբեջանի կառավարությունից խնդրում է տրամադրել գործի վերաբերյալ ամբողջ ինֆորմացիան և փաստաթղթերը, ներառյալ Կարեն Ղազարյանի նախնական ձերբակալության վերաբերյալ ցանկացած որոշում կամ փաստաթուղթ, նրա նկատմամբ հարուցված քրեական գործի վերաբերյալ հաշվետվություն, նրա անունից արված հայտարարությունները, դատական նիստի արձանագրությունը, Զինվորական դատարանի որոշումը, այդ որոշման վերաբերյալ ցանկացած բողոք, և բողոքից հետո կայացված բոլոր որոշումները (եթե այդպիսիք կան), ինչպես նաև Կարեն Ղազարյանի առողջության վերաբերյալ բոլոր բժշկական տվյալները: ՄԻԵԴ-ը պահանջել է այս բոլոր փաստաթղթերը ներկայացնել օրիգինալ լեզվով և անգլերեն թարգմանությամբ:

«Չգիտեմ՝ Ադրբեջանի իշխանությունները ոնց են դուրս գալու սրա տակից: Սովորական գործերով այսպիսի հարց չի առաջադրվում: Դատավարությունից մենք բոլորս տեսել ենք ընդամենը մեկուկես րոպե, Կարենի կողքին փաստաբան չկար, կար դատախազ, ոստիկաններ, դահլիճ էլ էր երևում: Այսինքն՝ Եվրոպական դատարանն ուզում է պարզել՝ ողջ դատաքննությունը իսկապես եղե՞լ է, թե՞ ընդամենը իմիտացիա է եղել: Եթե եղել է, ապա կարող են հատորով վերցնել և ուղարկել»,- նշում է Արա Ղազարյանը: Վերջինիս խոսքով՝ Չինարիում զոհված երեք զինծառայողների սպանության գործով իրենք Ադրբեջանի կողմից ներկայացված կեղծ փաստաթղթեր էին հայտնաբերել, մասնավորապես՝ քննիչի հարցաքննության արձանագրությունը: 

Կարեն Ղազարյանի գործին ՄԻԵԴ-ն առաջնահերություն է տվել, սակայն բովանդակային առումով, ինչպես նշում է Արա Ղազարյանը, իրենք տեսնում են Մանվել Սարիբեկյանի գործի ազդեցությունը: Այսինքն՝ «դառը փորձը» հաշվի առնելով՝ Ադրբեջանը փորձում է խուսանավել նախկին գործերով տեղի ունեցած զարգացումներից: 

Կարեն Ղազարյանի իրավահաջորդների ներկայացուցիչներից մյուսը՝ Արթուր Ղազարյանն էլ ասում է՝ Ադրբեջանն էլ է հասկանում, որ հնարավոր չէ բոլորին որպես դիվերսանտ ներկայացնել:

«Եվրոպական դատարանի բոլոր փաստաթղթերը, որոնք Ադրբեջանը նույնպես ստանում է, նրանք հասկանում են, որ այդ լեգենդը պահելը գնալով դժվարանալու է: Մենք էլ ի սկզբանե ենթադրում էինք, որ եթե Կարեն Ղազարյանի նկատմամբ քրեական վարույթ սկսվի Ադրբեջանում, բազմաթիվ դատավարական խախտումներ են լինելու»,- նշում է Արթուր Ղազարյանը՝ հավելելով, որ իր համար անսպասելի էին Եվրոպական դատարանը այս տեսակի արձանագրումները: 

«ՄԻԵԴ-ը կոնկրետ անդրադառնում է պաշտպանության իրավունքի խախտմանը: Այսինքն՝ մենք չգիտենք՝ ի վերջո այնտեղ Կարեն Ղազարյանին պաշտպան տրամադրվե՞լ է, թե՞ ոչ: Եթե տրամադրվել է, ապա նա ինչպես է շփվել պաշտպանի հետ: Ճիշտ թարգմանություն արվե՞լ է, թե՞ ոչ: Եթե պաշտպան ունեցել է, ապա ծնողները գոնե մի անգամ հնարավորություն պետք է ունենային կապվել այդ պաշտպանի հետ՝ հասկանալու համար, թե իրենց որդին ինչում է մեղադրվում: Սա այն հիմնարար իրավունքներն են, որոնք մեղադրյալն ունի: Ստացվում է, որ այն փաստական հանգամանքները, որոնք մենք ներկայացրել ենք Եվրոպական դատարան, դատարանի համար ավելի հիմնավոր էին»,- ասում է Արթուր Ղազարյանը: 

Արա Ղազարյանը Մանվել Սարիբեկյանի գործի ազդեցությունն է համարում նաև Ադրբեջանի կառավարությանն ուղղված ՄԻԵԴ-ի առաջին հարցը, որում ասվում է՝ այս գործում խախտվե՞լ է արդյոք Կարեն Ղազարյանի կյանքի իրավունքը՝ երաշխավորված Կոնվենցիայի երկրորդ հոդվածով: Մասնավորապես՝ Կարեն Ղազարյանը ձերբակալման, դատավարության կամ ազատազրկման ընթացքում բախվե՞լ է կյանքի համար վտանգավոր իրավիճակի՝ հաշվի առնելով նրա մտավոր հաշմանդամությունը և Ադրբեջանում հայերի նկատմամբ ենթադրյալ ատելության մթնոլորտը: 

«Սա Սարիբեկյանի գործի ազդեցությունն է, որովհետև այդ գործով առաջին անգամ հաստատվեց, որ նրան ռազմական ոստիկանության աշխատակիցները սպանել են ամենայն հավանականությամբ միայն այն բանի համար, որ նա հայ է»,- ասում է Արա Ղազարյանը: 

ՄԻԵԴ-ի որոշումից հայտնի է դառնում նաև, որ 2018 թվականի նոյեմբերի 19-ին Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունը հարուցված քրեական գործի շրջանակներում, հղում անելով Անկախ պետությունների համագործակցության (ԱՊՀ) 1993թ. հունվարի 23-ի՝ քաղաքացիական, ընտանեկան և քրեական գործերով իրավական օգնության և իրավական հարաբերությունների մասին կոնվենցիային, իրավական օգնության խնդրանքով դիմել է Ադրբեջանի գլխավոր դատախազությանը: Ի պատասխան՝ Ադրբեջանի գլխավոր դատախազը նամակ է ուղարկել ԱՊՀ գլխավոր դատախազների համակարգող խորհրդին՝ նշելով, որ Ադրբեջանը պատրաստ է դիվանագիտական հարաբերություններ հաստատել և համագործակցել դատախազության հետ, եթե Հայաստանը վերջ տա ադրբեջանական տարածքների օկուպացիային: Կարեն Ղազարյանի իրավահաջորդների ներկայացուցիչները պարզապես ծիծաղելի են համարում Ադրբեջանի գլխավոր դատախազի պատասխանը:

Փաստաբանները հույս ունեն, որ գործը դրական ելք կունենա, և Մարդու իրավունքների եվրոպական դատարանը կարձանագրի Կարեն Ղազարյանի նկատմամբ թույլ տված խախտումները:

Լուսանկարները՝ Սարո Բաղդասարյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter