HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տաթև Խաչատրյան

Հայկական արտադրության նիհարելու հաբեր՝ առանց փորձաքննության և պետական գրանցման

«Հետք»-ը պարբերաբար անդարադառնում է կենսաբանական ակտիվ հավելումներին, որոնք առանց փորձաքննության կամ առանց անհրաժեշտ պետական գրանցման անարգել վաճառվում են հայկական շուկայում, հիմնականում՝ սոցիալական ցանցերի միջոցով։ Դրանցից որոշները, նույնիսկ, պարունակում են արգելված դեղանյութեր (սիբուտրամին, դեքսամետազոն)։ 

Այդ հավելումների ցանկում առավել տարածված են նիհարելու համար նախատեսված կենաաբանական ակտիվ հավելումները (ԿԱՀ)։ Պատասխանատու պետական կառույցը՝ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը, սակայն, չի կարողանում որևէ միջոց ձեռնարկել՝ կանխելու նման ԿԱՀ-երի վաճառքը՝ պատճառաբանելով, որ վաճառողները «գրանցված չեն որպես ձեռնարկատեր» կամ, որ դրանք հնարավոր չէ «գտնել դեղատներում»։ 

Ոչինչ չի կարողանում ձեռնարկել նաև Պետական եկամուտների կոմիտեն, քանի որ արգելված նյութեր պարունակող հավելումները չունեն ապրանքային կոդ։

Սրան զուգահեռ, օրեցօր ավելանում են տարբեր տեսակի ԿԱՀ վաճառողները, որոնք, ըստ էության, չեն հանդիպում որևէ խոչընդոտի՝ մեծամասամբ հենց վերը նշված պատճառներով։ 

 

Կենսաբանական ակտիվ հավելումները համարվում են սնունդ և վերահսկվում են Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից։ Դրանք ներառված են 2106 ԱՏԳ (արտաքին տնտեսական գործունեություն) կոդում։

Շուկայում մեծ պահանջարկ ունեցող նիհարելու միջոցները հիմնականում գովազդվում են՝ որպես ոչ դեղեր, անվտանգ միջոցներ, որոնց բաղադրությունը միանգամայն բնական է։

Նիհարելու միջոցները, սակայն, համարվում են հատուկ նշանակության սնունդ, հետևաբար, պետք է փորձաքննվեն, ունենան պարտադիր պետական գրանցում և ներառված լինել ԵԱՏՄ պետական գրանցման միասնական ռեեստրում։

Հայկական՝ «Դիցուհի» անունը կրող ապրանքանիշը գովազդում է «Women’s ideal» նիհարելու «բնական միջոցները», որոնք պատրաստված են «իմբիրի հիմքով»։ Բնականաբար, արդյունքը 100%-ով երաշխավորվում է։

Բաղադրության մեջ նշված է, որ այն պարունակում է A, B, C, E, K վիտամիններ (թե որից որքան՝ հայտնի չէ, հեղ. ) «միներալներ, ամինաթթուներ, բնական հակաօքիսդանտներ»։ Թվարկված բոլոր բաղադրատարրերը, բացի կոնկրետ վիտամիններից, շատ մեծ ու լայն հասկացություններ են, քանի որ նշված բոլոր խմբերում կարող են ներառվել մի քանի տասնյակ կամ ավելի նյութեր, որոնք պարունակում են «միներալներ, ամինաթթուներ և բնական հակաօքսիդանտներ»։ Ապրանքի հայերեն մակնշումը թերի է, ինչն արդեն «Սննդամթերքի անվտանգության մասին» ՀՀ օրենքի, ինչպես նաև՝ ՄՄ 021/2011 տեխնիկական կանոնակարգի խախտում է։

ԿԱՀ-երի մակնշմանը վերաբերող պահանջներից մեկն այն է, որ չի թույլատրվում ուղղակիորեն նշել դրա որևէ բուժիչ հատկության մասին. միայն կարելի է նշել, որ «նպաստում է» կամ «խթանում է» ինչ-որ բանի և այլն։

Այս հաբերի գովազդի մեջ նշված է, որ դրանք օգնում են նաև՝

  • Բարձրացնել իմունիտետը
  • Կարգավորել նյութափոխանակությունը
  • Իջեցնել վատ խոլեստերինի մակարդակը
  • Բուժել ստամոքսաաղիքային համակարգը
  • Մաքրել օրգանիզմը տոքսիններից և շլակներից
  • Հանգստացնել նյարդերը
  • Վերացնել միկրոբներն ու վիրուսները
  • Նվազեցնել բորբոքային պրոցեսները
  • Վերացնել փորկապությունը
  • Մաքրել արյունը

«Women’s ideal» նիհարելու հաբերը պետք է օգտագործել օրը 3 անգամ 2 պատիճ՝ ուտելուց 20 րոպե հետո։ Մեկ տուփի մեջ, որն արժե 5000 դրամ, կա 60 պատիճ։ 5-7 կգ նիհարելու համար վաճառողը խորհուրդ է տալիս օգտագործել հաբերը մեկ ամիս։

Ստացվում է՝ օրական պետք է օգտագործել 6 պատիճ, իսկ մեկ ամսվա կուրսի համար անհրաժեշտ է գնել 3 տուփ՝ 15 000 դրամի։

Մենք ընկերության տնօրեն Ավետիս Ավետիսյանից հետաքրքրվեցինք, թե իրականում ինչ են պարունակում այս հաբերը, որոնք օժտված են այսքան «բուժիչ» հատկություններով։

Ա. Ավետիսյանը նշեց, որ արտադրանքը պարունակում է «իմբիր, դարչին, կիտրոն և սև մասուր»՝ հավելելով, որ հաբերի օգտագործմանը զուգահեռ պետք է խուսափել «սնունդը չարաշահելուց», «սթրեսների մեջ լինելուց», սպիտակ ալյուրից պատրաստված սնունդ, մակարոն, խմորեղեն, ճարպոտ, քաղցր սնունդ օգտագործելուց. 

«Իր մեջ դեղ չկա, կարելի է ասել՝ ինքը սննդային հավելում է»,-ասաց տնօրենը։

Զրույցի ընթացքում, սակայն, պարզվեց, որ ապրանքն ունի նաև հակացուցումներ, որոնց մասին վաճառողը չի նշել. 

«Լյարդի, երիկամների և արյան խնդիր ունեցողների չի կարելի այս պրոդուկտը»,-ասաց Ա. Ավետիսյանը։ Այն հարցին, այդ դեպքում ինչու է գովազդի մեջ նշած, որ «արյուն է մաքրում», տնօրենն ասաց, որ միայն «հեմոֆիլիկներին չի կարելի» կամ ում «արյունը խիտ է կամ թրոմբ ունեն»։

Հետաքրքրվեցինք՝ արդյոք ապրանքն ունի համապատասխան «սերտիֆիկատ» (նշենք, որ նիհարելու միջոցը համարվում է հատուկ նշանակության սնունդ և չի հանդիսանում սերտիֆիկացման առարկա, այլ՝ պետական գրանցման. տյալ հարցը ենթադրում է՝ փորձաքննվա՞ծ է արտադրանքը, ունի՞ վաճառքի թույլտվություն և այլն, հեղ)։ Ա. Ավետիսյանն ասաց, որ էլի մարդիկ են հետաքրքրվել, հիմա սերտիֆիկատ ստանալու «պրոցեսի մեջ է» և կարծում է, որ «մի 15 օրից կլինի»։

- Այսինքն՝ առանց սերտիֆիկատի՞ եք վաճառում։

- Նայեք, ինքը, որ դեղ չի, որպես էդպիսին իրեն սերտիֆիկատ պետք չի, իր մեջ քիմիա չկա բացարձակ։

- Սննդային հավելում՞ է։

- Հավելում էլ չի, հենց դա է. ո’չ սննդային հավելում է, ո’չ դեղորայք է, ինքն ուղղակի, ինչը, որ ես ձեզ ասեցի, իմբիր և այլն, ինքը խտացված և կապսուլայի մեջ է լցված։ 

- Բայց այն ներկայացվում է՝ որպես «նիհարեցնող», ինչ-որ ստուգում իրականացվե՞լ է։
-  Ստուգումը մեր փորձն է։ 

- Դուք օգտագորձել, նիհարել եք և որոշել եք վաճառել՞։

- Դե, էդպես կարելի է և ասել։

- Քանի՞ հոգու փորձի վրա է հիմնված ապրանքի արտադրությունը։

- Չեմ կարող ասել դա, ճիշտն ասած։

- Դիմել՞ եք Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին

- Չէ', Սննդամթերքի տեսչական մարմինը դրա հետ կապ չունի։

- Եթե հավելում է, ուրեմն ՍԱՏՄ-ն պետք է զբաղվի։

- Դե, ասում եմ, որ դա հավելում չէ. օգնում է նիհարելուն, խոլեստերինն է կարգավորում, իմունիտետը բարձրացնում։

Այն հարցին, որ ստացվում է՝ «նիհարեցնող» բառն ուղղակի ավելացրել են, որ ապրանքը մոլորեցնելով վաճառեն, տնօրենը չհամաձայնվեց՝ պատճառաբանելով, որ իրենք կարդացել և նշել են այդ ապրանքի մեջ մտնող բաղդրատարրերի՝ իմբիրի, մասուրի, կիտրոնի հատկությունները.

«Մասուրը միզամուղ հատկություն ունի, բայց ես չեմ էլ նշել այդ մասին, չէ՞»,-ասաց Ա. Ավետիսյանը։

Տնօրենին նաև տեղեկացրինք, որ այդ սերտիֆիկատն, ամեն դեպքում, ևս նիհարեցնող ԿԱՀ-եր վաճառելու իրավունք չի տալու, քանի որ դրանք համարվում են հատուկ տեսակի սնունդ և ենթակա են պետական գրանցման. 

«Դրա համար, մենք, որ սերտիֆիկատը անենք, չենք անելու՝ որպես նիհարեցնող, այլ՝ ուղղակի սնունդ»,-պարզաբանեց Ա. Ավետիսյանը, այնուհետև նշեց, որ եթե պետական գրանցում ստանալն ավելի ծախսատար և ժամանակատար գործընթաց է, ապա այդ դեպքում կհրաժարվեն «Women’s ideal» միջոցների վաճառքից, քանի որ «դա արդեն անիմաստ է». «մի քանի միլիոն տալ լիցենզիա հանելու համար». 

«Դա խնդիր է, իմ ինչի՞ն է պետք դա։ Սա, որպես նիհարեցնող, էլ ոչ էլ գովազդ կանեմ։ Եթե լիզենզիա չեն տա, որպես սնունդ էլ չեմ վաճառի»,-ասաց տնօրենը՝ ավելացնելով, որ մասնավոր սերտիֆիկացման մարմնից իրեն հայտնել էին, որ այդ ապրանքին էլ կարող են «սերտիֆիկատ» տալ։

Տես նաև՝

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter