HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Կանխատեսվում է, որ չաշխատող վարկերը կաճեն, բայց բանկերը «կդիմանան հարվածին»

Հայաստանյան բանկերը ժամանակին «անվտանգության բարձիկներ» են ստեղծել, որոնք այսօր օգնում են դիմակայել համավարակի ու պատերազմի հետևանքով առաջացած իրավիճակին։ Այս մասին դեկտեմբերի 9-ին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Հայաստանի բանկերի միության գործադիր տնօրեն Սեյրան Սարգսյանը։ 

Համավարակն ու պատերազմը զգալի հարվածներ են հասցրել Հայաստանի տնտեսությանը։ Ըստ Վիճակագրական կոմիտեի տվյալների՝ 2020 թվականի առաջին 10 ամիսների կտրվածքով (2020 հունվար-հոկտեմբեր), 2019 թվականի նույն ժամանակաշրջանի համեմատ, Հայաստանի տնտեսական ակտիվության  ցուցանիշը նվազել է 6.7%-ով։ Ստեղծված իրավիճակը հանգեցրել է գործազրկության աճին, ներդրումների նվազմանը, բնակչության եկամուտների կրճատմանը։ 

Սա մի կողմից կարող է ավելացնել բանկերի կողմից ֆիզիկական անձանց տրամադրվող վարկերի պահանջարկը, մյուս կողմից էլ՝ ավելացնել չաշխատող վարկերի ծավալը։ Բանկերի միության գործադիր տնօրենը, սակայն, վստահեցնում է, որ դա բանկերի համար մեծ խնդիրներ չի առաջացնի, եթե վերջիններս ժամանակին կառավարեն ռիսկերը։

«Հայաստանի բանկային համակարգում չաշխատող վարկերի ծավալը ցածր է։ Այն առավելագույնը 4-5%-ի է հասել։ Չաշխատող վարկերի ծավալի աճը բանկերի համար անհանգստացնող չի լինի՝ կլինի բանկային համակարգի կողմից կառավարելի ու վերահսկելի շրջանակներում»,- նշեց Սեյրան Սարգսյանը։

Նրա խոսքով՝ բանկերը անհատական մոտեցում են ցուցաբերում այն վարկառու հաճախորդներին, որոնք դժվարին կացության մեջ են հայտնվել այս օրերին։ Առայժմ չկան թվային ցուցանիշներ, թե հաճախորդների որ մասն է հայտնվել վարկերը ժամանակին սպասարկելու դժվարությունների առաջ, նրանցից որքանին կընդառաջեն բանկերը, ինչպես նաև՝ բանկերը իրենց հերթին ինչ վնասներ կկրեն։

Այն բանկերը, որոնք մասնաճյուղեր ունեն Արցախում, դեռևս հաշվարկում են պատերազմի հետևանքով առաջացած գույքային ու ֆինանսական վնասները։

Ինչ վերաբերում է բանկերում գտնվող ավանդներին, ապա՝ դրանց մասով թե՛  համավարակի բռնկման առաջին ամիսներին, թե՛ պատերազմի օրերին, ըստ Սեյրան Սարգսյանի, էական արտահոսքեր չեն գրանցվել և ամենայն հավանականությամբ, առաջիկայում ևս չեն գրանցվի։ 

Այսօր թե՛ բանկերը, թե՛ պետությունը հստակ և կարճաժամկետ միջոցառումներ պետք է մշակեն, որոնք կարող են նպաստել երկրում տնտեսական ակտիվությունը վերականգնելուն։ «Տնտեսական ակտիվության վերականգնումը պահանջում է որոշակի ժամանակ, իսկ մենք այդ ժամանակը չունենք։ Պետք է այնպիսի միջոցառումներ իրականցվեն, որոնք քիչ ժամանակ են պահանջում և արագ արդյունք կտան»,- ասաց Սեյրան Սարգսյանը։

Ըստ նրա՝ անհրաժեշտ է համախմբել բոլոր ներքին ուժերն ու ռեսուրսները, խրախուսել բնակչության կողմից ծախսերի աճը, որը զարկ կտա տնտեսական աճին։

«Երբ այս իրավիճակը հաղթահարված լինի, բանկերը պետք է պատրաստ լինեն նմանատիպ և ավելի խիստ մարտահրավերներին դիմակայելու համար։ Ավելի շատ թվային ու նորարարական լուծումներ պետք է առաջարկեն բնակչությանը»,- նշեց Սեյրան Սարգսյանը։

Նա անդրադարձավ նաև այս օրերին դրամի արժեզրկմանը, որը սկսվել է պատերազմ սկսվելուց երկու օր անց՝ սեպտեմբերի 29-ին։ Կենտրոնական բանկի տվյալներով՝ այսօր ԱՄՆ դոլարի նկատմամբ դրամի միջին փոխարժեքը կազմել է 515.48։ Համեմատության համար նշենք, որ սեպտեմբերի 28-ին այն կազմել է  485.66 դրամ։ 

Դոլարը թանկանում է բնակչության սպասումների, առաջացած անորոշությունների հետևանքով, կարծում է բանկերի միության գործադիր տնօրենը։ Իսկ տնտեսության կողմից արտարժույթի պահանջարկը չի մեծացել, որը կարող էր հանգեցնել դոլարի թանկացմանը։ Թե որքան կբարձրանա դոլարը, Սեյրան Սարգսյանը կանխատեսումներ չի ցանկանում անել։

Կանխատեսումներ չի անում նաև Բանկային կառավարման դպրոցի հիմնադիր, «Արարատբանկի» վարչության նախկին նախագահ Աշոտ Օսիպյանը։ 

Դոլարի բարձրացման մեջ նա վտանգներ չի տեսնում։ Հետպատերազմյան իրավիճակում  արտարժույթի հետ կապված ռիսկեր են առաջացել,  ինչն, ըստ Օսիպյանի, նորմալ երևույթ է և հիմնականում բացասական սպասումների հետ է կապված: Բանկերն իրենց ակտիվների վերագնահատում պետք է անեն՝ արտարժույթի մասով: «Արտարժույթի բարձրացումը պետք է լինի սահուն, չպետք է մեկ օրում ՝ 25-30%  բարձրացում լինի։ Հետսովետական բոլոր երկրներում, ըստ էության, այդ գործընթացը վերաիմաստավորվում և վերաարժեքավորվում է։ Ուղղակի մենք պետք է զգույշ լինենք, որ դա չվերածվի խուճապի։ Կենտրոնական բանկն անցած անգամ ճիշտ արեց, իմ գնահատականներով՝ արտարժութային ինտերվենցիաներ է իրականացրել»,֊ նշեց  Աշոտ Օսիպյանը։

Անդրառնալով չաշխատող, ժամկետանց վարկերի աճի ռիսկերին, նա կանխատեսեց, որ բնակչության եկամուտների նվազման ֆոնին վարկերի առողջ պահանջարկը նվազելու է, քանի որ մարդիկ  եկամուտները լրացնելու խնդրի առաջ են կանգնել։ Թե ինչ չափով, կախված կլինի նաև բանկերի վարքագծից։ 

Տնտեսական անկումը հանգեցնելու է բիզնես վարկերի պահանջարկի նվազմանը։ «Բիզնեսը կվերականգնվի, եթե ունենանք կայուն տնտեսական զարգացման միտումներ։ Եթե քաղաքական ճգնաժամը լուծում ստանա, հույս կունենանք, որ տնտեսական վերականգնում է լինելու»,- ընդգծեց Աշոտ Օսիպյանը։

Բանկերն, ըստ նրա, պետք է ուժեղացնեն ռիսկերի կառավարումը՝ փորձեն նոր պայմաններում կառուցել իրենց ռիսկ-մոդելները։ Ամեն ժամ պետք է կառավարել վարկային պորտֆելը՝ հաճախորդների հետ միասին գտնել լուծումներ, որոնք  ձեռնտու կլինեն և՛ բանկերին, և՛ հաճախորդներին։

Բանկերի մյուս խնդիրը կապված է լինելու իրացվելիության հետ։

«Հայկական բանկերի մի մասն այդ խնդիրը հաջողությամբ հաղթահարեց՝ միջազգային ֆինանսական կառույցներից լրացուցիչ ֆինանսներ ներգրավելով։ Այսինքն՝ կարողացան բանկը պահել այն իրավիճակում, որ կարողանան սպասարկել հաճախորդներին»,- նշեց բանախոսը։

Բանկերը, նրա խոսքով, տարբեր ճգնաժամեր հաղթահարելու համար կրճատում են իրենց ծախսերը, վերաիմաստավորում են գործառույթները, թվային տրանսֆորմացիայի են ենթարկվում։ Այդ նպատակին է ծառայում նաև օնլայն առևտրի ծավալների ավելացումը։

Պետությունն, ըստ Աշոտ Օսիպյանի, պետք է ֆինանսական շուկայի կայունությանն ուղղվող քայլեր իրականացնի, բանկերին տրամադրի շահավետ տոկոսադրույքներով վարկեր, վերանայի կապիտալի ադեկվատության նորմատիվը, ամեն կերպ փորձի նպաստել անշարժ գույքի շուկայի զարգացմանը՝ հիփոթեքային շուկան դարձնելով ավելի գրավիչ։

«Վերջին ութ տարիների ընթացքում մեր տնտեսությունն աճել է առևտրային բանկերի վարկերի հաշվին։ Մենք վարկակենտրոն պետություն ենք, ոչ թե՝ ներդրումային։ Պետությունը պետք է օգնի մասնավոր հատվածին՝ դրսից ներդրումներ ներգրավելու համար։ Մենք սպառող երկրից պետք է դառնանք արտադրող»,- ընդգծեց Աշոտ Օսիպյանը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter