HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Համահայկական հիմնադրամին հանգանակված գումարի 60%-ը տրամադրվել է Կառավարությանը. հաշվետվությունն ուշանում է

Այս հոդվածն ընթերցողներից շատերը, մեծ հավանականությամբ, գումար են հանգանակել «Հայաստան» համահայկական հիմնադրամին արցախյան երկրորդ պատերազմի ընթացքում։ Ավելին, ձեզնից ոմանք նվիրատվության մասին վկայող կտրոնը հրապարակել են սոցցանցերում՝ հորդորելով ընկերներին նույնպես մասնակցել դրամահավաքին։

Հիմնադրամի տնօրեն Հայկակ Արշամյանն իր հարցազրույցներից մեկում նշել է, որ «Հայաստանի պրակտիկորեն չափահաս բնակչությունը ներգրավված է եղել այս դրամահավաքին», իսկ ԱՄՆ-ից մոտ 250 հազար մարդ է նվիրատվություն արել։ 

Ասպիսով, հանրության համատեղ ջանքերով Հիմնադրամը հավաքել է մոտ 170 մլն ԱՄՆ դոլար, որից 60-70 մլն դոլարը՝ Հայաստանից, մնացածը՝ Սփյուռքից։ 

Նվիրատու «չափահաս» հանրությունը մինչ օրս ակնկալում, բայց չի ստանում հիմնադրամի թափանցիկ, համապարփակ և բաց հաշվետվությունն այն մասին, թե ինչի վրա են ծախսվել իրենց նվիրաբերած գումարները։ 

Պատերազմի ընթացքում իրականացվող «Մենք ենք, մեր սահմանները. բոլորս Արցախի համար» կոչվող դրամահավաքի նպատակն էր թիկունքում վերականգնողական աշխատանքներ և ծառայություններ իրականացնել։ Տարբեր հանրային ազդեցություն ունեցող անձինք և պաշտոնյաներ հորդորում էին գումար փոխանցել Համահայկական հիմնադրամին, քանի որ այն միակ վստահելի ճանապարհն է՝ պատերազմից տուժածներին օգնելու։

2020-ի հոկտեմբերին Հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը որոշել է հավաքված գումարի մոտ 60 տոկոսը (մոտ 105 մլն դոլար) նվիրաբերել Հայաստանի կառավարությանը, ինչի մասին նվիրատու հանրությունը տեղեկացել է միայն նոյեմբերի 18-ին։ Ի դեպ՝ Կառավարությանը նվիրաբերած գումարի չափի մասին հիմնադրամի տնօրենը նախընտրում էր չխոսել։

Հաշվի առնելով հանրության տեղեկացված լինելու պահանջը՝ 2020թ. դեկտեմբերի 18-ին «Հետք»-ը հարցում ուղարկեց Համահայկական հիմնադրամ՝ խնդրելով տրամադրել 2020 թ.-ի հունվարի 1-ից դեկտեմբերի 15-ն ընկած ժամանակահատվածում բոլոր ֆինանսական մուտքերի և ելքերի բացվածքը։ Խնդրել էինք նաև տրամադրել տեղեկություն, թե հավաքված գումարն ինչի վրա է ծախսվել, թիկունքի հատկապես ո՞ր կարիքներն են բավարարվել, և ի՞նչ ծրագրեր են իրականացվել։ 

Մեր հարցմանը մեկ ամսից ավելի պատասխան չստանալուց հետո զանգահարեցինք Հիմնադրամի լրատվության բաժին։ Մեկ աշխատանքային օր մեզ չէր հաջողվում կապվել բաժնի պատասխանատուներից որևէ մեկի հետ։ Հաջորդ օրը զանգահարեց մարկետինգի և հանրային կապերի հարցերով խորհրդատու Աշոտ Բարսեղյանը, ով նշեց, որ «Հետքից» այլ հարցումներ էլ են ստացել, և նշված հարցումը շփոթել են մյուսների հետ, ինչի պատճառով էլ թողել են անպատասխան։ 

Հունվարի 29-ին ստացանք գրություն, որում ֆինանսական մուտքերի և ելքերի բացվածքը տրամադրելու վերաբերյալ մեր հարցին Հիմնադրամը տվել էր հետևյալ պատասխանը. 

 «Հիմք ընդունելով հանրության պահանջը և վերջիններիս մտորումները Հիմնադրամի բարի համբավի շուրջ՝ Հիմնադրամը, առաջնորդվելով «Հիմնադրամների մասին» օրենքով, հրավիրել է միջազգային հեղինակություն վայելող անկախ աուդիտորական ընկերությանը իրականացնելու աուդիտորական ուսումնասիրություն՝ 2020 թվականի ընթացքում Հիմնադրամի կողմից կազմակերպված դրամահավաքների արդյունքում հավաքագրված գումարների և դրանց օգտագործման նպատակայնության և արժանահավատության կապակցությամբ, որի արդյունքները, հոգաբարձուների խորհրդի կողմից ընդունվելուց և հաստատվելուց հետո, կհրապարակի բաց հաշվետվություն»:

Հարցին, թե կոնկրետ ինչ ծրագրեր են իրականացվել թիկունքում, Հիմնադրամը պատասխանել էր. 

 «Մենք ենք, մեր սահմանները» դրամահավաքի ողջ հասույթը նպատակաուղղվում է միայն ռազմական դրության և պատերազմի հանգամանքներով պայմանավորված ենթակառուցվածքների, ֆինանսական և առողջապահական ծախսերի ֆինանսավորման, արցախցիներին անհրաժեշտ օգնություն ցուցաբերելու համար»։

Ստիպված եղանք ևս մեկ անգամ հեռախոսային զրույց ունենալ Հիմնադրամի ներկայացուցիչ Աշոտ Բարսեղյանի հետ՝ նշելով, որ նշված տեքստը ոչ թե պատասխանում է մեր հարցերին, այլ նման է մամուլի հաղորդագրության։ Խնդրեցինք հստակ պատասխանել մեր հարցերին, և եթե չեն տրամադրելու ֆինանսական բացվածքը, պատասխանեն, որ չեն տրամադրում։

Ստացանք երկրորդ պատասխանը, որում ասվում էր. «Հիմնադրամի կողմից կատարված ծախսերը ենթակա են հրապարակման միայն միջազգային աուդիտ և հոգաբարձուների խորհրդի կողմից վերջնական հաստատում անցնելուց հետո»։ Թե երբ կիրականացվի աուդիտ և կհրապարակվի հաշվետվությունը, պատասխանում չէր նշվում։ 

Համահայկական հիմնադրամի վերջին` 2018թ.-ի հաշվետվությունը հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում (azdarar.am) հրապարակվել է 2019թ.-ին։ Ըստ «Հիմնադրամների մասին» ՀՀ օրենքի 39-րդ հոդվածի՝ յուրաքանչյուր հաշվետու տարվան հաջորդող մարտի 25-ից ոչ ուշ հիմնադրամները պարտավոր են հրապարակել նվիրատվությունների և ծախսերի վերաբերյալ հաշվետվություն։ Սա ենթադրում է, որ մինչև այս ամսվա վերջ Հիմնադրամը նվիրատվությունների և ծախսերի վերաբերյալ մանրամասն հաշվետվություն պետք է հրապարակի։ Սահմանված ժամկետում հաշվետվությունը չհրապարակելու կամ թերի հրապարակելու դեպքում արդարադատության նախարարությունը կիրառում է Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքով նախատեսված պատասխանատվության միջոցներ, ընդհուպ հիմնադրամը լուծարելու պահանջով դատարան դիմելը:

Հայաստանի կառավարությունը Հիմնադրամի շահառուն չէ

Հայաստանի Հանրապետությունը հանդիսանում է «Հայաստան» համահայկական հիմնադրամի հիմնադիրը, իսկ կանոնադրության համաձայն՝ Հիմնադրամի սեփականությունը չի կարող օգտագործվել ի շահ իր հիմնադրի, այսինքն՝ Հայաստանի Հանրապետության։ 

«Հետքը» հարցրել է Հիմնադրամին, թե ինչո՞ւ են խախտել կանոնադրությունը՝ հավաքված գումարի մեծ մասը փոխանցելով պետբյուջե։ Հիմնադրամը, հղում անելով կանոնադրության 27-րդ կետին, նշել է, որ խախտում չի եղել։ Ըստ այդ կետի՝ հիմնադիրը (Հայաստանի Հանրապետությունը) կարող է օգտագործել Հիմնադրամի սեփականությունը, եթե հանդիսանում է կանոնադրությամբ նախատեսված շահառու։ 

Ըստ կանոնադրության (7-րդ կետ)՝ Հիմնադրամի շահառու են Հայաստանի, Արցախի և սփյուռքաշատ այլ երկրների բնակչությունը։ Հայաստանի Հանրապետության կառավարությունը Հայաստանի բնակչությունը չէ, հետևապես Հիմնադրամի շահառուն չէ։ Այդ տրամաբանությամբ Հիմնադրամի հավաքած միջոցները կարող էին ուղղվել սփյուռքաշատ այլ երկրներից մեկի, ասենք` ԱՄՆ-ի կամ Ռուսաստանի կառավարություններին։ 

Թե ինչ իրավական հիմքով է Հայաստանի կառավարությունը վերածվել շահառուի,  անհասկանալի է։ Գումարը պետական գանձապետարան փոխանցելուց հետո Հիմնադրամն այլևս որևէ լծակ չունի վերահսկելու, թե երբ և ինչ նպատակներով է այն ծախսվում։

2020թ. նոյեմբերի 19-ին «Հետք»-ի հետ զրույցում «Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրեն Հայկակ Արշամյանը նշել էր, որ պետբյուջե փոխանցված գումարից չի վճարվել աշխատավարձ կամ պարգևավճար, այլ «կատարվել է փախստականների հետ կապված ամբողջ գործընթացը», իրականացվել են «առողջապահական ծախսեր»։

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը, որ զբաղվում է արցախցիների կացարանների ապահովմամբ և հումանիտար այլ աջակցությամբ, 2020թ. դեկտեմբերի 28-ի դրությամբ «Հետք»-ին հայտնել էր, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամից որևէ ֆինանսական աջակցություն չի ստացել։

2020թ. դեկտեմբերի կեսերին Արցախի առողջապահության նախարար Արարատ Օհանջանյանը  «Հետք»-ին հայտնել էր, որ Արցախի շատ հիվանդանոցներ ունեն վերանորոգման կարիք. շենք-շինությունները լրջորեն վնասվել են, բոլոր հիվանդանոցների պատուհանները կոտրված են, բայց «Հայաստան» համահայկական հիմնադրամից որևէ աջակցություն չեն ստացել։

Այս հարցով դիմել էինք Հիմնադրամ՝ ճշտելու, թե արդյոք hանգանակություններից նախատեսվում է օգնություն տրամադրել Արցախի առողջապահական համակարգը վերականգնելու համար։ Այս հարցը մնացել էր անպատասխան։

2021-ի հունվարի 29-ին Հայկակ Արշամյանը «Հետք»-ին հայտնել է, որ ակտիվ համագործակցում են Արցախի Հանրապետության կառավարության հետ՝ վերակառուցման աշխատանքներ իրականացնելու ուղղությամբ:

 «Մեկնարկել է լայնածավալ շինարարական աշխատանքների, ինչպես նաև՝ շինարարական աշխատանքների համար անհրաժեշտ շինանյութերի ձեռքբերմանն ուղղված ծրագիր, որի նպատակն է արցախա-ադրբեջանական ռազմական գործողությունների արդյունքում տուժած բնակելի տների, բազմաբնակարան շենքերի վերակառուցման և մի շարք այլ օբյեկտներին հասցված վնասների հրատապ վերացումը: Հարկ ենք համարում տեղեկացնել, որ վերոնշվյալ ծրագրի ֆինանսավորումն իրականացվում է Հիմնադրամի «Մենք ենք, մեր սահմանները» դրամահավաքի միջոցներով»,- ասել էր Արշամյանը:

Իսկ 2021թ. փետրվարի 17-ի դրությամբ պարզ դարձավ, որ Հիմնադրամը դեռ գումար չի հատկացրել Արցախում բնակարանաշինության կամ այլ քաղաքաշինական ծրագրեր իրականացնելու համար։ Արցախի նախագահի աշխատակազմի ղեկավար Արտակ Բեգլարյանը «Հետք»-ին հայտնեց, որ Հիմնադրամում «ինչ-ինչ խնդիրներ կան», ինչի պատճառով ֆինանսական հատկացումներն ուշանում են։

Հիմնադրամն անպատասխան թողեց նաև մեր՝ նվիրատուների ամբողջական ցանկի, գնումների ընթացակարգերի, ընկերությունների անվանումների մասին հարցերը։

Ինչևէ, Հիմնադրամի կայքում առկա տեղեկության համաձայն՝ հանգանակված գումարից 10 մլրդ դրամ հատկացվել է միանվագ 68 հազար դրամ և ավել դրամական աջակցություն տրամադրելու համար, (ինչը կազմում է մոտ 20 մլն ԱՄՆ դոլար), ևս 10 մլրդ ՀՀ դրամ՝ Ադրբեջանի վերահսկողության տակ հայտնված բնակավայրերի բնակիչներին միանվագ 300 000 ՀՀ դրամ աջակցության համար։

1,1 մլն դոլար հիմնադրամը հատկացրել է «Զինծառայողների  ապահովագրության հիմնադրամին»։

Հիմնադրամից մեզ հայտնել են, որ գնել են նաև դիզելային գեներատորներ, շտապ օգնության մեքենաներ, բժշկական սարքավորումներ ու առաջին օգնության պարագաներ, կենցաղային առաջին անհրաժեշտության իրեր, փայտի վառարաններ, հոսանքի տաքացուցիչներ, շարժական գազօջախներ, շարժական լիցքավորման կայաններ, մահճակալներ և այլ անհրաժեշտ պարագաներ։ 

 «Այժմ էլ Հիմնադրամը մշակում է ճգնաժամի հաղթահարման կարճաժամկետ և երկարաժամկետ ծրագրեր»,- նշված է Հիմնադրամի պատասխանում։

Կարճաժամկետ, առավել ևս երկարաժամկետ ծրագրեր իրականացնելու համար Հիմնադրամը նոր ֆինանսների կարիք կունենա, իսկ հաշվետու և թափանցիկ մեխանիզմների առկայությունը հանրության վստահության և նվիրատվությունների շարունակականության գրավականն է։

Ուղղում. տեքստում կատարվել է փոփոխություն՝ «կառավարությանն ուղղված գումար» արտահայտությունը փոխարինվել է «պետբյուջե փոխանցված գումար» արտահայտությամբ։

Մեկնաբանություններ (2)

Marten Weiner
Do you know how much money was raised overall by Armenian diaspora NGO's?
Գրիգոր Դաւիթեան
Շատ բնական կը գտնեմ որ Հիմնադրամի հանգանակած գումարները փոխանցուին Հայաստանի կառավարութեան։ Մանաւանդ որ 170 միլիոնի հանգանակութեան միակ պատճառը պատերազմն էր։ Այդ գումարը ոչ միայն 60 տոկոսով, այլ ամբողջութեամբ պէտք է տրամադրել Հայաստանի պետութեան, որպէսզի ան հոգայ պատերազմի պատճառով տուժածներու կարիքներու գէթ մէկ մասը։ Պետութեան պիւտճէին մէջ չէր նախատեսուած պատերազմը, իր բոլոր հետեւանքներով։ Պետութիւնը ուրկէ՞ պիտի գոյացնէ այդքան գումար։ Հիմնադրամի գումարները կարելի չէր ծախսել զինուորական կարիքներու համար, բայց կարելի է ծախսել վիրաւորներու, մարմնի անդամներ կորսնցուցած զինուորներու, տեղահանուած եւ տուն-տեղ կորսնցուցած ժողովուրդի կարիքներուն համար։ Հիմնադրամի հանգանակած գումարները կը պատկանին հայ ժողովուրդին, իսկ մեր պետութիւնը մենք ենք, մեր ամբողջ ազգը, անկախ իշխանութեան գոյնէն։ Կարեւորը հսկելն է, որ անհատներ չգողնան այդ գումարներէն բաժիններ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter