
Ադրբեջանը հայտարարել է, որ պատերազմի ընթացքում հայկական կողմը «Իսկանդերի» երկու հրթիռ է արձակել Շուշիի վրա
Ադրբեջանի ականազերծման գործակալությունը հայտարարել է, որ ականազերծման աշխատանքների ընթացքում 2021թ․ մարտի 15-ին Շուշի քաղաքում պայթած երկու հրթիռի մասեր է հայտնաբերել։ Ըստ գործակալության՝ հայկական զինված ուժերը 44-օրյա պատերազմի ընթացքում Ադրբեջանի դեմ կիրառել են «Իսկանդեր» օպերատիվ-մարտավարական համալիր՝ Շուշիի վրա արձակելով երկու հրթիռ։ Ադրբեջանի ականազերծման գործակալության հաղորդագրությունում մասնավորապես նշված է հետևյալը․
«Պայթած հրթիռների մասերի աշխարհագրական կոորդինատները հետևյալն են՝ 39°45'38.10 N 46°44'33.90E և 39°45'27.80 N 46°45'25.80 E։ Գործակալության մասնագետները հրթիռի նույնականացման համարի (9M723) ստուգման ընթացքում պարզել են, որ հրթիռի մասերը պատկանում են «Իսկանդեր» հրթիռային համալիրներին։ Նույնիսկ համացանցում բաց որոնման արդյունքում կարելի է պարզել, որ 9М723 նույնականացման համարը պատկանում է «Իսկանդերին»»։
![]() |
![]() |
![]() |
Google Earth համակարգում տեղադրելով Ադրբեջանի ականազերծման գործակալության հրապարակած կոորդինատները՝ ստացվում է, որ ըստ ադրբեջանական կողմի՝ հայկական զինված ուժերի արձակած հրթիռները ընկել են ստորև պատկերված հատվածներում, որոնք գտնվում են անմիջապես Շուշի քաղաքում։
Հիշեցնենք, որ հայկական զինված ուժերի կողմից «Իսկանդերի» կիրառման մասին լուրերը սկսեցին տարածվել պատերազմի ավարտից անմիջապես հետո։ 2020 թվականին նոյեմբերի 18-ին Հայաստանի պաշտպանության նախարարության ռազմական վերահսկողության ծառայության նախկին պետ Մովսես Հակոբյանը հայտարարեց, թե հայկական զինված ուժերը իսկապես կիրառել են «Իսկանդեր», սակայն թե որ ուղղությամբ և ինչ թիրախների վրա, Մովսես Հակոբյանը չէր ցանկացել նշել։
2021 թվականի փետրվարի 16-ին երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը «Արմնյուզ» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում գործող իշխանություններին մեղադրեց «Իսկանդերը» ուշ կիրառելու մեջ։ Սերժ Սարգսյանի խոսքով՝ հայկական զինված ուժերը «Իսկանդեր» կիրառել են պատերազմի վերջին օրերին՝ Շուշիի ուղղությամբ։
2021 թվականի փետրվարի 23-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը, 1in.am-ին տված հարցազրույցում արձագանքելով Սերժ Սարգսյանի հայտարարությանը, բառացիորեն ասաց հետևյալը․
«Այդ ակնարկը, գուցե, հասցեագրված է նաև ինձ, բայց կարծում եմ՝ մերժվածը պետք է որ բազմաթիվ հարցերի պատասխան իմանա և չտա հարցեր, որոնց պատասխանն ինքը գիտի: Իսկ գուցե պատասխանե՞ն՝ ինչո՞ւ կրակած «Իսկանդեր»-ը չի պայթել կամ պայթել է, օրինակ՝ 10 տոկոսով»:
Փաշինյանի այս խոսքերից հետո գործին խառնվեց Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը՝ փետրվարի 25-ին հայտարարելով, որ ղարաբաղյան հակամարտության ընթացքում «Իսկանդեր» համալիրներ չեն կիրառվել։
Մարտի 1-ին էլ ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Մանե Գևորգյանը «Արմենպրեսի» հետ զրույցում հայտնել էր, որ ՀՀ վարչապետը և Ռուսաստանի Դաշնության նախագահը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են նաև Հայաստանի կողմից «Իսկանդեր» համալիրների կիրառման վերաբերյալ Փաշինյանի հայտարարությունը:
«Հայաստանի վարչապետն առկա փաստերի և տվյալների համադրության արդյունքում եկել է եզրակացության, որ իրեն այս իրավիճակի առնչությամբ ճիշտ չի զեկուցվել»,- նշել էր Մանե Գևորգյանը:
Մեկնաբանել