HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Հանքարդյունաբերությունը կրկին թափ է հավաքում, մշակող արդյունաբերությունը՝ դեռևս «խորտակվում»

Մշակող արդյունաբերությունը Հայաստանում չի վերականգնվել. այնպիսի առաջատար ճյուղեր, ինչպիսիք են ծխախոտի, խմիչքի, հիմնային մետաղների արտադրությունը, 2021 թվականի առաջին եռամսյակում շարունակել են կրճատվել: Փոխարենը փետրվարից թափ է հավաքել հանքարդյունաբերությունը:

Ըստ Վիճակագրական կոմիտեի (ՀՀ ՎԿ) տվյալների` 2021 թվականի առաջին եռամսյակում Հայաստանում ամբողջ արդյունաբերության արտադրանքի ծավալը կազմել է 470 մլրդ դրամ: 2020 թվականի նույն եռամսյակի համեմատ այն նվազել է 3.9%-ով: Այս անկումն ավելի մեծ կլիներ, եթե չլիներ հանքարդյունաբերության 8.1% աճը: Իսկ մշակող արդյունաբերության ծավալները կրճատվել են 11.6%-ով:

Հանքարդյունաբերության ծավալները կազմել են մոտ 129 մլրդ դրամ, մշակող արդյունաբերությունը՝ 258 մլրդ դրամ:

Արդյունաբերության մյուս երկու խոշորացված բաժիններից առաջինը էլեկտրաէներգիայի արտադրությունն ու բաշխումն է (էլեկտրաէներգիայի, գազի, գոլորշու և լավորակ օդի մատակարարում), որի ծավալները կազմել են մոտ 78 մլրդ դրամ՝ աճելով 11.2%-ով: Երկրորդը ջրամատակարարումն է՝ 5 մլրդ դրամով (+0.9%):

Թեև նկատելի է, որ մարտին արդյունաբերության ոլորտում դրական դինամիկա է նկատվել (տե՛ս առաջին ինֆոգրաֆիկան), սակայն դա ապահովվել է գլխավորապես հանքարդյունաբերության հաշվին, որոշ չափով էլ՝ արտադրված էլեկտրաէներգիայի ծավալների ավելացման: Իսկ մշակող արդյունաբերության ծավալները շարունակում են կրճատվել։ Միակ դրական լուրն այստեղ այն է, որ մարտին մշակող արդյունաբերությունն ավելի ցածր տեմպով է նվազել, քան տարվա առաջին երկու ամիսներին:

Մշակող արդյունաբերության առաջատար ճյուղերի մեծ մասը դեռևս չի վերականգնվել և չի հասել 2020 թվականից առաջ եղած մակարդակին:

Մշակող արդյունաբերության մեջ ներկայում ամենամեծ մասնաբաժինն ունի սննդամթերքի արտադրությունը (ընդհանուրի 36.5%-ը): Այս տարվա առաջին երեք ամսում արտադրվել է 94 մլրդ դրամի սննդամթերք՝ նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ աճելով 0.1%-ով:

Մյուս խոշոր կշիռն ունի խմիչքի արտադրությունը (13.8%): Երեք ամսում արտադրվել է մոտ 36 մլրդ դրամի խմիչք՝ նախորդ տարվա նույն ամիսների համեմատ կրճատվելով 4%-ով:

Տեսակարար կշռով հաջորդում է ծխախոտի արտադրությունը (10.7%): Ծավալները կազմել են 27.5 մլրդ դրամ՝ նվազելով 28.4%-ով:

Նույնքան տխուր վիճակ է հիմնային մետաղների արտադրության ոլորտում (ֆերոմոլիբդեն, ձողեր, մետաղալարեր, ալյումինե նրբաթիթեղ և այլն): Այն կազմել է մոտ 38 մլրդ դրամ՝ նվազելով 12.7%-ով:

Նշված չորսը Հայաստանի մշակող արդյունաբերության հիմնական չորս խմբերն են:

Որոշակի առաջընթաց կա հագուստի արտադրության, ռետինե և պլաստմասե իրերի, ոչ մետաղական հանքային արտադրատեսակների, էլեկտրական սարքավորումների ոլորտներում: Ենթադրվում է, որ որոշ արտադրատեսակների արտադրության աճը պայմանավորված է Թուրքիայից ներմուծման արգելքով: Օրինակ՝ հագուստի, էլեկտրական սարքավորումների և այլն: Սակայն, ասել, որ տեղական արտադրանքը ամբողջությամբ փոխարինելու է եկել ներմուծվողին, սխալ կլինի, քանի որ չնայած գրանցված աճերին՝ արտադրության ծավալները մնում են փոքր:

Այս տարվա առաջին եռամսյակում արտադրվել է 8.1 մլրդ դրամի հագուստ՝ աճելով 40.1%-ով, ռետինե և պլաստմասե իրերի արտադրության ծավալները կազմել են մոտ 8 մլրդ դրամ՝ աճելով 16.4%-ով, ոչ մետաղական հանքային արտադրատեսակների արտադրությունը 11.4 մլրդ դրամ՝ աճելով 15.5%-ով և այլն:

Հանքարդյունաբերության կշիռն ամբողջ արդյունաբերության մեջ մեծացել է

Հատկանշական է, որ հանքարդյունաբերության ծավալների մեծացման ու մշակող արդյունաբերության անկման հետևանքով հանքարդյունաբերության կշիռն ընդհանուր արդյունաբերության մեջ էականորեն մեծացել է: 2020 թվականի առաջին եռամսյակում հանքարդյունաբերության կշիռն ընդհանուր արդյունաբերության մեջ կազմել է 19.3%, իսկ մշակող արդյունաբերության մեջ՝  63.3%, մնացածը՝ Էլեկտրաէներգիայի արտադրությունն ու բաշխումն է և ջրամատակարարումը (ջրի հավաքում, մշակում, բաշխում):

Մինչդեռ 2021 թվականի առաջին եռամսյակում հանքարդյունաբերության կշիռը հասել է 27.5%-ի, իսկ մշակող արդյունաբերությանը՝ նվազել մինչև 54.9%:

Սովորաբար, հանքարդյունահանման ծավալների ավելացումը մի քանի ամիս անց հանգեցնում է նաև արտահանման ծավալների աճին, քանի որ Հայաստանի արտահանման կազմում հանքահումքն առաջատար դիրքերում է: Արտահանվում է մեծ քանակի պղնձի ու մոլիբդենի խտանյութ, կիսամշակ ոսկի:

Սակայն, հանքարդյունաբերության նոր թափն ու մշակող արդյունաբերության կրճատումը տնտեսության համար դրական հեռանկարներ չեն խոստանում: Հանքարդյունաբերության աճը չի կարելի համարել տնտեսության համար որակյալ աճ, այն չի կարող հետագա տնտեսական զարգացման համար կայուն հիմքեր ստեղծել: Ի տարբերություն դրա՝ վերամշակող արդյունաբերությունը ինչպես կայուն հիմքեր է ստեղծում, այնպես էլ՝ տեխնոլոգիական առաջընթաց: Բայց Հայաստանը դեռևս հակառակ ուղղությամբ է գնում:

Գլխավոր լուսանկարում ՝ Մղարթի ոսկու հանքավայրը

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter