HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տրդատ Մուշեղյան

«Հայաստան» դաշինքը պատրաստվում է «հնարավոր բոլոր միջոցներով» պայքարել գործող իշխանությունների դեմ

«Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը չի հավատում վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հաշտության առաջարկին։ Այս մասին երկրորդ նախագահը հայտարարեց հունիսի 22-ին դաշինքի կենտրոնական շտաբում տեղի ունեցած մամուլի ասուլիսին։

Հիշեցնենք՝ նախօրեին Հանրապետության հրապարակում հրավիրած հանրահավաքին Նիկոլ Փաշինյանը բոլոր քաղաքական ուժերին կոչ արեց վերջ տալ հայհոյախոսությանը և թշնամանքին։ Նա հայտարարեց, որ Հայաստանի ու Արցախի պատմության մեջ նոր էջ է բացվում, և այդ էջը պետք է սկսել ազգային ներուժի համախմբմամբ։

Քոչարյանի կարծիքով՝ գործող իշխանությունները այնքան են ստել, որ նրանց հավատալ այլևս հնարավոր չէ։ Երկրորդ նախագահի կարծիքով՝ Փաշինյանի համերաշխության կոչը արտաքին աշխարհին ցույց տալու համար է։

«Եթե իրենք իսկապես նման տրամադրություններ ունենան, ապա առնվազն գոնե 6 ամիս պետք է պահեն այդ ոճը, որպեսզի մի քիչ հավատ ներշնչեն, որ դա իրենց իրական ցանկությունն է։ Իրենց կոչերը զրոյական արժեք ունեն։ Իրենք քայլերով պետք է ցույց տան, որ իրենց մտադրությունը դա է»,- ասաց Քոչարյանը։

Անդրադառնալով դաշինքի հետագա պայքարին՝ ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը նշեց, որ եթե նույնիսկ իրենք մանդատները վերցնեն և գնան խորհրդարան, ապա դա չի նշանակում, որ հրաժարվել են փողոցային պայքարից։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Ռոբերտ Քոչարյանը հայտարարել էր, որ անձամբ ինքը ցանկություն չունի մանդատը վերցնելու, սակայն համզոված է, որ եթե դաշինքի մյուս անդամները վերցնեն մանդատները, ապա դա միայն կուժեղացնի իրենց պայքարը։

«Մենք հնարավոր բոլոր միջոցներով այս իշխանության դեմ պայքարելու ենք, դա չի քննարկվում։ Խորհրդարանի մանդատները լինելու են լրացուցիչ գործիք և հնարավորություն մեր պայքարին ավելի մեծ թափ տալու համար։ Մենք ընտրություններին չենք մասնակցել մանդատներ վերցնելու համար, այլ մասնակցել ենք ամբողջական իշխանություն վերցնելու համար»,- ասաց Իշխան Սաղաթելյանը։

Հիշեցնենք, որ հունիսի 20-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքներով՝ խորհրդարան են անցել երեք քաղաքական ուժեր՝ «Քաղաքացիական պայմանագիր» (53,92 %), «Հայաստան» դաշինք (21,04 %) և «Պատիվ ունեմ» դաշինք (5,23 %)։

Լուսանկարը՝ Անի Սարգսյանի / © «Հետք»

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter