HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Արմավիրի մարզի 5 համայնքի ղեկավարի լիազորությունները վաղաժամկետ դադարեցվել են

Վերջին երեք ամսվա ընթացքում լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու դիմումներ են ներկայացրել Արմավիրի մարզի 5 համայնքի ղեկավարներ: Համայնքապետերից մեկի լիազորություններն էլ դադարեցվել է ավագանու որոշմամբ: Մինչ Կառավարությունում մտածում են, թե ինչ փնջերով միավորեն համայնքները, որպեսզի ավելի հեշտ կառավարելի լինեն համայնքի ղեկավարները, մարզի որոշ համայնքներում առաջացել են կառավարման դժվարություններ:

Ժամանակավոր պաշտոնակատարներ են նշանակվել մարզի մոտ երկու տասնյակ համայնքում, քանի որ համայնքապետերի լիազորությունների ժամկետը լրացել է, և նոր ընտրություններ չեն նշանակվել:

Արմավիրի մարզպետարանի գլխավոր քարտուղար Արամ Հովհաննիսյանը մեր գրավոր հարցմանն ի պատասխան նշել է, որ երկրում իրականացվում են վարչատարածքային բարեփոխումներ: Դրա շրջանակներում մարզում մեկնարկել է համայնքային փնջերի տեսքով համայնքների խոշորացման ծրագիրը, որի ավարտից հետո, մարզպետի որոշմամբ կնշանակվեն ՏԻՄ հերթական ընտրություններ:

2021թ. հունիսի 28-ին, սեփական դիմումի համաձայն, վաղաժամկետ դադարել են Դողս համայնքի ղեկավար Գրիշա Հարությունյանի լիազորությունները:

Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանը, հուլիսի 12-ի որոշմամբ, համայնքի ղեկավարի պաշտոնակատար է նշանակել համայնքի նախկին ղեկավարներից Ազատ Գրիգորյանին: Վերջինս 2005թ. և 2008 թվականների ՏԻՄ ընտրությունների ժամանակ սկզբում չէր վերընտրվել, ապա չէր ընտրվել համայնքի ղեկավարի պաշտոնում:

Դողս համայնքի ավագանու լիազորությունները հունիսի 28-ին ևս վաղաժամկետ դադարել են: Պատճառն այն է, որ ավագանու 7 անդամից 4-ը լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու դիմումներ են ներկայացրել, իսկ նրանցից մեկի լիազորությունները, դիմումի համաձայն, դադարեցվել էին դեռևս 2020թ. նոյեմբերի 10-ին:

Ավագանին ընտրվել էր 2016թ. սեպտեմբերի 18-ին:

Արդեն տևական ժամանակ է՝ չի հանգուցալուծվում մարզի Եղեգնուտ համայնքի հարցը: Գրել էինք, որ Եղեգնուտի ավագանին 29.12.2020թ. որոշել է վաղաժամկետ  դադարեցնել համայնքի ղեկավար Ռազմիկ Մարգարյանի լիազորությունները: Ավագանին որոշումը հիմնավորել է «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով, ըստ որի՝ համայնքի ղեկավարի լիազորությունները վաղաժամկետ դադարեցվում են, եթե 6 ամիս անընդմեջ չի հրավիրվում համայնքի ավագանու նիստ:

Եղեգնուտի ավագանին 25.12.2020թ. որոշել է ավագանու երեք անդամի՝ Հովհաննես Մարգարյանի, Գրիշա Ռաշոյանի և Մարգար Մարգարյանի լիազորությունները ևս վաղաժամկետ դադարեցնել: Այս դեպքում որոշումներում պատճառաբանվել է, որ ավագանու նշված անդամները մեկ տարուց ավել՝ սկսած 2019թ. հոկտեմբերի 16-ից, չեն մասնակցել ավագանու նիստերին:

Հիշեցնենք, որ երկրում իշխանափոխությունից հետո, գյուղի բնակիչների ճնշման ազդեցության տակ, Եղեգնուտ համայնքի ղեկավար Ռազմիկ Մարգարյանը 2018թ. լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու դիմում էր գրել, ինչը չէր ընդունվել համայնքի ավագանու կողմից: Սակայն, Արմավիրի նախկին մարզպետ Գագիկ Միրիջանյանը, նշելով, որ ավագանին համայնքապետի լիազորությունները դադարեցնելու կամ չդադարեցնելու լիազորություն չունի, Եղեգնուտում նշանակել էր համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատար՝ Ռազմիկ Մկրտչյանին:

Վարչական դատարանի 2019թ. վճռով Ռազմիկ Մարգարյանը վերականգնվել է համայնքի ղեկավարի պաշտոնում: Դրա հիման վրա Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանը 2020թ. հունիսի 22-ին անվավեր է ճանաչել Եղեգնուտ համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար նշանակելու մասին նախորդ մարզպետ Գագիկ Միրիջանյանի՝ 2018թ. օգոստոսի 24-ին ստորագրած թիվ 287 որոշումը:

Ամբերդ համայնքի ղեկավար Մանվել Բաբայանի լիազորությունները, սեփական դիմումի համաձայն, վաղաժամկետ դադարեցվել է հուլիսի 12-ի ավագանու նիստի արձանագրությամբ, որն այդպես էլ չի հրապարակվել մարզպետարանի պաշտոնական կայքէջում:

Նույնը նաև Նորապատ համայնքի ղեկավարի դեպքում: Վերջինիս լիազորությունները հունիսի 30-ին դադարեցվել է, քանի որ վարչապետի հունիսի 29-ի որոշմամբ նշանակվել է Արմավիրի մարզպետի տեղակալ: Մարզպետարանի կայքէջում հրապարակված չէ ավագանու արձանագրությունը:

Նորապատ համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել համայնքի ղեկավարի տեղակալ Սարգիս Արշակյանը: Վերջինս «ՍԱՄ.ԿԱՐ.ՔԱՐ.» ՍՊԸ-ի միակ բաժնետեր Սամվել Արշակյանի եղբայրն է: 

Գրել էինք, որ «ՍԱՄ.ԿԱՐ.ՔԱՐ.» ՍՊԸ-ն մարզի Երվանդաշատ համայնքի հետ 2018թ. մարտի 6-ին կնքել է հողի վարձակալության պայմանագիր: Վարձակալության է տրվել գյուղնշանակության հողատարածք՝ 25 տարի ժամկետով: Հողամասի մակերեսը մոտ 4,8 հա է, իսկ տարեկան վարձավճարի չափը կազմում է 110 հազար դրամ: Հողամասի մեկնարկային գինը եղել է 100 հազար դրամ, իսկ մեկ քայլի գինը՝ 5000 դրամ: Նույն սցենարով իրականացվել է երկու քայլ և մրցույթում 110 հազար դրամ առավելագույն գնով հաղթող է ճանաչվել Սամվել Արշակյանը:

Հողամասի մեկնարկային գինը եղել է 100 հազար դրամ, իսկ մեկ քայլի գինը՝ 5000 դրամ: Նույն սցենարով իրականացվել է երկու քայլ և մրցույթում 110 հազար դրամ առավելագույն գնով հաղթող է ճանաչվել Սամվել Արշակյանը:

Ընկերությանը հանքարդյունահանման թույլտվություն տրվել է 2019թ. նոյեմբերի 27-ին՝ 50 տարի ժամկետով:

Այս ընկերությունը Երվանդաշատում հանքարդյունանմամբ է զբաղվել՝ առանց հողի նպատակային նշանակությունը փոխելու:

30 տարի պաշտոնավարումից հետո լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու դիմում էր ներկայացրել նաև Մայիսյան համայնքի ղեկավար Եսայի Մովսիսյանը: Մայիսյանի ավագանին օգոստոսի 17-ի արտահերթ նիստով համայնքապետի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու մասին արձանագրություն է կազմել: Նիստին մասնակցող ավագանու 5 անդամներց 4-ը ստորագրել է, մեկը՝ հրաժարվել է ստորագրել արձանագրության տակ:

Նորակերտ համայնքի ղեկավարի լիազորությունները դադարեցվել են ավագանու օգոստոսի 16-ի արձանագրությամբ, որը դարձյալ չի հրապարակվել:

Փորձեցինք պարզաբանումներ ստանալ լիազորությունները վաղաժամկետ դադարած համայնքի ղեկավարներից: Վերջիններս կամ չէին պատասխանում հեռախոսազանգերին, կամ հրաժարվում էին մեկնաբանել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter