
Համաշխարհային բանկը լավատես է Հայաստանի տնտեսական աճի կանխատեսումներում
Համաշխարհային բանկի նոր կանխատեսումների համաձայն` 2021 թվականին Հայաստանի տնտեսությունը 6.1%-ով կաճի:
Կառույցը հրապարակել է «Եվրոպա և Կենտրոնական Ասիա (ԵԿԱ) տարածաշրջանի տնտեսական զարգացումների զեկույցը» (Աշուն, 2021):
Հունիսյան զեկույցի կանխատեսումների համեմատ, ըստ որոնց 2021 թվականին Հայաստանի տնտեսական աճը կկազմեր 3.4%, այս անգամ աճի կանխատեսման ցուցանիշը բարձրացել է 2.7 տոկոսային կետով: Համաշխարհային բանկը հաշվի է առել տնտեսության ներկա միտումները և եզրահանգել, որ զարգացումները սպասվածից ավելի դրական են: Նշվում է, որ 2020 թվականի երկու շոկերի՝ համավարակի ու Ադրբեջանի հետ «հակամարտության» հետևանքով Հայաստանի տնտեսությունը կտրուկ անկում գրանցեց և 2021 թվականին վերականգնման միտումներ է ցույց տալիս: ՀԲ-ի մասնագետների կարծիքով՝ Հայաստանի տնտեսությունը մինչև 2022 թվականի կեսերը կվերադառնա նախաքովիդյան վիճակին: Միևնույն ժամանակ, տնտեսության համար մեծ ռիսկեր են պատվաստումների դանդաղ տեմպերը, COVID-19-ի աճող դեպքերն ու աշխարհաքաղաքական «զգայունությունը»:
Նշենք, որ ըստ Վիճակագրական կոմիտեի վերջին հրապարակման՝ 2021 թվականի հունվար-օգոստոսին, 2020 թվականի նույն ժամանակաշրջանի համեմատ, Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 4.9%-ով:
Իսկ եկող տարվա՝ 2022 թվականի համար Համաշխարհային բանկը կանխատեսում է 4.8% տնտեսական աճ, 2023 թվականին՝ 5.4%:
Հիշեցնենք, որ 2020 թվականին Հայաստանում 7.4% տնտեսական անկում է գրանցվել:
Այս գրաֆիկում 2018-2020 թվականների սյունակներում նշված երկրներում գրանցված տնտեսական աճի փաստացի ցուցանիշներն են, իսկ 2021-2023 թվականների դեպքում` կանխատեսումները:
Ըստ այդ կանխատեսումների՝ 2021 թվականին Վրաստանում սպասվում է 8% տնտեսական աճ, Թուրքիայում ՝ 8.5%, Ադրբեջանում՝ 5%:
ԵԱՏՄ երկրներից Ռուսաստանում կանխատեսվում է 4.3% աճ, Բելառուսում՝ 1.2%, Ղազախստանում՝ 3.5%, Ղրղզստանում՝ 2.3%:
Զեկույցում նշվում է, որ ներքին պահանջարկը Հայաստանում աճել է: Տնտեսության աճի վրա դրական ազդեցություն է ունեցել նաև արտահանման աճը, որին էլ, իր հերթին, նպաստել է համաշխարհային շուկայում մետաղների գների բարձրացումը:
Սպառման ու առհասարակ տնտեսության վրա բացասական ազդեցություն են թողնում ապրանքերի ու ծառայությունների գնաճը: Տեսանելիորեն բարձրացել են հատկապես սննդամթերքի գները:
Շեշտվում է, որ թեև Հարավային Կովսկասում զբոսաշրջության ոլորտը որոշակիորեն կարգավորվել է, սակայն Հայաստանում, ինչպես և Վրաստանում, զբոսաշրջիկների հոսքը դեռևս չի հասել նախահամաճարակային մակարդակին:
Հիշեցնենք, որ ինչպես հնգամյա ծրագրով, այնպես էլ 2022 թվականի բյուջեի նախագծով՝ Հայաստանի կառավարությունը նպատակ ունի տարեկան առնվազն 7% տնտեսական աճ ապահովել, իսկ բարենպաստ արտաքին միջավայրի դեպքում՝ 9%։
Կենտրոնական բանկի կանխատեսումներով՝ 2021 թվականին Հայաստանի տնտեսությունը կաճի 5.4%-ով: Իսկ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը երկնիշ տնտեսական աճ է ակնկալում:
Մեկնաբանել