HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Վաչե Գաբրիելյան. «Մենք վարժվեցինք առողջության գնով տնտեսությունն աշխատեցնել»

«Հետք»-ի զրուցակիցն է Հայաստանի ամերիկյան համալսարանի Բիզնեսի և տնտեսագիտության քոլեջի դեկան, նախկին փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը: 

-2020 թվականի համավարակի ու պատերազմի շոկերից հետո Հայաստանի տնտեսությունն այսօր աճի միտումներ է գրանցում, բայց քիչ են ոլորտները, որոնք վերադարձել են նախաքովիդյան վիճակին: Կարելի՞ է դա տնտեսության վերականգնում անվանել:

-Բնականաբար, եթե ունենք աճ անկումից հետո, դա վերականգնում է: Այլ հարց է, թե այդ վերականգնումը ինչ տեմպերով է ընթանում և որ ճյուղերի հաշվին: Այդ տեսակետից բազմաթիվ խնդիրներ կան: Մենք ունենք վերականգնում տուրիզմի ոլորտում, քանի որ անցած տարի այն շատ էր նվազել: Եթե 2020 թվականին հիմնականում ներքին տուրիզմն էր աճում՝ Երևանից դուրս, իսկ արտագնա տուրիզմը՝ արտասահմանյան ուղևորությունները, սահմանափակված էին, ապա այսօր արտաքին տուրիզմի աճ կա: Դա լիովին վերականգնում չէ, բայց աճը տեսանելի է:

Շինարարությունն է ավելի ակտիվ, քան ես ակնկալում էի, բայց խոսքը վերաբերում է առավելապես Երևանին: Դա պայմանավորված է բանկերի ֆինանսավորման տեմպերով (ի տարբերություն 2019 թվականի սպառողական վարկերի, հիմա շինարարությունն է բանկերի նախընտրելի ոլորտը), մինչև 2025 թվականը Երևանում եկամտային հարկի վերադարձի ծրագրի դադարեցման մասին քննարկումներով:

Աճում է հանքարդյունաբերությունը, որն էապես պայմանավորված է միջազգային շուկայում մետաղների գների բարձրացմամբ: Այս ոլորտում արդյունահանողների գների ինդեքսը ավելացել է 50%-ով: Ֆիզիկական ծավալների ավելացում ևս տեղի է ունեցել, բայց հիմնական նպաստողը գների բարձրացումն է: Դա նաև էական ազդեցություն է թողել տնտեսական աճի վրա:

Մենք ունենք բարձր գնաճ, որը որոշ ապրանքատեսակների մասով երկնիշ է: Դա, բնականաբար, իր ազդեցությունն է ունենում պետական բյուջե հոսող հարկերի վրա, քանի որ հարկերը անվանական արդյունքից են հավաքվում, ոչ թե իրական աճով ճշգրտված արդյունքից: Գլոբալ առումով պատկերը սա է:

-Համավարակով պայմանավորված՝ առողջապահական ծառայությունների պահանջարկը կտրուկ ավելացել է: Եթե փորձենք առողջապահությունը դիտարկել որպես տնտեսության ճյուղ՝ ծառայությունների ենթաճյուղ, որքանո՞վ է այն այսօր նպաստում տնտեսական աճին: 

-Առողջապահության աճը պետք է որոշակի վերապահումներով դիտարկել: Դա պայմանավորվում է հիմնականում համավարակի հետևանքով առաջացած իրավիճակով: Երբևէ այս քանակությամբ հիվանդանոցների ծանրաբեռնվածություն չի եղել Հայաստանում: Բժշկական հաստատություններում մահճակալների ֆոնդը զբաղված է, բժշկական կրթություն ստացող բարձր կուրսերի ուսանողների մեծ մասն արդեն հերթապահություններ է իրականացնում, ունեն էքստենսիվ զբաղմունք: Եթե այս տեսանկյունից ենք նայում, բնականաբար աճ կա, բայց եթե հետ գնանք և հիշենք, թե նախկինում ինչ հիվանդություններ էին բուժվում և հիմա՝ ինչ հիվանդություններ, կտեսնենք, որ դրանք նույն ծավալի չեն, պակասել են: Բոլոր դեպքերում, առողջապահական ծառայությունների աճը դրական ազդեցություն է ունենում տնտեսության վրա:

-Մեր նախորդ հարցազրույցին ասացիք, որ տնտեսության զարգացման առաջնահերթությունը պետք է լինի հնարավորինս լայնատարած պատվաստումը: Այսինքն` հաղթահարելով համավարակը, անցնել բնականոն կյանքին, որն էլ դրական կազդի տնտեսության տարբեր ոլորտների վրա: Այս պահին Հայաստանում պատվաստման տեմպերը դանդաղ են ընթանում: Դա ինչպե՞ս է ազդում տնտեսության վրա:

-Հայաստանում այսօր հակապատվաստումային սուր միտումներն կան, անպատասխանատվություն: Վարակակիրներ կան, որ հանգիստ դուրս են գալիս՝ պատճառաբանելով, որ «տանը չեն կարողանում նստել», աշխատանքի են գնում, հասարակական տրանսպորտից օգտվում: Ամիսներ առաջ 1 մլն բնակչության թվով գրանցվող մահերի քանակով Ասիայում մենք առաջինն էինք, հիմա Վրաստանն է, բայց մենք էլ զբաղեցնում ենք «պատվավոր» երկրորդ տեղը:

Որպես հասարակություն մենք վարժվեցինք առողջության գնով տնտեսությունն աշխատեցնել: Միջազգային մասշտաբով հակադարձ համեմատական են պատվաստումների ու մահերի քանակները: Մենք ընտրել ենք տնտեսության բոլոր հատվածներում (այդ թվում՝ նաև զանգվածային շփումներ ենթադրող սպասարկման ճյուղում), ըստ էության, առանց սահմանափակումների աշխատելը՝ ընդդեմ մասսայական առողջապահության: Ասում ենք՝ առանց կանոններին լրջորեն հետևելու, մենք աշխատելու ենք՝ ի հեճուկս մահերի: Բնականաբար, գիտակցումը, որ այդ ոլորտներն անվտանգ չեն, հիմա բացասաբար է ազդում տնտեսության վրա՝ զբոսաշրջության, մշակույթի, զվարճությունների, սպասարկման և այլ ոլորտների վրա: Բոլորը չէ, որ մասնակցում են «զանգվածային» միջոցառումների, շատերը խուսափում են նման միջոցառումներից:

-Առողջապահական թեմաները միշտ արդիական են: Պարբերաբար, ասպարեզ է նետվում պարտադիր առողջապահության թեման: Քննարկվում է աշխատավարձից այս կամ այն դրույքաչափով առողջության պարտադիր ապահովագրության գումար գանձել, բայց այդ թեման այդպես էլ չի զարգանում, հիմնավորումներ ու կոնկրետ նախագծեր չենք տեսնում: Հայաստանի քաղաքացիների համար այսօր, իսկապես, անհրաժեշտությու՞ն է առողջության պարտադիր ապահովագրումը:

-Դա գործնական հարց է, որին չի կարող տեսական պատասխան տալ: Ամեն ինչ կախված կլինի, թե ի՞նչ է առաջարկվելու, որքա՞ն գումար է գանձվելու, և ի՞նչ ծառայություններ են մատուցվելու: Ընդհանրապես, գաղափարը լավն է, սակայն եթե Կառավարությունը ծրագրում միայն այս գաղափարն առաջ է բերել, բայց դեռևս չի պատասխանել գին/ծածկույթ հարցերին, ապա հնարավոր չէ ասել, թե առողջության պարտադիր ապահովագրությունը լա՞վը կլինի, թե՞ ոչ: Մնացած բոլոր դատողությունները օդում են:

Դա նույնն է, որ հարցնեն՝ մեքենային ի՞նչ գումար կտաք: Իհարկե, չենք կարող պատասխանել այդ հարցին, մինչև չպարզենք, թե ինչ մեքենայի մասին է խոսքը՝ անցած դարում արտադրված «Զապորոժե՞ց», թե՞ 2021 թվականի «Տեսլա»: Հիմա նույն տրամաբանությունն է առողջության պարտադիր ապահովագրության թեմայով՝ կարո՞ղ ենք ասել, թե մենք պատրաստ ենք մեր աշխատավարձի, օրինակ, 2%-ը տրամադրել պարտադիր ապահովագրմանը, եթե չգիտենք, թե դրա դիմաց ինչ ծառայություններ ենք ստանալու: Ենթադրենք, թե ես պատրաստ եմ վճարել, ի՞նչ կստանամ դրա դիմաց, էլ ո՞վ է վճարելու, պետությունն ու՞մ փոխարեն է վճարելու, ո՞վ է կառավարելու և ի՞նչ գնով, և այլն:

-Վիճակագրական կոմիտեի հրապարակած վերջին տվյալներով՝ այս տարվա հունվար-օգոստոսին, նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ, Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 4.9%-ով: Դինամիկան ցույց է տալիս, որ ամսական կտրվածքով տնտեսության տեմպերը թուլացել են, հատկապես՝ օգոստոսին: 

-Տնտեսության գրեթե բոլոր ոլորտներում էլ այս տարվա ապրիլ-մայիսին, նախորդ տարվա համեմատ, աճ գրանցվեց, քանի որ նախորդ տարվա նույն ամիսներին լոքդաուն էր:

Սակայն, նաև պետք է նկատել, որ այդ ամիսներից հետո աճի տեմպերը թուլացել են, հատկապես՝ օգոստոսին: Ըստ արձանագրված դինամիկայի՝ ութ ամսում գրանցված 4.9% աճը հետագա ամիսներին պետք է նվազի: Բազայի խնդիրն է՝ 2020 թվականի սեպտեմբերից տնտեսական աճի ցուցանիշը այնքան ցածր չի եղել, որքան նախորդող ամիսներին: Հետևաբար, 2021 թվականի սեպտեմբերից, 2020-ի նույն ամիսների համեմատ, եթե անգամ լինի նախորդ ամիսներին հավասար աճ, այն այնքան մեծ չի լինի, որքան եղել է, օրինակ, ապրիլ-մայիս ամիսներին:

Գնաճն այստեղ ևս դեր է խաղում: Եթե համախառն ներքին արդյունքը այս տարվա և նախորդ տարվա գներով համեմատենք, ապա մոտ 9% գների տարբերություն է երևում: Իհարկե, վերոնշյալ իրական աճը զտված է գնաճից, սակայն գնաճի բարձր մակարդակը այն բերում է որոշակի լրացուցիչ տնտեսական ակտիվության։

-Կառավարությունը պնդում է, որ գնաճը հիմնականում պայմանավորված է արտաքին գործոններով՝  ներմուծվող ապրանքներն են թանկացել: Բարձր գնաճ է գրանցվում ոչ միայն Հայաստանում, այլև՝ շատ երկրներում: Հայաստանում կառավարությունը կարո՞ղ է հիմա ինչ-որ գործիքներով մեղմել գնաճը, ի՞նչ բացթողումներ կան այստեղ:

-Այո, գնաճը գլոբալ ֆենոմեն է այսօր ԱՄՆ-ում, Եվրոպայում և այլուր: Դրա հետ մեկտեղ արտասահմանում տեղի են ունենում գլոբալ փոփոխություններ աշխատավարձի ոլորտում, որը մեզ մոտ դեռևս չկա: Օրինակ՝ ԱՄՆ-ում ցածր վարձատրվող ոլորտներում աշխատողների մեծ պակաս կա: Այն հատկապես տեսանելի է արագ սննդի ոլորտում: Հիմա այդ ոլորտներում աշխատավարձերի բարձրացում է տեղի ունենում: Շատերը բարձրացրել են աշխատավարձերը, բայց էլի չեն կարողանում աշխատող գտնել: Վերջին տասնամյակներում ավելի շատ բարձրանում էր բարդ ունակություններ պարունակող աշխատատեղերի վարձատրությունը, իսկ իրենց պարագայում՝ հարաբերականորեն նվազում։ Համավարակի պայմաններում, երբ շատերը տնից են աշխատում, իսկ իրենք չեն կարող, այս մարդիկ հասկացել են, որ իրենք ևս պահանջված գործառույթ են իրականացնում, պայքարելու տեղ ունեն: Եվ իրենք հիմա սկսել են սակարկել աշխատատեղերի համար և պահանջում են ավելի բարձր աշխատավարձ, սոցիալական փաթեթներ և այլն: Սա, իհարկե, բերում է բարձր գների, բայց գների խնդիր կա նաև միջազգային առևտրում, լոգիստիկ ծառայությունների գներն են բարձրացել և այլն: Զարգացած երկրներում ունենք վերջին տարիների համար չլսված 4-6 տոկոսանոց գնաճ և համադրելի աշխատավարձերի աճ, որոնք, ըստ էության, չեզոքացնում են իրար։

Հայաստանում ևս նման իրավիճակ է՝ գնաճը չեզոքացնում է աշխատավարձերի գրանցված աճը։ Հայաստանում, սակայն ցածր աշխատավարձերի աճը ոչ թե շուկայական սակարկման հետևանքով է, այլ նվազագույն աշխատավարձի պարտադրված աճի։ Հայաստանում ևս գնաճը դրսից եկող գործոններով է պայմանավորված, բայց ներքին ճշգրտումներ չեղան: Անգամ, երբ փոխարժեքը թռիչքից հետո վերադարձավ նախկին մակարդակին, արտադրողները և հատկապես ներմուծողները իրենց գնային քաղաքականությունը չփոխեցին:

Այս առումով ԿԲ-ն չունի շատ գործիքներ, որոնցով կարող էր ազդել իրավիճակի վրա: Հիմնական գործիքը վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացումն է՝ փողի թանկացումը: Բայց դա ընդհանուր գնաճի վրա ազդելու համար է: Այդ գործիքը կոնկրետ ապրանքատեսակի գնաճի վրա չի կարող ազդել: Օրինակ՝ կարագի, բրնձի, սննդամթերքի այլ տեսակների գների վրա ազդելու համար պետք է այլ կառույցներ աշխատեն, որոնք զբաղվում են շուկայական մրցակցությամբ, տեղական արտադրության խթանմամբ և այլն: Դա արդեն Կենտրոնական բանկի ոլորտը չէ:

-Կառավարությունն արդեն ընդունել է 2022 թվականի պետական բյուջեն, որով նախատեսվում է, որ Հայաստանի պետական բյուջեի եկամուտները կկազմեն 1 տրլն 946 մլրդ դրամ, ծախսերը՝ 2 տրլն 188 մլրդ դրամ և հետևաբար դեֆիցիտն էլ՝ 242 մլրդ դրամ: Կառավարությունն ակնկալում է, որ բյուջեի եկամուտներն ավելի արագ կաճեն, քան ծախսերը: Նաև 7-9% տնտեսական աճ է կանխատեսվում: Կառավարությունն ի՞նչ գնով է հասնելու այս ցուցանիշներին:

-Մակրոտնտեսական առումով ինձ համար հասկանալի չեն համամասնությունները: Ծախսերի առաջնահերթությունների մասին չխոսեմ, դրանք միշտ քաղաքական շեշտադրումներ ունեն: Առողջապահությո՞ւնն է ավելի կարևոր, թե՞ կրթությունը, ռազմական ծախսե՞րն են ավելի կարևոր, թե՞ մշակութային, սա նաև քաղաքական առաջնահերթությունների առարկա է: Պետք է հիմնավորել՝ որքանով է հրատապ այս կամ այն գծով ծախսերի բարձրացումը: Ընդհանուր համամասնությունների մասով՝ բյուջեի տվյալ դեֆիցիտի պարագայում, իմ կարծիքով, մյուս ցուցանիշներին հասնելու համար բարձր գնաճ է պետք: Իմ շատ կոպիտ գնահատականով՝ այդ ամրագրված ցուցանիշներին կարելի է հասնել ոչ թե 4% գնաճի պարագայում, այլ, օրինակ, 8-10%-ի:

-Չնայած, որ վերջին տարիներին կապիտալ ծախսերը թերակատարվում են, Կառավարությունը նախատեսում է 2022 թվականին, 2021 թվականի բյուջեով ամրագրվածի համեմատ, մոտ 60% ավելացնել կապիտալ ծախսերը: Որքանո՞վ է դա իրատեսական: Ըստ Ձեզ՝ ի՞նչն է պատճառը, որ կապիտալ ծախսերը թերակատարվում են:

-Պետական մարմիներում ու գերատեսչություններում, ինչպես նաև՝ համագործակցող մասնավոր հատվածում մարդիկ խուսափում են իրենց ուսերին վերցնել այդ կապիտալ ծախսերի ծրագրերի իրականացումը: Հաճախ պատճառաբանում են, թե նախկինում կոռուպցիան այս ամենի շարժիչի յուղն է եղել, դրա համար են այդ ծրագրերն իրականացվել, հիմա չկա, չեն անում։ Ըստ իս՝ սա ճշմարտության տարրեր պարունակող լավ մետաֆոր է, սակայն ոչ բավարար պատասխան։ Քանի որ պետական ապարատը ոչ նախկինում, ոչ հիմա չունի (ինչպես ցույց է տալիս շատ ավելի զարգացած երկրների փորձը, դեռևս երկար չի ունենա) այնպիսի կարողություններ, որ անթերի նախագծեր պատրաստվեն, շատերը չեն էլ ուզում ներքաշվել այս կամ այն անգամ տեսականորեն խնդրահարույց նախագծերում (իսկ մեծ ծրագրերը երբեք խիստ հստակ և պարզունակ չեն): Իրականում, խոչընդոտը ոչ թե կոռուպցիայի բացակայությունն է, այլ՝ կոռուպցիայի ուրվականի ամենազոր ներկայությունը: Մարդիկ վախենում են մի բան սխալ անել, հայտնվել իրավական գործընթացներում: Մտածում են՝ ավելի լավ է չխառնվել, չներքաշվել: Հեղհեղուկ քաղաքականության և սոցիալական մեդիայի դոմինանտության դարաշրջանում նախաձեռնողականության ու պատասխանատվության համադրումը բարդ խնդիր է ամենուր, իսկ բևեռացված Հայաստանում առավել ևս։ Հիմա Կառավարությունում ուզում են այնպես անել, որ պետական գնումների համակարգն արդյունավետ աշխատի, սակայն կապիտալ ներդրումների համար արգելակ չդառնա: Սպասենք այս համադրման պրակտիկ իրագործմանը։ Սատանան, ինչպես ասում են, դետալներում է։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter