HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տաթև Խաչատրյան

Դատավորն անտեսեց ինքնաբացարկի հիմքերը՝ պնդելով, որ անաչառ է. «Հետաքննող լրագրողների» դեմ նիստը հետաձգվեց

Այսօր Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների նստավայրում ՝ Սիմիզար Հովսեփյանի նախագահությամբ, շարունակվում էր «Դեմի Ֆարմ»-ն ընդդեմ «Հետաքննող լրագրողներ» ՀԿ-ի դատական գործի քննությունը, որը, սակայն, նորից հետաձգվեց մինչև դեկտեմբերի 6-ը։

Նախորդ նիստի ժամանակ «Հետաքննող լրագրողներ» ՀԿ-ի ներկայացուցիչ Գրիշա Բալասանյանը հանգամանքներ էր ներկայացրել, որոնք դատավոր Սիմիզար Հովսեփյանին ինքնաբացարկ ներկայացնելու հիմքեր էին տալիս։ Մասնավորապես, դատավորը կարող էր կողմնապահ գտնվել իր հետ փոխկապակցված անձի մասով «Հետքի» մեկ այլ հրապարակման պատճառով, որով արդեն իսկ քրեական գործ է հարուցվել, նախաքննությունն այժմ շարունակվում է, և դատավորի որդին և եղբոր որդին ներգրավված են։

Հայցվորի ներկայացուցիչ Վահագն Գասպարյանն ասաց, որ վերը նշված հանգամանքը ինքնաբացարկի հիմք չէ։

Դատավորը նույնպես նշեց, որ ինքնաբացարկի հիմքեր չունի, քանի որ նախաքննական մարմինն իր մերձավորներին դեռևս ոչ մի մեղադրանք չի առաջադրել. «Ես գտնում եմ, որ այստեղ ինքնաբացարկի որևէ հիմք չկա, և հրապարակումը չի ազդի իմ անաչառության վրա»,- ասաց Ս. Հովսեփյանը։

Գրիշա Բալասանյանը նորից նշեց, որ այդ փաստը, այնուամենայնիվ, կաշկանդելու է դատավորին, և ամեն դեպքում, ազդեցություն ունենալու է իր անաչառության վրա, քանի որ վերոնշյալ քրեական գործը դեռևս քննվում է, և դատավորի որդու և եղբորորդու կարգավիճակը կարող է փոխվել։ Դատավորը կրկին պնդեց, որ այդ հանգամանքն իրեն չի կաշկանդում։

Գ. Բալասանյանը, սակայն, ընդգծեց, ինքնաբացարկ չներկայացնելը եղած հիմքերի դեպքում իր հերթին կարող է ազդել նաև դատարանի բարի համբավի վրա, և եթե դատավորին դա չի մտահոգում, ապա «Հետաքննող լրագրողներ» ՀԿ-ին դա մտահոգում է, հետևաբար դատավորի ինքնաբացարկի միջնորդություն կներկայացվի։

Դատական նիստը հետաձգվեց միջնորդությունը ներկայացնելու համար։

Հիշեցնենք, որ ​​դատական հայցը «Դեմի Ֆարմ» ընկերությունը ներկայացրել էր «Հետք»-ի հոդվածից հետո, որը վերաբերում էր ընկերության կողմից ներկրվող և դեղատներում վաճառվող մանկական «Herbaland» վիտամիններին։ Դրանք գրանցվել էին խախտումներով։ «Դեմի Ֆարմ»-ը նախ պահանջել էր հերքել հրապարակումն ու վճարել 1 000 000 դրամ, իսկ երբ խնդրել էինք հստակեցնել, թե հոդվածում կոնկրետ ինչն է զրպարտություն, որ կարողանանք բավարարել իրենց պահանջը, ընկերության փաստաբան Վահագն Գասպարյանը հայտնել էր, որ «նյութում նշվածները փաստական տվյալներ չեն պարունակում և իրականությանը չեն համապատասխանում»։

«Դեմի Ֆարմը» դատական հայց էր ներկայացրել «Հետք»-ի դեմ՝ համարելով հրապարակումը զրպարտություն եւ պահանջելով հրապարակային հերքել այն։ Մինչ այդ փաստաբանը հայտնել էր, որ չհերքելու դեպքում դատական կարգով պարտավորեցնելու են «Հետք»-ին վճարել 2 000 000 դրամ՝ որպես զրպարտության հետեւանքով պատճառված վնաս եւ պահանջելու են հեռացնել նյութը կայքից։

Նշենք, որ «Հետք»-ի հրապարակմանն արձագանքել էր ոլորտը վերահսկող Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը, և «Դեմի Ֆարմ» ընկերության կողմից ներկրվող «Herbaland» կալցիում և D3 վիտամինների պետական գրանցումը հեռացվել էր ԵԱՏՄ պետական գրանցման միասնական ռեեստրից, քանի որ հաստատվել էր հրապարակման մեջ արդեն իսկ նշված խախտումը՝ վիտամինների «ձևակերպման ժամանակ եղած տեխնիկական սխալը» (սպեցիֆիկացիայի թարգմանության մեջ տեղի է ունեցել սխալմունք, որն արտացոլվել է պիտակի նախագծի մեջ): Այն ուղղելուց հետո ապրանքը վերագրանցվել էր։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter