HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հակատանկային մարտկոցը․ ավագ սերժանտ Էդգար Դոլուխանյան

2020թ․-ի նոյեմբերի 14-ին Հադրութի գնդի հակատանկային մարտկոցի ավագ սերժանտ Էդգար Դոլուխանյանի 20-ամյակն էր, նա Մարտունու շրջանի Խնուշինակ գյուղից էր։ Հենց այդ օրն էր, որ Էդգարի ընտանիքը նոյեմբերի 9-ի հրադադարից հետո առաջին անգամ վերադարձավ գյուղ, եկել էին նաև նրա ծառայակիցները։ Էդգարը զոհվել է 2020թ․-ի հոկտեմբերի 9-ին Կարախանբեյլի գյուղի մոտակայքում:

«Վեր կացանք ես, ամուսինս, քրոջս ամուսինը ու հայրս Երևանից ծաղիկներ առանք ու եկանք Արցախ՝ Խնուշինակ, գյուղում հատուկենտ մարդիկ կային, անգամ մի բաց խանութ չկար, որ շոկոլադ գնեի»,- պատմում է մայրը՝ Սվետլանա Դոլուխանյանը։

Ծնողների երեք զավակից միակ տղան էր Էդգարը։ Պատերազմի օրերին հայրը՝ Արցախյան առաջին պատերազմի ազատամարտիկ Ռևա Դոլուխանյանը, անկախ նրանից, որ Էդգարը չէր պատմում մարտական գործողություններից, ծանր մարտերից՝ հասկանում էր պատերազմի մասշտաբները և վտանգը։

«Սեպտեմբերի 27-ն էր, զանգեց տղաս, միակ բանը, որ ասեցի էդ էն էր՝ ինչ էլ լինի, Էդգար, այնպես արա, որ գլուխներս բարձր քայլենք պատերազմից հետո»,- հիշում է հայրը։

Պատերազմի ժամանակ Էդգարը գրեթե ամեն օր գոնե մի քանի վայրկյանով կապվել է ընտանիքի հետ՝ հավաստիացնելու համար, որ լավ է։

«Սեպտեմբերի երեսունն էր, զանգեց ասեց՝ պապ, էսօր էլ բախտս փորձեցի, մի տանկ եմ խփել, մեր կամբատն ասեց՝ անվճար եմ սովորելու։ Մայրն էլ կողքից, թե ես քեզ մատաղ, դու արի, վարձիդ մասին մի՛ մտածիր»,- պատմում է հայրը՝ Ռևան։

Էդգարը նախքան բանակ զորակոչվելը ընդունվել էր Արցախի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետ, մայրն ասում է, որ պատմություն շատ էր սիրում, մշտապես օլիմպիադաների էր մասնակցում, մրցանակներ շահում, շրջագայում Հայաստանում։

«Էդգարը Մոնթեին պաշտում էր, իր երազանքն էր, որ գոնե մի անգամ Եռաբլուր գնար՝ Մոնթեի շիրիմին այցելության։ Ամեն անգամ, որ Երևան էր գալիս օլիմպիադաների, տանում էին Մատենադարան, թանգարաններ, ասում էր՝ ի՞նչ կլինի մի անգամ էլ Եռաբլուր տարեք մեզ, բայց էդպես էլ ինքը էնտեղ չեղավ»,- ասում է մայրը՝ ցույց տալով որդու հուշանկյան վերևում փակցված Մոնթեի նկարը։

Էդգարի հետ վերջին խոսակցությունը եղել է հոկտեմբերի 8-ին։ Երկար զրուցել են, բոլորից հարցուփորձ է արել, հարցրել մյուս երկու եղբայրներից, որոնք նույնպես մասնակցում էին պատերազմին, քրոջ երեխայից, փոքր քրոջից․ «Ասացի՝ Էդգար, Տաթևին գյուղից հանել ենք, ասեց՝ ինչի՞, մամ, գյուղի՞ն էլ են խփում։ Դա իր վերջին զանգն էր, մենք երեք օր իրենից լուր չունեցանք։ Հետո հայրը զանգեց կամբատին, ասեց՝ Դոլուխանյան Էդգարի հայրն եմ, կամբատը միանգամից հեռախոսն անջատեց, Ռևան ասեց՝ որդիս զոհվել է»,- պատմում է տիկին Սվետլանան։

Էդգարի մարմինը ընտանիքը գտել է երեք օր հետո՝ հոկտեմբերի 12-ին, նույն օրն էլ նրան հուղարկավորել են․

«Այդ օրը տղաս մեր տանն ընդամենը երկու ժամվա հյուր էր։ Գյուղում շատ քիչ մարդիկ կային, նույնիսկ մի ծաղիկ չկար, որ տանեի Էդգարիս»,- հիշում է մայրը։

Պատերազմը բոլոր հնարավոր միջոցներով հասել է այս ընտանիքին։ Էդգարի զոհվելուց հետո՝ հոկտեմբերի 23-ին, Ճարտարում զոհվել է նրա մորաքրոջ որդին՝ պայմանագրային զինծառայող Յուրա Հայրապետյանը, այնուհետև՝ նոյեմբերի 8-ին Մարտունիում հորաքրոջ որդին՝ կամավոր մեկնած Հայասեր Հովսեփյանը։

«Հայասերի զոհվելու ժամանակ ամենավատ իրավիճակն էր․ չգիտեինք՝ գյուղում հուղարկավորեինք, թե բերեինք Եռաբլուր։ Վիճակն այնքան խառն էր, որ նույնիսկ արդեն ես էի մտածում Էդգարին էստեղ բերելու մասին, որ հանկարծ գերեզմանն էլ չկորցնեինք»,- ասում է տիկին Սվետլանան։ 

Մարդկային կորուստներից բացի, պատերազմը ընտանիքին զրկել է նաև տնից։ Էլինան՝ Էդգարի ավագ քույրը, ապրում էր Շուշիում, նրա ամուսինը նույնպես մասնակցել է պատերազմին ու վիրավորվել։ Պատերազմի ժամանակ նրանց ընտանիքը տեղափոխվել է Արտաշատ և մինչ օրս էլ այնտեղ է։ Շուշիում են ապրել նաև Սվետլանա Դոլուխանյանի ծնողները և երկու քույրերը։ Մի տուն էլ Շուշիում հենց Դոլուխանյաններն են ունեցել, ասում են, որ դա իրենց որդու համար էին գնել, բայց Էդգարը ոչ մի դեպքում գյուղից գնալ չէր ուզում։

Վերջին անգամ ընտանիքը որդուն օգոստոսին է տեսել, երբ քույրը երեխա է ունեցել․ Էդգարն անձամբ է եկել շնորհավորելու։

«Հայրս երկու մատաղացու գառ էր պահում, մեկը իմ երեխայի ծնվելուց մորթեցինք, մյուսը պահել էինք Էդգարի գալուց,- ասում է Էլինան,- տղաս քեռուն չհասցրեց տեսնել, բայց որտեղ Էդգարի նկարը տեսնում է, մոտենում, համբուրում է»։

Այս պատերազմի ժամանակ Խնուշինակ գյուղը 4 զոհ է ունեցել։ Էդգարի զոհվելու օրը՝ հոկտեմբերի 9-ին, հակատանկային մարտկոցից զոհվել է ևս երկու զինծառայող՝ ավագ սեժանտ Դավիթ Գրիգորյանը և լեյտենանտ Արմենակ Սարգսյանը։

Էդգար Դոլուխանյանը հետմահու արժանացել է «Մարտական Խաչ» 2-րդ աստիճանի շքանշանի։

Կարդա նաև՝

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter