
Վրաստանի ԱԳՆ-ն վերահաստատում է, որ չի մասնակցի «3+3» ձևաչափին
Վրաստանը չի նախատեսում մասնակցել Հարավային Կովկասում «3+3» ձևաչափով համագործակցության հարթակին։ TACC գործակալությունը, հղում անելով Վրաստանի ԱԳՆ մեկնաբանությանը, գրում է, որ Թբիլիսիի ներկայացուցիչները չեն մասնակցի Մոսկվայում դեկտեմբերի 10-ին նախատեսված առաջին նիստին։
«ԱԳՆ-ն մի քանի անգամ իր հստակ դիրքորոշումն է հայտնել տարածաշրջանային համագործակցության «3+3» նախաձեռնության հետ կապված։ Այդ մասին խոսել է նաև արտաքին գործերի նախարարը՝ խորհրդարանում իր վերջին ելույթի ժամանակ։ Մենք չենք դիտարկում նշված ձևաչափին մասնակցությունը, հետևաբար Վրաստանը ներկայացված չի լինի դեկտեմբերի 10-ին նախատեսված հանդիպմանը»,- նշվում է մեկնաբանության մեջ։
Հիշեցնենք, որ այսօր առավոտյան Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել էր, որ Հարավային Կովկասում համագործակցության «3+3» ձևաչափի առաջին նիստը կկայանա դեկտեմբերի 10-ին, Մոսկվայում։ ««3+3» ձեւաչափով տարածաշրջանային համագործակցության հարթակի առաջին նիստը, որն առաջարկվել է մեր նախագահի և Ադրբեջանի նախագահ, պարոն Իլհամ Ալիևի կողմից, Հարավային Կովկասում կուռ խաղաղության և կայունության ապահովման համար, տեղի կունենա 2021 թվականի դեկտեմբերի 10-ին, Մոսկվայում»,- նշվում էր թուրքական արտաքին քաղաքական գերատեսչության տարածած հաղորդագրության մեջ։ Բացի այդ, թուրքական կողմը հայտարարել էր, որ առաջին հանդիպումը կկայանա արտաքին գործերի փոխնախարարների մակարդակով։
Նոյեմբերի 19-ին, ելույթ ունենալով Վրաստանի խորհրդարանում, այդ երկրի ԱԳ նախարար Դավիթ Զալկալիանին հայտարարել էր, որ Թբիլիսին չի նախատեսում մասնակցել Հարավային Կովկասում տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման հարցերով «3+3» ձևաչափի աշխատանքներին։ Պատճառը Ռուսաստանի մասնակցությունն է այդ նախաձեռնությանը։
«Վրաստանը չի մասնակցի «վեց»-ի հարթակի նախաձեռնությանը։ Ես այդ մասին հայտնել եմ նաև Թուրքիա և Ադրբեջան կատարած այցերի ժամանակ»,- նշել էր Վրաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը։
Ընդ որում, Զալկալիանին ընդգծել էր, որ հարևան երկրների հետ բալանսավորված հարաբերությունները հանդիսանում են Վրաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթությունը։ Նա նշել էր, որ Թբիլիսին ստեղծել է պայմաններ հակամարտության գոտի հումանիտար բեռների անարգել փոխադրման համար։
«Տարածաշրջանում առկա էսկալացիայով պայմանավորված՝ մենք միանշանակ բալանսավորված քաղաքականություն ենք վարել հակամարտության հետ կապված։ Ռազմական բեռների տեղափոխմանը և տրանզիտային փոխադրումներին մենք անհապաղ արձագանքել ենք։ Դա որոշակի առումով նպաստել է դեէսկալացիային։ Շատ կարևոր են եղել նաև երկու հարևանների հետ Վրաստանի ակտիվ շփումները»,- հավելել էր Զալկալիանին։
Դեռ այս տարվա հոկտեմբերի սկզբին Վրաստանի արտաքին գործերի նախարարը հայտարարել էր, որ Վրաստանի համար դժվար կլինի Ռուսաստանի հետ միասին մասնակցել «3+3» ձևաչափին, սակայն երկիրն ինչ-որ ձևով պետք է ներկայացված լինի աշխարհաքաղաքական մեծ նախագծերում։ «Այդ աշխարհաքաղաքական մեծ նախագծերում և հարաբերություններում պետք է ինչ-որ ձևով ներկայացված լինենք, բայց, անկասկած, ոչ ի հաշիվ պետական շահերի և ինչ-որ զիջումների...»,- հայտարարել էր Զալկալիանին։ Նա նշել էր, որ երբ չկա որևէ առաջընթաց Աբխազիայից և Հարավային Օսիայից ռուսական զորքերի դուրսբերման հարցում, «շատ դժվար է նստել այդպիսի ձևաչափում և խոսել ինչ-որ ենթակառուցվածքային նախագծերի մասին»։
Հաջորդ օրը Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը հերքել էր սեփական նախարարի խոսքերը՝ հայտարարելով, որ չի դիտարկում Ռուսաստանի հետ «3+3» ձևաչափին մասնակցությունը՝ պնդելով, թե, իբր, լրատվամիջոցներն սխալ են մեկնաբանել Վրաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի խոսքերը։
«3+3» ձևաչափի ստեղծման մտադրության մասին ավելի վաղ հայտարարել էին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։
Նախատեսվում է, որ ձևաչափի ստեղծման պարագայում դրան կանդամակցեն Հայաստանը, Ադրբեջանը, Վրաստանը, Թուրքիան, Իրանը և Ռուսաստանը։ Այն զբաղվելու է Հարավային Կովկասում հաղորդակցային և տնտեսական կապերի ապաշրջափակմամբ։
Իրանը ողջունել էր նախաձեռնությունը՝ նշելով, որ պատրաստ է քայլեր ձեռնարկել տարածաշրջանում խաղաղության ամրապնդման գործում։ Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ևս նշել էր նախաձեռնության վերաբերյալ Ռուսաստանի հետաքրքրվածության մասին՝ հայտարարելով, որ աշխատում են հայկական կողմի հետ։
Լուսանկարը՝ Getty Images-ի
Մեկնաբանել