
Ղազախստանի գլխավոր դատախազությունը հրապարակել է բողոքի ցույցերի զոհերի թիվը
Ղազախստանում բողոքի ցույցերի ժամանակ զոհվել է առնվազն 225 մարդ։ Այդ մասին հայտարարել է Ղազախստանի Գլխավոր դատախազության քրեական հետապնդման ծառայության ղեկավար Սերիկ Շալաբաևը։
«Արտակարգ դրության ժամանակ դիահերձարաններ է տեղափոխվել 225 զոհված։ Դրանց մի մասը զինված ավազակներ են, որոնք մասնակցել են ահաբեկչություններին։ Զոհերի թվում 19 ոստիկան և զինծառայող են։ Ցավոք՝ ահաբեկչական գործողությունների զոհ են դարձել նաև խաղաղ բնակիչները»,- նշել է Շալաբաևը՝ չհստակեցնելով, թե քանի խաղաղ բնակիչ է զոհվել։
Ղազախստանի առողջապահության նախարարության մամուլի քարտուղար Ասել Արտակշինովան նշել է, որ 225 զոհերից 175-ը զոհվել է բուժհաստատություններում։
Գլխավոր դատախազության և առողջապահության նախարարության տվյալներով՝ Ղազախստանում տեղի ունեցած բողոքի ցույցերի ժամանակ տուժել է 4578 մարդ, որից 3393-ը ուժային կառույցների աշխատակիցներ։ Ավելի քան 2677 տուժած դիմել է բուժօգնության, որից 265-ը բուժվում են, 67 մարդ էլ գտնվում է վերակենդանացման բաժանմունքներում։
Գլխավոր դատախազության տվյալներով՝ բողոքի ցույցերին և անկարգություններին մասնակցել է ավելի քան 20 հազար մարդ։ Հարուցվել է 546 քրեական գործ, որից 44-ը ահաբեկչության հատկանիշներով, 34-ը՝ զանգվածային անկարգությունների և 15-ը՝ սպանության հատկանիշներով։ 446 կասկածյալ ձերբակալվել է դատարանի որոշմամբ։
Հունվարի 2-ին Ղազախստանում սկսվել էին բողոքի ցույցեր, որոնց պատճառը հեղուկ բնական գազի գնի թանկացումն էր։ Որոշ քաղաքներում, այդ թվում Ալմաթիում, ոստիկանության հետ բախումներ էին եղել, ցուցարարները հարձակվել էին կառավարական շենքերի վրա և թալանել խանութները։
Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը «ահաբեկիչներին» մեղադրում էր անկարգությունների մեջ, իսկ հունվարի 5-ին օգնության համար դիմել էր ՀԱՊԿ-ին։ Կազմակերպությունը Ղազախստան էր ուղարկել ավելի քան 2000 խաղաղապահի, այդ թվում 100 հայ զինծառայողի։ Հունվարի 11-ին Տոկաևը հայտարարել էր երկրից խաղաղապահ ուժերի փուլային դուրսբերման մասին։ Հայկական ուժերը Ալմաթիից դուրսբերվեցին հունվարի 14-ին։
Ավելի վաղ, Ղազախստանում պաշտոնապես չէին հայտնում բողոքի ցույցերի զոհերի թիվը։ Իշխանությունները նշում էին միայն զոհված ուժայինների անունները։ Հունվարի 9-ին Ղազախստանի տեղեկատվության նախարարությունը հայտարարել էր 164 զոհերի մասին, սակայն ավելի ուշ տվյալների հրապարակումը բացատրել տեխնիկական սխալով։
Լուսանկարը՝ Sergei Grits/AP
Մեկնաբանել