Թուրքիայի փոխնախագահ. «Նիկոլ Փաշինյանը մարտին կայցելի Թուրքիա»
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտին կայցելի Թուրքիա՝ մասնակցելու Անթալիայի դիվանագիտական ֆորումին։ Նման հավանականության մասին ուրբաթ օրը՝ փետրվարի 4-ին, թուրքական A Haber հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է Թուրքիայի փոխնախագահ Ֆուաթ Օքթայը։
«Չնայած վերջերս Ղարաբաղի ազատագրումն ու գործընթացը, որին մենք աջակցում ենք մինչև վերջ, ընկալվում են որպես պատերազմ, իրականում դա խաղաղության բանալին է։ Նշանակվել են հատուկ ներկայացուցիչներ, արվել փոխադարձ դրական ազդակներ։ Մենք ցանկանում ենք, որ այդ գործընթացն արագանա։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը կգա Անթալիայի դիվանագիտական ֆորումին»,- նշել է քաղաքական գործիչը:
Չնայած թուրք պաշտոնյայի հայտարարությանը, հայկական կողմը դեռևս պաշտոնապես նման հայտարարություն չի արել։ Ավելի վաղ, հայտնի էր դարձել, որ Անթալիայի դիվանագիտական ֆորումին մասնակցելու հրավեր են ստացել ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը, որը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցով հատուկ ներկայացուցիչն է։
Միրզոյանը լրագրողներին հայտարարել էր, որ հայկական կողմը դեռևս վերջնական որոշում չունի մասնակցության առնչությամբ։
Դեռ հունվարի 24-ին Փաշինյանը նշել էր, որ Հայաստանը՝ Թուրքիայի հետ բանակցությունների նման դինամիկայի պահպանման պարագայում, հնարավոր է ընդունի թուրքական կողմի հրավերը և մասնակցի Անթալիայի դիվանագիտական ֆորումին, որը կայանալու է մարտի 11-13-ը։
Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցերով հատուկ ներկայացուցիչների առաջին հանդիպումը կայացել էր հունվարի 14-ին՝ Մոսկվայում։ Երկու երկրի արտաքին քաղաքական գերատեսչությունները դրական էին գնահատել այդ հանդիպումը։ Հանդիպման փաստը ողջունել էին Ռուսաստանը, ԱՄՆ-ն, Եվրամիությունը, ՆԱՏՕ-ն։
Դեռ նախորդ տարվա դեկտեմբերին Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլյութ Չավուշօղլուն հայտարարել էր, որ Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների կարգավորման համար կողմերը նշանակելու են հատուկ ներկայացուցիչներ։ Բացի այդ, կվերականգնվեր նաև Երևանի և Ստամբուլի միջև ավիահաղորդակցությունը։ Ավելի ուշ պարզ դարձավ, որ հայկական կողմից թռիչքներ կիրականացնի Flyone Armenia-ն, իսկ թուրքական կողմից՝ Pegasus Airlines-ը։ Flyone Armenia-ն Ստամբուլ առաջին չվերթն իրականացրեց փետրվարի 2-ին։
Չնայած ընդհանուր սահմանին՝ Հայաստանի և Թուրքիայի միջև չկան դիվանագիտական հարաբերություններ։ 1993 թվականից Թուրքիան փակել է Հայաստանի հետ սահմանը։ 2009 թվականին Ցյուրիխում երկու երկրի արտաքին գործերի նախարարները ստորագրել էին «Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին» և «Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության միջև հարաբերությունների զարգացման մասին» արձանագրությունները, սակայն այդ փաստաթղթերը չէին վավերացվել երկու կողմի խորհրդարանների կողմից։ 2018 թվականի մարտի 1-ին Հայաստանը հայտարարել էր հայ-թուրքական արձանագրությունների կնքման ընթացակարգի դադարեցման մասին։
Մեկնաբանել