HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

ԱԳՆ-ն չի հայտնում Ռուբեն Ռուբինյանին օգնող փորձագիտական խմբի անդամների անունները

Դեռ 2022 թվականի հունվարի 18-ին Ազգային ժողովի հերթական նիստի ժամանակ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հայկական կողմի հատուկ ներկայացուցիչ, ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը հայտարարել էր, որ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում իր հետ աշխատում է աշխատանքային խումբ, որը կազմված է դիվանագետներից ու ԱԳՆ աշխատակիցներից։ 

Ռուբինյանը հայտնել էր, որ խորհրդակցել էր նախկինում Թուրքիայի հետ բանակցողների հետ, սակայն անուններ չէր նշել։ 

«Հետք»-ը հարցում էր ուղարկել Արտաքին գործերի նախարարություն՝ պարզելու, թե ովքեր են ներգրավված Թուրքիայի հետ բանակցությունների փորձագիտական խմբում։ Արտաքին քաղաքական գերատեսչությունից հարցմանն ի պատասխան նշել են, որ Ռուբեն Ռուբինյանին փորձագիտական խորհրդատվություն տրամադրող խումբը ձևավորվել է ԱԳՆ սահմանակից երկրների վարչության հիմքով, ինչպես նաև քննարկումներ են անցկացվում ոլորտային փորձագետների հետ, որոնց անձնական տվյալնեը չեն կարող տրամադրվել՝ առանց վերջիններիս համաձայնության։ Ըստ այդմ՝ մենք ԱԳՆ-ին խնդրել էինք ոլորտային փորձագետների հետ համաձայնեցնելուց հետո, տրամադրել նրանց անունները, որին ի պատասխան՝ արտաքին քաղաքական գերատեսչությունը նշել է՝ «խնդրանքը հնարավոր չէ իրականացնել, քանի որ ՀՀ արտաքին գործերի նախարարությունը նման իրավասություն չունի»։

Հետևաբար, տրամաբանական հարց է առաջանում՝ եթե ԱԳՆ-ն նման իրավասություն չունի, ապա ինչու է նախորդ հարցման պատասխանի մեջ նշում, որ «անձնական տվյալները չեն կարող տրամադրվել՝ առանց վերջիններիս համաձայնության»։ 

Մի քանի օր առաջ հայտնի դարձավ, որ Հայաստանի ու Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների հաջորդ հանդիպումը կկայանա Վիեննայում, որն ըստ՝ Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուի, ընտրվել է հայկական կողմի առաջարկությամբ։ 

Հատուկ ներկայացուցիչների առաջին հանդիպումը կայացել էր հունվարի 14-ին՝ Մոսկվայում։ Երկու երկրի արտաքին քաղաքական գերատեսչությունները դրական էին գնահատել այդ հանդիպումը։ Հանդիպման փաստը ողջունել էին Ռուսաստանը, ԱՄՆ-ն, Եվրամիությունը, ՆԱՏՕ-ն։

Դեռ նախորդ տարվա դեկտեմբերին Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլյութ Չավուշօղլուն հայտարարել էր, որ Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների կարգավորման համար կողմերը նշանակելու են հատուկ ներկայացուցիչներ։ Բացի այդ, կվերականգնվեր նաև Երևանի և Ստամբուլի միջև ավիահաղորդակցությունը։ Ավելի ուշ պարզ դարձավ, որ հայկական կողմից թռիչքներ կիրականացնի Flyone Armenia-ն, իսկ թուրքական կողմից՝ Pegasus Airlines-ը։ Flyone Armenia-ն Ստամբուլ առաջին չվերթն իրականացրեց փետրվարի 2-ին։

Չնայած ընդհանուր սահմանին՝ Հայաստանի և Թուրքիայի միջև չկան դիվանագիտական հարաբերություններ։ 1993 թվականից Թուրքիան փակել է Հայաստանի հետ սահմանը։ 2009 թվականին Ցյուրիխում երկու երկրի արտաքին գործերի նախարարները ստորագրել էին «Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին» և «Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության միջև հարաբերությունների զարգացման մասին» արձանագրությունները, սակայն այդ փաստաթղթերը չէին վավերացվել երկու կողմի խորհրդարանների կողմից։ 2018 թվականի մարտի 1-ին Հայաստանը հայտարարել էր հայ-թուրքական արձանագրությունների կնքման ընթացակարգի դադարեցման մասին։

Լուսանկարը՝ ՀՀ ԱԳՆ-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter