HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Մևլյութ Չավուշօղլու. «Ադրբեջանն աջակցում է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը»

Ադրբեջանն աջակցում է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը։ Այդ մասին հինգշաբթի օրը՝ փետրվարի 10-ին, հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլյութ Չավուշօղլուն TRT Haber հեռուստաընկերությանը տված հարցազրույցում։

Թուրք դիվանագետի խոսքով՝ կարգավորման գործընթացում Անկարան մշտապես խորհրդակցում է Բաքվի հետ։

«Հիմա տարածաշրջանում պետք է խաղաղություն լինի և հաստատվի համագործակցություն։ Մենք պետք է աշխատենք տարածաշրջանի զարգացման ուղղությամբ՝ իրագործելով կարևոր նախագծեր։ Դրա համար բոլոր երկրները պետք է հասկանան իրար և պետք է մասնակցեն գործընթացին։ Ոչ ոք չպետք մի կողմ մնա, ներառյալ Հայաստանը»,- նշել է Չավուշօղլուն։ 

Թուրքիայի ԱԳ նախարարի խոսքով՝ Հայաստանը պետք է դասեր քաղի 44-օրյա պատերազմից։ «Ղարաբաղյան երկրորդ պատերազմի ավարտից հետո մենք դրական ազդակներ ենք փոխանցել։ Ընտրություններում իր հաղթանակից հետո Նիկոլ Փաշինյանը կարևոր հայտարարություններ է արել։ Մեր նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ևս դրական է պատասխանել։ Այնուհետ մենք նշանակել ենք հարաբերությունների կարգավորման հատուկ ներկայացուցիչներ, որոնք հանդիպել են Մոսկվայում, իսկ շուտով կհանդիպեն նաև Վիեննայում։ Ադրբեջանը ևս Հայաստանի հետ խաղաղություն է ուզում»,- հայտարարել է Չավուշօղլուն։ 

Թուրք նախարարը նշել է, որ առաջիկայում Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հրավերով կայցելի Ադրբեջան։

Մի քանի օր առաջ հայտնի դարձավ, որ Հայաստանի ու Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների հաջորդ հանդիպումը կկայանա Վիեննայում, որն ըստ՝ Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուի, ընտրվել է հայկական կողմի առաջարկությամբ։ 

Հատուկ ներկայացուցիչների առաջին հանդիպումը կայացել էր հունվարի 14-ին՝ Մոսկվայում։ Երկու երկրի արտաքին քաղաքական գերատեսչությունները դրական էին գնահատել այդ հանդիպումը։ Հանդիպման փաստը ողջունել էին Ռուսաստանը, ԱՄՆ-ն, Եվրամիությունը, ՆԱՏՕ-ն։

Դեռ նախորդ տարվա դեկտեմբերին Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլյութ Չավուշօղլուն հայտարարել էր, որ Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների կարգավորման համար կողմերը նշանակելու են հատուկ ներկայացուցիչներ։ Բացի այդ, կվերականգնվեր նաև Երևանի և Ստամբուլի միջև ավիահաղորդակցությունը։ Ավելի ուշ պարզ դարձավ, որ հայկական կողմից թռիչքներ կիրականացնի Flyone Armenia-ն, իսկ թուրքական կողմից՝ Pegasus Airlines-ը։ Flyone Armenia-ն Ստամբուլ առաջին չվերթն իրականացրեց փետրվարի 2-ին։

Չնայած ընդհանուր սահմանին՝ Հայաստանի և Թուրքիայի միջև չկան դիվանագիտական հարաբերություններ։ 1993 թվականից Թուրքիան փակել է Հայաստանի հետ սահմանը։ 2009 թվականին Ցյուրիխում երկու երկրի արտաքին գործերի նախարարները ստորագրել էին «Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին» և «Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության միջև հարաբերությունների զարգացման մասին» արձանագրությունները, սակայն այդ փաստաթղթերը չէին վավերացվել երկու կողմի խորհրդարանների կողմից։ 2018 թվականի մարտի 1-ին Հայաստանը հայտարարել էր հայ-թուրքական արձանագրությունների կնքման ընթացակարգի դադարեցման մասին։

Լուսանկարը՝ Anadolu գործակալության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter