HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տրդատ Մուշեղյան

2020-ին Դրախտիկում ադրբեջանցիները սպանել են հոգեկան առողջության խնդիրներ ունեցող կնոջը

Մարինա Հայրապետյանն իր ծնողների հետ ամբողջ կյանքում ապրել է Հադրութի շրջանի Դրախտիկ գյուղում։ Նա մանկուց ունեցել է հոգեկան առողջության խնդիրներ, նրան խնամել են ծնողները։ 2020թ․ սեպտեմբերի 30-ին Մարինեի քրոջ՝ Սուսաննայի զինծառայող որդին ծանր վիրավորվում է, նրան տեղափոխում են Երևան։ Մարինեի ծնողները հոկտեմբերի 12-ին գնում են Երևան, իրենց թոռանը տեսակցության, սակայն այլևս չեն կարողանում գյուղ վերադառնալ, քանի որ այդ ընթացքում ադրբեջանցիները շատ են մոտեցել գյուղին։ Ի վերջո, հոկտեմբերի 21-ին Դրախտիկն ամբողջությամբ անցնում է Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության տակ, իսկ գյուղում մնացած 53-ամյա Մարինա Հայրապետյանը սպանվում է։

Մարինայի քույրը՝ Սուսաննան, «Հետքի» հետ զրույցում պատմում է, որ իրենք չեն սպասել, թե Երևան գնալուց հետո այլևս չեն կարողանալու վերադառնալ Դրախտիկ, քանի որ չեն պատկերացրել, թե ադրբեջանցիները կարող են հասնել Դրախտիկ։

«Ամսի 12-ին ծնողներս եկել են Երևան, որ տղայիս տեսնեն ու հետ դառնան, բայց էդպես էլ հետ չեն դարձել, որովհետև էլ հնարավորություն չի եղել։ Երևան գալուց առաջ չեն սպասել, որ պատերազմը էդ ձևով կվերջանա։ Բայց իմ մյուս տղան, Հադրութում էր ծառայում, վերջին օրերին գյուղում ա եղել, տեսել ա իրան, հաց ա տարել, ուզել ա հանի, բայց չի ենթարկվել ու ճակատագիրն էլ էդպես ա դասավորվել»,- ասում է Սուսաննան։

Դարխտիկ համայնքի ղեկավար Վիտալի Միրզոյանը պատմում է, որ գյուղի տարհանումը սկսել են հոկտեմբերի 10-ից հետո, երբ ադրբեջանցիները գրավել են Հադրութը։ Շրջկենտրոնի անկումից հետո Դրախտիկի գրեթե ամբողջ բնակչությունը տարհանվել է, բնակիչներից գյուղում մնացել է 40-հոգանոց աշխարհազոր՝ համայնքի ղեկավարի գլխավորությամբ։ Վիտալի Միրզոյանը նույնպես նշում է, որ Մարինայի քրոջ որդին գյուղի գրավումից օրեր առաջ պարբերաբար այցելել է Մարինային, նրան սնունդ ու ջուր է տարել, փորձել է նստեցնել մեքենան և դուրս հանել գյուղից, սակայն Մարինան չի ենթարկվել քրոջ որդուն։ 

Վիտալի Միրզոյանը պատմում է, որ ադրբեջանցիները գյուղի գրոհը սկսել են հոկտեմբերի 20-ին՝ հարակից անտառից, հենց այդ օրն էլ համայնքապետը հրազենային ծանր վիրավորում է ստացել և այլևս չի իմացել, թե ինչ ճակատագրի է արժանացել Մարինա Հայրապետյանը։

2021 թվականի հունվարի 21-ին Դրախտիկում որոնողական աշխատանքների ժամանակ իրենց տան բակից հայտնաբերվում են Մարինա Հայրապետյանի մասունքները։ Թեպետ հարազատները գտնված հագուստից արդեն իսկ կարողացել են ճանաչել Մարինային, սակայն կատարվել է նաև ԴՆԹ-նույնականացում, որի արդյունքները ստացվել են նոյեմբերի սկզբին։ Նոյեմբերի 6-ին Մարինա Հայրապետյանը հուղարկավորվել է Ստեփանակերտի Արմենավան թաղամասում։

Մարինա Հայրապետյանից մնացած միակ իրը նրա անձնագիրն է, որի վավերականության ժամկետը լրացել է 2015 թվականի հոկտեմբերի 5-ին։

Կարդացե՛ք նաև՝


Գլխավոր լուսանկարում՝ Դրախտիկ գյուղը, 2017թ․ / © Սասուն Դանիելյան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter