HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Պատերազմ Ուկրաինայում, օր 11 (առցանց լուսաբանում)

«Հետք»-ը ողջ օրվա ընթացքում առցանց հետևում էր Ուկրաինայում իրադարձությունների զարգացմանը։ Մարտի 7-ի առավոտից կշարունակենք լուսաբանումը։ Հետևեք մեզ «Հետք»-ի կայքում և սոցիալական ցանցերի մեր էջերում։

23:15

TikTok-ը Ռուսաստանում դադարեցնում է ուղիղ հեռարձակումները և նոր բովանդակության հրապարակումը «կեղծ տեղեկությունների մասին» նոր օրենքի պատճառով:

22։50

ԱՄՆ-ը «կանաչ լույս» կվառի ՆԱՏՕ-ի երկրներին, եթե որոշեն Ուկրաինային կործանիչներ տրամադրել։ ԱՄՆ-ն այս հայտարարությունն արել է մեկ օր անց այն բանից հետո, երբ նախագահ Զելենսկին Zoom-ով հանդիպման  ժամանակ Կոնգրեսի անդամներին խնդրեց տրամադրել դրանք։

22։37

Ռուսաստանից դեպի Խարկով ուղղաթիռներ են թռչում, ըստ ուկրաինական կողմի՝ ռուսական կողմը հավանաբար դեսանտ կիջեցնի։

22։00

Ալբանիայի մայրաքաղաքի Տիրանայի փողոցը, որտեղ գտնվում են Ռուսաստանի Դաշնության և Ուկրաինայի դեսպանատները, կվերանվանվի «Ազատ Ուկրաինա»։ 
 
«Ռուսները ստիպված կլինեն աշխատել, ապրել և փոստով նամակներ ստանալ «Ազատ Ուկրաինայի» հասցեով»,- ասել է քաղաքի քաղաքապետ Էրիոն Վելիայը։

21։30

Վիննիցայի օդանավակայանը Մերձդնեստրի տարածքից չի հրթիռակոծվել․ Մոլդովայի ՊՆ

Հրթիռները, որոնք խոցել են Վիննիցայի օդանավակայանը, արձակվել են Սև ծովից, այլ ոչ թե Մերձդնեստրի տարածքից։ Այս մասին հայտնել են Մոլդովայի պաշտպանության նախարարությունից։
 
Մոլդովայի ներկայացուցիչները պնդում են, որ Մերձդնեստրի տարածքում կան միայն «Գրադ» բազմակի հրթիռային կայաններ՝ 20 կմ հեռահարությամբ։ Իսկ հրթիռները արձակվել են Սեւ ծովում ռուսական նավերից, եւ դրանց հետագիծը փաստացի անցել է Մերձդնեստրի տարածքով։

21։25

Ուկրաինացի զինվորը Խարկովի օդային տարածքում ռուսական ռազմական ուղղաթիռ է խոցել։

19:24

⚡️Դավիթ Արախամիա. ՆԱՏՕ-ն պատրաստ չէ Ուկրաինայի անդամակցությունը քննարկել առաջիկա 5-10 տարիներին։

19:18

Զելենսկին դաշնակիցներից պահանջում է Ուկրաինայի վրա հայտարարել ոչ թռիչքային գոտի և տալ ինքնաթիռներ

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կարճ և բավականին էմոցիոնալ տեսաուղերձում կրկին Ուկրաինային սատարող երկրներին կոչ է արել պաշտպանել նրան երկնքից և Ուկրաինայի վրա հայտարարել ոչ թռիչքային գոտի։

«Ամեն օր մենք կրկնում ենք։ Փակեք Ուկրաինայի վրա օդը, փակեք ռուսական բոլոր հրթիռների համար, ռուսական մարտական ավիացիայի համար, այդ բոլոր ահաբեկիչների համար։ Ստեղծեք հումանիտար օդային գոտի։ Առանց հրթիռների, առանց ավիառումբերի։ Մենք մարդիկ ենք, և դա ձեր հումանիտար պարտականությունն է պաշտպանել մեզ, պաշտպանել մարդկանց։ Եվ դա դուք կարող եք անել։ Եթե դուք դա չանեք, եթե դուք մեզ չտաք ինքնաթիռներ, որպեսզի մենք կարողանանք ինքնապաշտպանվել, ապա կարելի է միայն մեկ ենթադրություն անել. դուք ևս ցանկանում եք, որ մեզ դանդաղ սպանեն»,- ասել է Զելենսկին։

Զելենսկին այս հայտարարությունն արել էր Վինիցայի օդանավակայանի հրթիռակոծությունից հետո։

19:09

Ուկրաինացի օգտատերերը հրապարակում են հրթիռակոծված Վինիցայի օդանավակայանի կադրերը։

19:04

УНИАН-ը գրում է Սումիում փողոցային մարտերի վտանգի մասին։ Քաղաքի բնակիչներին խնդրում են չմոտենալ լուսամուտներին։

18:53

Ուկրաինայի գլխավոր դատախազը հայտարարել է ռուսաստանցի հաղորդավար և մեդիամենեջեր Թինա Կանդելակիին մեղադրանք առաջադրելու մասին։

18:46

Ռուսական պարաօլիմպիականները, որոնց արգելել են մասնակցել Պեկինի պարաօլիմպիկ խաղերին, վերադարձել են Մոսկվա։

18:39

Ալմաթիում այսօր կայացել է ի աջակցություն Ուկրաինայի բողոքի ակցիա։ Ղազախտանի իշխանությունները թույլատրել են դրա անցկացումը։

18:18

Վլադիմիր Պուտինը և Էմանուել Մակրոնը հեռախոսազրույց են ունեցել։ Ինչ է նշվում Կրեմլի հաղորդագրության մեջ.

  • Պուտինը հայտարարել է Մակրոնին, որ Զապորոժյեի ԱԷԿ-ի պատահարը հանդիսանում է ուկրաինական ծայրահեղականների քարոզչական արշավի ցինիկ տարր։
  • Ռուսաստանի նախագահը նաև Մակրոնին առաջարկել է Կիևի իշխանությունների հետ ակտիվորեն աշխատել միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի պահպանման նպատակով։
  • Պուտինը Ֆրանսիայի նախագահին հայտարարել է, որ Ուկրաինայում միջուկային օբյեկտների անվտանգության հարցով հանդիպումը կկայանա տեսակոնֆերանսի ձևաչափով կամ որևէ երրորդ երկրում։

18:09

Կարմիր խաչի միջազգային կոմիտեն ևս հաստատում է, որ տարհանումը չի կայացել «հակամարտության կողմերի միջև պայմանավորվածությունների բացակայության պատճառով»։

18:03

Մարիուպոլի իշխանությունները հայտարարել են, որ խաղաղ բնակիչների տարհանումը չի կայացել շարասյան գնդակոծության վտանգի պատճառով։ Զապորոժյեի մարզի հումանիտար շարասյունը, որը դուրս է եկել Մարիուպոլ, դեռևս քաղաք չի հասել։

16:37

Վլադիմիր Զելենսկի. Վինիցայի օդանավակայանի ուղղությամբ արձակվել է 8 հրթիռ։ Այն ամբողջությամբ ոչնչացվել է։

16:16

ՌԴ ԿԲ. VISA և MasterCard քարտերի համար անհասանելի կլինեն Apple Pay-ը և Google Pay-ը

16:08

Հարձակման է ենթարկվել Վինիցայի օդանավակայանը։ Այդ մասին հայտնել է Ուկրաինայի ՆԳՆ ղեկավարի խորհրդական Անտոն Գերաշենկոն։

15:43

Վլադիմիր Պուտինը Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հեռախոսազրույցի ժամանակ հայտարարել է, որ Ուկրաինայում ռուսական զորքերի «հատուկ գործողությունը» կարող է կանգնեցվել միայն «Կիևի կողմից մարտական գործողությունների դադարեցման և Ռուսաստանի հայտնի պահանջների կատարումից հետո»։

15:26

Պուտինն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկվել է Ուկրաինայում առկա իրավիճակը։ Այն տևել է շուրջ 1 ժամ։

15:20

Իրպենի հրթիռակոծումը ռուսական ուժերի կողմից։ Հետին պլանում երեխաների հետ շտապող խաղաղ բնակիչներ են։

15:19

Ուկրաինացիները կադրեր են հրապարակել Կիևի մոտ գտնվող Ստոյանկայից ռուսական հրթիռակոծությունից հետո։

15:15

Խարկովի մարզային վարչակազմի ղեկավար Օլեգ Սինեգուբովը պնդում է, որ Խարկովի մոտ ուկրաինական ՀՕՊ ուժերը խոցել են ռուսական Су-25 գրոհիչ։ Օդաչուն հասցրել է կատապուլտվել։ Նրան փնտրում են ուկրաինական զինծառայողները։

14:58

Խերսոնի մարզում ռուսական կողմի վերահսկողության տակ անցած Նովայա Կախովկա քաղաքում բնակիչները դուրս են եկել ցույցի՝ ի աջակցություն Ուկրաինայի։

14:53

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները պետք է պահպանի Ռուսաստանի հետ դիվանագիտական հարաբերությունները՝ այնտեղ գտնվող ամերիկացիներին օգնելու համար։

Այդ մասին Բլինքենը հայտարարել է Մոլդովայի նախագահ Մայա Սանդուի հետ մամուլի ասուլիսի ժամանակ։

«Մենք ԱՄՆ քաղաքացիներին կոչ ենք անում անմիջապես լքել Ռուսաստանի Դաշնության տարածքը, քանի որ մեր հնարավորությունները՝ անհրաժեշտության դեպքում օգնություն տրամադրելու, սահմանափակ են։ Նաև մենք Ամերիկայի քաղաքացիներին կոչ ենք անում ձեռնպահ մնալ Ռուսաստան այցերից։ Միևնույն ժամանակ, կարևոր է պահել մեր երկրների միջև դիվանագիտական հարաբերությունները, որպեսզի անհրաժեշտության դեպքում տրամադրվի այդպիսի օգնություն»։

14:48

ՌԴ ՊՆ-ն՝ խոցված ուկրաինական ինքնաթիռների և անօդաչուների մասին։

ՌԴ պաշտպանության նախարարության տվյալներով՝ վերջին մեկ օրվա ընթացքում ռուսաստանցի զինծառայողները խոցել են ուկրաինական ութ ինքնաթիռ, երկու ուղղաթիռ, ինչպես նաև 6 թուրքական Bayraktar անօդաչու։

Ինչպես հայտարարել է գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը, «հատուկ ռազմական գործողության» մեկնարկից ի վեր խոցվել է ուկրաինական ավելի քան 2,2 հազար ռազմական օբյեկտ, այդ թվում՝

  • Ուկրաինայի ԶՈւ կառավարման և կապի հանգույցի 76 կետ,
  • ПВО С-300, «Бук М-1» և «Оса» տեսակի 111 զենիթահրթիռային համալիր,
  • 71 ռադիոտեղորոշման կայան։

Բացի այդ, ըստ ռուսական կողմի, խոցվել է 93 ինքնաթիռ, 778 տանկ և այլ զրահատեխնիկա։

14:43

⚡️Ուկրաինայի զինված ուժերը հրապարակել են մարտի 6-ի դրությամբ ռուսական կողմի կորուստների վերաբերյալ տվյալներ.

  • Ռուսաստանն ունի անձնակազմի ավելի քան 11 հազար կորուստ,
  • 985 միավոր մարտական զրահամեքենա,
  • 109 միավոր հրետանային միջոց,
  • համազարկային կրակի 50 միավոր ռեակտիվ համակարգ,
  • 21 միավոր ՀՕՊ միջոց,
  • 44 միավոր ինքնաթիռ,
  • 48 միավոր ուղղաթիռ,
  • 447 միավոր ավտոմոբիլային տեխնիկա,
  • 2 միավոր թեթև արագընթաց նավակներ,
  • պայթուցիկ նյութերով 60 միավոր ցիստեռն,
  • 4 միավոր օպերատիվ-մարտավարական անօդաչու։

14:38

⚡️Ռոսկոմնադզորը արգելափակել է Медиазона-ն։

14:31

Ուկրաինայից փախստականների թիվը գերազանցել է 1,5 միլիոնը։ Այդ մասին իր թվիթերյան միկրոբլոգում հայտնել է ՄԱԿ-ի փախստականների հարցերով բարձագույն հանձնակատար Ֆիլիպո Գրանդին։

«Ուկրաինայից ավելի քան 1,5 միլիոն փախստական 10 օրվա ընթացքում տեղափոխվել է հարևան երկրներ։ Սա Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակներից ի վեր Եվրոպայում փախստականների հետ կապված ամենաարագ աճող ճգնաժամն է»,- գրում է Գրանդին։

14:29

Ռուսաստանի բնակիչների մեծ մասի մոտ անհասանելի է դարձել «Медиазона»-ի կայքը։

14:25

Վլադիմիր Զելենսկին նոր տեսաուղերձ է հրապարակել։

Իր ուղերձում նա անդրադարձել է նաև Ռուսաստանի քաղաքացիներին։

«Ռուսաստանի Դաշնության քաղաքացիները հենց հիմա, հենց այս օրերին, այս ժամերին, անում են նույն ընտրությունը՝ կյանքի և ստրկության միջև։ Այսօր, վաղը, առաջիկա շաբաթը այդ ժամանակն է, երբ դեռ կարելի է չարին հաղթել առանց անդառնալի կորուստների։ Երբ դիրքորոշման համար սպառնում են աշխատանքի հեռացմամբ կամ ավտոզակով, նաև ԳՈՒԼԱԳով, նյութական կորուստներով, գնդակահարությամբ։ Բաց մի՛ թողեք այս հնարավորությունը... Ձեզ պետք է լսեն։ Մենք՝ ուկրաինացիներս, խաղաղություն ենք ուզում»,- ասել է Զելենսկին։

 
 
 
 
 
View this post on Instagram
 
 
 
 
 
 
 
 
 
 
 

A post shared by Володимир Зеленський (@zelenskiy_official)

12:34

Դոնեցկի Կիևի շրջանում գնդակոծության հետևանքով վնասվել է գազատարը։ Այդ մասին հայտնում է РИА Новости-ն։ Գործակալությունը հրապարակել է տեսանյութ, որտեղ լսվում են իբր գազի արտահոսքի ձայներ։

12:26

ՌԴ ԿԲ-ն սահմանափակել է Ռուսաստանի սահմաններից դուրս գտնվող ամուսիններին և բարեկամներին ՌԴ քաղաքացիների կողմից ամսական 5000 ԱՄՆ դոլարից ավելի ուղարկումը։

12:09

Գիշերը Խարկովի Նովոսալտովսկի շուկայի հրթիռակոծության կադրերը։

11:58

Ուկրաինական լրատվամիջոցները հայտնում են, որ հրաժարական է տվել Բելառուսի ԶՈւ ԳՇ պետ Վիկտոր Գուլևիչը։ Բելառուսական կողմից դեռևս պաշտոնական որևէ արձագանք չկա։

11:43

Ուկրաինական լրատվամիջոցները հայտնում են, որ Սումի մարզում ռուսական զորքերը քաղաքացիական բնակչությանը չեն թույլատրում դուրս գալ քաղաքից։ Ըստ ուկրաինացիների՝ նրանք թալանում են մեքենաները։

11:24

3000 ամերիկացիներ պատրաստ են կամավորագրվել ուկրաինական բանակին։

Մոտ 3000 ամերիկացիներ պատրաստ են կամավորաբար մեկնել Ուկրաինա։ Այդ մասին «Ամերիկայի ձայնին» հայտնել են Վաշինգտոնում Ուկրաինայի դեսպանությունից։

Մի քանի օր առաջ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել էր, որ մոտ 16 հազար օտարերկրացիներ պատրաստակամություն են հայտնել օգնել Ուկրաինային ՝ ռուսական ներխուժման դեմ պայքարում։

11:18

Առավոտյան Պոլտավայում միացվել են օդային տագնապի ազդանշանները։

11:05

Ադրբեջանական AZAL և Buta Airways ավիաընկերությունները դադարեցրել են իրենց թռիչքները Ռուսաստանի բոլոր քաղաքներ

Որոշումն ուժի մեջ է մտել մարտի 6-ին, ժամը 09:00-ից։

10:57

Սպիտակ տունը՝ Բայդեն-Զելենսկի բանակցությունների մասին.

  • ամերիկյան առաջնորդը ողջունել է VISA և Mastercard-ի Ռուսաստանից դուրս գալու որոշումը,
  • ԱՄՆ-ն մեծացնում է Ուկրաինային անվտանգության, հումանիտար և տնտեսական օգնությունը։ Բայդենը սերտ համագործակցում է Կոնգրեսի հետ՝ լրացուցիչ ֆինանսավորման ստացման համար։
  • ԱՄՆ նախագահը մտահոգություն է հայտնել Զապորոժյեի ԱԷԿ-ի վրա Ռուսաստանի հարձակման կապակցությամբ,
  • Բայդենն ու Զելենսկին քննարկել են Մոսկվայի և Կիևի վերջին բանակցությունները։

10:46

Բելգորոդում երեկ երեկոյան պայթյուն է տեղի ունեցել, որի պատճառը դեռևս հայտնի չէ։

10:43

⚡️Ազատություն ռադիոկայանը դադարեցրել է իր գործունեությունը Ռուսաստանում։

10:39

Պուտինին միջազգային արենայից մեկուսացնելու համար Միացյալ Նահանգները բանակցություններ է վարում նույնիսկ Վենեսուելայի հետ։

ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյաների խումբը մարտի 5-ին մեկնել է Կարակաս՝ բանակցություններ վարելու այդ երկրի նախագահ Նիկոլաս Մադուրոյի հետ: Այդ մասին հայտնում է The New York Times-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։ Այսպիսով, նախագահ Ջո Բայդենի վարչակազմը ջանքեր է գործադրում Կրեմլին իր միջազգային դաշնակիցներից մեկուսացնելու ուղղությամբ։

Թերթը գրում է, որ Կարակաս ամերիկացի քաղաքական գործիչների ներկայիս այցը ամենաբարձրն ու ամենաներկայացուցչականն է վերջին տարիների ընթացքում։ 2019 թվականին ԱՄՆ-ն խզել էր դիվանագիտական հարաբերությունները Վենեսուելայի հետ և փակել Կարակասում իր դեսպանությունը՝ իշխանություններին մեղադրելով նախագահական ընտրությունների կեղծման մեջ, որտեղ հերթական անգամ հաղթել էր Մադուրոն։ 

ԱՄՆ վարչակազմը նույնիսկ փորձել էր տապալել Մադուրոյի կառավարությունը՝ պատժամիջոցներ սահմանելով վենեսուելական նավթի արտահանման և այդ երկրի բարձրաստիճան պաշտոնյաների վրա, ինչպես նաև՝ ընդդիմության առաջնորդ Խուան Գուայդոյին ճանաչել Վենեսուելայի օրինական նախագահ։

10:32

Բորիս Ջոնսոնը մշակել է Ուկրաինա Ռուսաստանի ներխուժմանը հակադարձելու վեց կետից բաղկացած պլան 

«Բավարար չէ մեր աջակցությունը հայտնել միջազգային կարգին, որը հիմնված է կանոնների վրա։ Մենք պետք է պաշտպանենք այդ կարգը՝ ռազմական ուժի օգնությամբ կանոնները վերաշարադրելու մշտական փորձերից»,- հայտարարել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը։

Նրա ռազմական պլանը, որը բացառում է Արևմուտքի ռազմական միջամտությունը Ուկրաինայում մարտական գործողություններին, այս տեսքն ունի.

  • Ուկրաինային հումանիտար օգնության ցուցաբերման համար միջազգային կոալիցիայի ձևավորում։
  • Ուկրաինայի ինքնապաշտպանությանն աջակցություն։
  • Ռուսաստանի վրա տնտեսական ճնշման ուժեղացում։
  • Ուկրաինայում ռուսական գործողությունների «սողացող կարգավորման» կանխարգելում։
  • Եվրատլանտյան ողջ տարածաշրջանում անվտանգության և կայունության ամրապնդում։
  • Կիևի ամբողջական մասնակցությամբ ապասրմանն ուղղված դիվանագիտական ճանապարհների կիրառում։

Առաջիկա օրերին Բորիս Ջոնսոնը մտադիր է իր պլանը քննարկել Կանադայի, Նիդերլանդների, Չեխիայի, Հունգարիայի, Լեհաստանի և Սլովակիայի առաջնորդների հետ։

10:26

Զապորոժյեի մարզում բջջային կապի և ինտերնետի հասանելիության խնդիրներ են առաջացել։

Էներգոդարում, որտեղ գտնվում է Զապորոժյեի ԱԷԿ-ը, չի գործում Vodafone բջջային օպերատորը, ինտերնետ մատակարարների աշխատանքը խափանվել է։ Հարևան Դնեպրոպրուդնոյեում և շրջանի մյուս բնակավայրերում ևս չկա բջջային կապ։

10:24

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը թվիթերյան իր միկրոբլոգում տեսանյութ է հրապարակել, որտեղ երևում են ողջ աշխահում ի աջակցություն Ուկրաինայի իրականացվող բողոքի ցույցերը։

10:19

Ռուսական երեք խոշոր լրատվական գործակալությունները՝ РИА Новости-ն, Интерфакс-ը և ТАСС-ը, գրեթե միաժամանակ՝ առավոտյան 9-ի մոտ հայտնել են, որ Ուկրաինան իբր աշխատել է միջուկային սպառազինության ստեղծման շուրջ։ Ընդ որում՝ բոլորը հղում են արել միևնույն անանուն աղբյուրին։

РИА Новости-ն և Интерфакс-ն իրենց հաղորդագրություններում կիրառել են համանման քաղվածքներ։ Ահա, թե ինչ է հայտարարել գործակալությունների աղբյուրը. «Անհրաժեշտ է նշել Չեռնոբիլի ԱԷԿ-ի գոտին որպես միջուկային զենքի մշակման վայրի կիրառում։ Հենց այնտեղ, ըստ առկա տվյալների, աշխատանքներ են ընթացել «կեղտոտ ռումբի» ստեղծման, ինչպես նաև պլուտոնիումի անջատման շուրջ։ Չեռնոբիլի գոտու բնական բարձր ռադիացիոն ֆոնը քաղարկել է այդպիսի աշխատանքների իրականացումը»։

10:15

Կիրակի օրն առավոտյան բացվել են Մարիուպոլ և Վոլնովախա քաղաքներից քաղաքացիական բնակչության տարհանման համար նախատեսված միջանցքները։ Այդ մասին հայտնել է Դոնեցկի ինքնահռչակ հանրապետության ոստիկանության ներկայացուցիչ Էդուարդ Բասուրինը։

Մարտի 5-ին Ռուսաստանի իշխանությունները հայտնել էին Դոնեցկի մարզի վերը նշված քաղաքների խաղաղ բնակիչների համար լռության ռեժիմի հաստատման և միջանցքի բացման մասին։ Սակայն շուտով կողմերը սկսեցին միմյանց մեղադրել պայմանավորվածությունների խախտման մեջ։

10:11

Բելառուսի պաշտպանության նախարարությունը հերքում է, որ Ուկրաինայում կռվում են բելառուսցի դեսանտայիններ։ «Դեսանտայինները, ինչպես ամբողջ զինված ուժերը, գտնվում են Բելառուսում և կատարում են իրենց առջև դրված խնդիրները, որոնք դրված են զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարի կողմից»,- հայտարարել են այդ երկրի պաշտպանական գերատեսչությունում։ Այսպես են բելառուսցի զինվորականներն արձագանքել Կիևում, Խարկովում և ուկրաինական մյուս քաղաքներում բելառուսցի դեսանտայինների ի հայտ գալու մասին լուրերը։

10:08

Դոնեցկի ինքնահռչակ հանրապետության իշխանությունների տվյալներով՝ վերջին մեկ օրվա ընթացքում վիրավորվել է 15 խաղաղ բնակիչ։ Զոհերի կամ տուժածների վերաբերյալ այլ տվյալներ չկան։

10:05

Ուկրաինայի ներքին գործերի նախարարի խորհրդական Վադիմ Դենիսենկոն՝ երկրի տարբեր շրջաններում նախորդ գիշերվա մասին.

  • Խարկովի մարզի Բալակլեա քաղաքում ռուսական զորքերը փորձել են առաջ շարժվել Դնեպրոպետրովսկի մարզի ուղղությամբ, սակայն նրանց կանգնեցրել են։ Նշվում է, որ ռուսական տեխնիկայի շարասյունը ոչնչացվել է։
  • Խարկովում շարունակվում են կրակոցները։
  • Սումի մարզում մարտեր են ընթացել։ Նշվում է, որ ուկրաինական զինծառայողները ոչնչացրել են ռուսական տեխնիկայի շարասյուն։
  • Կիևում գիշերը համեմատաբար հանգիստ է անցել, սակայն քաղաքի մատույցների մոտ կա մեծ թվով ռուսական տեխնիկա։ Իրպենում, Բուչակում և Գոստոմելում շատ բարդ իրավիճակ է։

10:02

Խարկովը ողջ գիշեր հրթիռակոծվել է։ Այդ մասին պնդում է Украина 24-ի թղթակիցը։ Նրա խոսքով՝ պայթյունները և թռչող ինքնաթիռների ձայները լսվել են քաղաքի տարբեր շրջաններում։ Ուշադրությո'ւն, տեսանյութում կա հայհոյանք։

10:00

Ինչ է կատարվել մարտի 6-ի գիշերը, հակիրճ.

  • ԱՄՆ և Ուկրաինայի նախագահները հեռախոսազրույց են ունեցել։ Նրանք խոսել են Զապորոժյեի ԱԷԿ-ում առկա իրավիճակի մասին, որը ռուսական վերահսկողության տակ է անցել։
  • Ուկրաինայից հաղորդագրություններ են ստացվել Կիևում և Կիևի մարզում, Չեռնիգովում, Ժիտոմիրում օդային տագնապի ազդանշանների միացման մասին։
  • VISA և MasterCard վճարային համակարգերը հայտարարել են, որ դուրս են գալիս Ռուսաստանից։ Մի քանի օր անց Ռուսաստանում թողարկված քարտերը կդադարեն գործել արտասահմանում, իսկ արտասահմանում թողարկված քարտերը կդադարեն գործել Ռուսաստանում։
  • Միջազգային արժութային հիմնադրամը զգուշացրել է, որ Ուկրաինայում պատերազմը լրջորեն կազդի համաշխարհային տնտեսության վրա։
  • Ռուսաստանի և Ուկրաինայի բանակցությունների երրորդ փուլը կկայանա երկուշաբթի օրը՝ մարտի 7-ին։
 

Լուսանկարը՝ AP գործակալության

Պատերազմի առաջին օրվա իրադարձություններին կարող եք ծանոթանալ այստեղ, երկրորդ օրվա իրադարձություններին՝ այստեղ, երրորդ օր՝ այստեղ, չորրորդ օր՝ այստեղ, հինգերորդ օր՝ այստեղ, վեցերորդ օր՝ այստեղ, յոթերորդ օր՝ այստեղ, ութերորդ օր՝ այստեղ, իններորդ օր՝ այստեղ, տասներորդ օր՝ այստեղ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter