
ՌԴ ԱԳՆ-ն խիստ մտահոգված է Լեռնային Ղարաբաղում իրավիճակի սրմամբ
Ռուսաստանը ղարաբաղյան հակամարտության կողմերին կոչ է անում զսպվածություն ցուցաբերել և ապահովել Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների եռակողմ պայմանավորվածությունները։ Այդ մասին հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարարությունը։
«Մենք կողմերին խստորեն կոչ ենք անում ցուցաբերել զսպվածություն և ամենաբարձր մակարդակով ապահովել գործող եռակողմ համաձայնագրերի խստիվ պահպանումը»,- նշվում է տարածված հաղորդագրության մեջ։
Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունում ծայրահեղ մտահոգություն են հայտնել Լեռնային Ղարաբաղում լարվածության աճի շուրջ։ «Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության 2022 թվականի մարտի 26-ի տեղեկագրում արձանագրված փաստերը՝ ռուսական խաղաղապահ զորակազմի պատասխանատվության գոտի զինված ներթափանցման և հրադադարի ռեժիմի խախտման վերաբերյալ, հակասում են Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության դրույթներին»,- նշում է ՌԴ ԱԳՆ-ն։
Ինչպես հավելում է ռուսական կողմը, ռուսական խաղաղապահ ուժեր գծով, երկու կողմերի հետ համագործակցելով, անհրաժեշտ միջոցներ են ձեռնարկվում՝ տարածաշրջանում իրավիճակի ապասրման համար։
Այսօր՝ ավելի վաղ, ՌԴ ՊՆ-ն հասցեական հայտարարություն էր տարածել, որտեղ նշվում էր, որ մարտի 24-25-ը Ադրբեջանի զինված ուժերը, խախտելով 2020 թվականի նոյեմբերի 9-ի՝ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների եռակողմ համատեղ հայտարարության դրույթները, ներխուժել են Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտի և դիտակետ են տեղադրել։ «Փառուխ գյուղի մոտակայքում «Bayraktar-TB 2» անօդաչու թռչող սարքից չորս հարված է հասցվել Լեռնային Ղարաբաղի զինված միավորումներին»,- նշվում էր հաղորդագրության մեջ։ Ադրբեջանական գործողությունները դատապարտող հայտարարարություններ էին տարածել նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող մյուս երկրները ևս՝ Միացյալ Նահանգներն ու Ֆրանսիան։
Մի քանի օր է, ինչ իրավիճակը լարված է Ասկերանի շրջանում։ 2022թ․ մարտի 25-ի առավոտյան Արցախի պաշտպանության նախարարությունը հայտնեց, որ մարտի 24-ին Ադրբեջանի զինված ուժերը, հատելով շփման գիծը, գրավել են Ասկերանի շրջանի Փառուխ գյուղն ու հարակից դիրքերը։ Բացի այդ, Արցախի պաշտպանական գերատեսչությունը հաղորդել էր, որ ադրբեջանական կողմը հարվածային ԱԹՍ է կիրառել Պաշտպանության բանակի զինծառայողների դեմ։
Մարտի 25-ի երեկոյան Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը հայտնեց, որ Ադրբեջանի զինված ուժերի հարձակումներից վիրավորվել է 14 զինծառայող, իսկ քիչ ավելի ուշ Պաշտպանության բանակը հաղորդեց 3 զոհի մասին՝ հրապարակելով նրանց անունները։
Մարտի 26-ի առավոտյան Արցախի ՊՆ-ն տեղեկացրեց, որ ժամը 11:00-ի սահմաններում ադրբեջանական կողմը կրկին տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակների կիրառմամբ փորձել է առաջխաղացում ապահովել Արցախի արևելյան սահմանագոտու ուղղությամբ՝ ՌԴ խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում։
Մարտի 26-ի երեկոյան էլ Արցախի պաշտպանական գերատեսչությունը հայտնեց, որ ադրբեջանցիները փորձել են գրոհել ռուսական խաղաղապահ զորակազմի պատասխանատվության գոտում՝ Քարագլուխ բարձունքի տարբեր ուղղություններով: Պաշտպանության բանակը դիմել է պատասխան գործողությունների՝ հակառակորդի առաջխաղացումը կասեցնելու համար։
Արցախի ՊՆ-ի փոխանցմամբ՝ ժամը 17:00-ի դրությամբ օպերատիվ-մարտավարական իրադրությունը շփման գծի տվյալ հատվածում շարունակում է լարված մնալ։
Լուսանկարը՝ Elena Belyaeva-ի
Մեկնաբանել