
ՌԴ ՊՆ․ ադրբեջանական կողմն իր զորքերը դուրս է բերել Փառուխ գյուղի շրջանից
Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը (ՌԴ ՊՆ) հայտնում է, որ բանակցությունների արդյունքում ադրբեջանական կողմն իր զորքերը դուրս է բերել Արցախի Փառուխ գյուղի շրջանից։ Այս մասին նշված է Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ զորախմբի մարտի 27-ի տեղեկագրում։ Բացի այդ, Ռուսաստանի պաշտպանական գերատեսչությունը հաղորդել է, որ Ադրբեջանը խախտել է հրադադարի ռեժիմը, ինչի հետևանքով երկու կողմից վիրավորներ կան։
«Ասկերանի շրջանում արձանագրվել է հրադադարի ռեժիմի խախտման երկու դեպք Ադրբեջանի զինված ուժերի կողմից։ Փոխհրաձգության հետևանքով երկու կողմերից վիրավորել է 2-ական մարդ։ Ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարության և հակամարտող կողմերի ներկայացուցիչների փոխգործակցության արդյունքում իրադրությունը կայունացել է։
Բանակցությունների արդյունքում ադրբեջանական կողմն իրականացրել է իր ստորաբաժանումների դուրսբերումը Փառուխ գյուղի շրջանից»,- ասվում է խաղաղապահների տեղեկագրում։
Հիշեցնենք՝ 2022թ․ մարտի 25-ի առավոտյան Արցախի պաշտպանության նախարարությունը հայտնեց, որ մարտի 24-ին Ադրբեջանի զինված ուժերը, հատելով շփման գիծը, գրավել են Ասկերանի շրջանի Փառուխ գյուղն ու հարակից դիրքերը։ Բացի դրանից, Արցախի պաշտպանական գերատեսչությունը հաղորդել էր, որ ադրբեջանական կողմը հարվածային ԱԹՍ է կիրառել Պաշտպանության բանակի զինծառայողների դեմ։
Մարտի 25-ի երեկոյան Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը հայտնեց, որ Ադրբեջանի զինված ուժերի հարձակումներից վիրավորվել է 14 զինծառայող, իսկ քիչ ավելի ուշ Պաշտպանության բանակը հաղորդեց 3 զոհի մասին՝ հրապարակելով նրանց անունները։
Մարտի 26-ի առավոտյան Արցախի ՊՆ-ն տեղեկացրեց, որ ժամը 11:00-ի սահմաններում ադրբեջանական կողմը կրկին տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակների կիրառմամբ փորձել է առաջխաղացում ապահովել Արցախի արևելյան սահմանագոտու ուղղությամբ՝ ՌԴ խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում։
Մարտի 26-ի երեկոյան էլ Արցախի պաշտպանական գերատեսչությունը հայտնեց, որ ադրբեջանցիները փորձել են գրոհել ռուսական խաղաղապահ զորակազմի պատասխանատվության գոտում՝ Քարագլուխ բարձունքի տարբեր ուղղություններով: Պաշտպանության բանակը դիմել է պատասխան գործողությունների՝ հակառակորդի առաջխաղացումը կասեցնելու համար։
Մարտի 27-ի առավոտյան Արցախի տեղեկատվական շտաբը հաղորդեց, որ իրադրությունը շփման գծի ամբողջ երկայնքով հարաբերական կայուն է։
Լուսանկարը՝ արխիվային / © Նարեկ Ալեքսանյան, Հետք
Մեկնաբանել