HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Ինչու՞ «Սիբիրի» ինքնաթիռը Երեւանից չկարողացավ վերադառնալ Ռուսաստան․ մանրամասնում է քաղավիացիայի կոմիտեն

Մարտի 3-ին Երեւանում վայրէջք կատարած ռուսական «Սիբիր» ավիաընկերության «Airbus A320neo» ինքնաթիռին (գրանցումը՝ VP-BSL) արգելվեց վերադառնալ Ռուսաստան, ավելի ուշ օդանավը մեկնեց Եվրոպա, «Սիբիրը» զրկվեց դրանից։ «Հետքը» տեղի ունեցածի վերաբերյալ որոշ մանրամասներ է իմացել ՀՀ քաղավիացիայի կոմիտեից։

Ինչպես հայտնի է, ռուսական օդանավն իրականացնում էր Նովոսիբիրսկ-Երեւան չվերթը։ Թռիչքի ժամանակ օդանավն անցել էր Ղազախստանի երկնքով, հատել Կասպից ծովն ու մտել Դաղստանի օդային տարածք, ապա պատրաստվում էր Վրաստանի երկնքով մտնել Հայաստան, բայց Վրաստանի սահմանը չհատած՝ թեքվել էր դեպի Միներալինե Վոդի։ Այստեղ վայրէջք կատարելուց 40 րոպե անց օդանավն, այնուամենայնիվ, ուղղություն էր վերցրել Երեւան, որտեղ հասել էր Վրաստանի երկինքն անցնելուց հետո, բայց «A320neo»-ին ՀՀ ավիացիոն իշխանությունները չէին թույլատրել իրականացնել Երեւան-Նովոսիբիրսկ հետադարձ չվերթը։

Այդուհանդերձ, «Սիբիրն» իր ուղեւորների համար Մոսկվայից ուղարկել էր մեկ այլ «Airbus A320» (գրանցման համարը՝ VP-BOG), որն էլ կատարել էր Երեւան-Նովոսիբիրսկ թռիչքը։

Մարտի 4-ին ՀՀ քաղավիացիայի կոմիտեն հայտարարեց, որ «Զվարթնոց» ժամանելուց ժամեր առաջ, երբ օդանավը դեռ գտնվում էր ՌԴ օդային տարածքում, ի հայտ են եկել «A320neo»-ի (VP-BSL) թռիչքային պիտանիության ապահովման հետ կապված փաստաթղթային խնդիրներ, որոնք առնչվում են դրա շահագործող «Սիբիրի» եւ օդանավի գրանցման երկրի ավիացիոն իշխանությունների, ինչպես նաեւ օդանավի վարձատուի (լիզինգատուի) հարաբերություններին։ ՔԱԿ-ը հավելել էր, որ ինքնաթիռի հանդեպ կալանք չի կիրառվել, այլ ժամանակավորապես դադարեցվել է դրա թռիչքի թույլտվությունը: «Քաղավիացիայի կոմիտեն ծագած խնդիրների առնչությամբ ճշգրտող նամակագրություն է իրականացնում ինքնաթիռի գրանցման երկրի ավիացիոն իշխանությունների հետ: Խնդրի վերաբերյալ տեղեկացվել են նաեւ շահագործող ավիաընկերությունը եւ ՌԴ ավիացիոն իշխանությունները։ Փաստաթղթային հարցերի պարզաբանումից հետո ինքնաթիռի շահագործումը կվերականգնվի»,- հայտարարել էր ՔԱԿ-ը։

«Հետքը» գրել էր, որ օդանավը գրանցված է ոչ թե Ռուսաստանում, այլ Կարիբյան ծովում՝ Բերմուդներում։ Այսինքն՝ VP-BSL-ի գրանցման երկրի ավիացիոն իշխանությունը Բերմուդների համապատասխան գերատեսչությունն է։ Նշել էինք նաեւ, որ ինքնաթիռի սեփականատերը կամ լիզինգատուն իռլանդական «SMBC Aviation Capital» ընկերությունն է, որը մինչեւ հակառուսական պատժամիջոցները, ըստ ch-aviation.com մասնագիտական կայքի, ռուսական ավիաընկերություններին ամենաշատ օդանավեր հանձնած  լիզինգատուների մեջ 5-րդն էր (տես ստորեւ):

Ինչպես հայտնի է, արեւմտյան պատժամիջոցներից մեկն էլ օդանավերը ռուսական վարձակալությունից հետ կանչելն էր, ինչը մեծ խնդրի առաջ կանգնեցրեց ՌԴ ավիափոխադրողներին։ Եթե հաշվի առնենք միայն արտասահմանյան վարձատուներին (լիզինգատուներին), ապա «SMBC Aviation Capital»-ը ռուսական օպերատորներին հանձնած օդանավերի թվով զիջում է (տես ստորեւ) միայն աշխարհի ամենախոշոր լիզինգատուին՝ «AerCap»-ին (իրավաբանորեն գրանցված է Նիդերլանդներում, իսկ գլխամասը գտնվում է Իռլանդիայում)։

Այն բանից հետո, երբ Բերմուդներում գրանցված եւ իռլանդական վարձատուին պատկանող «Airbus A320neo»-ն չկարողացավ Երեւանից վերադառնալ Նովոսիբիրսկ, գրել էինք, որ խնդիրը կարող է կապված լինել լիզինգատու-շահագործող պայմանագրի խզման հետ։ Եթե պայմանագիրը խզվում է, ապա օդանավի գրանցման սերտիֆիկատն ու դրա թռիչքային պիտանիության սերտիֆիկատը, որոնք տրվել են գրանցող երկրի (այս դեպքում՝ Բերմուդների) կողմից, կորցնում են իրենց ուժը, ինչը նշանակում է, որ օդանավը չի կարող երկինք բարձրանալ, մինչեւ նոր վավեր փաստաթղթեր չներկայացվեն։

ՀՀ քաղավիացիայի կոմիտեին հարցրել էինք, թե արդյոք Երեւան-Նովոսիբիրսկ թռիչքի թույլտվության դադարեցման պատճառը Բերմուդների ավիացիոն իշխանությունների կողմից VP-BSL-ի թռիչքային պիտանիության սերտիֆիկատը չեղարկելն է։ Պարզվում է՝ այո, իսկ չեղարկման պատճառն իր հերթին պայմանագրի խզումն է։

«Կոմիտեում ստացվել է նամակ բերմուդյան ավիացիոն իշխանություններից, համաձայն որի՝ «SMBC Avitaion Capital» ընկերությունը (օդանավի սեփականատերը) խզել է «Սիբիր» ավիաընկերության հետ օդանավի (VP-BSL) վարձակալության պայմանագիրը։ Նույն նամակով բերմուդյան ավիացիոն իշխանությունները հայտնում էին նաեւ, որ նրանք կասեցնում են վերոնշյալ օդանավի թռիչքային պիտանիության սերտիֆիկատը եւ խնդրում են չթողնել օդանավի թռիչքը Երեւանից։ Հետեւաբար, «Սիբիր» ավիաընկերության օդանավի (VP-BSL) թռիչքի թույլտվության դադարեցման պատճառն օդանավի գրանցման երկրի կողմից կոմիտեին ներկայացված օդանավի թռիչքային պիտանիության հետ կապված խնդիրներն են»,- «Հետքին» հայտնել է քաղավիացիայի կոմիտեն։

Արդեն գրել ենք, որ մարտի 3-ին Երեւանում «արգելափակված» օդանավը, այդուհանդերձ, մարտի 16-ին երկինք է բարձրացել։ VP-BSL-ն այդ օրը «Զվարթնոցից» մեկնել է հունական Կրետե կղզի՝ Հերակլիոն քաղաք, իսկ մարտի 17-ին վայրէջք է կատարել չեխական Օստրավայի օդանավակայանում։

ՀՀ քաղավիացիայի կոմիտեին հարցրել էինք, թե ով է դիմել իրեն՝ այս օդանավին Երեւան-Հերակլիոն մեկանգամյա թռիչքի թույլտվություն տալու համար․ լիզինգատու՞ն, թե՞ այլ ընկերություն։ Չէր բացառվում, որ սեփականատերն օդանավն արդեն մեկ այլ ավիափոխադրողի (ոչ ռուսական) հանձնած լիներ լիզինգով, որն էլ Երեւանից այն տեղափոխած կլիներ Եվրոպա։

«Երեւան-Հերակլիոն թռիչքի թույլտվություն ստանալու համար կոմիտեին դիմել է օդանավի լիզինգատու ընկերությունը («SMBC Aviation Capital»)՝ ավիացիոն գործակալության միջնորդությամբ»,- հայտնել է կոմիտեն։ Սա նշանակում է, որ լիզինգատուն միջնորդի միջոցով Երեւանից իր ինքնաթիռը տարել է Օստրավա (լիզինգատու ընկերությունների հիմնական գործն իրենց ակտիվների կառավարումն է, եւ նրանցից ոչ բոլորը թռիչքներ կատարելու իրավունք կամ հնարավորություն ունեն, հետեւաբար ինքնաթիռ տեղափոխելու համար հարկ է լինում դիմել միջնորդ ավիագործակալների օգնությանը)։

Ըստ planespotters.net-ի՝ VP-BSL-ը մինչեւ հիմա գտնվում է չեխական Օստրավայում։ 2020-ի հոկտեմբերին թողարկված օդանավն, ամենայն հավանականությամբ, շուտով նոր շահագործող կունենա, եթե, իհարկե, սեփականատերն արդեն պայմանագիր չի կնքել այդպիսի փոխադրողի հետ (ավիացիոն տեղեկատուներում այս մասին առայժմ ինֆորմացիա չկա)։

Տես նաեւ՝

Գլխավոր լուսանկարում՝ VP-BSL-ը՝ Պեկինի երկնքում․ 25.02.2022, planespotters.net

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter