HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

«ԶՈՒ-ում բարեփոխումները սկսված են, եթե որոշ քաղաքական ուժերի համար դրանք տեսանելի չեն, գնահատականի հարց է»․ փոխնախարար

Պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը վստահեցնում է՝ զինված ուժերում բարեփոխումների մեկնարկը տրված է: Այս մասին պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում ասաց փոխնախարարը՝ արձագանքելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի դիտարկմանը:

Պատգամավորի խոսքով՝ չնայած կառավարությունից ամենաբարձր մակարդակով եղել են խոստումներ, որ առաջիկայում զինված ուժերի բարեփոխումների հայեցակարգն է ներկայացվելու, այն մինչև հիմա չի ներկայացվել:

«Հանձնաժողովի վեց հերթական նիստերի ընթացքում չի ներկայացվել որևէ օրենսդրական փաթեթ, որը կլրացներ բարեփոխումների հայեցակարգը, մինչև հիմա չի ներկայացվել բարեփոխումների փաթեթը, ե՞րբ եք պատրաստվում ի վերջո առարկայական այդ փաթեթը ներկայացնելու»,- հետաքրքրվեց Գեղամ Մանուկյանը:

Պատգամավորը խոսեց նաև կառավարության վերջին նիստի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանի բարձրաձայնած անվտանգային խնդիրների մասին: Մանուկյանը հիշեցրեց, որ տևական ժամանակ է, ինչ զինված ուժերի գլխավոր պետը նշանակված չէ, նրան ժամանակավոր պաշտոնակատար է փոխարինում, և հետաքրքրվեց, թե երբ է գլխավոր շտաբի պետ նշանակվելու:

«Ես չեմ երկրորդ հարցի հասցեատերը»,- արձագանքեց պաշտպանության փոխնախարարը:

Ինչ վերաբերում է զինված ուժերում կատարվող բարեփոխումներին Արման Սարգսյանն ասաց, որ ՊՆ-ում իրավաբանական վարչության պետի ու պատգամավորների մասնակցությամբ քննարկում է եղել, որի ժամանակ «Հայաստան» խմբակցության կողմից առաջարկներ են ներկայացվել:

«Զինված ուժերում բարեփոխումները սկսված են, եթե որոշ քաղաքական ուժերի համար դրանք տեսանելի չեն, բնականաբար դա  քաղաքական գնահատականի հարց է, բայց մեկնարկել են այդ բարեփոխումները թե օրենսդրական, թե այլ առումով, այս պահին ընթացքի մեջ են»,- ասաց Արման Սարգսյանը:

Նույն խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանն էլ կառավարության վերջին նիստում վարչապետ Փաշինյանի խոսքերից հետո այն կարծիքին է, որ իրենց հանձնաժողովում պետք է անվտանգային և պաշտպանության հարցերի թեմայով քննակում լիներ պաշտպանության ու արտաքին գործեի նախարարների և զինված ուժերի գլխավոր շտաբի պետի ժամանակավոր պաշտոնակատարի մասնակցությամբ:

«Ե՞րբ ենք բուն պաշտպանության և անվտանգության հարցերի վերաբերյալ քնարկում անելու, այն մասին, ինչի մասին բարձրաձայնվեց նիստի ժամանակ»,- ասաց Գեղամ Նազարյանը:

Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը կոչ արեց խոսել օրակարգային հարցերի մասին: Նազարյանն էլ իր հերթին հանձնաժողովի նախագահությանը կոչ արեց հետևողական լինել ու հրավիրել վերոնշյալ պաշտոնյաներին հաննաժողովի նիստին:

««Հայաստան» ու «Պատիվ ունեմ» խմբակցությունները դարակազմիկ լսումներ էին կազմակերպել օրեր առաջ, որն իմ խորին համոզմամբ վնասեց երկրի անվտագությանը, կարող եք ելույթները լսել, հրավիրել եք 230 անդամի այդ լսումներին, եթե այդ 230 անդամներն իրենց մասնակցոթյունն ունենային Արցախի պաշտպանության խնդիրներին իրենց ընտանիքներով, ու մենք բոլորս միասին հաստատ մի խնդիր լուծած կլինեինք»,- ասաց Անդրանիկ Քոչարյանը:

Անդրանիկ Քոչարյանի խոսքով՝ ստեղծված իրավիճակի վերաբերյալ ԱԺ խորհրդի նիստում իշխող խմբակցությունը պատրաստ է հրավիրել Նիկոլ Փաշինյանին ու խորհրդի կազմով փակ նիստում քննարկել իրավիճակից բխող հարցերը:

«Ի զարմանս մեզ՝ «Հայաստան» ու «Պատիվ ունեմ» խմբակցությունները չտվեցին դրական կարծիք, դա հնչեցվեց նաև լիագումար նիստի ժամանակ, ու պատասխան չունեցանք»,- ասաց Քոչարյանը:

Գեղամ Մանուկյանն էլ արձագանքեց, թե իրենց խմբակցության ներկայացուցիչներն առաջարկել են խնդիրը քննարկել ԱԺ լիագումար նիստում, այնտեղ բարձրաձայնել նաև Ադրբեջանին ուղարկված առաջարկների էությունը:

Հիշեցնենք, որ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հայտնել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության միջոցով խաղաղության օրակարգի բանակցությունների առնչությամբ առաջարկներ է հղել Ադրբեջանին: Մինչ այդ Ադրբեջանը հինգկետանոց առաջարկով էր հանդես եկել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter