HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տրդատ Մուշեղյան

Զանգերն անպատասխան մնացին․ Մհեր Հարությունյանը զոհվել է Շուշիի մարտերում

Կրտսեր սերժանտ Մհեր Հարությունյանը ծառայում էր Ստեփանակերտի Կենտրոնական պաշտպանական շրջանում (հայտնի է որպես ՑՕՐ), հակատանկային դասակում ջոկի հրամանատար էր։ 44-օրյա պատերազմի հենց առաջին օրերից իր դասակի ընկերների հետ եղել է Վարանդայի (Ֆիզուլի) դիրքերից մեկում, որը մինչև հերթափոխը անառիկ են պահել։ Պատերազմի ավարտից երկու օր առաջ՝ նոյեմբերի 7-ին, 20-ամյա Մհեր Հարությունյանը զոհվում է Շուշիի պաշտպանության մարտերում։

Մհեր Հարությունյանը ծնվել է 2000 թվականի հուլիսի 20-ին Արցախի Մարտունու շրջանի Կարմիր Շուկա գյուղում։ Բանակ է զորակոչվել 2019 թվականի հունվարի 14-ին։ 2020թ․ սեպտեմբերի 27-ին Մհերենց հակատանկային դասակը տեղափոխվում է Վարանդա և տեղակայվում Կարախանբեյլի կոչվող տեղամասի դիրքերից մեկում, որտեղ մնում են մինչև հոկտեմբերի 24-ը։ 

Մհերի հայրը՝ Մարդի Հարությունյանը պատմում է, որ որդին գրեթե ամեն օր զանգահարել է տուն, վստահեցրել, որ ամեն ինչ լավ է, մարտական գործողություններից ոչինչ չի պատմել, հոր խոսքով՝ «ծածկագրերով էր խոսում»։ 

Հոկտեմբերի 24-ին հերթափոխ է տեղի ունեցել։ Լողանալու և մեկամսյա մարտերից հանգստանալու համար Մհերենց հակատանկային դասակին տեղափոխել են Ստեփանակերտի Աջափնյակ թաղամաս։ Իսկ հոկտեմբերի 29-ին դասակն արդեն տեղակայվել է Շուշիի շրջանի Քարին Տակ գյուղում։

Նոյեմբերի լույս 4-ի գիշերը Քարին Տակում գտնվող պահեստազորը սկսել է նահանջել գյուղից, Մհերենց հակատանկային դասակը նույնպես դուրս է եկել և տեղակայվել Շուշիի մատույցներում։ 

Մարդի Հարությունյանն ասում է, որ Մհերի հետ վերջին անգամ խոսել է նոյեմբերի 7-ին՝ առավոտյան 11։20-ի սահմաններում, ասել է, որ Շուշիի մոտակայքում են և ամեն ինչ լավ է։ Նույն օրը ծնողները մի քանի անգամ փորձել են կապվել որդու հետ, սակայն զանգերն այդպես էլ անպատասխան են մնացել։ Մհերենց դասակը եղել է շրջափակման մեջ, նրանք զոհվել են Շուշիի պաշտպանության մարտերում։

2020թ․ նոյեմբերի 17-ին Մարդի Հարությունյանին զանգահարել են և հայտնել, որ որդու մարմինը դուրս է բերվել։ Հայրը գնացել է որդու մարմինը ճանաչելու, զոհված զինծառայողի մոտ եղել է Մհերի զինվորական գրքույկը, սակայն նա Մհերը չի եղել։ Մհերը ամիսներ շարունակ եղել է անհայտ կորածների ցուցակում։

«Էս դեպքից հետո էլ տեղ չմնաց, որ չգնամ։ Հայաստանի բոլոր մորգերով ման եմ եկել, ԴՆԹ-թեստ եմ տվել, բայց տղուս չեմ գտել։ Պատերազմից 8 ամիս հետո զանգեցին Հերացիից (Դատաբժշկական հանրապետական կենտրոնից, խմբ․), ասեցին, որ ԴՆԹ-ն համընկել ա։ Կրակոցը ծնոտի տակից էր, էն մյուս տղայի գլուխն էլ էր նույն ձև, դրա համար շփոթել էին։ Իրանք իրանց կրակել են, որ գերի չընկնեն»,- պատմում է Մարդի Հարությունյանը։

Մհեր Հարությունյանը հուղարկավորվել է 2021թ․ հուլիսի 7-ին Կարմիր Շուկայում։ 

Նա ընտանիքի կրտսեր զավակն էր։ Իրենից մեծ քույր ու եղբայր ուներ։ Մհերի եղբայրը՝ Նվերը, պահեստազորի կազմում նույնպես մասնակցել է մարտական գործողություններին, հոկտեմբերի 15-ին Մարտունու շրջանի Ջիվանի գյուղում ձեռքի բեկորային վիրավորում է ստացել։ 

Մարդի Հարությունյանը ասում է, որ Մհերը շատ աշխատասեր է եղել։ Մինչև բանակ գնալը գյուղմթերքի վերավաճառմամբ է զբաղվել։ 

«Սովորել չի հասցրել, դպրոցն ավարտել ա, գնացել բանակ, բայց ուզում էր գալուց հետո սովորել։ Բանակից առաջ մի 10 հատ կով ունեինք, դրանք էլ էր ինքը պահում։ Բանակ գնալուց առաջ ասեցի, որ ես չեմ կարա էդքանին պահեմ։ Դրա համար վաճառեց, նոր գնաց, բայց ասում էր, որ հենց հետ գա, նորից բերելու ա։ Ինչ ասեմ, տենց աշխատասեր էրեխա էր»,- պատմում է Մհերի հայրը։

Կրտսեր սերժանտ Մհեր Հարությունյանը հետմահու պարգևատրվել է Արցախի Հանրապետության «Արիության» մեդալով։

Մհեր Հարությունյանի դասակից են եղել նաև Վարդան Ամալյանը, Հակոբ Եղիազարյանը, Հայկո Խաչատրյանը, Նարեկ Բադալյանը, որոնց մասին ևս «Հետքը» գրել է։ Առաջիկայում կանդրադառնանք նաև դասակի մյուս տղաներին և նրանց անցած մարտական ուղուն։

Կարդացե՛ք նաև՝

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter