HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների երրորդ հանդիպումը դարձյալ կկայանա Վիեննայում

Հայաստանի և Թուրքիայի միջեւ հարաբերությունների կարգավորման հարցերով հատուկ ներկայացուցիչների երրորդ հանդիպումը դարձյալ Վիեննայում կկայանա։ Այդ մասին թուրքական NTV հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլյութ Չավուշօղլուն։

«Մեր հատուկ ներկայացուցիչների հաջորդ հանդիպումը դարձյալ Վիեննայում կկայանա»,- ասել է Չավուշօղլուն՝ չնշելով հանդիպման կոնկրետ օրը։

Ընդ որում, թուրքական արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը կրկին նշել է, որ այդ հանդիպումները պետք է կայանան կա՛մ Թուրքիայում, կա՛մ Հայաստանում, այլ ոչ թե երրորդ երկրի տարածքում։

Չավուշօղլուն նաև Հայաստանին խիզախության կոչ է արել։

«Հայաստանին ուզում եմ ասել՝ լավ, դուք կարող եք ճնշման տակ լինել, գործընթացը դժվար է, սփյուռքի մի մասը դեմ է կարգավորման, բայց երրորդ երկրում հանդիպելու կարիք դեռ կա՞։ Եթե հանդիպումները մեր երկրներում անելու հարցում համաձայնության չենք գալիս, մյուս հարցերում ինչպե՞ս ենք քայլ անելու։ Ես մեղադրելու համար չեմ ասում, սակայն թող հայերը մի քիչ խիզախ լինեն»,- նշել է Մևլչյութ Չավուշօղլուն։

Դեռ նախորդ տարվա դեկտեմբերին Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլյութ Չավուշօղլուն հայտարարել էր, որ Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների կարգավորման համար կողմերը նշանակելու են հատուկ ներկայացուցիչներ։ Բացի այդ, կվերականգնվեր նաև Երևանի և Ստամբուլի միջև ավիահաղորդակցությունը։ Ավելի ուշ պարզ դարձավ, որ հայկական կողմից թռիչքներ կիրականացնի Flyone Armenia-ն, իսկ թուրքական կողմից՝ Pegasus Airlines-ը։ Flyone Armenia-ն Ստամբուլ առաջին չվերթն իրականացրեց փետրվարի 2-ին։

Հատուկ ներկայացուցիչների առաջին հանդիպումը կայացել էր հունվարի 14-ին՝ Մոսկվայում։ Երկու երկրի արտաքին քաղաքական գերատեսչությունները դրական էին գնահատել այդ հանդիպումը։ Հանդիպման փաստը ողջունել էին Ռուսաստանը, ԱՄՆ-ն, Եվրամիությունը, ՆԱՏՕ-ն։

Փետրվարի 24-ին Վիեննայում էլ կայացել էր հատուկ ներկայացուցիչների երկրորդ հանդիպումը։ «Հատուկ ներկայացուցիչները վերահաստատել են, որ բանակցությունների վերջնական նպատակը Հայաստանի ու Թուրքիայի միջև լիարժեք կարգավորումն է, ինչպես պայմանավորվել էին Մոսկվայում իրենց առաջին հանդիպման ընթացքում:

Նրանք մտքեր են փոխանակել այդ կապակցությամբ համատեղ հնարավոր կոնկրետ քայլեր ձեռնարկելու շուրջ և վերահաստատել իրենց համաձայնությունը՝ գործընթացը շարունակելու առանց նախապայմանների»,- նշվում էր ՀՀ ԱԳՆ տարածած պաշտոնական հաղորդագրության մեջ:

Չնայած ընդհանուր սահմանին՝ Հայաստանի և Թուրքիայի միջև չկան դիվանագիտական հարաբերություններ։ 1993 թվականից Թուրքիան փակել է Հայաստանի հետ սահմանը։ 2009 թվականին Ցյուրիխում երկու երկրների արտաքին գործերի նախարարներն ստորագրել էին «Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին» և «Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության միջև հարաբերությունների զարգացման մասին» արձանագրությունները, սակայն այդ փաստաթղթերը չէին վավերացվել երկու կողմերի խորհրդարանների կողմից։ 2018 թվականի մարտի 1-ին Հայաստանը հայտարարել էր հայ-թուրքական արձանագրությունների կնքման ընթացակարգի դադարեցման մասին։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter