HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Խաչատրյանների շքեղ վիլլան՝ հայ եւ ամերիկացի իրավապահների թիրախում․ թղթերով ո՞վ է տերը, ի՞նչ գույք է եւ որքա՞ն է գնահատված

Պետեկամուտների կոմիտեի նախկին (2008-2014 թթ․) նախագահ, ֆինանսների նախկին (2014-2016 թթ․) նախարար Գագիկ Խաչատրյանի ընտանիքին պատկանող ամերիկյան շքեղ առանձնատունը վերջերս կրկին հայտնվել է հանրային ուշադրության կենտրոնում։ Պատճառն ամերիկյան իշխանությունների կողմից դրա բռնագանձման գործընթաց սկսելն է։ ԱՄՆ արդարադատության նախարարությունը հայտարարել է, որ այս հարցում իրենց վճռական աջակցություն են ցուցաբերել Հայաստանի գլխավոր դատախազությունն ու ԱԱԾ-ն։

ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Սրբուհի Գալյանն օրերս ԱԺ-ում հայտարարեց, որ Խաչատրյանների վերաբերյալ քննարկումներն ԱՄՆ գործընկերների հետ սկսվել են դեռեւս 2018-2019 թվականներից, երբ գլխավոր դատախազությունում դեռ չէր ստեղծվել ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը: Գալյանի խոսքով՝ քրեական գործի շրջանակում համապատասխան հարցումներ են ուղարկվել տարբեր երկրներ, այդ թվում՝ ԱՄՆ, եւ գործընկերները պատրաստակամություն են հայտնել օգնել Հայաստանին: «ԱՄՆ-ի կողմից վարույթի նախաձեռնման հիմքում ընկած է դատախազության գործողությունների ամբողջությունը»,- ասել է Սրբուհի Գալյանը:

Իրականում, սակայն, թե՛ գլխավոր դատախազությունը, թե՛ ԱԱԾ-ն Խաչատրյանների գույքի մասին իմացել են առնվազն 2016 թվականից։ Բայց ի՞նչ են արել այն ժամանակ։ Ոչինչ։ Ավելի ճիշտ՝ ԱԱԾ-ն որոշել էր հանցագործության դեպքի բացակայության հիմքով քրգործ չհարուցել։ Հիմա թող ԱԱԾ-ն ասի՝ քաղաքական պատվե՞ր է կատարել, թե՞ ծառայության քննչական վարչությունը (ներկայում՝ քննչական դեպարտամենտ) մասնագիտական առումով գործել է ոչ պրոֆեսիոնալ։ 

Իսկ ամեն ինչ սկսվել էր «Հետքի» հրապարակումից այն մասին, որ Գագիկ Խաչատրյանի որդիները՝ Գուրգեն եւ Արտյոմ Խաչատրյանները, 2010 եւ 2011 թթ․ երկու առանձնատուն էին գնել Լոս Անջելեսի շքեղ թաղամասերից մեկում։ Այն ժամանակ եղբայրներից Գուրգենը 27-28 տարեկան էր, իսկ Արտյոմը՝ 24-25։ Ճիշտ է՝ նրանց հայրն այն տարիներին դեռ «սուպերնախարարի» անուն չէր հանել, բայց արդեն իսկ խոշոր կարողության տեր էր։

355 հասցեի տունը Խաչատրյաններն օտարել են օֆշորային գնորդի

2010-ի օգոստոսին եղբայրները նախ գնել էին Լոս Անջելեսի Վեսթվուդ (Westwood) շրջանում իր թանկարժեք առանձնատներով հայտնի Հոլմբի Հիլզ (Holmby Hills) թաղամասի տներից մեկը՝ վճարելով 11 մլն դոլար (հասցեն՝ 355 South Mapleton Drive)։ Վաճառողը Բըրնդորֆ (Birndorf) ընտանիքն էր։ Անշարժ գույքի ընդհանուր մակերեսն, ըստ փատաթղթերի, 6721 քմ էր, իսկ 1939-ին կառուցված առանձնատան բնակելի մակերեսը՝ 563 քմ։ Երհարկանի տունն ուներ 6 ննջասենյակ, 5 լոգասենյակ, մեծ նախասրահ, շքեղ հյուրասենյակ, ճաշասենյակ, խորդանոց, խոհանոց եւ նախաճաշի առանձին սենյակ, ավտոտնակ: Բակում՝ լողավազան եւ մեծ տաղավար, թենիսի կորտ:

Խաչատրյանների հարեւաններն են եղել «Փլեյբոյի» հիմնադիր Հյու Հեֆները եւ նրա կինը, «Գուգլի» միլիարդատեր Էրիկ Շմիդտը, միլիարդատեր գործարար Շոն Պարկերը, «Ֆորմուլա-1»-ի նախկին ղեկավարի դուստրը՝ մոդել Պետրա Էկլստոունը, այլ հայտնի հարուստներ։

Գույքը գնելուց 9 ամիս անց՝ 2011-ի մայիսին, Գուրգեն եւ Արտյոմ Խաչատրյաններն այն հավատարմագրային կառավարման էին հանձնել «Veto Trust»-ին եւ դրա կառավարիչ Աբրահամ Ստեփանյանին։

Թրասթը (trust, անգլերենից բառացի՝ վստահություն) իրավահարաբերության ձեւ է, երբ տվյալ գույքի, ունեցվածքի սեփականատերը՝ հիմնադիրը, այն հանձնում է հոգաբարձուին կամ կառավարչին (trustee), ով պարտավորվում է ունեցվածքի հետ կատարել այնպիսի գործողություններ, որոնք մաքսիմալ օգուտ կբերեն շահառուներին (բենեֆիցիարներին): Թրասթի յուրահատկությունն այն է, որ հիմնադիրը դրա ստեղծման պահից կորցնում է գույքի հանդեպ սեփականության իրավունքները մինչեւ թրասթի՝ պայմանագրով նախատեսված ավարտը, սակայն նման իրավունքներ չունեն նաեւ կառավարիչն ու շահառուն: Սա, մասնավորապես, լավ է նրանով, որ, օրինակ, հիմնադիրը, իր գույքի մեծ մասը թրասթի վրա փոխանցելով, ցույց է տալիս, որ բավարար ակտիվներ չունի, ինչի շնորհիվ ստանում է հարկային արտոնություններ կամ պետական օգնություն, մյուս կողմից՝ թրասթի անվամբ ձեւակերպված գույքն անհասանելի է դառնում հիմնադրի հավանական պարտատերերի համար: Թրասթի թե՛ կառավարիչները, թե՛ շահառուները կարող են լինել մեկից ավելին։

Աբրահամ Ստեփանյանի, ինչպես նաեւ նրա ու Խաչատրյանների կապի մասին եւս գրել ենք դեռ 2016-ին։

2016-ի հունիսին «Veto Trust»-ը եւ դրա կառավարիչներից Թեդ Թադեւոս Խաչատրյանը, ով Ա․ Ստեփանյանի նման Խաչատրյան եղբայրների մերձավորներից է, 355 հասցեի տունը փոխանցել են Թեդ Խաչատրյանի ղեկավարած «Westside Residential Holdings LLC»-ին (2019-ին այս ընկերությունը լուծարվել է), որը գրանցված էր Լոս Անջելեսում։ Բայց ինչպես տեսնում ենք փաստաթղթերում, սա չի եղել գումարի դիմաց դասական վաճառք, այսինքն՝ իրականում Գուրգեն եւ Արտյոմ Խաչատրյաններն են մնացել առանձնատան իրական տերեր։

Այդուհանդերձ, 2017-ի ապրիլին «Westside Residential Holdings»-ը Գագիկ Խաչատրյանի որդիների առանձնատունը 18,8 մլն դոլարով վաճառել է «Kykl Bh S.A.»-ին, որը օֆշորային Բրիտանական Վիրջինյան Կղզիներում գրանցված ընկերություն է։ Այն ժամանակ «Հետքը» գրել էր գործարքի մասին։ Նկատենք, որ տունը վաճառքի էր հանվել դեռ 2016-ի հունիսին 35 մլն դոլարով։ Աստիճանաբար Խաչատրյաններն էժանացրին այն եւ, ի վերջո, գտան գնորդի։

Այս տանն առնչվող հաջորդ գործարքը տեղի է ունեցել 2017-ի հոկտեմբերին, երբ ԱՄՆ Դելավեր նահանգում (այս նահանգը, ինչպես օֆշորները, համարվում է հարկային դրախտ) գրանցված «Dobacor Mezzanine LLC»-ն այն փոխանցել է տան հասցեի անունով ստեղծված եւ նույնպես Դելավերում գրանցված «355 S Mapleton LLC»-ին։ Փաստաթղթերից պարզ չէ, թե ինչպես է վիրջինյան «Kykl Bh»-ից տունն անցել «Dobacor Mezzanine»-ին, բայց հավանաբար սրանց հետեւում կանգնած է նույն սեփականատերը։ Կարող ենք ասել, որ նույն տիրոջն է պատկանում նաեւ «355 S Mapleton LLC»-ն, որովհետեւ թե՛ սրա, թե՛ «Dobacor Mezzanine»-ի կալիֆոռնիական մասնաճյուղերի հասցեները նույնն են։ Այդուհանդերձ, հստակ չէ, թե Խաչատրյանների տունը գնած, ապա իրար փոխանցած երեք ընկերությունների իրական սեփականատերն ով է։ Հստակ է, որ դրանց բոլորին կապում է իրավաբան Ուիլյամ Պակի (William Pak) անունը։ Փաստ է նաեւ այն, որ «355 S Mapleton LLC»-ն 2018-ի դեկտեմբերին ամերիկյան «First Credit Bank»-ից 28,3 մլն դոլար վարկ է վերցրել շինարարության համար։ Բանն այն է, որ 1939-ին կառուցված առանձնատունը նոր տիրոջ կողմից 2018-ի տարեսկզբին քանդվել է, եւ դրա տեղում հիմա շինարարություն է ընթանում։

Արբանյակային պատկերները հուշում են, որ 355 հասցեի հետ միասին քանդվել է նաեւ հարեւան տունը (333 South Mapleton Drive, սեփականատեր է գրանցված «333 S Mapleton LLC»-ն), ինչն, ըստ էության, նշանակում է, որ նոր տերը ձեռք է բերել երկու հարեւան առանձնատները, միացրել դրանց տարածքները ու հիմա նոր տուն է կառուցում այդտեղ։  

2021 թ․ 355 հասցեի անշարժ գույքը գնահատվել է 21,2 մլն դոլար, որից 19,8 մլն-ը հողի արժեքն է, իսկ 1,4 մլն-ը՝ հողի վրա եղած կառույցների։ Վերջիններիս համեմատաբար ցածր արժեքը պայմանավորված է այն հանգամանքով, որ դեռ շինարարություն է ընթանում։ Անշարժ գույքի ընդհանուր արժեքի հիման վրա հաշվարկվել է շուրջ 250 հազ․ դոլարի գույքահարկ 2021 թ․ համար։   

Ըստ Գուրգեն Խաչատրյանի՝ տները գնել են բիզնես խնայողություններով, փոխառություններով եւ վարկային միջոցներով

ԱՄՆ եւ ՀՀ իրավապահների ներկա հայտարարություններից գալիս ենք այն հետեւության, որ նրանց կողմից 355 հասցեի տան վերաբերյալ որեւէ պահանջ չկա։ Չնայած մինչեւ հիմա էլ պարզ չէ, թե 2010 թ․ Գագիկ Խաչատրյանի 27 եւ 24 տարեկան որդիներին իրականում որտեղից 11 մլն դոլար՝ նման շքեղ վիլլա գնելու համար։

Գուրգեն Խաչատրյանը դրան ուներ իր բացատրությունը։ Մեր առաջին հոդվածի հրապարակումից հետո՝ 2016-ին, նա «Հետքին» փոխանցել էր, որ 355 եւ դրանից մոտ 200 մետր հեռավորության վրա գտնվող 530 հասցեի (530 South Mapleton Drive) տները ինքն ու եղբայրը գնել են տարբեր միջոցների համադրմամբ․ «Այդ գործարքները իմ, եղբորս եւ մեր գործընկերների տնտեսական գործունեության բաղկացուցիչ մասն է: Գործարքների հիմքում եղել են բիզնես խնայողություններ, փոխառություններ եւ վարկային միջոցներ»: Բայց թե՛ 355-ին, թե՛ 530-ին առնչվող թղթերում որեւէ նշում չկա այն մասին (տես վերեւի նկարում), որ Խաչատրյանները տները գնելիս օգտվել են վարկային միջոցներից, այնինչ այս տների նախկին ու ներկա տերերը վարկեր են վերցրել, նույնիսկ մի քանի անգամ։

«Հոդվածում ներկայացված գործարքներն իմ եւ եղբորս կողմից իրականացվող տնտեսական գործունեության մի մասն են կազմում,- 2016-ին մեր հրապարակմանն արձագանքել էր Գուրգեն Խաչատրյանը,- հոդվածում ներկայացված փաստերից ակնհայտ է, որ դրանք ընդամենը անշարժ գույքի առուվաճառքից եկամուտ ստանալու համար իրականացվող գործունեություն է: Բացի շահույթ ստանալուց՝ այլ նպատակ գործարքները չեն հետապնդում»: Այսինքն՝ Խաչատրյանն ասում էր, որ իրենց նպատակը տուն առնելն ու հետո վաճառելն է եղել։ 2010-ին 11 մլն դոլարով գնած առանձնատունը 7 տարի անց 18,8 մլն-ով վաճառելը, անշուշտ, հաջող գործարք է։ Բայց նման արժեքով տուն ձեռք բերելու համար նախ պետք է փող ունենալ։ Իսկ թե որտեղից, այլ հարց է։

6 տարի առաջ դատախազությունն ու ԱԱԾ-ն Խաչատրյանների գործարքներում հանցավոր ոչինչ չեն տեսել

2016-ի հունիսին մեր առաջին նյութը հրապարակելուց հետո այն ժամանակվա ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը հուլիսի 1-ին հոդվածն ուղարկել էր ԱԱԾ՝ սահմանված կարգով ընթացք տալու համար։ ԱԱԾ-ն այն ժամանակ ղեկավարում էր Գեորգի Կուտոյանը։ «Քննարկման արդյունքում ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության քննչական վարչությունում 16.07.2016 թ. որոշում է կայացվել հանցագործության դեպքի բացակայության հիմքով քրեական գործ հարուցելը մերժելու մասին»,- հետագայում մեզ հայտնել էին դատախազությունից, իսկ ԱԱԾ-ն փոխանցել էր, թե քանի որ որոշվել է քրգործ չհարուցել, ծառայությունն իրավական փոխօգնության միջնորդությամբ ԱՄՆ-ին չի դիմել: Գլխավոր դատախազությունն ու ԱԱԾ-ն «Հետքին» չէին տրամադրել քրգործ չհարուցելու մասին որոշումը։

Բայց հիմա փոխդատախազ Գալյանի խոսքերից պարզվում է, որ 2018-2019 թթ․ ՀՀ իրավապահներն ԱՄՆ գործընկերների հետ սկսել են քննարկել Խաչատրյանների ամերիկյան ունեցվածքը։ Նրանց թիրախում հայտնվել է 530 հասցեի առանձնատունը (530 South Mapleton Drive), որը մինչ օրս նախկին պաշտոնյայի հարազատներին է պատկանում։

Ավելի քան 3000 քմ բնակմակերեսով վիլլան գնահատվել է մոտ 34 մլն դոլար, Խաչատրյանները վաճառքի են հանել 63,5 մլն-ով

530 հասցեի վիլլան 2011-ի օգոստոսին ձեռք են բերել Գուրգեն Խաչատրյանն ու «Veto Trust»-ը (ինչպես ասացինք, թրասթը մի քանի կառավարիչ կարող է ունենալ)։ Գույքը 14,4 մլն դոլարով վաճառել են Ռոբերտ Հարաբեդյանը (Robert A. Harabedian), Լեսլի Քլինգերն (Leslie S. Klinger) ու նրանց «Mapleton Trust»-ը: Անշարժ գույքի ընդհանուր մակերեսը մոտ 5220 քմ էր, իսկ առանձնատան բնակելի մակերեսը՝ 594 քմ։ Վիլլան (տես ստորեւ) կառուցվել էր 1927-ին, ուներ 5 ննջասենյակ ու 6 լոգասենյակ, ճաշասենյակ, ընտանեկան սենյակ, խորդանոց, ավտոտնակ, դրսում կար լողավազան։

Տունը գնելուց մի քանի տարի անց Խաչատրյանները քանդել են այն։ 2016-ի փետրվարի արբանյակային պատկերները ցույց են տալիս, որ 530 հասցեի տան տեղում շինարարություն է ընթանում։ Այն, որ նախկին պաշտոնյայի որդիները նոր վիլլա են կառուցում, «Հետքը» գրել էր 2016-2017 թթ․։ Ըստ փաստաթղթերի՝ նոր տունը կառուցվել է 2017-ին, չնայած արբանյակային նկարները հուշում են, որ առնվազն մինչեւ 2019-ի օգոստոս այստեղ շարունակվել են շինաշխատանքները։

Եթե նախորդ տան բնակմակերեսը 594 քմ էր, ապա այս նորն ունի ոչ ավել, ոչ պակաս 3126 քմ բնակելի տարածություն, իսկ գույքի ընդհանուր մակերեսը 5224 քմ է։ 

Երկհարկանի նոր վիլլան ունի 11 ննջասենյակ, 27 լոգասենյակ/զուգարան, ճաշասենյակ, ընտանեկան սենյակ, սպասավորների սենյակներ, տնային կինոթատրոն, գրադարան, մեդիա/երաժշտական սենյակ, հանգստի սենյակ, գրասենյակ, գինու մառան, նկուղ, ավտոտնակ, լվացքատուն, բակում կա լողազավան։ 

530 հասցեի գույքը գնելուց մոտ 5 տարի անց՝ 2016-ի հունիսին, «Veto Trust»-ն ու դրա կառավարիչներից Թեդ Խաչատրյանն այն փոխանցել են վերջինիս ղեկավարած «WRH LLC»-ին։

Վերջինս հիմնադրվել էր 2016-ի փետրվարին Լոս Անջելեսում։ 2019-ի մայիսին ընկերությունը վերակազմակերպվել է «WRH Inc.»-ի։ Սրա գործադիր ու ֆինանսական ղեկավարը, ինչպես նաեւ քարտուղարը Թեդ Խաչատրյանն է, տնօրենները՝ Արտյոմ եւ Գուրգեն Խաչատրյանները։

Ընկերության փաստաթղթերում բոլորի հասցեն նույնն է՝ Լոս Անջելես, Վեսթ Տոլուկա Լեյք թաղամաս (4241 Cahuenga Boulevard, Suite 209, West Toluca Lake, California, USA)։ Բայց իրականում սա Թեդ Խաչատրյանի հասցեն է։

2021 թ․ Խաչատրյանների այս վիլլան գնահատվել է 33,8 մլն դոլար, որից 16,7 մլն-ը հողի արժեքն է, իսկ 17,1 մլն-ը՝ հողի վրա եղած կառույցների։ Անշարժ գույքի ընդհանուր արժեքի հիման վրա հաշվարկվել է 400 հազ․ դոլարի գույքահարկ 2021 թ․ համար։ Կալիֆոռնիա նահանգում անշարժ գույքի գնահատված արժեքը (property’s assessed value) սովորաբար հավասար է դրա ձեռքբերման գնին, որն ամեն տարի աճում է 2 տոկոսով, այսինքն՝ տարեցտարի գույքը թանկանում է։

Այս տարվա ապրիլի 7-ին վիլլան հանվել է վաճառքի 63,5 մլն դոլարով։ Վաճառքով զբաղվում է «Hilton and Hyland» գործակալությունը։

Բայց ինչպես ասվեց վերեւում, ամերիկյան իրավապահներն արդեն այս գույքի բռնագանձման գործընթաց են սկսել։

Ամերիկացի դատախազները պետք է հիմնավորեն, որ Խաչատրյանների վիլլան ենթակա է բռնագանձման

ԱՄՆ արդարադատության նախարարությունը մայիսի 5-ին հայտնեց, որ մայիսի 2-ին հայց է ներկայացրել Կալիֆոռնիայի Կենտրոնական շրջանի դատարան։ Մեղադրող կողմը (ԱՄՆ-ում արդարադատության նախարարության կամ դեպարտամենտի ղեկավարը երկրի գլխավոր դատախազն է) պնդում է, որ հայ գործարար Սեդրակ Առուստամյանն ավելի քան 20 մլն դոլար կաշառք է մուծել նախկին պաշտոնյա Գագիկ Խաչատրյանին՝ իր բիզնեսի նկատմամբ բարենպաստ հարկային ռեժիմ ձեւավորելու համար։ Ըստ ամերիկացի իրավապահների՝ այդ կաշառքը ենթադրաբար օգտագործվել է Հոլմբի Հիլզում անշարժ գույք գնելու համար (ինչպես նշեցինք, 530 հասցեի տունը 2011-ին գնվել է 14,4 մլն դոլարով), որն էլ վերջերս 63,5 մլն դոլարով հանվել է վաճառքի։

Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ գործը հետաքննել են ԱՄՆ հետաքննությունների դաշնային բյուրոյի (ՀԴԲ) կազմակերպված հանցավորության դեմ պայքարի եվրասիական թիրախային խումբն ու ԱՄՆ մարշալների ծառայությունը, որոնց աջակցություն են ցուցաբերել ՀՀ գլխավոր դատախազությունն ու ԱԱԾ-ն։ ԱՄՆ արդարադատության նախարարությունը հշեցնում է, որ դատախազների կողմից դատարան ներկայացվածը քաղաքացիական հայց է, եւ ամերիկյան կառավարությունն է պարտավոր հիմնավորել, որ գույքը ենթակա է բռնագանձման։     

Ամերիկացիների հիշատակած ենթադրյալ կաշառքի գործի մասին ՀՀ ԱԱԾ-ն հայտարարել էր 2020-ի մայիսին։ Ըստ այդմ՝ Գագիկ Խաչատրյանի որդիները, տեղյակ լինելով հոր եւ մի շարք տնտեսվարող սուբյեկտների, այդ թվում՝ ՀՀ խոշոր հարկատուների ցանկում ընդգրկված կոնցեռնի գլխավոր տնօրենի միջեւ (ԱԱԾ նկատի ուներ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին պատկանող «Մուլտի Գրուպ» կոնցեռնի գլխավոր տնօրեն Սեդրակ Առուստամյանին) ընդհանուր հովանավորչության համար առանձնապես խոշոր չափերով կաշառք տալու համաձայնության մասին, հանդիպել են ձեռնարկատիրոջ (Առուստամյանի) հետ եւ քննարկել հանցագործության առարկան փոխանցելու տարբերակները: Վերջիններիս (Խաչատրյանների) նախաձեռնությամբ նշված գումարի հանցավոր ծագումը թաքցնելու, իրական բնույթը, ծագման աղբյուրը, տնօրինման եղանակը խեղաթյուրելու, իրական պատկանելությունը թաքցնելու նպատակով, նշված ձեռնարկատերը 2011 թ․ ընթացքում կաշառքի առարկան՝ 22.401.000 դոլարը, փոխանցել է նրանց մատնանշած եւ նրանց հետ փոխկապակցված ՀՀ-ում ոչ ռեզիդենտ մի շարք կազմակերպությունների հաշվեհամարներին, ավելին՝ նշված գործարքի հանցավոր բնույթը թաքցնելու եւ քողարկելու համար ձեւականորեն կնքվել են փոխառության 2 պայմանագրեր: ԱԱԾ-ն այս դրվագով մեղադրանք է առաջադրել թե՛ Սեդրակ Առուստամյանին, թե՛ Գուրգեն Խաչատրյանին։

Առուստամյանը մի որոշ ժամանակ կալանավորված էր, բայց 2020-ի դեկտեմբերին 50 մլն դրամ գրավի դիմաց ազատ արձակվեց։ Նա չի ընդունում կաշառք տալու մեղադրանքը՝ նշելով, որ փոխառության պայմանագրերը իրական են։ Ինչ վերաբերում է Գուրգեն Խաչատրյանին, նրա մասով ԱԱԾ-ն դեռ 2020-ի գարնանը հայտարարել էր․ «Վերջինս, պատշաճ ծանուցված լինելով վարույթն իրականացնող մարմին ներկայանալու անհրաժեշտության մասին, խախտելով կիրառված խափանման միջոցի՝ չհեռանալու մասին ստորագրության պայմանները, նախաքննական մարմին այդպես էլ չի ներկայացել եւ թաքնվել է քննությունից, որից հետո վերջինիս նկատմամբ հայտարարվել է հետախուզում, իսկ որպես խափանման միջոց դատարանի կողմից ընտրվել է կալանավորումը»։ Մինչ օրս Գուրգեն Խաչատրյանը հետախուզման մեջ է։

Խաչատրյանների ու Առուստամյանի վերաբերյալ ԱԱԾ-ի հաղորդագրությունից ժամեր առաջ՝ 2020-ի մայիսին, երբ արդեն հայտնի էր, որ դատարանը Գուրգեն Խաչատրյանին կալանավորելու միջնորդությունը բավարարել է, վերջինս հայտարարություն էր տարածել, որում, մասնավորապես, ասել էր․ «Ինձ առաջադրված մեղադրանքը պետության կողմից ազատ տնտեսական գործունեության եւ մարդու անձնական կյանքի կոպիտ միջամտություն է։ Բարոյական գնահատական չեմ հնչեցնի. մարդիկ տեսնում ու վերլուծում են ամեն ինչ։ Արձանագրելով այս գործընթացների խիստ անօրինականությունը, քննչական մարմնի եւ դատարանների որոշումների ուղղորդված լինելը, նպատակահարմար չեմ գտնում ներգրավվել այդ պրոցեսներին ու կալանավորի կարգավիճակ ձեռք բերել՝ ինքս էլ նպաստելով այդ անօրինականությունների զարգացմանը»։  

Այն բանից հետո, երբ ամերիկյան կողմը հայտարարեց բռնագանձման հայցի մասին, հայտարարություն տարածեց նաեւ Խաչատրյանների փաստաբանական խումբը։ Դրանում, մասնավորապես, ասվում էր․ «Խաչատրյանների փաստաբանական խումբը այս գործընթացը որակել է որպես բիզնեսմենների ազատ տնտեսական գործունեության խոչընդոտման հերթական դեպք, որն իրականացվում է առանց այն հաստատող որեւէ հիմնավոր ապացույցի։ Խումբը հայտնել է, որ առկա են բոլոր իրավական հիմքերը հայցադիմումի օրինականությունը վիճարկելու օրենքով սահմանված բոլոր ատյաններում, ինչի ուղղությամբ արդեն իսկ ձեռնարկվում են միջոցներ: Նշենք, որ Խաչատրյանները անշարժ գույքի զարգացման ոլորտում մի քանի միջազգային գործարք են իրականացրել, ընդ որում պետք է ասել, որ դրանք միշտ համապատասխանել են բոլոր օրենսդրական պահանջներին»:

Զուգահեռաբար Հայաստանում սկսեցին քննարկել, թե եթե նույնիսկ ամերիկյան դատարանը բավարարի հայցը, արդյոք ՀՀ-ն կկարողանա գումար ստանալ՝ հաշվի առնելով այս ոլորտում հայ-ամերիկյան իրավապայմանագրային բազան։ 

Գլխավոր դատախազի տեղակալ Սրբուհի Գալյանը օրերս ԱԺ-ում հայտարարել է, թե Խաչատրյանների գույքի վերադարձի մասին խոսելը դեռ վաղ է՝ հաշվի առնելով ԱՄՆ-ում ընթացող իրավական գործընթացը, բայց նաեւ հայտնել է, որ ՀՀ գլխավոր դատախազությունը ներգրավված է այդ գործում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter