HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Երեւան-Կապան թռիչքների նախկին հավակնորդ «ՆովԷյր» ընկերությունը չզրկվեց վկայականից

«ՆովԷյր» ավիաընկերությունը, որը հանրությանն առավել հայտնի դարձավ Երեւան-Կապան երթուղով թռիչքներ իրականացնելու մտադրությամբ, ՀՀ քաղավիացիայի կոմիտեի (ՔԱԿ) կողմից չի զրկվել կոմերցիոն թռիչքների իրավունք տվող օդանավ շահագործողի վկայականից (ՕՇՎ), չնայած մոտ էր դրան: Այս մասին տեղեկացել ենք կոմիտեից։

ՔԱԿ-ը, որն ընկերությանը ՕՇՎ էր տվել 2020-ի հոկտեմբերին, 2021-ի դեկտեմբերին կասեցրել էր դրա գործողությունը 6 ամիս ժամկետով՝ մինչեւ այս տարվա հունիսի 29-ը: Պատճառն այն էր, որ «ՆովԷյրը» չունի շահագործման/թռիչքների պիտանի օդանավ:

«Ավիացիայի մասին» օրենքով՝ ՕՇՎ-ով նախատեսված գործունեությունը հատուկ պայմանների եւ սահմանափակումների խախտումներով կամ շրջանակներից դուրս իրականացնելու դեպքում վկայականի գործողությունը կարող է կասեցվել կոմիտեի կողմից մինչեւ խախտումների վերացումը: Եթե խախտումների վերացման համար տրված ժամկետում դրանք չեն վերացվել, կոմիտեն ՕՇՎ-ի գործողությունը կարող է դադարեցնել:

ՕՇՎ տալու կարգն իր հերթին սահմանում է, որ վկայական ստանալու համար հայտատուն, ի թիվս այլ պայմանների բավարարման, պետք է առնվազն մեկ պիտանի օդանավի սեփականատեր կամ վարձակալ (ենթավարձակալ) լինի կամ էլ օդանավի ձեռքբերման, վարձակալության կամ ենթավարձակալության վերաբերյալ մտադրությունների հուշագիր կնքած լինի: Այսինքն՝ եթե ավիաընկերությունը չունի ո՛չ շահագործման պիտանի օդանավ, ո՛չ էլ գոնե դրա գնման կամ վարձակալության մասին հուշագիր, նրան ՕՇՎ չի տրվի, ունենալու դեպքում էլ դրա գործողությունը կկասեցվի, մինչեւ որ այդ պահանջը կրկին բավարարվի:

«ՆովԷյրը» ունի օդանավ: Խոսքը 2015 թ. չեխական արտադրության «L-410UVP-E20» ինքնաթիռի մասին է (հայկական գրանցումը՝ EK-4117, օդանավը կրում է գրող Համո Սահյանի անունը), որը նախատեսված է 19 ուղեւորի համար: Օդանավը գնել է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը 5,5 մլն եվրոյով (1,5 մլն-ը վճարվել է, մնացածն էլ պիտի մարվեր օդանավի շահագործումից հետո), որպես սեփականատեր է գրանցված «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» բարեգործական հիմնադրամը: 

Հիշեցնենք, որ ԶՊՄԿ-ն Կապանի «Սյունիք» օդանավակայանի վերագործարկման մասնակիցներից մեկն է: Օդանավը Հայաստան է բերվել 2018-ի օգոստոսին: Մինչեւ 2020-ի հոկտեմբեր դրա շահագործող էր գրանցված «ՆովԷյրի» փաստացի սեփականատեր, քաղավիացիայի գլխավոր վարչության պետի նախկին տեղակալ, ՀՀ-ում Ավստրիայի պատվո հյուպատոս Արամ Մարությանի մեկ այլ ընկերություն՝ «Atlantis Armenian Airlines»-ը, որը Մարությանը հետագայում օտարեց, իսկ Երեւան-Կապան երթուղին շահագործելու ծրագիրը փոխանցվեց նորաստեղծ «ՆովԷյրին»:

Նախորդ տարեվերջին Մարությանի ավիաընկերության ՕՇՎ-ի գործողությունը կասեցնելու պատճառն այն էր, որ փոխադրողի վերոնշյալ միակ օդանավը տեխնիկական վիճակով պիտանի չէր շահագործման/թռիչքների համար: Խոսքն այս պարագայում թռիչքային պիտանիության սերտիֆիկատ չունենալու մասին է, որը տալիս է ՔԱԿ-ը: Բայց մինչ կոմիտեն կտա այդ սերտիֆիկատը, նրա մասնագետները պետք է հավաստիանան, որ օդանավը պիտանի է թռիչքների համար, իսկ դրա համար նախ պետք է, որ ընկերությունն ինքնաթիռն ուղարկի տեխնիկական սպասարկում անցնելու: 2021-ի դեկտեմբերից մինչեւ վերջերս «L-410»-ը չուներ թռիչքային պիտանիության սերտիֆիկատ:

Այդուհանդերձ, ինչպես տեղեկացել ենք կոմիտեի օդային փոխադրումների կարգավորման վարչության պետ Ստեփան Փայասլյանից, քանի որ վերացել է ավիաընկերության ՕՇՎ-ի գործողությունը կասեցնելու հիմքը, այսինքն՝ ինքնաթիռը կրկին ստացել է թռիչքային պիտանիության սերտիֆիկատ, ՕՇՎ-ի գործողությունը վերականգնվել է։

Հիշեցնենք, որ 2021-ի հոկտեմբերին «ՆովԷյրը» ՔԱԿ-ին հայտ էր ներկայացրել՝ այս տարվա հունվար-սեպտեմբեր ամիսներին Երեւան-Կապան-Երեւան սեզոնային թռիչքներ կատարելու համար: Սակայն արդեն նոյեմբերին ընկերությունը հայտը հետ էր վերցրել՝ պատճառաբանելով, թե կորոնավիրուսի համավարակի հետեւանքով հնարավոր չէ իրականացնել անձնակազմի վերապատրաստում, եւ «L-410» ինքնաթիռի տեխնիկական սպասարկման կազմակերպումն աշխատատար ու ժամանակատար է։

Այս պայմաններում տրամաբանությանը մոտ է հնչում Սյունիքի նախկին (2016-2018 թթ.) մարզպետ, ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Վահե Հակոբյանի (նախկինում աշխատել է ԶՊՄԿ-ում, Կապանի օդանավակայանի վերագործարկման մասնակիցներից է) հայտարարությունը, թե Երեւան-Կապան թռիչքների մեկնարկի մասին լուրը քարոզչական հնարք էր գործող իշխանությունների կողմից 2021-ի նոյեմբերի 14-ի Կապանի ավագանու ընտրություններից առաջ։ Ընտրություններում իշխանությունը պարտվեց, իսկ 2 օր անց՝ նոյեմբերի 16-ին, «ՆովԷյրը» չեղարկեց հայտը:

Եվ ահա երբ 2021-ի դեկտեմբերին ավիաընկերության միակ ինքնաթիռի թռիչքային պիտանիության սերտիֆիկատի վավերականության ժամկետը լրացավ, այսինքն՝ օդանավը կորցրեց թռիչքներ կատարելու իրավունքը, կոմիտեն 6 ամսով կասեցրեց ընկերության ՕՇՎ-ի գործողությունը: Նկատենք, որ դրա գործողությունը 2 տարով է եւ լրանալու է այս տարվա հոկտեմբերին։ Բայց, բնականաբար, ավիափոխադրողը կարող է երկարաձգել վկայականի ժամկետը՝ համապատասխան հայտ ներկայացնելով։

Հիշեցնենք, որ նախկինում ԶՊՄԿ-ն էր հոգում օդանավի թռիչքային ու տեխնիկական անձնակազմի գործուղման, վերապատրաստման ծախսերը, ինչպես նաեւ ֆինանսավորում Կապանի օդանավակայանի վերագործարկման ամբողջ ծրագիրը, իսկ անցյալ տարվա նոյեմբերին հայտնի դարձավ, որ Կապանի օդանավակայանը շահագործող ««Սյունիք» օդանավակայան» ՍՊԸ-ն (կոնցեսիոները) 2021 թ․ հասցրել էր կուտակել 49,5 մլն դրամի պարտավորություն, այդ թվում՝ ռադիոհաճախականության վճարի, ընդհանուր շահագործման ծախսերի ու աշխատավարձերի մասով։ Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունն էլ կառավարությանն առաջարկեց 49,5 մլն դրամի չափով դրամաշնորհ տալ ընկերությանը։ Այս ՍՊԸ-ի 50 տոկոսը պատկանում է Սյունիքի մարզի զարգացման եւ ներդրման հիմնադրամին (ՍՄԶՆՀ), որն ստեղծվել է պետության կողմից, իսկ կառավարման լիազոր մարմինը Սյունիքի մարզպետարանն է: Մնացած 50 տոկոսը պատկանում է «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» բարեգործական հիմնադրամին, որն իր հերթին ստեղծվել է ԶՊՄԿ-ի կողմից:

Ինչպես հայտնի է, 2020 թ․ նոյեմբերին քաղավիացիայի կոմիտեն վերակառուցված «Սյունիք» օդանավակայանի աերոդրոմին սերտիֆիկատ հանձնեց, ինչը նշանակում էր, որ այն պատրաստ է շահագործման։ Այն ժամանակ կոմիտեն, ի պատասխան մեր հարցի, թե 44-օրյա պատերազմից հետո ստեղծված նոր իրավիճակում ինչ քայլեր են ձեռնարկվում՝ թռիչքների անվտանգությունն ապահովելու համար, նշել էր. «Սյունիքի մարզի օդային տարածքում թռիչքային անվտանգությունն ապահովված է այնպես, ինչպես ՀՀ օդային մյուս տարածքներում»: Երբ անվտանգային ռիսկերի մասին հարցրել էինք կոնցեսիոներ ««Սյունիք» օդանավակայան» ՍՊԸ-ի տնօրեն Կարեն Վարդանյանին, նա ասել էր, որ դրա վերաբերյալ իրավասու չէ անել որեւէ մեկնաբանություն։ Վարդանյանը նաեւ չէր հստակեցրել, թե երբ կգործարկվի օդանավակայանը՝ միայն նշելով, որ այն պատրաստ է շահագործման։  

Պատերազմից հետո թշնամին առաջացել է ընդհուպ մինչեւ Կապան: Այժմ փաստացի միջպետական սահման է ծառայում Ողջի գետը, որի մի ափին օդանավակայանն է, մյուս ափին՝ ադրբեջանական հենակետը:

Լուսանկարի առաջին պլանում երեւում է ռուս սահմանապահների հենակետը, հեռվում՝ ադրբեջանական դիրքը

Չնայած աերոդրոմի հարեւանությամբ ռուս սահմանապահների հենակետ է տեղադրված, մոտակա բլուրներին էլ հայկական ուժերի դիրքերն են, ոչ ոք չի կարող երաշխավորել, որ թշնամին չի գնա ագրեսիայի ու Կապանի աերոդրոմում վայրէջք կամ թռիչք իրականացնող օդանավի վրա չի կրակի: Հեռավորությունը, հիշեցնենք, մի քանի տասնյակ մետր է, ինչը հրաձգային զենքի համար խոցելի տարածություն է:

Թռիչքուղու հարեւանությամբ ռուս սահմանապահների հենակետն է

Նկատենք, որ Երեւան-Կապան երթուղու շահագործման համար «L-410» ինքնաթիռի ընտրությունը ժամանակին Հայաստանում որոշ ավիատորների կողմից քննադատության արժանացավ: Հիմնական փաստարկն այն էր, որ Զանգեզուրի լեռնաշղթան անցնելիս օդանավը խնդիրներ է ունենալու: «Հետքն» իրազեկ աղբյուրից տեղեկացել է, որ օդանավի ամբողջ թռիչքի ու Կապանում վայրէջք կատարելու բոլոր տեխնիկական դետալները ճշգրտված ու կարգավորված էին, հաստատված էր «L-410»-ի համապատասխանությունը Երեւան-Կապան-Երեւան թռիչքներին: Բայց միակ ու առայժմ չլուծված խնդիրը՝ թշնամու հավանական ագրեսիան կամ սադրանքը, վտանգավոր է դարձնում թռիչքների իրականացումը դեպի Կապան եւ հակառակ ուղղությամբ:

Կապանի օդանավակայանի լուսանկարները՝ Հակոբ Պողոսյանի. 15.06.2021

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter