HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Հայաստանի երկնքով ադրբեջանական ու թուրքական օդանավերը Բաքուն ու Գյանջան կապում են Նախիջեւանին

44-օրյա պատերազմից հետո Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ կոմունիկացիոն ապաշրջափակումը օդային երթուղիների մասով իրականություն է դարձել դեռ նախորդ տարվանից, բայց այս դեպքում ապաշրջափակողը Հայաստանն է, իսկ օգտվողը՝ Ադրբեջանն ու Թուրքիան։ Ճիշտ է՝ թղթի վրա Հայաստանն ու Ադրբեջանը, բացի պատերազմական փուլից, միմյանց հանդեպ թռիչքային սահմանափակումներ չեն կիրառել։ Այսինքն՝ թե՛ մեր երկինքն է բաց եղել նրանց համար, թե՛ նրանցը՝ մեզ համար։ Իրականությունը, սակայն, այլ է։

Նախ՝ հայկական փոխադրողները Ադրբեջանի երկնքով թռչելու կարիք մեծ հաշվով չունեն, որովհետեւ դեպի Միջին Ասիա, Սիբիր կամ Հեռավոր Արեւելք չեն թռչում, բայց ահա ՀՀ կառավարական օդանավն, օրինակ, միջինասիական քաղաքներ մեկնելիս կամ վերադառնալիս երբեք չի մտնում Ադրբեջանի երկինք, ինչն անվտանգային առումով ընկալելի է։ Ադրբեջանական ու թուրքական կառավարական բորտերն էլ մեր երկինք չեն մտնում, բայց այդ երկրների ազգային փոխադրողները՝ «AZAL»-ն ու «Turkish Airlines»-ը տարանցիկ (տրանզիտ) թռիչքներ են կատարում Հայաստանի օդով՝ միմյանց կապելով Բաքուն, Նախիջեւանը, Գյանջան, Ստամբուլը։

Հիշեցնենք նաեւ, որ Թուրքիան 2020-ի ամառվանից մինչեւ այս տարվա մարտ փաստացի չէր թույլատրում ՀՀ գրանցում ունեցող օդանավերի մուտքը իր երկինք։ Այս գարնանից Թուրքիայի օդով կրկին թռիչքներ է կատարում ՀՀ կառավարական բորտը, իսկ կոմերցիոն փոխադրողները շարունակում են խոչընդոտների բախվել։   

Օրինակ՝ հայկական «Fly One Armenia» ընկերությունը, որի օդանավերը գրանցված են ոչ թե Հայաստանում, այլ Մոլդովայում, չնայած անարգել կատարում է Երեւան-Ստամբուլ-Երեւան չվերթը, թուրքական ավիացիոն իշխանությունների կողմից պարբերաբար խնդիրների է հանդիպում Թուրքիայի երկնքով տարանցիկ թռիչքներ կատարելիս։ Այսպես՝ մայիս-հունիսին թուրքերը չէին թողնում, որ «Fly One Armenia»-ն իրենց երկնքով Երեւանից թռչի դեպի Ֆրանսիա՝ Փարիզ ու Լիոն։ Հիմա էլ նույն խնդրին է բախվել Երեւան-Բեյրութ-Երեւան չվերթը, որի մեկնարկը տրվեց հունիսի վերջին, բայց շատ շուտով թուրքերը չտրամադրեցին իրենց օդով տարանցում կատարելու հնարավորություն։ Ըստ հայկական ավիաընկերության՝ դեպի Բեյրութ թռիչքներն առկախվել են մինչեւ հուլիսի 21-ը։

Տուրիստական այս սեզոնին հայկական «Fly Arna»-ն էլ, որի օդանավը գրանցված է Հայաստանում, եգիպտական Շարմ էլ Շեյխ եւ Հուրգադա թռչում է՝ Թուրքիան ու Իրաքը շրջացելով, ինչի հետեւանքով երկար կոր է գծում (տես նկարում)։

Եթե նայենք հայկական մեկ այլ փոխադրողի՝ «Ավիակոմպանիա Արմենիայի» դեպի Եգիպտոս չվերթերը, կտեսնենք, որ դրանք մե՛կ շրջանցել են Թուրքիայի երկինքը, մե՛կ տարանցել այն։     

Ինչ վերաբերում է մեր երկնքով երկու ոչ բարեկամ երկրների ավիափոխադրողների տարանցումներին, ապա 2021-ի հոկտեմբերից ադրբեջանական «AZAL»-ի ինքնաթիռները Հայաստանի օդով անարգել կատարում են Բաքու-Նախիջեւան-Բաքու չվերթեր։ Ընդ որում՝ թշնամի պետության օդանավերը 2014-ի նոյեմբերից խուսափում էին թռչել Հայաստանի երկնքով, որովհետեւ այդ տարվա նոյեմբերի 12-ին ակնհայտ ագրեսիա իրականացնելով՝ խոցել էին շփման գոտուց այս կողմ՝ Արցախի երկնքում ուսումնամարզական թռիչք կատարող «Մի-24» ռազմական ուղղաթիռը, որը զինված չէր։ Դրանից հետո ադրբեջանցիները վախենում էին հայկական կողմի պատասխան գործողություններից եւ 7 տարի շարունակ Բաքվից Նախիջեւան էին թռչում միայն Իրանի տարածքով։

Բայց 44-օրյա պատերազմից հետո՝ 2021-ի հոկտեմբերից, ՀՀ իշխանությունների համաձայնությամբ «AZAL»-ի օդանավերը Բաքու-Նախիջեւան-Բաքու չվերթերը կատարում են ոչ միայն Իրանով, այլեւ Հայաստանով (տես նկարում)։ Մեր երկնքով, սակայն, չվերթերն ավելի ձեռնտու են ժամանակի եւ ծախսատարության տեսանկյունից, ինչի մասին հայտարարել են նաեւ ադրբեջանցիները։

Արձանագրել ենք, որ այդ թռիչքները երբեմն անցնում են նաեւ Արցախի օդային տարածքով, մասնավորապես՝ Մարտակերտի շրջանի վրայով։

Հայաստանը չի խոչընդոտել իր օդային տարածքով կատարվող ներադրբեջանական չվերթերը նույնիսկ 2021-ի նոյեմբերին, երբ թշնամին դիմեց հերթական ագրեսիային Սյունիքի մարզի Ծիծեռնաքարի, ինչպես նաեւ Ջերմուկի հատվածներում, ինչը հայկական կողմից հանգեցրեց մարդկային եւ դիրքային կորուստների։

Բաքու-Նախիջեւան-Բաքու չվերթերը Հայաստանի տարածքով իրականացվում են օրական 4 անգամ՝ առավոտյան, կեսօրին մոտ, երեկոյան եւ գիշերը։

Բայց սա ամենը չէ։ Թուրքական ազգային փոխադրող «Turkish Airlines»-ը պարբերաբար իրականացնում է Ստամբուլ-Գյանջա-Նախիջեւան-Ստամբուլ (չվերթի համարը՝ TK 326) եւ Ստամբուլ-Նախիջեւան-Գյանջա-Ստամբուլ (TK 328) չվերթերը, որոնց ընթացքում Նախիջեւան-Գյանջա եւ Գյանջա-Նախիջեւան, ինչպես նաեւ Գյանջա-Ստամբուլ հատվածներն անցնում են Հայաստանի օդով (տես նկարում)։

Ժամանակին մեր երկնքով էր անցնում նաեւ Ստամբուլ-Նախիջեւան թռիչքը, սակայն հիմա «Turkish Airlines»-ի ինքնաթիռները Ստամբուլ-Նախիջեւան եւ Նախիջեւան-Ստամբուլ սեգմենտներն իրականացնում են ոչ թե Հայաստանի միջոցով, այլ թուրք-նախիջեւանյան նեղ սահմանով։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter