HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Վրաստանը պատրաստ է միջնորդ լինել Հայաստանի և Ադրբեջանի միջև. Իրակլի Կոբախիձե

Վրաստանը պատրաստ է միջնորդ լինել՝ կարգավորելու Հայաստանի և Ադրբեջանի միջև սրված հակամարտությունը։ Այդ մասին, Regnum գործակալության փոխանցմամբ, հայտարարել է Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության նախագահ Իրակլի Կոբախիձեն։

«Մենք չափազանց շահագրգռված ենք դրանում և, եթե Վրաստանը կարողանա խաղալ ինչ-որ միջնորդ դեր, մենք ամեն կերպ նպաստելու ենք դրան»,- ասել է վրաց քաղաքական գործիչը։

Հիշեցնենք, որ հուլիսի 17-ին Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում հանդիպեցին Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը։ Հանդիպումից հետո Վրաստանի արտաքին գործերի նախարար Իլյա Դարչիաշվիլին հայտարարել էր, որ հանդիպումը որևէ կոնկրետ արդյունք չի տվել, սակայն ստեղծվել է երկու երկրների նախարարների միջև ուղիղ երկխոսության նախադեպ։ «Կոնկրետ արդյունքների երբեք չեն հասնում բանակցությունների առաջին փուլի արդյունքներով։ Այս դեպքը բացառություն չէ»,- ասել էր Դարչիաշվիլին։

44-օրյա պատերազմից հետո Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին փորձում էր դառնալ Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի միջև բանակցությունների հիմնական միջնորդը, սակայն այդ փորձերը հաջողություն չունեցան։ Հիմնական բանակցություններն ընթանում էին Մոսկվայի և Բրյուսելի հովանու ներքո։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Հակառակորդը կիրառում է նաև ԱԹՍ-ներ: 

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ազգային ժողովի հատուկ նիստի ժամանակ հայտարարել է, որ, վերջին տվյալներով, հայկական կողմն ունի 49 զոհ։ Նա նաև հավելել է, որ այդ թիվը վերջնական չէ։

Ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշել է դիմել Ռուսաստանի Դաշնությանը, ՀԱՊԿ-ին և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին։ Կառավարության փոխանցմամբ՝ համապատասխան դիմումներն արդեն իսկ ուղարկված են։

Իրավիճակի կտրուկ սրումից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը ուշ գիշերը հեռախոսազրույցներ է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի, Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ։ Իր հերթին արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն էլ հեռախոսազրույցներ է ունեցել Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի և ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով օգնական Քերըն Դոնֆրիդի հետ: Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն էլ հեռախոսազրույց էր ունեցել ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հետ։

Լուսանկարը՝ Սպուտնիկ գործակալության վրացական ծառայության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter