
ԵԱՀԿ-ն կոչ է անում չվատնել դիվանագիտական ճանապարհով ձեռք բերված առաջընթացը
Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության լեհական նախագահությունն անդրադարձել է Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակմանը՝ նշելով, որ սահմանին ռազմական գործողությունները պետք է անհապաղ դադարեցվեն։
The escalation of military hostility at the border between Armenia and Azerbaijan needs to cease immediately. The progress achieved on the diplomatic path must not be squandered.
Polish @OSCE Chairmanship remains ready to assist in achieving a lasting solution.#OSCE2022POL
— Polish OSCE Chairmanship 2022 (@PLinOSCE) September 13, 2022
«Հայաստանի և Ադրբեջանի սահմանին ռազմական գործողությունները պետք է անհապաղ դադարեցվեն։ Դիվանագիտական ճանապարհով ձեռք բերված առաջընթացը չպետք է վատնել։ ԵԱՀԿ Լեհաստանի նախագահությունը պատրաստ է նպաստել տևական խաղաղության հաստատմանը»,- ասվում է ԵԱՀԿ Լեհաստանի նախագահության թվիթերյան գրառման մեջ։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Հակառակորդը կիրառում է նաև ԱԹՍ-ներ:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ազգային ժողովի հատուկ նիստի ժամանակ հայտարարել է, որ, վերջին տվյալներով, հայկական կողմն ունի 49 զոհ։ Նա նաև հավելել է, որ այդ թիվը վերջնական չէ։
Ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշել է դիմել Ռուսաստանի Դաշնությանը, ՀԱՊԿ-ին և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին։ Կառավարության փոխանցմամբ՝ համապատասխան դիմումներն արդեն իսկ ուղարկված են։ Ավելի ուշ, հայտնի դարձավ, որ Ֆրանսիան ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստ կհրավիրի եւ կներկայացնի հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակը։
Իրավիճակի կտրուկ սրումից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը ուշ գիշերը հեռախոսազրույցներ է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի, Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ։ Իր հերթին արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն էլ հեռախոսազրույցներ է ունեցել Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի և ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով օգնական Քերըն Դոնֆրիդի հետ: Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն էլ հեռախոսազրույց էր ունեցել ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հետ։
Լուսանկարը՝ ԵԱՀԿ պաշտոնական կայքէջից
Մեկնաբանել