HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Գրիգոր Բեքմեզյան. «Թե՛ Վարդազարյանի, թե՛ Ջհանգիրյանի օրոք ԲԴԽ-ն շատ ավելի անկախ է եղել»

Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) անդամ Գրիգոր Բեքմեզյանը հոկտեմբերի 10-ին հայտնեց լիազորությունները դադարեցնելու իր որոշման մասին։ Երեկ՝ հոկտեմբերի 12-ին, ԲԴԽ-ն որոշել է Բեքմեզյանի` ԲԴԽ անդամի լիազորությունները հոկտեմբերի 11-ից համարել դադարած:

Գրիգոր Բեքմեզյանը «Հետք»-ի հետ զրույցում ասաց, որ մոտ 3 ամիս առաջ սկսած գործընթացները հանգեցրին նրան, որ լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ դիմում գրի:

«Որոշ որոշումներ, որ խորհուրդը կայացնում էր, իմ կարծիքով՝ այդքան էլ օբյեկտիվ չէին: Նման որոշումներ չպետք է կայացվեին: Որոշումներ կային, որ ազդեցության տակ էին կայացվում` որոշ անդամների կողմից: Հիմա չեմ ասի, թե որ որոշումներն են եղել, ինչ ազդեցության տակ են կայացվել, որովհետև, եթե հիմա ասեմ, կխանգարեմ այդ որոշումների վիճարկման գործընթացներին, այդ փուլում են գտնվում»,-ասաց Գրիգոր Բեքմեզյանը:

ԲԴԽ նախկին անդամի խոսքերով` մի քանի գործընկերների հետ այդ ընթացքում փորձել է կանխարգելել, այնպես անել, որ խորհուրդն անկախ գործի՝ օրենքով նախատեսված իր լիազորությունների սահմաններում: Սակայն, շատ դեպքերում հաջողության չեն հասել:

Լիազորությունները դադարեցնելու հայտարարության մեջ խորհրդի անդամը նաև նշել էր, որ «Բարձրագույն դատական խորհուրդն այլևս այն խորհուրդը չէ, որը նախատեսված է Սահմանադրությամբ և Դատական օրենսգրքով»։ Բեքմեզյանից հետաքրքրվեցինք, թե կոնկրետ ինչ նկատի ունի։ 

«Շատերի համար կարող է տարօրինակ թվալ, բայց դա այդպես է. թե՛Վարդազարյանի, թե՛ Ջհանգիրյանի օրոք ԲԴԽ-ն շատ ավելի անկախ է եղել իր որոշումներում, իր մոտեցումներում, քննարկումների ժամանակ անդամների արտահայտած կարծիքներում և այլն: Վերջին 3 ամսում ես այդ անկախության խիստ նվազում եմ նկատել, ինչը հատկապես ինձ համար ակնհայտ դարձավ վերջին մեկ շաբաթվա ընթացքում, ավելի սրվեց»,-ասաց Գ. Բեքմեզյանը:

ԲԴԽ-ում թափուր տեղերի համալրումը Բեքմեզյանին հույս է ներշնչել, թե հավասարակշռություն կլինի ձայների, մոտեցումների հարցում, ինչը հնարավորություն կտա խորհրդի որոշումների վրա ազդեցություն ունենալ:  

«Ցավոք, վերջին մեկ շաբաթվա իրադարձությունները, որոնք հաջորդել են նախորդ ամիսների իրադարձություններին, ինձ համոզեցին, որ որևէ փոփոխություն չկա: Ավելին` ամրապնդվում է իմ կասկածը, որ նման ազդեցությունները շարունակվելու են: Այդ իսկ պատճառով որոշեցի դուրս գալ, շատ փակագծեր չբացելով հանրայնացնել` ազդակ հանդիսանալով խորհրդի անդամների համար, որ իրենք, անկախ ամեն ինչից, լինեն անկախ և չտրվեն ճնշման փորձերին»,-նշեց Գրիգոր Բեքմեզյանը:

ԲԴԽ-ն տարբեր որոշումներ է ընդունում: Եթե խոսքը վերաբերում է դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելուն, ապա խորհրդի հետ համաձայնության չեկած անդամը հատուկ կարծիքով արտահայտում է իր դիրքորոշումը որոշման վերաբերյալ: Այդպիսով հանրությունը տեսնում է, թե ինչ խնդիր կա այդ որոշման մեջ:  Սակայն, կան որոշումներ, որոնք հրապարակման ենթակա չեն, և անդամը չի կարող հատուկ կարծիք գրել, հրապարակայնացնել: Օրինակ՝ դատավորների առաջխաղացման ցուցակներին, թեկնածուներին, ներքին կազմակերպչական հարցերին վերաբերող դեպքերում, ըստ ԲԴԽ նախկին անդամի, խորհրդի՝ սուբյեկտիվ շահագրգռվածություն ունեցող անդամները չեն վախենում այդ որոշումներն ընդունելուց, քանի որ գիտեն, որ դուրս չի գալու խորհրդից:

«Ինչքան էլ դեմ լինես այդ որոշմանը, դու չես կարող դուրս հանել, քանի որ փակ սենյակում, խորհրդակցության արդյունքում կայացված որոշում է: Տեսնելով, որ ես որևէ կերպ չեմ կարողանում ազդել որոշումների կայացման վրա, որոնք, իմ կարծիքով, խիստ վիճահարույց են, ստիպված էի դուրս գալ խորհրդից և այդպես հրապարակայնացնել: Եթե անձը չի վախենում, որ իր կատարած արարքը կհրապարակայնացվի, ինքն այդ սխալը կարող է անընդհատ անել»,-ասաց Գ. Բեքմեզյանը:

Նշեց, որ եղել են դեպքեր, երբ տեսել է, որ ակնհայտ ապօրինի որոշում է կայացնում խորհուրդը, եւ միակ եղանակը այդ որոշումը կանխելու՝ խորհրդի անդամներին «վախեցնելն» է եղել, որ կհրապարակայնացնեն, թե ինչ է արվել: Այդ միջոցով տվյալ որոշումները չեն ընդունվել:

Նշենք, որ այս օրերին մի խումբ դատավորներ հայցադիմումներ են ներկայացնում ԲԴԽ-ի դեմ` առաջխաղացման ցուցակներից դուրս մնալու, այլ դատարաններում դատավոր չնշանակվելու և կամայական որոշումների «զոհ» դառնալու փաստերով: Փոխարենը ԲԴԽ նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Սերգեյ Չիչոյանը, անտեսելով Կառուպցիայի կանխարգելման հանձնաժողովի բացասական եզրակացությունը և Հանրապետության նախագահի առարկությունները, իրավունքի ուժով իր ազգական Ժորա Չիչոյանին այս տարվա սեպտեմբեր ամսին դարձրել էր Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:

Բեքմեզյանից հետաքրքրվեցինք` արդյոք գաղտնի ընթացակարգով կայացված այս որոշումները նկատի ունի:

«Այո, իմ ասած որոշումների մի մասը վերաբերում է նաև այս դեպքերին»,-հավելեց Բեքմեզյանը:

ԲԴԽ նախկին անդամի խոսքով` միշտ փորձել է անձանցից «վերանալ», քանի որ երբ մարդը խորհուրդ գալու որոշում է կայացնում, պետք է լինի անկախ: Թե որքանով է կարողանում այդ անկախությունը պահպանել` ցույց է տալիս ժամանակը, իսկ թե որքանով է ցանկանում այդ անկախությունը պահպանել` որոշումների կայացման գործընթացից է կախված:

«Միշտ ասել եմ, որ իրավաբանը, երբ կուսակցական է կամ կուսակցական է դառնում, չի կարող ամբողջովին օբյեկտիվ լինել: Ճիշտ է, ինքը կարող է լինել իրավաբան, պաշտպանել տարբեր շահեր, բայց երբ մի մարմին ես գնում, որտեղ պարտավոր ես լինել ամբողջապես օբյեկտիվ, կուսակցականությունը խանգարում է»,-ասաց Գրիգոր Բեքմեզյանը` հավելելով, որ դեռ չգիտի` օրեր առաջ ԲԴԽ շարքերը համալրած Կարեն Անդրեասյանն ու Երանուհի Թումանյանցն ինչպես իրենց կդրսևորեն` հաշվի առնելով, որ դադարել են կուսակցական լինել զուտ ԲԴԽ անդամ ընտրվելու համար:

Հիշեցնենք, որ արդարադատութնա նախկին նախարար Կարեն Անդրեասյանը 2022թ. հունվարի 1-ից մինչև սեպտեմբերի 20-ը եղել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Կենտրոն վարչական շրջանի տարածքային խորհրդի նախագահ: Սա ցույց է տալիս իր սերտ կապը իշխող կուսակցության հետ: Ճիշտ է, իր նոր կարգավիճակում նա քաղաքականությամբ զբաղվելու իրավունք չունի, սակայն նրա կուսակցական անցյալն անհերքելի փաստ է: 

Անդրեասյանը և արդարադատութնա նախարարի տեղակալ Երանուհի Թումանյանցը հոկտեմբերի 6-ին Ազգային ժողովի կողմից ընտրվեցին ԲԴԽ անդամ, իսկ մեկ օր անց Անդրեասյանը ԲԴԽ անդամների գաղտնի քվեարկությամբ ընտրվեց խորհրդի նախագահի պաշտոնում:

Անդրեասյանի` ԲԴԽ նախագահի պաշտոնում ընտրվելուց հետո Գրիգոր Բեքմեզյանը չի նկատել, որ խորհրդի անդամներն իրենց որոշումների մեջ անկախ են դարձել: Գ. Բեքմեզյանին հարցրինք` Կարեն Անդրեասյանի ընտրությունից քիչ ժամանակ է անցել, ինչի՞ց ենթադրեց, որ խորհուրդն այլեւս իր պատկերացրածը չէ:

«Եթե դու ունես սպասելիքներ, ցավոք սրտի, ունես կանխատեսումներ, որ շատ հնարավոր է՝ քո սպասելիքները չարդարանան, կարճ ժամանակը բավական է՝ հասկանալու համար, թե ինչ է կատարվում և ինչ է կատարվելու: Որոշակի հանգամանքներ, որոնց մասին կարող եք իմանալ այլ աղբյուրներից, հուշեցին ինձ, որ իմ սպասելիքները չեն արդարանալու, նույնիսկ ավելի խորանալու են»,- հավելեց Գ. Բեքմեզյանը:

Նշենք, որ ԲԴԽ-ում դատավորներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու գործերի մեծ մասը քննվել է արդարադատութան նախարար Կարեն Անդրեասյանի միջնորդությունների հիման վրա: Նախարարի բերած միջնորդությունները մեծամասամբ մերժվել են, քանի որ, ըստ ԲԴԽ-ի, հիմնավոր չեն եղել: Գրիգոր Բեքմեզյանից հետաքրքրվեցինք` այժմ, երբ Կարեն Անդրեսյանն արդեն ԲԴԽ նախագահ է, այդ հանգամանքն ի՞նչ ազդեցություն կունենա խորհրդի անկախության վրա:

«Ես հույս ունեմ, որ ազդեցություն չի ունենա, բայց այդ հարցում լավատես չեմ»,-պատասխանեց Բեքմեզյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter