HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լիանա Սայադյան

Հայաստանը պետք է միջազգայնացնի սահմանի խախտման եւ գերիների հետ կապված դեպքերը. Անն Լույո

«Հետքը» զրուցել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Անն Լույոյի հետ

Տիկին դեսպան, վերջին շաբաթներին ֆրանսիական մեդիայում եւ քաղաքական հարթակներում լրագրողները, մտավորականները, քաղաքական գործիչները ահազանգ են հնչեցնում հայերի բնաջնջման վտանգի, Հայաստանի՝ քարտեզից անհետանալու սպառնալիքի մասին՝ ասելով, որ պետք է գործել այսօր, վաղը կարող է ուշ լինել։ Մեր երկրի վիճակն օրհասակա՞ն է։

Կարծում եմ, որ իրավիճակն իսկապես մտահոգիչ է, արձանագրում եմ, որ 2020 թ.-ի պատերազմից հետո մի շարք ներխուժումներ են տեղի ունեցել Ադրբեջանի կողմից Հայաստանի սուվերեն տարածք. 2021-ի մայիսին, 2021-ի նոյեմբերին և վերջերս՝ 2022-ի սեպտեմբերի 13-ին և 14-ին: Ինչ վերաբերում է մեզ, Ֆրանսիան միշտ դատապարտել է Հայաստանի սուվերեն տարածքում նման ներխուժումները, և կարծում եմ, որ մենք շատ ակտիվ ենք եղել միջազգային ատյաններում այս ծայրահեղ կարևոր թեմայի վրա ուշադրություն հրավիրելու գործում:

Ֆրանսիան, որը սեպտեմբերին նախագահում էր ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդը, ԱԽ երկու նիստ գումարեց: Մենք մեր մտահոգությունն ենք հայտնել Անվտանգության խորհրդի մյուս անդամներին: Ընդգծեմ, որ այդ քայլին մեծապես աջակցել է նաև ԱՄՆ-ը, որը, բնականաբար, ևս ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի շատ կարևոր անդամ է: Բացի այդ, ինչպես գիտեք, նախագահ Մակրոնը հանդիպման հրավիրեց նախագահ Ալիևին, վարչապետ Փաշինյանին և, բնականաբար, ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելին՝ Պրահայում Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակներում: Եվ այդ հանդիպման ընթացքում մի հայտարարություն ընդունվեց, որն ինձ շատ կարևոր է թվում Հայաստանի անվտանգության համար, քանի որ դրանում խոսք կա Ալմա Աթայի հռչակագրի ճանաչման մասին, որն, ի դեպ, միանգամայն պաշտոնական կերպով ճանաչում է երկու տարածքների սուվերենությունը՝ Հայաստանի տարածքի սուվերենությունը, Ադրբեջանի տարածքի սուվերենությունը, և երկու հանրապետությունների միջև սահմանի միջազգային բնույթը: Սա շատ կարևոր կետ է: Բացի այդ, Պրահայի հայտարարությունը հաստատում է ԵՄ առաքելության իրականացումը, որը շատ կարևոր քայլ է, ըստ իս, և որի իրականացումը ցանկալի էր համարվում և՛ Ֆրանսաիայի, և՛ ԵՄ կողմից: Առաքելությունն արդեն սկսել է ժամանել, նախապատրաստական աշխատանքներ տանող թիմի մի մասն արդեն այստեղ է: Ինչպես գիտեք, այդ նախապատրաստական առաքելության անդամներն արդեն հանդիպումներ են ունեցել հայկական իշխանությունների հետ, և, բնականաբար, մենք լիովին աջակցում ենք ԵՄ այդ առաքելությանը:

Վերջերս Ֆրանսիայի նախագահի խորհրդական տիկին Իզաբել Դյումոնը և Մինսկի խմբի համանախագահ և Հարավային Կովկասի հարցերով հատուկ բանագնաց պարոն Բրիս Ռոքֆոյը այցելեցին Երևան և Բաքու՝ նպաստելու Պրահայում ընդունված որոշումների իրականացմանը:

Այնպես որ, այո, կարծում ենք, որ Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության խախտումը լուրջ թեմա է, և այո, մենք գործում ենք՝ երաշխավորելու համար Հայաստանի անվտանգությունը, միջազգային բոլոր հարթակներում, որոնց մաս ենք կազմում, մասնավորապես՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում և Եվրամիությունում:

Կարո՞ղ է այդ առաքելությունը կանխել ադրբեջանական ագրեսիան Հայաստանի նկատմամբ։ Որո՞նք են դրա գործառույթները, ինչպե՞ս կարող է այն աջակցել՝ երաշխավորելու եւ վերականգնելու Հայաստանի ինքնիշխանությունը:

Այս թեմայով ավելի շատ տեղեկատվություն ստանալու համար ձեզ խորհուրդ եմ տալիս դիմել ԵՄ պատվիրակությանը, քանի որ դա  ֆրանսիական առաքելություն չէ, այլ ԵՄ առաքելություն, որին մենք աջակցում ենք: Կարծում եմ, որ ԵՄ պատվիրակությունը Հայաստանում, ինչպես նաև Շառլ Միշելը և Ժոզեպ Բորելը շատ հստակ բացատրել են այդ առաքելության մանդատը: Հիշեցնեմ, որ համաձայն նրանց խոսքերի՝ առաքելությունը մի քանի նպատակ ունի: Առաջին հերթին՝ նպաստել երկու երկրների միջև վստահության ամրապնդմանը: Երկրորդ՝ նպաստել սահմանին անվտանգության վերականգնմանը: Եվ, վերջապես, աջակցել սահմանի դելիմիտացիայի հարցերովհանձնաժողովների աշխատանքներին: Այլ կերպ ասած, նպատակն է արձանագրել սահմանին տիրող իրավիճակը՝ տարածքային սուվերենության առումով: Իսկ թե կոնկրետ ինչպես են դա անելու, խորհուրդ եմ տալիս ճշտել ԵՄ ներկայացուցիչների հետ:

Նախորդ տարվա մայիսից, երբ Ադրբեջանը ներխուժեց Հայաստանի տարածք, Ֆրանսիան եւ ԵՄ-ն դատապարտում ու կոչ են անում Ադրբեջանին զորքերը հետ քաշել ելման դիրքեր։ Եթե Ադրբեջանը դուրս չբերի զորքերը, Ֆրանսիան եւ ԵՄ-ն պատժամիջոցներ կկիրառե՞ն Ադրբեջանի նկատմամբ, ինչպես Ուկրաինայի տարածք ներխուժած Ռուսաստանի պարագայում։ 

Կարծում եմ, որ արդեն իսկ շատ կարևոր քայլ են կատարել՝ վերոհիշյալ քաղաքացիական առաքելությունը կազմակերպելով: Այդ քաղաքացիական առաքելությունը թույլ կտա արձանագրել, թե ինչպիսին է կոնկրետ իրավիճակը սահմաններին, և կարծում եմ, որ սա կարևոր կետ է: Այդ իրավիճակի արձանագրումից հետո կտեսնենք, թե ինչ կերպ կարելի է օգտագործել ԵՄ առաքելության հավաքագրած տեղեկատվությունը՝ Ադրբեջանի հետ հարաբերություններում: Բայց պետք չէ առաջ ընկնել: Նախ և առաջ պետք է, որ այդ առաքելությունը կարողանա գործել, էական տեղեկություններ հավաքել սահմանին տիրող ճշգրիտ իրավիճակի մասին, և երբ մենք կունենանք այդ տարրերը, որոնք հավաքագրված կլինեն անկողմնակալ առաքելության կողմից, այդ տեղեկատվության հիման վրա կտեսնենք, թե որն է լինելու հաջորդ փուլը:

Նախագահ Մակրոնը բազմիցս հայտարարել է, որ ԼՂ հարցը լուծված չէ, բայց մյուս կողմից՝ ԱԳ նախարարների մակարդակով ասվել է, որ Ֆրանսիան չի ճանաչի Արցախի անկախությունը։ Արցախի հարցի ի՞նչ լուծում է առաջարկում կամ պատկերացնում 30 տարի Մինսկի խումբը համանախագահող Ֆրանսիան։

Ֆրանսիան մշտապես մնում է ներգրավված և պատրաստակամ՝ վերսկսելու Մինսկի խմբի շրջանակներում իր գործունեությունը: Ներկայում պայմանները նպաստավոր չեն, սակայն Ֆրանսիան շարունակում է հետաքրքրված մնալ իրավիճակով, ԵԱՀԿ ՄԽ համանախագահ և Հարավային Կովկասի հարցերով հատուկ բանագնաց Բրիս Ռոքֆոյը բոլորովին վերջերս՝ անցյալ շաբաթ, Երևանում էր, ինչը վկայում է այն մասին, որ մենք շարունակում ենք մտահոգ և հետաքրքրված մնալ այդ խնդրով: Մեր առաջնահերթությունը, բնականաբար, այդ տարածքի բնակիչների անվտանգությունն է, և մենք ցանկանում ենք, որ վերջիններս կարողանան իրականացնել իրենց իրավունքները և ունենան անվտանգության երաշխիքներ: Մենք մտածում ենք այդ ուղղությամբ այլ երկրների հետ միասին, որոնք ներգրավված են այս շատ կարևոր հարցում, և շարունակում ենք երկխոսել հայկական իշխանությունների հետ այդ թեմայով: Ավելին չեմ կարող ասել, որովհետև այդ հարցի պատասխանատուն ես չեմ, այլ դեսպան Բրիս Ռոքֆոյը:

Արդյոք տեսնու՞մ եք հնարավորություն՝ համագործակցելու Մինսկի խմբի մյուս անդամների հետ, մասնավորապես՝ Ռուսաստանի, հաշվի առնելով Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի՝ Ռուսաստանին ուղղված վերջին մեղադրանքները, համաձայն որոնց՝ Ռուսաստանը բացասական դեր է խաղացել 2020 թ.-ի պատերազմում։

Հենց նոր ասացի, որ Ֆրանսիան միշտ պատրաստ է երկխոսության, եթե խոսքը խաղաղության և կայունության մասին է: Իսկ այդ հարցը կարող եք Ռուսաստանին ուղղել:

Ի՞նչ լծակներ է գործադրում ԵՄ-ն Բաքվում գտնվող հայ ռազմագերիներին վերադարձնելու համար։

Այս թեման բարձրացվել է ամեն անգամ, երբ մենք հանդիպումներ ենք կազմակերպել երկու երկրների ղեկավարների, այսինքն՝ նախագահ Ալիևի և վարչապետ Փաշինյանի հետ: Ի դեպ, որոշ ռազմագերիների ազատ արձակումներ են եղել այդ երկխոսությունների արդյունքում՝ կազմակերպված ԵՄ մակարդակով կամ Փարիզի կողմից: Անցյալ տարվա ընթացքում ռազմագերիներ են ազատ արձակվել պարբերաբար, այս տարի ևս՝ փետրվարին Փարիզում կայացած հանդիպման արդյունքում: Այսինքն՝ մենք շարունակում ենք երկխոսությունը և մեծ ուշադրություն ենք դարձնում դրան: Մենք հիրավի համարում ենք, որ Ադրբեջանը պետք է ազատ արձակի դեռևս Ադրբեջանում գտնվող հայ ռազմագերիներին և այլ պահվող անձանց և շարունակում ենք մեր գործողություններն այդ ուղղությամբ, մյուս բոլոր դերակատարների հետ միասին, մասնավորապես ԵՄ-ի, որը նույնպես այդ նպատակն է հետապնդում, ինչպես նաև ԿԽՄԿ-ի հետ, որն ակտիվ գործունեություն է ծավալում ռազմագերիների վերադարձի նպատակով: Ուստի կարող եմ ասել, որ մենք շարունակում ենք շատ ակտիվ մնալ այս առումով:

Դուք լավատե՞ս եք այս հարցում:

Մենք շարունակում ենք երկխոսությունը: Ավելին չեմ կարող ասել: Այս առումով ևս, ես անմիջականորեն չեմ հետևում այս խնդրին, բայց կարող եմ ասել, որ մենք հույսը չենք կորցնում: Եվ արձանագրում ենք, որ բարի կամքի դրսևորումներ են եղել՝ ռամագերիների ազատ արձակումով: Բնականաբար, ցանկանում ենք, որ դրանք ավելի հաճախակի լինեն և ավելի բազմաքանակ, բայց արձանագրում ենք, որ գերիների վերադարձեր եղել են, ինչը նշանակում է, որ երկխոսությունը կարող է արդյունքներ տալ:

Ֆրանսիան ցնցվել էր հայ գերիների գնդակահարության տեսանյութից, որ հայտնվեց համացանցում հոկտեմբերի սկզբին։ Պաշտոնական Փարիզը պահանջեց հետաքննություն անցկացնել։ Ադրբեջանում հնարավո՞ր է անաչառ քննություն։ 

Ես չէ, որ պետք է իմ կարծիքն արտահայտեմ Ադրբեջանում տեղի ունեցողի վերաբերյալ: Ես Ֆրանսիայի դեսպանն եմ այստեղ՝ Երևանում, ուստի չեմ արտահայտվի Ադրբեջանի կառավարության կամ այդ երկրում տեղի ունեցողի մասին: Սակայն կարող եմ ասել, որ կարող է լինել միջազգային հետաքննություն, և ի դեպ, դա հայկական իշխանությունների և, մասնավորապես, Մարդու իրավունքների պաշտպանի ընտրությունն էր, որն այդ դեպքը ներկայացրեց միջազգային կազմակերպություններին, և մենք կարծում ենք, որ դա ճիշտ գործելակերպ է: Մենք համարում ենք, որ պետք է ներկայացնել այդ իրավիճակը անկախ հետաքննություն իրականացնող միջազգային ատյաններին, որոնք կպարզեն՝ արդյոք, իսկապես, այստեղ առկա է պատերազմական հանցագործություն, թե ոչ: Կարծում եմ, որ ընդհանուր առմամբ, սա վերաբերում է նաև սահմաններին և այլ հարցերին, պետք է միջազգայնացնել այս խնդիրները, որոնք, բնականաբար, շատ լուրջ խնդիրներ են, և դա լավագույն ձևն է՝ լուծումներ գտնելու:

Առաջընթաց կա՞ ՅՈՒՆԵՍԿՕ-ի առաքելություն Արցախ ուղարկելու հարցում՝ Ադրբեջանի գրաված տարածքներում հայկական մշակութային ժառանգությունը պահպանելու համար միջոցներ ձեռնարկելու նպատակով։ Հայտնի է, որ Ադրբեջանը շարունակում է խոչընդոտել նման առաքելության այցին:

Ֆրանսիան շարունակում է մեծապես ներգրավված և պատրաստակամ մնալ այդ հարցում: ՅՈՒՆԵՍԿՕ-ն միջազգային կազմակերպություն է, ուստի առաքելությունը պետք է սահմանվի ըստ վերջինիս կանոնների: Մենք շատ դրական ենք տրամադրված այդ առաքելությանը, որը երկու երկրներ էլ կայցելեր, ինչն, անկասկած, գործելու լավագույն և ամենաարդար ձևը կլիներ: Սա այն ամենն է, ինչ կարող եմ ձեզ ասել: Ես չեմ կարող արտահայտվել ո’չ ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի անունից, ո’չ էլ ՅՈՒՆԵՍԿՕ-ի մյուս անդամ պետությունների անունից: Այդ որոշումը պետք է կայացվի միջազգային կազմակերպության ներսում և անդամների միջև կոնսենսուսի հիման վրա: Բայց ինչ վերաբերում է Ֆրանսիային, բնականաբար, մենք մեծապես դրական ենք տրամադրված, որ նման առաքելություն կարողանա այցելել երկու երկրներ:

Հայաստան-Ֆրանսիա դիվանագիտական հարաբերությունների 30-ամյակն է այս տարի, ինչո՞վ այն նշանավորվեց, եւ ո՞ր ուղղությունները պիտի զարգանան գալիք տասնամյակներին։

Արդեն իսկ շատ լավ հարաբերություններ ունենք: Քաղաքական հարաբերությունները գերազանց են: Ինչպես ասացի, Ֆրանսիան աջակցում է Հայաստանին խաղաղության հաստատման, հարևանների հետ կապուղիների բացման և տնտեսական զարգացման ձգտումներին: Ֆրանսիան աջակցում է այդ նպատակով Հայաստանի կառավարության գործադրած ջանքերին: Մեր երկկողմանի հարաբերություններում ունենք լավ քաղաքական հարաբերություններ և ցանկանում ենք զարգացնել տնտեսական հարաբերությունները: Այդ իսկ նպատակով 2021 թ.-ի դեկտեմբերին ընդունել ենք տնտեսական բնագավառում ճանապարհային քարտեզ: Ֆրանսիայի նախագահը՝ Հայաստանի վարչապետի հետ միասին հանդես եկան «Հավակնություններ՝ Հայաստան-Ֆրանսիա» խորագրով մեծ համաժողովի շրջանակներում, այս տարվա մարտ ամսին, որի նպատակն էր համախմբել Հայաստանի և Ֆրանսիայի միջև հարաբերություններով հետաքրքրված բոլոր ֆրանսիացի դերակատարներին, այսինքն՝ տարբեր պետական մարմիններ, նախարարություններ, Ֆրանսիայի տեղական իշխանություններ, հասարակական կազմակերպություններ և ձեռնարկություններ: Նպատակն էր փորձել աշխուժացնել և ամրապնդել տնտեսական հարաբերությունները: Ես ինքս հստակ նպատակ ունեմ՝ շարունակել աշխատել այդ ուղղությամբ: Մենք աջակցելու ենք հայ-ֆրանսիական տնտեսական ֆորումի ծրագրին, որը տեղի կունենա հաջորդ տարի Փարիզում, և հուսով եմ, որ կկարողանանք մեծացնել Հայաստանում ներդրումներով հետաքրքրված ֆրանսիական ձեռնարկությունների թիվը, ինչպես նաև՝ նպաստել Հայաստանի զարգացմանը: Ի դեպ, Հայաստանի կառավարությանը խրախուսում ենք պատվիրակություններ ուղարկել Ֆրանսիա՝ ֆրանսիական կազմակերպություններին բացատրելու, թե ինչ հնարավորություններ են առկա Հայաստանում:

ԵՄ ներգրավվածությունը Հայաստանում՝ աջակցության հավակնոտ ծրագրի միջոցով, ևս մի բաղադրիչ է, որը կարող է նպաստել տնտեսական ոլորտում ֆրանս-հայկական երկկողմանի հարաբերությունների աշխուժացմանը: Այսպիսով, տնտեսական հարաբերությունների ամրապնդումը շատ կարևոր նպատակ է:

Մեկ այլ նպատակ, որ ես հետապնդում եմ՝ ամրապնդել մեր համագործակցությունը կրթական և մշակութային բնագավառներում: Կրթական բնագավառում ցանկանում ենք զարկ տալ ֆրանկոֆոնիային: Դա իմ առաջնայնություններից մեկն է: Մենք արդեն իսկ աշխատում ենք ֆրանսերեն դասավանդողների ուսուցման շրջանակներում, սակայն ցանկանում ենք ընդլայնել մեր գործողությունները և մի շարք առաջարկություններ ենք ներկայացրել Կրթության նախարարությանը: Հուսով ենք, որ կկարողանանք աշխատել նախարարության հետ՝ ամրապնդելու համար ֆրանկոֆոնիան Հայաստանում: Հայաստանը Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության անդամ է, նույնիսկ նախագահողն է այս պահին, ուստի ես շատ եմ կարևորում այս թեման և հուսով եմ, որ առաջընթաց կունենանք՝ Հայաստանի կառավարության, բայց նաև այլ ֆրանկոֆոն երկրների հետ համատեղ: Կրթության նախարարությունը վերջերս ֆրանկոֆոնիայի կոմիտե է ստեղծել, և կարծում եմ, որ սա շատ լավ որոշում է՝ միավորել ֆրանկոֆոնիայի բոլոր դերակատարներին, դեսպանություններին, բայց նաև ֆրանկոֆոնիայով հետաքրքրված տարբեր կազմակերպությունների: Կարծում եմ, որ սա շատ դրական քայլ է, և կցանկանայի, որ կարողանանք կոնկրետ գործողություններ մշակել այս տարի և հաջորդ տարվա ընթացքում, կոնկրետ արդյունքներ ունենալ առաջիկա ամիսներին: Կրթական ոլորտում մեկ այլ նպատակ է նաև հարաբերություններ զարգացնել հայկական և ֆրանսիական համալսարանների միջև, ինչպես նաև մասնագիտական կրթության ոլորտում համագործակցությունը, որը նույնպես շատ կարևոր ճյուղ է: Դրա համար մի հրաշալի գործիք ունենք, որը Հայաստանում ֆրանսիական համալսարանն է, որն արդեն իսկ շատ կարևոր ծրագիր ունի և անկասկած է’լ ավելի կընդլայնի իր գործունեությունը առաջիկա ամսիներին։ Իհարկե, դեսպանությունը կաջակցի նրանց այդ հարցում: Ինչ վերաբերում է մշակույթին, սա ևս իմ առաջնայնություններից մեկն է, այսինքն՝ ամրապնդել երկու երկրների միջև մշակութային հարաբերությունները: Անկասկած գիտեք, որ Ֆրանսիայի նախագահի ցանկության համաձայն՝ Հայաստանում ստեղծվեց Ֆրանսիական ինստիտուտը, առայժմ միայն ֆորմալ առումով, այսինքն՝ գոյություն ունի միայն թղթի վրա, սակայն արդեն իսկ սկսել է թիմ ձևավորվել, և առաջիկա ամիսներին կմշակվի վերջինիս ծրագիրը՝ ֆրանսերենի դասավանդման և մշակությաին միջոցառումների իրականացման համար: 2023-ին պետք է որ արդեն ունենանք գործող ֆրանսիական ինստիտուտ Հայաստանում, և ես շատ ուրախ եմ այդ առիթով:

Երբ Ֆրանսիան ասում է, որ Հայաստանի կողքին է, հայ ժողովուրդը քաղաքական եւ դիվանագիտական աջակցությունից բացի ակնկալում է նաեւ ռազմական համագործակցություն։ Արդյոք նախանշվում է ռազմական օգնություն կամ համագործակցություն։

Պաշտպանության ոլորտում արդեն իսկ կա համագործակցություն Հայաստանի եւ Ֆրանսիայի միջեւ՝ մասնավորապես վերապատրաստումների առումով։ Կա Հայաստանի կառավարության խնդրանքը՝ խորացնել եւ ընդլայնել այդ համագործակցությունը, ինչի համար էլ Հայաստանի պաշտպանության նախարարն այցելեց Ֆրանսիա, եւ հուսով եմ դա կհանգեցնի երկու նախարարությունների միջև երկխոսության ընդլայնմանը։

Դուք Հայաստանում դեսպան նշանակվեցիք 2021-ի օգոստոսի վերջին։ Ինչպե՞ս կամփոփեք ձեր դիվանագիտական ծառայության մեկ տարին Հայաստանում։

Ֆրանսիացի դիվանագետի համար սա շատ առանձնահատուկ նշանակում է, նման չէ ոչ մի ուրիշ երկրի, որովհետեւ Ֆրանսիան շատ բարենպաստ կերպով է ընկալվում այստեղ, ինձ շատ լավ են ընդունել Հայաստանում՝ թե իշխանությունները՝ կենտրոնական եւ տեղական, թե հասարակ մարդիկ՝ դպրոցներում, մշակութային հաստատություններում, ձեռնարկություններում, Ամենուր ինձ շատ ջերմ են ընդունել՝ հայկական հյուրընկալությամբ։ Դա եւս մեկ անգամ նշանավորում է Հայաստանի հարաբերությունները Ֆրանսիայի հետ։ Այս մեկ տարին նշանավորվում է նաեւ դրանով՝ երկկողմ գերազանց հարաբերություններով։ Բայց տարին նաեւ լի էր Հայաստանի համար անվտանգային բազմաթիվ մարտահրավերներով, նաեւ՝ ուկրաինական պատերազմի հետեւանքներով, որոնք ակնայտորեն զգացվում են այստեղ եւ նպաստում են տարածաշրջանային իրավիճակի լարմանը։ Ես կենտրոնացած էի այդ անվտանգային մարտահրավերների վրա, չնայած Ֆրանսիայի նախագահն այնքան կարիք չունի այստեղ իր դեսպանի, քանի որ ինքն անձամբ շատ ուշադիր է եւ հետեւում է այն ամենին, ինչ տեղի է ունենում այստեղ եւ միշտ ցանկանում է օգնել Հայաստանին խաղաղության հաստատմանն ուղղված իր ջանքերում։ Երրորդ բանը, որ կմտապահեմ իմ այս մեկ տարվա պաշտոնավարումից՝ հայ ժողովրդի կենսունակությունն է։ Այս ժողովրդին հաջողվել է վերապրել հազարամյակներ՝ չնայած այն տառապանքներին, որոնք նա կրել է պատմության ընթացքում։ Սա մի ժողովուրդ է, որն ունի այնպիսի լեզու, մշակույթ, անձնական հատկանիշներ, որոնք թույլ են տվել նրան հաղթահարել պատմության այդ մեծ դժվարությունները։ Եվ ես համոզված եմ, որ Հայաստանը կվերապրի, եւ կվերապրի որպես Ֆրանսիայի բարեկամ։

Ի դեպ, պատմաբանները զուգահեռներ են անցկացնում 20-րդ դարասկզբի եւ այսօր ստեղծված իրավիճակի միջեւ։

Հիրավի, մի տեսակ «ցնցում», երկրաշարժ է տեղի ունեցել։ Աշխարհաքաղաքական իրավիճակի վերանախագծում է տեղի ունենում, որը վտանգավոր է տարածաշրջանի եւ աշխարհի կայունության համար։ Ճիշտ է, որ այս տարածաշրջանի վրա առանձնահատուկ կերպով է ազդում այս մեծ աշխարհաքաղաքական ցնցումը։ Եվ դա, անշուշտ, կարող է հիշեցնել երեսունականների (1930-ական թթ.-խմբ) իրադարձությունները։ Հուսով եմ, որ պատասխանատու անձինք բավարար ողջամտություն կունենան, որպեսզի այս անկայունությունը չհատի այն սահմանները, որոնք աղետալի կլինեն աշխարհի եւ, մասնավորապես, այս տարածաշրջանի համար։

Ամփոփելու համար՝ «ռեալ պոլիտիկի» տեսանկյունից ինչ է նշանակում լինել Հայաստանի կողքին։

Այն ամենն, ինչ ասացի՝ ամրապնդել երկկողմ հարաբերությունները, նպաստել տարածաշրջանի կայունությանն ու զարգացմանը, ամենուր՝ ուր կարող ենք, նկատի ունեմ միջազգային կառույցներում, գործել՝ հանուն Հայաստանի անվտանգության բարելավման։

Լուսանկարները՝ Անի Սարգսյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter