HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Կրեմլը դեռևս չի հաստատում հոկտեմբերի 31-ին Փաշինյան-Ալիև-Պուտին հնարավոր հանդիպումը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի եռակողմ հանդիպումը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ նախապատրաստվում է, ժամանակի և տեղի վերաբերյալ տեղեկատվությունը կտարածվի ավելի ուշ։ Այս մասին այսօր ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

Այսօր ավելի վաղ ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը լրագրողներին հայտնել էր, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 31-ին կարող է մեկնել Սոչի՝ Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների հետ եռակողմ հանդիպմանը մասնակցելու համար։

«Մենք արդեն ասել ենք, որ եռակողմ այդպիսի հանդիպում նախապատրաստվում է։ Մենք հույս ունենք, որ այն կկայանա։ Տեղի և ժամանակի վերաբերյալ մենք ձեզ լրացուցիչ իր ժամանակին կտեղեկացնենք»,- ասել է Պեսկովը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք հոկտեմբերի 31-ին նախապատրաստվում է Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի առաջնորդների եռակողմ հանդիպում։

Նախօրեին ևս Պեսկովը որևէ հստակ բան չէր նշել եռակողմ հանդիպման ժամկետների հետ կապված:

Ավելի վաղ, ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել էր, որ Պուտինը Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդներին հրավիրել է Ռուսաստան՝ մասնակցելու եռակողմ հերթական գագաթնաժողովին, որպեսզի քննարկի եռակողմ և երկկողմ հարցերի ողջ համալիրը։

Այս ձևաչափով եռակողմ վերջին հանդիպումը կայացել էր 2021 թվականի նոյեմբերին Սոչիում։ Այն տեղի էր ունենում Սյունիքում ակտիվ ռազմական գործողություններից հետո, երբ կողմերը սկսել էին կիրառել հրետանի և զրահատեխնիկա։ Սոչիում տեղի ունեցած հանդիպումից հետո կողմերը հայտարարել էին, որ սկսում են հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման ու սահմանագծման աշխատանքներ։

Նոյեմբերին Փաշինյանը և Ալիևը եռակողմ հանդիպում կունենան նաև Բրյուսելում, այս անգամ արդեն Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ։ Այդ պայմանավորվածությունը ձեռք էր բերվել այս տարվա հոկտեմբերի 6-ին Պրահայում ընթացող Եվրոպական քաղաքական համայնքի առաջին գագաթնաժողովի ժամանակ։ Պրահայի հանդիպումից հետո Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հույս էր հայտնել, որ «կողմերը մոտենում են խաղաղությանը»։

«Հուսով եմ, որ աստիճանաբար մոտենում ենք խաղաղությանը։ Ես գնահատում եմ այս ոլորտում Շառլ Միշելի աշխատանքը։ Որովհետև, ինչպես հայտնի է, Բրյուսելում մի քանի անգամ կայացել են եռակողմ հանդիպումներ, և ամեն անգամ մենք մոտ ենք խաղաղությանը»,- ասել էր Ալիևը։

Լուսանկարը՝ Sputnik, Kremlin Pool Photo via AP

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter