HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Համընդհանուր հայտարարագրում. հիմնական դրույթները՝ դեռևս բազմաթիվ հարցականներով

Հայաստանի կառավարությունը համընդհանուր հայտարարագրման մշակույթ է ուզում ներդնել Հայաստանում։ Այդ փորձը արդեն կա բազմաթիվ երկրներում։

Հայտարարագրումը ենթադրում է, որ արդեն երեք տարի անց՝ փուլ առ փուլ, Հայաստանի բոլոր կամ միայն չափահաս քաղաքացիները պետք է տարեկան մեկ անգամ հարկային մարմին օնլայն հաշվետվություն ներկայացնեն, թե նախորդ տարում որքան եկամուտ են ստացել և որքան հարկ են վճարել։ Դրա դիմաց «սոցիալական կոնֆետներ» են տրվում՝ վճարված հարկերի մի մասը հետ կգա քաղաքացուն, եթե նա կցանկանա դրանք օգտագործել առողջապահական, կրթական և բնակարանային ապահովության հարցեր լուծելու համար։

Ֆինանսների նախարարությունն արդեն շրջանառության մեջ է դրել նախագիծը, սակայն կան բազմաթիվ հարցեր, որոնց պատասխանները նախարարությունը ևս այսօր չունի։ Ասում են՝ դեռ ժամանակ է հարկավոր քննարկումների ու նոր լուծումների համար։ 

«Ոչ ոք չի ակնկալում, որ մեկ-երկու տարվա ընթացքում այս համակարգը իդեալական գործարկվելու է: Զարգացած երկրների փորձն անգամ ցույց է տալիս, որ ժամանակ է հարկավոր»,- «Հետքի» հետ զրույցում ասում է Ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանը։

Այս հոդվածում ամփոփել ենք համընդհանուր հայտարարագրման համակարգի գլխավոր դրույթները, դրա հետ կապված ծրագրերը և այն հարցերը, որոնք դեռևս հստակ պատասխաններ չունեն։ 

Ովքե՞ր և երբվանի՞ց են լրացնելու հայտարարագիրը

Կառավարությունն առաջարկում է համընդհանուր հայտարարագրման համակարգը ներդնել փուլերով՝ երեք տարում։  2023 թվականը կլինի առաջին հաշվետու տարին։ Այդ տարվա իրենց եկամուտների մասին մինչև 2024 թվականի ապրիլի 20-ը հայտարարագիր կներկայացնեն.

  •  Պետական հատվածում աշխատող անձինք
  • Նոտարները
  •  Հայաստանի ռեզիդենտ հանդիսացող այն քաղաքացիները, որոնք 2023 թվականի ընթացքում փայ կամ բաժնեմաս են ունեցել այնպիսի կազմակերպությունում, որը 2022 թվականի ընթացում  ունեցել է 1 մլրդ դրամ և ավելի շրջանառություն։ Այս դեպքում բաժնեմասի կամ փայի չափը կապ չունի։
  •  Հայաստանի այն քաղաքացիները, որոնք 2023 թվականի ընթացքում ստացել են 20 միլիոն դրամի չափով կամ ավելի փոխառություն
  • Քաղաքացիները, որոնք «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված իրական շահառու են համարվում
  • Այն քաղաքացիները, որոնք օգտվում են եկամտային հարկի վերադարձման համակարգից։ Եկամտային հարկը նրանց է վերադարձվում հիփոթեքային վարկի շրջանակներում 
  • Հայաստանի ռեզիդենտ հանդիսացող քաղաքացիները, որոնք 2023 թվականի ընթացքում եկամուտներ են ստացել Հայաստանից դուրս գտնվող աղբյուրներից

Արդեն 2024 թվականի համար հայտարարագիր ներկայացնողների ցանկը կընդլայնվի։ Առաջին խմբին կմիանան.

  • Բոլոր գրանցված աշխատողները՝ թե քաղիրավական, թե աշխատանքային պայմանագրով

2025 թվականի համար.

  • Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիները

Տարիքային սահմանափակման հարցը դեռ որոշված չէ

Ուշագրավ է, որ հայտարարագիր ներկայացնողների տարիքային սահմանափակման մասին ոչինչ նախատեսված չէ։ Եթե հայտարարագրման ինստիտուտը ընդունվի այն տեսքով, ինչպես հիմա է գրված նախագծում, կստացվի որ հայտարարագիր պետք է ներկայացնեն բացառապես բոլորը՝ նորածնից մինչև կենսաթոշակառուներ։ Այսինքն՝ ծնողը պետք է ոչ միայն իր փոխարեն լրացնի, այլև՝ երեխաների։ Գումարած դրան՝ եթե ընտանիքում կան տարեցներ, որոնք ի վիճակի չեն լինի լրացնել, կրկին գործը կհասնի երիտասարդներին։

«Հայեցողական է, թե որ տարիքից կարող է երեխան լրացնի: Պարզապես այստեղ կա իրավունակության հարց՝ ստորագրելու, ստորագրությունը ճանաչելու, դրա համար վերապահված է ծնողին, ֆիզիկապես կարողանալ լրացնելու հարցը չէ այնքան, որքան իրավունակության»,- ասում է Ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանը։

Լուսանկարում՝ Արման Պողոսյանը

Այնուամենայնիվ, ըստ նրա, այս հարցը դեռ քննարկվելու է՝ հասկանալու, թե արդյոք պետք չէ՞ վերանայել և նախատեսել, որ միայն չափահաս անձինք լրացնեն հայտարարագիրը: 

«Քննարկումների ներկա ոգին հաշվի առնելով՝ գուցեև սկզբնական փուլում անչափահասները հանվեն»,- նշում է փոխնախարարը։ 

Առաջիկա հինգ տարիներին տարեկան մինչև 12 մլն դրամի տրանսֆերտները չեն հարկվի

Հայաստանում եկամտային հարկի դրույքաչափն այսօր 21% է։ Եթե քաղաքացին ունի գրանցված եկամուտ՝ լինի աշխատավարձ, վարձակալությունից կամ փոխառությունից ստացված եկամուտ, թե մեկ այլ բան, օրենքով նա պարտավոր է իր ստացած եկամտի 21%-ը պետությանը տալ։ Հայաստանում, իհարկե, հարկվում է հիմնականում աշխատավարձը, քանի որ եկամտի մյուս տեսակները, ինչպես վարձակալությունից ստացվող գումարները, ոչ մի կերպ չեն երևում սպիտակ դաշտում։

Ինչևէ, այս տրամաբանությամբ, ստացվում է, որ արտասահմանից ստացվող գումարները ևս եկամուտներ են և պետք է հարկվեն։ Գաղտնիք չէ, որ Հայաստանում բազմաթիվ ընտանիքների եկամտի միակ կամ գլխավոր աղբյուրը արտագնա աշխատանքի մեկնած ընտանիքի անդամների ուղարկած գումարներն են։ Արդյոք այդ տրանսֆերտները ևս կհարկվե՞ն, թե՞ ոչ, համընդհանուր հայտարարագրի թեմայով ամենաաղմկոտ հարցերից մեկն է։ 

«Եթե արտերկրում ստանում են աշխատավարձ, ենթադրվում է, որ գործակալը իրենց հարկում է ու մնացած մաքուր՝ տնօրինվող մասն է փոխանցում իրենց: Եթե դու արտերկրում ստացել ես եկամուտներ, բայց եթե դու ռեզիդենտ ես, դու պետք է Հայաստանում հարկեր վճարես քո համաշխարհային եկամուտներից՝ և՛ դրսի, և՛ ներսի»,- բացատրում է Արման Պողոսյանը։

Ըստ նրա՝ եթե քաղաքացին դրսում արդեն հարկվել է, ապա Հայաստանում պետք է վճարի տեղի և դրսի հարկերի տարբերությունը։ Օրինակ՝ եթե պետք է 100 հազար դրամի հարկ վճարի, բայց դրսում արդեն 80 հազար դրամը վճարել է, ապա Հայաստանում պետք է վճարի մնացած 20 հազար դրամը։ Դրա համար այսօր լրացուցիչ թղթաբանություն է պահանջվում։

Սակայն, Ֆինանսների փոխնախարարը «խոստանում է», որ դրա կարիքը չի լինի, քանի որ որոշում կա՝ առաջիկա գոնե 5 տարիներին տարեկան մինչև 12 մլն դրամի դեպքում արտերկրից ստացվող եկամուտները Հայաստանում առհասարակ չհարկել։ Իսկ թե հետո ինչ կլինի՝ պարզ չէ։

«12 մլն դրամը ընտրվել է այն տրամաբանությամբ, որ ամսական 1 մլն դրամն այն շեմն է, որտեղ մենք ռիսկեր չենք տեսնում, դա  իրենց ընտանեկան ծախսերը, կեցությունը հոգալու համար անհրաժեշտ եկամուտն է: Հինգ տարվա հեռանկարի ավարտից հետո, ակնկալում ենք, որ այդ տեղեկանքի ինստիտուտը վերացած էլ կլինի, որովհետև հիմա շատ ակտիվ ու ինենսիվ ինտեգրացիոն գործընթացներ են տեղի ունենում աշխարհում առհասարակ և ԵԱՏՄ-ում՝ մասնավորապես, և մենք էլ՝ որպես այդ միություններին անդամակցած երկիր, ներգրավված ենք այս գործընթացներում: Տեխնոլոգիաները զարգանում են և նպաստավոր միջավայր են ստեղծում՝ ակնկալում ենք, որ հինգ տարվանից շուտ էլ այդ գործընթացը կավարտվի:  Գործընթացը դառնալու է ինքնաշխատ, հարկային մարմինները բացվելու են ու փոխադարձ տեղեկություններ են փոխանակելու այլ երկրների ռեզիդենտների մասին»,- նշում է Արման Պողոսյանը։ 

Վերահսկողության ռիսկերը

Հավանականությունը բավականին մեծ է, որ քաղաքացիների մի մասը, եթե ոչ մեծ մասը, գոնե սկզբնական շրջանում կփորձի թաքցնել իրական եկամուտները՝ քիչ հարկվելու նպատակով։ Ու չնայած գործելու է «սոցիալական կրեդինտների» համակարգը, ըստ որի՝ քաղաքացին կկարողանա իր վճարած հարկերի մի մասի հաշվին  փոխհատուցել առողջապահության, կրթության և բնակարանային ապահովության գծով  իր ծախսերից, սակայն ռիսկը մեծ է, որ եկամուտներ կթաքցվեն։ 

Օրինակ՝ եթե նույն անձը արտասահմանից ուղարկի, ոչ թե մինչ 12 մլն դրամ, որի պարագայում Հայաստանում չի հարկվի, այլ օրինակ՝ 30 մլն դրամ, ի՞նչն է նրան խանգարելու այդ գումարը ուղարկել այլ անձանց անուններով՝ յուրաքանչյուրի դեպքում չգերազանցելով 12 մլն դրամի շեմը։

Մեկ այլ օրինակ՝ երբ անձը վարձակալության է հանձնում իր բնակարանը, ինչպե՞ս է պետությունն ապացուցելու, որ նա վարձ է ստանում և ոչ թե, օրինակ, թույլ է տվել, որ որևէ հարազատ կամ բարեկամ անվճար բնակվի այտեղ։

Այս և բազմաթիվ այլ հարցեր վերահսկողության վերաբերյալ դեռևս սպառիչ պատասխաններ չեն ստացել։ Նույնը վերաբերում է գյուղատնտեսության ոլորտին։  

Այնուամենայնիվ, Ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանը վստահեցնում է, որ վերահսկողության մեխանիզմներ կլինեն։ 

«Մեխնաիզմներ կան, տարիների ընթացքում այդ վարչարարությունը կդառնա ավելի թիրախային, ավելի արդյունավետ: Օրինակ, եթե մենք միանում ենք անշարժ գույքի ռեգիստրին, կադաստրի տվյալների բազային, նույնականացվում է սեփականատերը և տեսնում ենք, որ որևէ անձ ունի մեկից ավելի բնակարան, ապա հավանականությունը, որ երկրորդը վարձով է տրվում, արդեն մեծ է: Ռիսկերի գնահատման ինքնաշխատ համակարգեր են գործարկվելու:  Միանում ենք հանրային ծառայություններ մատուցող կազմակերպությունների բազային, տեսնում ենք, որ էլեկտրաէներգիա, գազ, ջուր սպառվում է, թե ոչ: Երբ արդեն թիրախային ուսումնասիրություններ կատարվեն, այդ դեպքերը վեր հանվեն, տարիների ընթացքում մարկանց մոտ մշակույթ կփոխվի ու հարկեր վճարելը կդառնա պատվաբեր»,- վստահ է փոխնախարարը։ 

Նա շեշտում է, որ, գոնե, սկզբնական շրջանում, համընդհանուր հայտարարագրման համակարգի նպատակը  հարկեր վճարելու մշակույթ ձևավորելն է, ոչ թե՝ բյուջեի հարկային մուտքերը ավելացնելը. «Ինչո՞ւ՝ որովհետև ոչ մի եկամուտ, որ նախկինում հարկվող չէր, մենք չենք դարձրել հարկվող, որևէ տեսակի հարկի դրույքաչափ չենք բարձրացրել»: 

Հարցին՝ արդյո՞ք բնակչության բարեխղճության վրա հույս դնել կարելի՞ է, փոխնախարարը  պատասխանում է, որ կգա մի ժամանակ, երբ հայտարարգիր լրացնելիս քաղաքացին լուրջ կմտածի՝ իրավախախտման գնա՞լ ու թաքցնե՞լ իր եկամուտների մի մասը, թե՞ ամբողջը հայտարարագրել։ 

Հայտնի չէ, թե վճարված հարկերի որ մասը կվերադարձվի քաղաքացուն

Նոր ներդրվող համակարգի շրջանակներում, ինչպես նշեցինք, հայտարարատուներին հնարավորություն է տրվելու վճարած հարկերի մի մասը հետ ստանալ։ Սակայն, այս պահին հայտնի չէ, թե որքան մասը կկազմի։ Դա կառավարությունը դեռևս որոշելու է։ 

«Հայտարարագրման համակարգի ներդրմամբ մենք բարձրացնում ենք այս ոլորտում հաշվետվողականությունը: Եթե այսօր քաղաքացին կարող է անտարբեր լինել ու օրինակ՝ բժշկական հաստատությունից ծախսերի փաստաթուղթ չպահանջել, ապա եթե իմանա, որ դա իր հայտարարագրման համար պետք է լինելու, կպահանջի»,- ասում է Արման Պողոսյանը: 

Որքանո՞վ կավելանա բյուջեի բեռը, որքանով՝ մուտքերը, նույնպես հաշվարկված չէ

Կառավարությունը դեռևս չի հաշվարկել, թե հարկերի վերադարձը որքան կարժենա բյուջեի վրա։ Այդպիսի գնահատականներ, ըստ Արման Պողոսյանի, դեռևս չկան։ 

Նախագիծը մշակած նախարարությունից առայժմ գնահատականներ չեն տալիս, թե, բյուջեի եկամուտները որքանով կավելանան այս համակարգի ներդրման արդյունքում։

Երկքաղաքացիները նույնպես պետք է հայտարարագիր լրացնեն

Համընդհանուր հայտարարագրման համակարգը ենթադրում է, որ այն քաղաքացիները, որոնք միաժամանակ և Հայաստանի, և արտերկրի քաղաքացի են և եթե նույնիսկ դրսում հայտարարագիր են լրացնում, Հայաստանում ևս պետք է լրացնեն այն։ 

Հայտարարագրման թեմայով բազմաթիվ հարցեր դեռևս անպատասխան են, սպասվում են քննարկումներ ինչպես կառավարությունում, այնպես էլ՝ Ազգային ժողովում։ Մինչ այդ, մասնագիտական շրջանակներն են փորձում հասկանալ՝ ի՞նչ ազդեցություն կունենա այս ամենը քաղաքացիների համար, արդյոք Հայաստանի բնակչության կրթական մակարդակը, ֆինանսական գիտելիքներն ու հնարավորությունները թույլ կտան այս համակարգն անցնցում ներդնել Հայաստանում, ինչպե՞ս է գյուղացին հաշվելու իր եկամուտը և այլն։ Ակնկալվում է, որ այս ու շատ այլ  հարցեր դեռևս կքննարկվեն Ազգային ժողովում ու կառավարությունում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter