HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Հայկական քաղավիացիան դեռ կմնա ԵՄ «սեւ ցուցակում». եվրոպացիները գոհ չեն «սահմանափակ առաջընթացից»

Եվրահանձնաժողովը գոհ չէ ՀՀ քաղավիացիայի բարեփոխումներից, որոնք վերջինիս հնարավորություն կտային դուրս գալ Եվրամիության «սեւ ցուցակից»:

Հիշեցնենք, որ Հայաստանում գրանցված բոլոր ավիաընկերությունները 2020-ի հունիսից գտնվում են ԵՄ «սեւ ցուցակում», ինչը նշանակում է, որ նրանք իրավունք չունեն կոմերցիոն նպատակներով մտնել ԵՄ օդային տարածք: Պատճառը եվրոպական կողմի ստուգումների արդյունքում ՀՀ քաղավիացիայի կոմիտեում եւ մի շարք հայկական ավիաընկերություններում հայտնաբերված թերություններն էին, որոնք վերաբերում էին թռիչքային անվտանգությանը: Այսինքն՝ ՀՀ-ում գրանցված ավիաընկերությունների եւ դրանց վերահսկող ՀՀ ՔԱԿ-ի կողմից թռիչքային անվտանգության ապահովման թույլ մեխանիզմները ԵՄ-ին դրդել են ժամանակավորապես արգելք դնել ՀՀ ավիափոխադրողների մուտքի վրա, քանի որ ԵՄ-ն վերջիններիս դիտարկում է որպես թռիչքային անվտանգության եվրոպական ստանդարտներին չհամապատասխանող:  

«Սեւ ցուցակը», որը պաշտոնապես կոչվում է «EU Air Safety List» կամ ԵՄ թռիչքային անվտանգության ցուցակ, բաղկացած է 2 հավելվածից: «A» հավելվածում այն ավիաընկերություններն են, որոնց գործունեությունը ԵՄ երկնքում ամբողջությամբ արգելված է, իսկ «B»-ում՝ նրանք, որոնց կոնկրետ օդանավերի մուտքն է արգելված:

Հայաստանն ընդգրկվել է «A» հավելվածում, այսինքն՝ արգելվել է բոլոր հայկական ավիափոխադրողների մուտքը ԵՄ օդային տարածք: 

«Սեւ ցուցակը» պարբերաբար թարմացնում է Եվրահանձնաժողովը՝ հիմնվելով ԵՄ թռիչքային անվտանգության կոմիտեի (EU Air Safety Committee, ASC) մասնագետների կարծիքի վրա: Այս կոմիտեն գլխավորում է հենց Եվրահանձնաժողովը, վերջինիս էլ աջակցում է EASA-ն՝ Թռիչքային անվտանգության եվրոպական գործակալությունը:

Ցուցակը վերջին անգամ թարմացվել է նոյեմբերի 23-ին, ՀՀ-ում գրանցված բոլոր օդանավ շահագործողները՝ 8 ավիաընկերություն, այդ ցուցակում են:

Եվրահանձնաժողովի տրանսպորտի հարցերով հանձնակատար Ադինա Վելեանը (Adina Vălean) նոյեմբերի 23-ին Եվրահանձնաժողովին ներկայացրել է մի շարք երկրների, այդ թվում՝ Հայաստանի վերաբերյալ կատարված աշխատանքները:

Այսպես՝ սեպտեմբերի 27-30-ին Եվրահանձնաժողովի ու EASA-ի ներկայացուցիչներն այցելել են ՀՀ քաղավիացիայի կոմիտե: Հյուրերը դիտարկել են, թե ինչ առաջընթացի է հասել ՔԱԿ-ը՝ նախկինում վեր հանված թերությունները վերացնելու հարցում: Եվրոպական կողմը, մասնավորապես, ուշադրություն է դարձրել, թե ՀՀ-ում գրանցված ավիափոխադրողներին արդյունավետ ձեւով վերահսկելու առումով ինչ քայլեր է արդեն կատարել եւ նախատեսում կատարել ՔԱԿ-ը: Ըստ Եվրահանձնաժողովի՝ ՔԱԿ-ի պարտավորությունների թվում են Անվտանգության պետական ծրագրի, Ավիացիոն պատահարների հաշվետվության համակարգի, Որակի եւ շահագործողների սերտիֆիկացման գործընթացի կառավարման համակարգի ներդրումը: «Այցի ընթացքում նաեւ դիտարկվել է ոչ միայն ՔԱԿ-ի՝ անվտանգության համապատասխան կանոնակարգերին ու ստանդարտներին հետեւելու կարողությունը, այլեւ ՔԱԿ-ի կողմից սերտիֆիկացված ավիափոխադրողների թռիչքային անվտանգությանը վերաբերող ցանկացած նշանակալի ռիսկ վերհանելու եւ այդ ռիսկը զսպելու համար արդյունավետ գործելու ունակությունը»,- հայտնել է Եվրահանձնաժողովի տրանսպորտի հարցերով հանձնակատար Ադինա Վելեանը:

Ամենակարեւոր շեշտադրումը, թերեւս, այն է, որ, ըստ Եվրահանձնաժողովի, 2020-ին Հայաստան կատարած գնահատողական այցի ժամանակ վեր հանված թերությունների վերացման հարցում ՀՀ քաղավիացիայի կոմիտեն հասել է «սահմանափակ առաջընթացի»: Այսինքն՝ եվրոպական կողմը ամբողջովին բավարարված չէ ՀՀ ավիացիոն իշխանությունների ձեռքբերումներով: Դրա ապացույցն է այն միտքը, որ չնայած գործողությունների պլան էր մշակվել ու գործարկվել, անհրաժեշտ է այդ պլանը կրկին բացել, վերանայել ու լրացուցիչ գործողություններ ներառել դրա մեջ, որպեսզի այն համապատասխանեցվի իր նշանակությանը: Սա կլինի EASA-ի կողմից Հայաստանին ցուցաբերվող տեխնիկական աջակցության առանցքային գործունեությունը:

Մեղմ ասած, սա լավ նորություն չէ մեզ համար եւ նշանակում է, որ ԵՄ «սեւ ցուցակից» դուրս գալու համար ՀՀ քաղավիացիոն իշխանությունները դեռ շատ ջանքեր պիտի գործադրեն:

Այս ընթացքում՝ 2022-ի մայիսի 5-ին, ՔԱԿ-ը օդանավ շահագործողի վկայական (ՕՇՎ) է տվել «Fly Arna» ընկերությանը, որը, սակայն, եւս ներառվել է ԵՄ «սեւ ցուցակում»: «Քանի որ ՔԱԿ-ը չի ցուցաբերել անվտանգության համապատասխան ստանդարտների ներդրման ու դրանց հետեւելու բավարար ունակություն, այս նոր ավիափոխադրողին ՕՇՎ հանձնելը չի երաշխավորում անվտանգության միջազգային ստանդարտների բավարար ապահովում»,- ասել է հանձնակատար Ադինա Վելեանը:

Եվրահանձնաժողովը շեշտադրել է նաեւ այն, որ սեպտեմբերյան այցի ժամանակ Հայաստանի կառավարության ներկայացուցիչներին եւս մեկ անգամ փոխանցվել է, որ թռիչքային անվտանգության պատշաճ ու արդյունավետ վերահսկողությունը կարող է երաշխավորվել միայն այն դեպքում, երբ ՔԱԿ-ը ապահովվի համապատասխան ռեսուրսներով ու փորձով, մասնավորապես՝ որակավորված անձնակազմի բավարար քանակով եւ բարձրագույն ղեկավարության կայունությամբ:

Եվրահանձնաժողովի տրանսպորտի հարցերով հանձնակատարը ԵՄ անդամ պետություններին կոչ է արել շարունակել ստուգել Հայաստանում սերտիֆիկացված ավիափոխադրողների համապատասխանությունը թռիչքային անվտանգության միջազգային չափանիշներին: Սա, ըստ հայտարարության, պետք է արվի օդանավակայանների կառամատույցներում հայկական ավիափոխադրողներին ստուգելու եղանակով: Սրանից կարող ենք ենթադրել, որ հետագա այցերի ժամանակ ԵՄ ներկայացուցչները հյուրընկալվելու են նաեւ «Զվարթնոց» օդանավակայանում բազավորվող տեղական փոխադրողներին:  

Տես նաեւ՝ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter