HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայկ Մակիյան

Տողի անկումը․ մարդկային կորուստներ և տարհանում

2020 թվականի հոկտեմբերի 21-ին Տող գյուղն անցավ Ադրբեջանի վերահսկողության տակ։ Տող գյուղում բուն մարտերի ընթացքում հայկական կողմը ունեցել է երկու վիրավոր, զոհեր չեն եղել։ Գյուղի երկու խաղաղ բնակիչ սպանվել է ադրբեջանցիների՝ գյուղ մտնելուց հետո։ Երկու զոհերն էլ տարեց են եղել, որոնք, չնայած բնակչության տարհանմանը, մնացել էին գյուղում։

Տողի բնակիչ մեկ զինծառայող զոհվել է Մարտունու շրջանում, մարտերի ժամանակ։

Գյուղի բնակիչները պատերազմից հետո տեղափոխվել են Հայաստանի Հանրապետության և Արցախի տարբեր շրջաններ։ Տողեցիների ամենամեծ համայնքը հիմա Ստեփանակերտում է, ապա՝ Երևանում և հարակից բնակավայրերում։

2020 թվականի պատերազմին Արցախի Հադրութի շրջանի Տող գյուղից 9 ժամկետային զինծառայող էր մասնակցում՝ ռազմաճակատի տարբեր հատվածներում:

Նրանցից Ժորա Սահակյանը զոհվեց հոկտեմբերի 30-ին Մարտունու շրջանում գտնվող Ուրյան բարձունքում: Ժորա Սահակյանի մասին ամբողջական նյութը՝ այստեղ։

Գյուղի տարհանումը

Մինչ ադրբեջանցիները Տող կհասնեին, պատերազմի առաջին իսկ օրը սկսվել էր Տողի բնակչության տարհանումը, բայց մասնակի։

«Սկզբում ժողովրդի մի մասը տարհանվեց դեպի ավելի խորը գյուղեր՝ Տումի, Հակակու և այլ տեղեր, որովհետև արկերից էինք պաշտպանում։ Բայց արդեն հոկտեմբերի 1-ից գյուղից ժողովուրդը տարհանվում էր ամբողջությամբ կարելի է ասել»,- նշում է Տողի համայնքապետ Վարդան Գրիգորյանը։

Նրա խոսքով՝ տրանսպորտի հարցը լուծել են տարբեր կերպ։ Օգտվել են նաև այն դեպքերից, երբ հայկական ուժերն առաջնագիծ տեղափոխող մեքենաները հետդարձի ճանապարհին դատարկ են եղել, և կարողացել են բնակչությանը տարհանել դեպի թիկունք։ Եղել են նաև կազմակերպություններ, որոնք իրենց օգնությունն են առաջարկել և տեղափոխվել Տողի բնակիչներին։

Ի՞նչ են թողել գյուղացիները

«Մարդիկ կան, փաստաթղթերն էլ չեն հասցրել վերցնեն։ Եղել են մարդիկ՝ մենակ փաստաթղթերն են հասցրել վերցնեն, դուրս գան։ Գյուղի ժողովրդի ունեցվածքը, անասունները, գյուղտեխնիկան, մեծ թվով մեքենաներ մնացել են։ Որոշ գյուղտեխնիկա տարհանվել է հոկտեմբերի 18-ին, Մարտունու շրջան»,- պատմում է գյուղապետ Վարդան Գրիգորյանը։

Սեպտեմբերի 29-ից Տողում էր տեղակայվել նաև Ջրականի հոսպիտալը, որը գյուղում մնաց մինչև հոկտեմբերի 10-ը։ Հադրութի անկումից հետո հոսպիտալը դուրս բերվեց Տողից։

Երբ տարհանումը մեծ մասամբ ավարտվել էր, Տողում դեռ կային բնակիչներ, որոնք օգնում էին մերձակայքում տեղակայված ստորաբաժանումների սննդի և ջրի մատակարարմանը։

Քաղաքացիական զոհեր

Չնայած նրան, որ պատերազմի սկզբից կազմակերպվել է գյուղացիների, առաջին հերթին՝ կանանց ու երեխաների տարհանում, գյուղում եղել է երկու քաղաքացիական զոհ։ Երկուսն էլ սպանվել են ադրբեջանցիների՝ Տողը գրավելուց հետո, իրենց տների մոտ։

Մարտիկ Ավետիսյանը (1963թ․) Տողում էր բնակվում կնոջ ու երեխաների հետ։

2020-ի պատերազմի սկսվելուց հետո Ավետիսյանն ընտանիքին տեղափոխել է Ստեփանակերտ ու վերադարձել է գյուղ՝ գյուղատնտեսական աշխատանքը շարունակելու։

Չնայած ընտանիքի հորդորներին՝ Մարտիկ Ավետիսյանը մնացել է գյուղում։

Հոկտեմբերի 21-ի մարտերից հետո ադրբեջանցիները գրավել են գյուղը և սպանել այնտեղ մնացած երկու տարեց մարդկանց։

Դեկտեմբերի 19-ին՝ որոնողական աշխատանքների ժամանակ, Մարտիկ Ավետիսյանի դին հայտնաբերվել է իր տան բակում, գլխի շրջանում հրազենային վնասվածքով։ Մարտիկ Ավետիսյանի մասին ամբողջական նյութը՝ այստեղ։

Ռադիկ Ստեփանյանը (1937թ․) Տողում էր բնակվում կնոջ հետ։ 2020-ի պատերազմի սկզբին նրա որդին պայմանագրային զինծառայող էր, դիրքերում էր։ Հոկտեմբերի 10-ից հետո նա կարողանում է կապվել ծնողների հետ ու ասում է, որ դուրս գան գյուղից, արդեն վտանգավոր է։

Գյուղացիների պնդումներով՝ Ստեփանյան ամուսինները համաձայնում են դուրս գալ գյուղից, բայց մեքենայի մեջ Ռադիկ Ստեփանյանի ինքնազգացողությունը վատանում է, նա մնում է գյուղում։ Հոկտեմբերի 21-ի մարտերից հետո ադրբեջանցիները գրավել են գյուղը։

Դեկտեմբերի 19-ին որոնողական աշխատանքների ժամանակ Ռադիկ Ստեփանյանի դին հայտնաբերվել է իր տան մոտ, գլխի և զույգ ազդրերի վրա հրազենային վնասվածքներով։

Ռադիկ Ստեփանյանի մասին ամբողջական նյութը՝ այստեղ։

2022-ի մարտի դրությամբ Տողի 204 ընտանիքից 98-ը բնակվել է Արցախում, նրանցից 87 ընտանիք՝ Ստեփանակերտում։

95 ընտանիք էլ տեղափոխվել է Հայաստան։ Նրանց մեծ մասը՝ 41 ընտանիք, տեղավորվել է Երևանում։ Զգալի թվով ընտանիքներ էլ բնակություն են հաստատել Երևանին մոտ այլ բնակավայրերում։ Տողից 11 ընտանիք է պատերազմից հետո գնացել արտասահման։

Քարտեզի ինտերակտիվ տարբերակը՝ հղումով։

 

Տող գյուղի մասին մյուս պատմությունները կարդացեք ստորև.

Հեղինակներ՝ Հայկ Մակիյան, Գարիկ Հարությունյան, Լիաննա Պետրոսյան

Տեսանյութերը և  լուսանկարները՝ Սարո Բաղդասարյանի և Անի Սարգսյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter