HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գայանե Հովսեփյան

Կառավարությունը ֆինանսական միջոցներ կհատկացնի «Մայլեռ» հանգստավայրի ավտոճանապարհի կառուցման համար

Կառավարությունը ապրիլի 13-ին հաստատեց Ապարան համայնքի Եղիպատրուշ բնակավայրում «Մայլեռ» հանգստավայրի ասֆալտապատ ավտոճանապարհի կառուցման ծրագիրը։

Ավտոճանապարհի կառուցման համար նախատեսված հատկացումները ֆինանսավորվելու են 2023-2024թթ․ պետական բյուջեներով պետական նշանակության ավտոճանապարհների հիմնանորոգման նպատակով հատկացվող միջոցների հաշվին։ Ավտոճանապարհը լինելու է 3 կիլոմետր երկարությամբ և 8 մետր լայնությամբ։

Հիշեցնենք, որ Ապարան համայնքում՝ 2070 հեկտար ընդհանուր մակերեսով տարածքում ներդրումային ծրագրով նախատեսվում է կառուցել բազմաֆունկցիոնալ լեռնային համալիր։ Լեռնադահուկային համալիրի տարածքում, բացի ճոպանուղուց, կառուցվելու է նաև հյուրանոց և խաղատուն։ Ներդրումային ծրագրի ընդհանուր արժեքը մոտ 60 միլիոն դոլար է։ Նախատեսվում է ստեղծել 1500 մշտական աշխատատեղ՝ միջինը 180 հազար դրամ ամսական աշխատավարձով։

Ավտոճանապարհի համար պետական բյուջեից նախատեսված հատկացումները կատարվելու են երկու փուլով.

  • առաջին փուլ՝ ավտոճանապարհի կառուցման նախագծանախահաշվային փաստաթղթերի և դրանց փորձաքննության ծառայությունների ձեռքբերման համար,
  • երկրորդ փուլ՝ շինարարական աշխատանքների իրականացման, տեխնիկական և հեղինակային հսկողության ծառայությունների ձեռքբերման համար։

Ըստ որոշման նախագծի հիմնավորման՝ նախագծի ընդունման անհրաժեշտությունը բխում է «Մայլեռ» ներդրումային ծրագրի իրականացման նպատակներից, ինչը միտված է Հայաստանում զբոսաշրջության բազմազանության ու զարգացման ապահովմանը, ինչպես նաև բնակչության մեջ առողջ ապրելակերպի հաստատմանը և համահունչ է ՀՀ կառավարության որդեգրած տնտեսական զարգացման ռազմավարությանը:

Հիմնավորման մեջ նաև նշվում է, որ ներդրող ընկերության գործարար ծրագրում ենթակառուցվածքների մասով որպես Կառավարության կողմից ակնկալվող ֆինանսական աջակցություն նշվել է միայն 3 կմ երկարությամբ և 8 մ լայնությամբ ճանապարհի կառուցումը։

Միաժամանակ, կոմունիկացիաների (ջուր, հոսանք, գազ) մասով ներդրող ընկերության կողմից ակնկալվող աջակցությունը ենթադրում է ոչ թե ֆինանսական աջակցություն, այլ Կառավարության լիազորությունների շրջանակում աշխատանքների իրականացում նշված կոմունիկացիաների հնարավորինս արագ և առանց խոչընդոտների անցկացման մասով։

Ճանապարհի կառուցման և հողատարածքների ձեռքբերման գումարների չափը կորոշվի նախագծանախահաշվային փաստաթղթերի ձեռքբերումից հետո։ ՀՀ պետական բյուջեից ֆինանսական միջոցների հատկացումները կիրականացվեն առանձին Կառավարության որոշումներով։

Ինչպես նշված է որոշման նախագծում, հաշվի առնելով վերջին ժամանակաշրջանում հանրապետությունում նմանատիպ ճանապարհների կառուցման փորձը՝ գնահատվում է, որ այս ճանապարհի կառուցման արժեքը կկազմի շուրջ 900 մլն դրամ։

Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի տվյալներով՝ «Մայլեռ Մաունթայն Ռեզորթ»-ը ստեղծվել է 2017թ․ դեկտեմբերի 21-ին։ Ընկերության կանոնադրությամբ՝ ՓԲԸ հիմնադիրը «Միկշին» ՍՊԸ-ն է։

«Միկշին» ՍՊԸ-ի սեփականատերը Տիգրան Հարությունյանն է, որն Ազգային ժողովի նախկին պատգամավոր Վահան Հարությունյանի եղբայրն է, ԴԱՀԿ ծառայության նախկին պետ Միհրան Պողոսյանի քեռու՝ Միխաիլ Հարությունյանի որդին։

Կարդացե՛ք նաև՝

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter