HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լուսինե Հակոբյան

Դատարանը չընդունեց Իջևանի նախկին քաղաքապետի ապացույցները և հայցի լրացման մասին միջնորդությունը

Առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանում այսօր շարունակվեց Իջևանի նախկին քաղաքապետ Վարուժան Ներսիսյանն՝ ընդդեմ «Հետաքննող լրագրողներ» ՀԿ»-ի գործով դատական նիստը՝ դատավոր Գրիգորի Վարդանյանի նախագահությամբ։

Նախորդ նիստին Վարուժան Ներսիսյանը ցանկանում էր ապացույցներ ներկայացնել, սակայն դատարանի սահմանած ժամկետը լրացել էր 2022-ի նոյեմբերի 2-ին։ Վարուժան Ներսիսյանի խոսքով՝ այդ ժամանակահատվածում առողջական խնդիրների պատճառով Հայաստանում չի եղել։ Դատարանը Ներսիսյանին ժամանակ էր տրամադրել ապացույցներ ներկայացնելու՝ ժամանակին ապացույց չներկայացնելու հարգելի պատճառների մասին։

Սակայն այսօր նույնպես Վարուժան Ներսիսյանը բավարար ապացույց չներկայացրեց երկրից բացակայելու մասին, և դատարանը չընդունեց նրա ապացույցները։

Վարուժան Ներսիսյանը նաև հայցի լրացման միջնորդություն ներկայացրեց, ինչը ևս չընդունվեց դատարանի կողմից կրկին ժամկետը խախտելու հիմքով։ «Հայցի լրացումը իրականացվում է ապացուցման բեռը բաշխելուց առաջ»,- հայտնեց դատարանը։

«Հետաքննող լրագրողներ» ՀԿ-ի ներկայացուցիչ Գրիշա Բալասանյանն էլ հավելեց, որ բովանդակային առումով ևս անցել են ժամկետները՝ հայցի լրացում կատարելու համար։ «Հիշատակված են հոդվածներ, որոնք հրապարակված են 2008, 2010, 2011, 2012 թվականներին։ Եթե հայցվորը վեճի առարկա է փորձում դարձնել լրագրողական հոդվածներ, որոնք հրապարակվել են այդ թվականներին, չի կարող իրավունքի պաշտպանության հայցով դիմել, քանի որ բաց է թողել հայցային վաղեմության ժամկետները»,- ասաց Բալասանյանը։

Նշենք, որ այս գործով Իջևանի քաղաքապետարանը ևս հայցվոր կողմ էր, սակայն նախորդ նիստին քաղաքապետարանի ներկայացուցիչը հրաժարվել էր հայցից։

Այսքանով ավարտվեցին նախնական դատական նիստերը, և գործն անցավ դատաքննության փուլ։ Հաջորդ նիստը նշանակվեց դեկտեմբերի 5-ին՝ ժամը 12։00-ին։

Հիշեցնենք, որ «Հետաքննող լրագրողներ» ՀԿ-ի «Հետք» թերթի 2008թ. մայիսի 5-ի համարում հոդված էր հրապարակվել՝ «Ում գրպանն են մտնում ավազահանքի փողերը» վերնագրով: Նույն հոդվածը տպագրվել էր նաև «Ազգ» օրաթերթի 2008թ.-ի մայիսի 20-ի ներդիրում: Լրագրողը ներկայացրել էր Իջեւանի հարավային մուտքի մոտ, Աղստև գետի վրա գտնվող «Սպիտակ ջուր» ջրամբարից ավազի ապօրինի արդյունահանման վերաբերյալ փաստեր, որտեղ շոշափվում էր այդ ժամանակվա քաղաքապետի՝ Վարուժան Ներսիսյանի անունը: Հետագայում հրապարակվել էր ևս մեկ նյութ՝ «Երեք հանձնաժողովները «կտեսնե՞ն» ջրամբարի ավազի անօրինական շահագործումը» վերնագրով, ինչից քաղաքապետը ևս վիրավորվել էր:

Լրագրողն իր ունեցած տեղեկությունները ստուգել էր տեղում, լուսանկարել էր ավազի արդյունահանման և տեղափոխման գործընթացը, խոսել ջրամբարում աշխատող բանվորների հետ, ապա փորձել էր գրավոր հարցումներով ստանալ պաշտոնական մեկնաբանություններ:

«Սպիտակ ջուրը» 1997թ. Կառավարության որոշմամբ սահմանվել է իբրև Իջևանի համայնքային սեփականություն: Բայց ջրամբարի համար պատասխանատու Իջևանի քաղաքապետարանը ջրամբարի պատկանելության, ջրամբարի ավազն օգտագործելու իրավունքի եւ դրա համար մուծվող հարկերի մասին «Հետքի» հարցն անպատասխան էր թողել: Այդ ժամանակ Բնապահպանության նախարարությունը հայտնել էր, թե ջրամբարի ավազի օգտագործման իրավունքը որևէ ֆիզիկական կամ իրավաբանական անձի տրված չէ, քանի որ նշված տարածքում պաշարների ուսումնասիրություն կատարված չէ, և լիցենզիայի պայմանագիր կնքված չէ: Դատախազությունն էլ հոդվածում հրապարակված փաստերը ստուգելու փոխարեն հարցում էր կատարել Իջևանի քաղաքապետարան և «պարզել», որ լճի ավազանից քաղաքապետարանի այգու տարածքի հարթեցման համար տեղափոխվել է միայն տիղմը` փաստորեն «հերքելով» ավազի արդյունահանման ակնհայտ փաստը: 

2008թ.-ի հունիսի 18-ին Իջևանի քաղաքապետարանը «Պատիվը, արժանապատվությունը և գործարար համբավը արատավորող տեղեկությունը հերքելուն պարտավորեցնելու և վնասի հատուցման պահանջների մասին» հայցադիմում էր ներկայացրել Երեւանի Քաղաքացիական դատարան` պահանջելով պարտավորեցնել «Հետաքննող լրագրողներ» ՀԿ-ին հերքելու Իջևանի քաղաքապետարանի դեմ հրապարակված անհիմն տեղեկությունները և քաղաքապետ Վ. Ներսիսյանի պատիվը, արժանապատվությունը և գործարար համբավը արատավորող լուրերը: Որպես փաստաբանի վարձատրության գումար քաղաքապետը պահանջել էր 930 հազար դրամ:

Երկու տարուց ավելի տևած դատավարության ընթացքում ջանում էին ապացուցել, որ «Սպիտակ լիճ» արհեստական ջրամբարը քաղաքի հաշվեկշռում չէ, չնայած այդ մասին կար Կառավարության որոշում, և որ ջրամբարը որպես ավազահանք շահագործողը Վարուժան Ներսիսյանը չէ:

Վարուժան Ներսիսյանի՝ քաղաքապետի պաշտոնը թողնելուց հետո «Սպիտակ լիճ» ջրամբարը, որը 40 տարով վարձակալության էր տրվել մասնավոր ընկերության, Վճռաբեկ դատարանի 2014թ. փետրվարի 19-ի որոշումով վերադարձվել է քաղաքապետարանին:

Նշենք, որ Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 10.07.2009թ. վճռով հայցը մերժվել էր: Վերաքննիչ քաղաքացիական դատարանի 13.11.2009 թվականի որոշմամբ վճիռը բեկանվվել, և գործն ուղարկվել էր նոր քննության: Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 09.07.2010թ. վճռով հայցը բավարարվել էր:

Վերաքննիչ քաղաքացիական դատարանի 27.12.2010թ. որոշմամբ Կազմակերպության վերաքննիչ բողոքը բավարարվել էր մասնակիորեն` բեկանվել և փոփոխվել էր  դատարանի 09.07.2010թ. վճիռը, կազմակերպությունից հօգուտ քաղաքապետարանի 930.000 ՀՀ դրամ` որպես փաստաբանի ծախս բռնագանձելու պահանջի մասով հայցը բավարարվել էր մասնակիորեն`450.000 ՀՀ դրամի մասով: Վճռաբեկ դատարանը «Հետաքննող լրագրողներ» ՀԿ-ի բողոքը վերադարձրել էր:

Սպառելով ներպետական բոլոր 3 ատյանները՝ «Հետաքննող լրագրողները» դիմել էր Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ)։ Դիմումից 10 տարի անց՝ 2021 թվականի մայիսի 18-ին, դատարանը հրապարակեց վճիռը՝ արձանագրելով, որ պետությունը խախտել է լրատվամիջոցի արտահայտվելու ազատության իրավունքը: Հայաստանի կառավարությունը կազմակերպությանը վճարեց 1500 եվրո` կատարած ծախսերի համար: Այլ փոխհատուցում «Հետաքննող լրագրողներ» ՀԿ-ն չէր պահանջել։

ՄԻԵԴ-ի վճռի հիման վրա էլ գործը նորից ուղարկվեց Առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter