HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Լուկաշենկոյի խոսքով՝ Պրիգոժինը հրաժարվել է Շոյգուի և Գերասիմովի նկատմամբ իր պահանջներից

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ «Վագներ» մասնավոր զինվորական ընկերության ղեկավար Եվգենի Պրիգոժինը վերջապես հրաժարվել է Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի և ՌԴ ԶՈւ գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովի հեռացման վերաբերյալ իր պահանջներից։ Այդ մասին Լուկաշենկոն հայտարարել է բարձր սպայական կազմին կոչումների շնորհման արարողության ժամանակ։  

Նրա խոսքով՝ բանակցությունների մի քանի փուլերից հետո Պրիգոժինը հրաժարվել է իր նախնական պահանջներից։ «Նա ինձ ասաց. «Ես նախագահից չեմ պահանջի, որ հանձնի Շոյգուին ու Գերասիմովին, և հանդիպում նույնիսկ չեմ խնդրի», ես ասում եմ, դե լավ, դա շատ լավ քայլ է, չի կարելի այդ իրավիճակում, սրելով այն, պահանջել անհնարինը»,- ասել է Լուկաշենկոն։ 

Բելառուսի նախագահի խոսքով՝ հաջորդ պայմանը, որի կատարման շուրջ պայմանավորվել են կողմերը, Մոսկվա վագներականների շարասյուների հետագա շարժի կանգնեցումն է։

Հիշեցնենք, որ հունիսի 23-ին «Վագներ» մասնավոր զինվորական ընկերության ղեկավար Եվգենի Պրիգոժինը հայտարարել էր, որ Ռուսաստանի զինված ուժերը հրթիռակոծել էին վագներականների ճամբարները և դրա պատճառով 25 հազար վարձկաններ շարժվում են Մոսկվա՝ «վերականգնելու արդարությունը»։

Հունիսի 24-ին վագներականներն իրենց վերահսկողության տակ էին վերցրել Դոնի Ռոստովի և Վորոնեժի ռազմական օբյեկտները։ Ռուսաստանի մայրաքաղաքում արդեն նախապատրաստվում էին պաշտպանությանը։ 

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն իր արտակարգ ուղերձում հայտարարեց դավաճանության և ապստամբության մասին։ Դրանից անմիջապես հետո Պրիգոժինը հայտարարեց, որ Պուտինը խորապես սխալվում է։ «Հայրենիքի դավաճանության մասով նախագահը խորապես սխալվում է։ Մենք մեր երկրի հայրենասերներն ենք, մենք պատերազմել ենք և պատերազմում ենք, «Վագներ» մասնավոր զինվորական ընկերության բոլոր մարտիկները։ Եվ որևէ մեկը չի պատրաստվում նախագահի, Անվտանգության դաշնային ծառայության կամ որևէ մեկի պահանջով մեղա գալ։ Որովհետև մենք չենք ցանկանում, որ երկիրը շարունակի ապրել կոռուպցիայի, խաբեության և բյուրոկրատիայի մեջ»,- հայտարարել էր Պրիգոժինը։

Նույն օրը երեկոյան հայտնի դարձավ, որ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն բանակցություններ է վարել Պրիգոժինի հետ, որից հետո կողմերը որոշել են, որ վարձկանները կվերադառնան դաշտային ճամբարներ, իսկ Պրիգոժինը կհեռանա Բելառուս։ Բացի այդ, ռուսական իշխանությունները խոստանում էին նաև Պրիգոժինի դեմ հարուցված քրեական գործը։ Վերջինս կարճվեց միայն հունիսի 27-ին։

Հունիսի 26-ին Պրիգոժինը հայտարարեց, որ Մոսկվա իր երթի նպատակը «Վագներ» մասնավոր զինվորական ընկերությանը ոչնչացումից փրկումն էր, քանի որ մինչև հուլիսի 1-ը վարձկանները պետք է պայմանագրեր կնքեին ՌԴ պաշտպանության նախարարության հետ, իսկ վերջիններս դա չէին ցանկանում։

Պուտինը վագներականներին պաշտոնապես առաջարկեց միանալ ռազմական մյուս կազմավորումներին, ՌԴ ՊՆ-ին կամ տեղափոխվել Բելառուս։ Վագներականների ծանր սպառազինությունը կփոխանցվի ՌԴ պաշտպանության նախարարությանը։

Լուսանկարը՝ Sputnik/Ilya Pitalev/Kremlin via REUTERS/File Photo

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter