HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

«Սադրանքը չազդեց զորքերի խմբավորումների գործողությունների վրա». Շոյգուն առաջին անգամ մեկնաբանել է Պրիգոժինի ապստամբությունը

Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն առաջին անգամ մեկնաբանել է զինված ապստամբությունը, որը նախորդ շաբաթ կազմակերպվել էր «Վագներ» մասնավոր զինվորական ընկերության հիմնադիր Եվգենի Պրիգոժինի կողմից։ Ինչպես փոխանցել է РИА Новости-ն, Շոյգուն նշել է, որ տեղի ունեցածը չի ազդել զորքերի վրա։ 

«Այդ պլանները ձախողվել են առաջին հերթին այն պատճառով, որ զինված ուժերի անձնակազմն իր հավատարմությունն է ցուցաբերել երդմանն ու զինվորական պարտքին։ Սադրանքը չի ազդել զորքերի խմբավորումների գործողությունների վրա։ Զինծառայողներն արիաբար և անձնազոհաբար շարունակել են իրականացնել իրենց առջև դրված խնդիրները»,- ասել է Շոյգուն։

Հիշեցնենք, որ հունիսի 23-ին «Վագներ» մասնավոր զինվորական ընկերության ղեկավար Եվգենի Պրիգոժինը հայտարարել էր, որ Ռուսաստանի զինված ուժերը հրթիռակոծել էին վագներականների ճամբարները և դրա պատճառով 25 հազար վարձկաններ շարժվում են Մոսկվա՝ «վերականգնելու արդարությունը»։

Հունիսի 24-ին վագներականներն իրենց վերահսկողության տակ էին վերցրել Դոնի Ռոստովի և Վորոնեժի ռազմական օբյեկտները։ Ռուսաստանի մայրաքաղաքում արդեն նախապատրաստվում էին պաշտպանությանը։ 

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն իր արտակարգ ուղերձում հայտարարեց դավաճանության և ապստամբության մասին։ Դրանից անմիջապես հետո Պրիգոժինը հայտարարեց, որ Պուտինը խորապես սխալվում է։ «Հայրենիքի դավաճանության մասով նախագահը խորապես սխալվում է։ Մենք մեր երկրի հայրենասերներն ենք, մենք պատերազմել ենք և պատերազմում ենք, «Վագներ» մասնավոր զինվորական ընկերության բոլոր մարտիկները։ Եվ որևէ մեկը չի պատրաստվում նախագահի, Անվտանգության դաշնային ծառայության կամ որևէ մեկի պահանջով մեղա գալ։ Որովհետև մենք չենք ցանկանում, որ երկիրը շարունակի ապրել կոռուպցիայի, խաբեության և բյուրոկրատիայի մեջ»,- հայտարարել էր Պրիգոժինը։

Նույն օրը երեկոյան հայտնի դարձավ, որ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն բանակցություններ է վարել Պրիգոժինի հետ, որից հետո կողմերը որոշել են, որ վարձկանները կվերադառնան դաշտային ճամբարներ, իսկ Պրիգոժինը կհեռանա Բելառուս։ Բացի այդ, ռուսական իշխանությունները խոստանում էին նաև Պրիգոժինի դեմ հարուցված քրեական գործը։ Վերջինս կարճվեց միայն հունիսի 27-ին։

Հունիսի 26-ին Պրիգոժինը հայտարարեց, որ Մոսկվա իր երթի նպատակը «Վագներ» մասնավոր զինվորական ընկերությանը ոչնչացումից փրկումն էր, քանի որ մինչև հուլիսի 1-ը վարձկանները պետք է պայմանագրեր կնքեին ՌԴ պաշտպանության նախարարության հետ, իսկ վերջիններս դա չէին ցանկանում։

Պուտինը վագներականներին պաշտոնապես առաջարկեց միանալ ռազմական մյուս կազմավորումներին, ՌԴ ՊՆ-ին կամ տեղափոխվել Բելառուս։ Վագներականների ծանր սպառազինությունը կփոխանցվի ՌԴ պաշտպանության նախարարությանը։

Իր ելույթներում Պրիգոժինը պահանջում էր ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի և ԶՈւ ԳՇ պետ Վալերի Գերասիմովի հրաժարականները։ Մինչ ապստամբությունը շարունակվում էր, Շոյգուն հանրությանը չէր երևացել և չէր մեկնաբանել տեղի ունեցող իրադարձությունները։ Միայն հունիսի 26-ին ՌԴ ՊՆ-ն տեսանյութ տարածեց, որտեղ, ինչպես պնդվում էր, Շոյգուն այցելել էր ռուսական զորքերի կառավարման առաջնային կետ։

Լուսանկարը՝ Рамиль Ситдиков / ТАСС

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter