HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Գերմանական հետախուզությունը գաղտնալսել է Լուկաշենկոյի և Պրիգոժինի հեռախոսազրույցը

Գերմանիայի դաշնային հետախուզական ծառայությունը հունիսի 24-ին, երբ Ռուսաստանում «Վագներ» մասնավոր զինվորական ընկերությունը հայտարարել էր զինված ապստամբության մասին, գաղտնալսել է Եվգենի Պրիգոժինի և Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի բանակցությունները։ Այդ մասին նշվում է ARD-ի լրագրողների հետաքննության մեջ։

Գերմանիայի հետախուզական ծառայության ներկայացուցիչը հայտարարել է, որ գերատեսչությունը «հրապարակային չի մեկնաբանում հարցեր, որոնք վերաբերվում են հետախուզության հնարավոր արդյունքներին»։

Պրիգոժինի ապստամբությունից հետո գերմանացի քաղաքական գործիչները Գերմանիայի հետախուզությանը մեղադրել էին նրանում, որ, պաշտոնական տվյալներով, Գերմանիայի դաշնային հետախուզական ծառայությունը գերմանական կառավարությանը Ռուսաստանում տեղի ունեցող իրադարձությունների մասին տեղեկացրել էր միայն հունիսի 24-ին, երբ վարձկաններն արդեն շարժվում էին Մոսկվա։

Ապստամբությունից հետո Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը նշել էր, որ գերմանական հատուկ ծառայությունները լավ տեղեկացված չեն եղել Պրիգոժինի ծրագրվող ապստամբության մասին, ինչպես ԱՄՆ հետախուզությունը։ 

Հիշեցնենք, որ հունիսի 23-ին «Վագներ» մասնավոր զինվորական ընկերության ղեկավար Եվգենի Պրիգոժինը հայտարարել էր, որ Ռուսաստանի զինված ուժերը հրթիռակոծել են վագներականների ճամբարները և դրա պատճառով 25 հազար վարձկաններ շարժվում են Մոսկվա՝ «վերականգնելու արդարությունը»։

Հունիսի 24-ին վագներականներն իրենց վերահսկողության տակ էին վերցրել Դոնի Ռոստովի և Վորոնեժի ռազմական օբյեկտները։ Ռուսաստանի մայրաքաղաքում արդեն նախապատրաստվում էին պաշտպանության։ 

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն իր արտակարգ ուղերձում հայտարարեց դավաճանության և ապստամբության մասին։ Դրանից անմիջապես հետո Պրիգոժինը հայտարարեց, որ Պուտինը խորապես սխալվում է։ «Հայրենիքի դավաճանության մասով նախագահը խորապես սխալվում է։ Մենք մեր երկրի հայրենասերներն ենք, մենք պատերազմել ենք և պատերազմում ենք, «Վագներ» մասնավոր զինվորական ընկերության բոլոր մարտիկները։ Եվ որևէ մեկը չի պատրաստվում նախագահի, Անվտանգության դաշնային ծառայության կամ որևէ մեկի պահանջով մեղա գալ։ Որովհետև մենք չենք ցանկանում, որ երկիրը շարունակի ապրել կոռուպցիայի, խաբեության և բյուրոկրատիայի մեջ»,- հայտարարել էր Պրիգոժինը։

Նույն օրը երեկոյան հայտնի դարձավ, որ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն բանակցություններ է վարել Պրիգոժինի հետ, որից հետո կողմերը որոշել են, որ վարձկանները կվերադառնան դաշտային ճամբարներ, իսկ Պրիգոժինը կհեռանա Բելառուս։ Բացի այդ, ռուսական իշխանությունները խոստանում էին նաև փակել Պրիգոժինի դեմ հարուցված քրեական գործը։ Վերջինս կարճվեց միայն հունիսի 27-ին։

Հունիսի 26-ին Պրիգոժինը հայտարարեց, որ Մոսկվա իր երթի նպատակը «Վագներ» մասնավոր զինվորական ընկերությանը ոչնչացումից փրկումն էր, քանի որ մինչև հուլիսի 1-ը վարձկանները պետք է պայմանագրեր կնքեին ՌԴ պաշտպանության նախարարության հետ, իսկ վերջիններս դա չէին ցանկանում։

Պուտինը վագներականներին պաշտոնապես առաջարկեց միանալ ռազմական մյուս կազմավորումներին, ՌԴ ՊՆ-ին կամ տեղափոխվել Բելառուս։ 

Իր ելույթներում Պրիգոժինը պահանջում էր ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի և ԶՈւ ԳՇ պետ Վալերի Գերասիմովի հրաժարականները։ Մինչ ապստամբությունը շարունակվում էր, Շոյգուն հրապարակային չէր հայտնվել և մեկնաբանել տեղի ունեցող իրադարձությունները։ Միայն հունիսի 26-ին ՌԴ ՊՆ-ն տեսանյութ տարածեց, որտեղ, ինչպես պնդվում էր, Շոյգուն այցելել էր ռուսական զորքերի կառավարման առաջնային կետ։

Ավելի ուշ, Շոյգուն, մեկնաբանելով Պրիգոժինի զինված ապստամբությունը, հայտարարել էր, որ «սադրանքը չի ազդել զորքերի խմբավորումների գործողությունների վրա»։ «Այդ պլանները ձախողվել են առաջին հերթին այն պատճառով, որ զինված ուժերի անձնակազմն իր հավատարմությունն է ցուցաբերել երդմանն ու զինվորական պարտքին։ Սադրանքը չի ազդել զորքերի խմբավորումների գործողությունների վրա։ Զինծառայողներն արիաբար և անձնազոհաբար շարունակել են իրականացնել իրենց առջև դրված խնդիրները»,- ասել էր Շոյգուն։

Իլյուստրացիան՝ foxnews.com-ից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter