HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

«Հետքի» հոդվածի հիման վրա քրեական վարույթ է սկսվել փողերի լվացման հատկանիշներով

Ֆինանսների նախկին փոխնախարար, ՊԵԿ նախագահի նախկին տեղակալ Արթուր Աֆրիկյանի կնոջ կողմից Դուբայում շուրջ մեկ տասնյակ բնակարան օտարելու մասին «Հետքի» հրապարակումն ուսումնասիրվել է Գլխավոր դատախազությունում, ապա ուղարկվել Քննչական կոմիտե, որտեղ քրեական վարույթ է նախաձեռնվել:

Ա. Աֆրիկյանի արաբական անշարժ գույքի մասին առաջին անգամ գրել էինք 2018-ի նոյեմբերին: Հետո պարզել էինք, որ նրա անունով գրանցված գույքի սեփականատեր է դարձել կինը՝ Ալվարդ Մովսեսյանը:

Ըստ մեր ունեցած տվյալների՝ Մովսեսյանի անունով 13 միավոր անշարժ գույք է եղել Դուբայում, 11-ը՝ բնակարան, 2-ը՝ խանութ: Սրանցից 9 բնակարանները Մովսեսյանն օտարել է վերջին տարիներին: Դրանցից 2-ի սեփականատեր է գրանցվել Աֆրիկյան-Մովսեսյան զույգին փոխկապակցված Հովհաննես Կոբալյանը, որն, ըստ էության, առնչվել կամ հիմա էլ առնչվում է նախկին բարձրաստիճան պաշտոնյայի գործարքներին եւ անշարժ գույքի կառավարմանը: Նկատենք, որ նշված 13 գույքից զատ՝ դեռ 2014 թ. Արթուր Աֆրիկյանը եւս 2 բնակարան էր օտարել Դուբայում:

Այսինքն՝ ըստ մեր ձեռքի տակ առկա տվյալների՝ ընդհանուր առմամբ Աֆրիկյանները Դուբայում ունեցել են առնվազն 15 միավոր գույք, այդ թվում՝ 13 բնակարան, որոնցից 11-ը տարբեր տարիների օտարել են:

Ալվարդ Մովսեսյանի կողմից օտարված 9 բնակարանների ընդհանուր շուկայական արժեքը ներկայում 4 մլն դոլար է:

Արթուր Աֆրիկյանը որպես մեղադրյալ է ներգրավված դեռեւս նախաքննության փուլում գտնվող 2 քրեական վարույթների շրջանակներում: Դրանցից մեկը նախաձեռնվել է 2017 թ. ապրիլին, եւ այժմ գտնվում է Հակակոռուպցիոն կոմիտեի վարույթում, մյուսը նախաձեռնվել է 2019 թ. փետրվարին ԱԱԾ-ի կողմից: Այս երկրորդ դեպքում Աֆրիկյանը մեղադրյալ է ներգրավվել 2020-ի հունվարին: Սակայն նա 2018-ի հունիսին՝ Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո, հեռացել է երկրից, եւ ըստ «Հետքի» տվյալների՝ մեկնել է ԱՄՆ: Աֆրիկյանի հանդեպ հայտարարվել է միջազգային հետախուզում, նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրված կալանավորումը:

Գլխավոր դատախազությունը, «Հետքի» հարցմանն ի պատասխան, հայտնել է, որ մեր հրապարակումն ուսումնասիրելուց հետո ուղարկել է ՔԿ տնտեսական հանցագործությունների եւ մաքսանենգությունների քննության գլխավոր վարչություն, որտեղ էլ նախաձեռնվել է քրեական վարույթ Քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ ու 3-րդ կետերով: Այն է՝ փողերի լվացումը, որը կատարվել է իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով (2-րդ կետ) կամ առանձնապես խոշոր չափերով (3-րդ կետ), պատժվում է ազատազրկմամբ՝ 6-12 տարի ժամկետով: ՔՕ 296-րդ հոդվածում առանձնապես խոշոր չափ է համարվում 10 մլն դրամը գերազանցող գումարը:

Ըստ Գլխավոր դատախազության՝ քրեական վարույթի շրջանակներում քրեական հետապնդման ենթարկված անձինք այս պահին չկան:

Հիշեցնենք, որ առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման հատկանիշներով եւս մի քրեական վարույթ է նախաձեռնվել ՔԿ-ում մեր այն հրապարակումից հետո, որում անդրադարձել էինք Դուբայում բնակարաններ ձեռք բերած մի քանի նախկին բարձրաստիճան պաշտոնյաների՝ Երեւանի նախկին քաղաքապետ, տրանսպորտի եւ կապի նախկին նախարար Գագիկ Բեգլարյանին, նրա եղբորը՝ ԱԺ նախկին պատգամավոր Հակոբ Բեգլարյանին, ԱԺ նախկին պատգամավորներ, Դուբայում հարեւանություն անող Սամվել Ալեքսանյանին եւ Հրանտ Դավթյանին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter