HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Լիազորությունները դադարեցված դատավորների գործերը ՄԻԵԴ-ում առաջնահերթություն ունեն

Լիազորությունները դադարեցված դատավորները դիմում են Մարդու իրավունքների եվրոպական դատարան: Վերջինս էլ, հաշվի առնելով դատավորների կարգավիճակը և առաջ քաշած հարցերը, որոշում է առաջնահերթություն տալ գործերին, ինչը նշանակում է, որ ՄԻԵԴ-ից վճիռներ սպասվում են ոչ թե 9-10 տարի անց, այլ շատ ավելի կարճ ժամանակահատվածում:

2023թ. հունիսի 7-ին ՄԻԵԴ-ը որոշում է կայացրել ևս 8 դատավորի գործով կիրառել դատարանի կանոնակարգի 40 և 41 կանոնը: Այսինքն՝ գանգատի մասին հրատապ ծանուցել է Հայաստանի կառավարությանը և առաջնահերթություն տվել այդ գործերի քննությանը:

Ընդդեմ Հայաստանի ՄԻԵԴ դիմել են Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նաիրա Մխիթարյանը, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավորներ Աննա Փիլոսյանը, Զարուհի Նախշքարյանը, Սիմա Իսկանդարյանը, Ռուբեն Վարդազարյանը, Ալեքսեյ Սուքոյանը, Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ռաֆիկ Մելքոնյանը և Վճռաբեկ դատարանի դատավոր Սուրեն Անտոնյանը: Նշված դատավորների լիազորությունները դադարեցվել են Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) որոշումներով:

Դատավորներ Զ. Նախշքարյանի և Ն. Մխիթարյանի ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանը «Հետք»-ի հետ զրույցում ասաց, որ այդ գործերը ՄԻԵԴ-ում չեն միավորվել, պարզապես հաշվի առնելով գործերի նույնաբովանդակությունը, բոլորի նկատմամբ կիրառվել է նույն կանոնը:

Ս. Սահակյանի դիտարկմամբ՝ կան գործեր, որոնցով արդեն սկսվել է Կառավարության հետ գրագրությունը: Դրանցից է, օրինակ, Վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր Գագիկ Խանդանյանի գանգատը: Այս գործին ավելի վաղ ևս տրվել է առաջնահերթություն:

Նշենք, որ սովորական պայմաններում, երբ չի կիրառվում գործին առաջնահերթություն տալու կանոնը, Կառավարության հետ հաղորդակցումը սկսվում է գանգատը ներկայացնելուց 3-4 տարի անց: Մինչդեռ դատավորների դեպքում, հաշվի առնելով նրանց կարգավիճակը, ամիսների ընթացքում է սկսվել հաղորդակցումը:

Զարուհի Նախշքարյանը ՄԻԵԴ ներկայացրել է իր չորրորդ գանգատը: Դատավորը չորս անգամ կանգնել է ԲԴԽ-ի առջև՝ կարգապահական պատասխանատվության ենթարկելու պահանջով: Երկու վարույթները կարճվել են․ մեկով, ըստ Սիրանուշ Սահակյանի, քվեարկության կարգի խիստ խախտմամբ հայտարարվել է խիստ նկատողություն, իսկ վերջին վարույթով՝ դատավորի լիազորությունները դադարեցվել են՝ հիմքում դնելով արդեն ստացած խիստ նկատողությունը:

«Նույնիսկ այն վարույթները, որ կարճվել են, խնդիրներ են եղել, և այդ առումով բարձրաձայնել ենք ինստիտուցիոնալ հարցեր: Այդ բոլոր վարույթները կապակցված են եղել՝ քաղաքական պատվերով հասնել լիազորությունների դադարեցմանը: Նախշքարյանն այն դատավորն է եղել, որ մերժել է վարչապետի դստեր հայցը»,- ասում է Սիրանուշ Սահակյանը:

Մեկից ավելի գանգատ ներկայացրել է նաև Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանը: Նրա նկատմամբ էլ քրեական և կարգապահական վարույթներ էր սկսվել, կասեցվել՝ լիազորությունները:

Դատավոր Դավիթ Գրիգորյանը մեղադրվում է պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ: Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը քրեական հետապնդումը դադարեցնելու որոշում է կայացրել, իսկ Վերաքննիչ դատարանը որոշել է առաջին ատյանի դատարանի որոշումը թողնել անփոփոխ:

2023թ. հունիսի 12-ին Վճռաբեկ դատարանը բեկանել է Վերաքննիչ դատարանի որոշումը և գործն ուղարկել Հակակոռուպցիոն դատարան՝ նոր քննության։

«Մարտի 1»-ի գործի քննության ժամանակ դատավոր Դավիթ Գրիգորյանը կալանքից ազատել էր նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին և գործի քննությունը կասեցրել էր՝ դիմելով Սահմանադրական դատարան՝ հոդվածի սահմանադրականությունը որոշելու համար:

Սիրանուշ Սահակյանն ասաց, որ տարաբնույթ հարցեր են ՄԻԵԴ-ում առաջ քաշվել դատավորների գործերով, սակայն ընդհանրությունն այն է, որ ԲԴԽ-ն ոչ օրինական կազմով է գործեր քննել, ունի անկախության պակաս, անաչառության դրսևորումներ չեն եղել, խախտվել են դատավարական երաշխիքները և այլն:

Սիրանուշ Սահակյանի փոխանցմամբ՝ իր կողմից ներկայացվող գործերով առաջ է քաշվել Կոնվենցիայի 6-րդ հոդվածի (Արդար դատաքննության իրավունք) մի քանի խախտումներ և հարցադրումներ են արվել 8-րդ հոդվածի մասով (Անձնական և ընտանեկան կյանքը հարգելու իրավունք):

Սահակյանը նշեց, որ առաջիկայում ՄԻԵԴ գանգատներ կներկայացվեն նաև Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավորներ Դավիթ Հարությունյանի, Վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր Աստղիկ Խառատյանի, Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավորներ Արտակ Բարսեղյանին և Տիգրան Պետրոսյանի անունից: Վերջիններիս լիազորությունները ԲԴԽ-ն դադարեցրել էր նույն օրը՝ 2023թ. հուլիսի 3-ին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter