HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նարե Պետրոսյան

Առաջին անգամ Երևանի նորընտիր ավագանին քաղաքապետ կընտրի

Հոկտեմբերի 10-ին Երևանի նորընտիր ավագանին առաջին նիստում քաղաքապետ կընտրի։ Այսպիսի դեպք Երևանի քաղաքային իշխանությունում չի եղել։ Առաջին անգամ ընտրապայքարին մասնակցող քաղաքական ուժերից ոչ մեկը ընտրությունների արդյունքում չի ստացել 65 մանդատների 50%-ից ավելին։ Եթե նախորդ ընտրություններում ավագանու մանդատների կեսից ավելին ստացած քաղաքական ուժի համամասնական ցուցակի առաջին համարը իրավունքի ուժով քաղաքապետ էր դառնում, ապա այս տարի Երևանի քաղաքապետին առաջին անգամ նոր ձևավորված ավագանին է ընտրելու՝ բաց քվեարկությամբ։ Ավագանու նիստն իրավազոր է, եթե ներկայանում է առնվազն 33 անդամ։

Սեպտեմբերի 17-ին կայացած Երևանի ավագանու ընտրությունների արդյունքում անցողիկ շեմը հաղթահարել էր քաղաքական 5 ուժ: «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ստացել էր 24 մանդատ, «Ազգային առաջընթաց» կուսակցությունը՝ 14, «Մայր Հայաստան» դաշինքը՝ 12, «Հանրապետություն» կուսակցությունը՝ 8 և «Հանրային ձայն» կուսակցությունը՝ 7 մանդատ։

«Հետքը» նախորդ շաբաթ ներկայացրել էր, թե ովքեր են ավագանու նորաստեղծ 5 խմբակցությունների անդամները։

Ըստ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ներկայացրած տվյալների՝ Երևանի ավագանու նորընտիր կազմի շուրջ 26%-ը աշխատանք չունի։ Ավագանու 65 անդամներից 17-ը իրենց հայտարարագրերում ոչ մի զբաղվածություն, աշխատավայր կամ պաշտոն չեն նշել։ Ստացվում է՝ ամեն 4-րդը գործազուրկ է։

Կանայք 37% են կազմում․ նոր ձևավորված ավագանիում 41 տղամարդ և 24 կին է աշխատելու։ 

Ավագանու անդամների միջին տարիքը 43-ն է։

Ավագանիում ավելի շատ անկուսակցականներ են, քան որևէ կուսակցության ներկայացուցիչներ։ 22 անկուսակցական ավագանու անդամներից 2-ը գլխավորում էին քաղաքական ուժերի նախընտրական ցուցակները․ Հայկ Մարությանը՝ «Ազգային առաջընթաց» կուսակցության, իսկ Անդրանիկ Թևանյանը՝ «Մայր Հայաստան» դաշինքի։

Ընդհանուր առմամբ ավագանու 5 խմբակցություններում ներկայացված են լինելու 8 կուսակցություններ, որոնց ներկայացվածությունը կարող եք տեսնել ինֆոգրաֆիկայում։

«Հանրապետություն» խմբակցությունը միակ միատարր խմբակցությունն է ավագանու կազմում․ բոլոր 8 անդամները «Հանրապետություն» կուսակցությունից են։

Ինքնաբացարկի դիմում են ներկայացրել միայն «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակում ընդգրկված ավագանու անդամի 3 թեկնածուներ՝ Վահագն Հայրապետյանը, Մարգարիտ Խաչատրյանը և Ռուզաննա Երեմյանը։

Երևանի ավագանին համայնքի նոր ղեկավար ընտրելու համար երկու շաբաթ ունի։ Եթե այս ժամանակահատվածում չհաջողվի քաղաքապետ ընտրել, Երևանում տեղական ինքնակառավարման մասին ՀՀ օրենքի համաձայն՝ ավագանու լիազորությունների ժամկետը կկրճատվի (ավագանին կլուծարվի - խմբ․), և կնշանակվեն արտահերթ ընտրություններ։ 

Հոկտեմբերի 10-ին նախատեսված ավագանու նիստը բոյկոտելու են ընդդիմադիր երկու խմբակցություները՝ «Ազգային առաջընթացը» և «Մայր Հայաստանը»։ «Հանրային ձայն» կուսակցությունը հայտարարել է, որ չի պատրաստվում բոյկոտել ավագանու նիստը։ Սրանից կարելի է ենթադրել, որ «Քաղաքացիական պայմանագիր», «Հանրապետություն» և «Հանրային ձայն» կուսակցութունների ավագանիները կմասնակցեն առաջին նիստին, և քվորում կլինի։ «Քաղաքացիական պայմանագիր» և «Հանրապետություն» խմբակցությունների ավագանիների մանդատները միասին 32 է, որով քվորում ապահովել հնարավոր չէր․ նրանց առնվազն 1 մանդատ չէր բավականացնում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter