
«Զվարթնոցը» ուղեւորափոխադրման նոր ռեկորդ է սահմանել 2023-ին
Հայաստանի գլխավոր օդային դարպասը՝ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանը, 2023 թ. ուղեւորահոսքի նոր ռեկորդ է սահմանել:
Ըստ Քաղավիացիայի կոմիտեի, որն իր հերթին տվյալները ստանում է օդանավակայանի կոնցեսիոներ ««Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ից, նախորդ տարի «Զվարթնոցով» մեկնել եւ ժամանել է 5.330.308 ուղեւոր: Համեմատության համար նշենք, որ 2022-ին այս թիվը եղել է 3.649.764, այսինքն՝ աճը կազմել է 46 %:
Ընդ որում՝ նախորդ տարի Հայաստան ժամանողների թիվը մեկնողներից ավելի մեծ է եղել: Ժամանել է 2.674.793 ուղեւոր, մեկնել՝ 2.655.515 հոգի, տարբերությունը՝ 19.278 մարդ:
Եթե դիտարկենք ամսական կտրվածքով, ապա օրինաչափությունը պահպանվել է: Ավանդաբար տարվա ամենապասիվ ամիսը փետրվարն է, իսկ ամենաակտիվը՝ օգոստոսը: 2023-ի օգոստոսին Հայաստան է ժամանել եւ այստեղից մեկնել 637.735 մարդ: Սա ամսական կտրվածքով եւս ռեկորդ է «Զվարթնոցի» համար:
Վերջերս անդրադարձել էինք «Զվարթնոցի» ուղեւորափոխադրումների ծավալին՝ մեջբերելով Վիճակագրական կոմիտեի տվյալները: Վիճկոմի ինֆորմացիայի սկզբնաղբյուրն էլ ՀՀ սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական (ՍԷԿՏ) համակարգն է, որը շահագործում են ԱԱԾ սահմանապահ զորքերը:
Ըստ ՍԷԿՏ-ի տվյալների՝ 2023 թ. «Զվարթնոցից» օգտվել է 5.052.056 ուղեւոր, իսկ նրա «Կարգո» տերմինալից (ՍԷԿՏ համակարգում այս թվերն անջատ են ներկայացվում)՝ 1.910, ընդհանուր՝ 5.053.966 մարդ: Ինչպես տեսնում ենք, կոնցեսիոների ներկայացրած ցուցանիշի համեմատ տարբերությունը բավականին մեծ է՝ 276 հազ. հոգի:
Սա, թերեւս, կարելի է բացատրել տարանցիկ (տրանզիտ) ուղեւորների գործոնով, որոնք ՀՀ պետական սահման չեն հատում, սակայն կոնցեսիոների կողմից հաշվվում են:
Բեռնափոխադրումների ծավալով եւս, որն այս պարագայում ներառում է նաեւ փոստը, 2023-ը հաջող տարի էր: Այսպես՝ նախորդ տարի Հայաստանի երկու միջազային օդանավակայաններով՝ «Զվարթնոցով» ու Գյումրու «Շիրակով», տեղափոխվել է 33.852 տ բեռ ու փոստ: 2022-ին այդ թիվը 23.340 տ էր, ընդ որում՝ դա միայն «Զվարթնոցի» ցուցանիշն էր, քանի որ «Շիրակով» բեռ ու փոստ չէր տեղափոխվել: Ինֆոգրաֆիկայում կարելի է տեսնել, որ հատկապես հաջող են եղել 2023 թ. սեպտեմբեր, հոկտեմբեր եւ դեկտեմբեր ամիսները, երբ բեռնափոխադրման ծավալներն անցել են 3000 տոննայի շեմը:
Հավելենք, որ նախորդ տարի առաքված բեռի ծավալը կազմել է 17.568 տ, իսկ ներմուծվածինը՝ 16.284 տ: Այսինքն՝ բեռնափոխադրման 51,9 % եղել է առաքում, իսկ 48,1 %-ը՝ ներմուծում:
Ինչ վերաբերում է «Զվարթնոցում» կատարված թռիչքներին ու վայրէջքներին, ապա պետք է հիշեցնել, որ սրանց քանակն ու օդանավերի տարողությունն են ապահովում ուղեւորափոխադրման ծավալների մեծ ցուցանիշները: Այսինքն՝ որքան շատ են չվերթերը եւ տարողունակ են օդանավերը, այնքան շատ են ուղեւորները:
2023 թ. օգոստոսին՝ մեկ ամսում, «Զվարթնոցում» կատարվել է ընդհանուր 4660 թռիչք ու վայրէջք: 4000+ ցուցանիշ է գրանցվել հունիս-սեպտեմբեր ժամանակահատվածում, որը տուրիստական ամենաթեժ սեզոնն է: 2022-ին 4000+ թռիչք ու վայրէջք եղել էր միայն օգոստոսին (4083 հատ):
Ինֆոգրաֆիկայում կարելի է տեսնել, որ «Զվարթնոցում» ամբողջ 2023 թ. ընթացքում միայն փետրվարին ու նոյեմբերին է թռիչքների եւ վայրէջքների ընդհանուր քանակը ցածր եղել 3000-ից, մյուս ամիսներին 3000+ է:
Հաջորդ հոդվածում կանդրադառնանք Գյումրու «Շիրակ» օդանավակայանի ցուցանիշներին:
Տես նաեւ՝
- «Զվարթնոց» օդանավակայանը 2022-ին ռեկորդներ է գրանցել
- «Զվարթնոցի» ցուցանիշները «վերակենդանացում» են հուշում, բայց մտահոգիչը մեկնածների զգալի մեծ թիվն է
- Կորոնավիրուսի ու պատերազմի տարում «Զվարթնոց» օդանավակայանը հակառեկորդներ է գրանցել
- 2019-ին «Զվարթնոց» օդանավակայանի արտադրական ցուցանիշներն աճել են
- «Զվարթնոցի» ցուցանիշներն աճել են՝ բացի բեռնափոխադրումից
- «Զվարթնոցը» թարմացրել է նախորդ տարվա ռեկորդը (ինֆոգրաֆիկա)
- «Զվարթնոցում» կտրուկ աճել է տեղափոխվող ուղեւորների ու բեռի քանակը (ինֆոգրաֆիկա)
Լուսանկարը՝ «Զվարթնոցի» ֆեյսբուքյան էջից
Մեկնաբանել