HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Դատարանը բավարարել է «Հետք»-ի հայցն՝ ընդդեմ ԲՏԱ նախարարության

Վարչական դատարանը բավարարել է «Հետաքննող լրագրողներ» ՀԿ-ի (hetq.am) հայցը և պարտավորեցրել ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությանը «Հետաքննող լրագրողներ»-ին տրամադրել այն կազմակերպությունների ցանկը, որոնք 2022 թվականի դեկտեմբերի 1-ին Կառավարության որոշմամբ ստացել են պետական աջակցություն։

Դատարանը նաև որոշել է ԲՏԱ նախարարությունից հօգուտ «Հետաքննող լրագրողների» բռնագանձել 10 հազար դրամ՝ որպես նախապես վճարված պետական տուրք և 40 հազար դրամ՝ որպես ներկայացուցչի վճարի փոխհատուցում։

2022 թվականի դեկտեմբերի 1-ին Կառավարությունը որոշում ընդունեց պետական աջակցություն տրամադրել ՏՏ ոլորտում գործող կազմակերպություններին։ Աջակցության անհրաժեշտությունը  բացատրվեց ընկերությունների կրած վնասներով, որոնք առաջին հերթին դոլարի նկատմամբ ՀՀ դրամի արժևորման հետևանքով են առաջացել։

Դեռևս 2023-ի փետրվարից Կառավարությանն ու ԲՏԱ նախարարությանը ուղարկած հարցումներով «Հետքը» խնդրել է տրամադրել աջակցություն ստացած ընկերությունների ցանկը։ Պատասխանել էին, որ հայտերը դեռևս ուսումնասիրվում են։

Ընդ որում՝ դրան հաջորդել են այլ հարցումներ ևս, որոնց ի պատասխան նախարարությունից այդպես էլ չեն տրամադրել պետական բյուջեի հաշվին աջակցություն ստացած ընկերությունների ցանկը։

Նախ պատճառաբանում էին, թե հայտերը դեռևս ուսումնասիրում են, հետո՝ որ ոչ բոլոր ընկերությունների հետ են պայմանագրերը կնքված։ Հարցումներից մեկին ի պատասխան՝ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության գլխավոր քարտուղար Նարեկ Մելքումյանը ուղիղ նշել է, որ ընկերությունների ցանկը և նրանց ստացած աջակցության չափի մասին տեղեկություններն առևտրային գաղտնիք են պարունակում։

Չստանալով անհրաժեշտ տեղեկությունները՝ «Հետք»-ը դատական հայց է ներկայացրել ԲՏԱ նախարարության դեմ։ 

Այդ ժամանակ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարը Ռոբերտ Խաչատրյանն էր։

Հիշեցնենք, որ չնայած ԲՏԱ նախարարությունը հրաժարվում էր ներկայացնել ցանկը, «Հետք»-ին հաջողվել է բաց աղբյուրից՝ Ֆինանսների նախարարության Armeps համակարգից, որտեղ հրապարկվում են Կառավարության և մյուս պետական մարմինների պայմանագրերը, գնումները և այլ պաշտոնական տեղեկություններ, հավաքագրել այս որոշման շրջանակներում աջակցություն ստացածների պայմանագրերը։

Պարզվել էր, որ աջակցություն են ստացել այնպիսի խոշոր ընկերություններ, ինչպիսիք են «Պիկսարտ»-ը (Pics Art) և «Էներջայզ Գլոբալ Սերվիսիզ»-ը (Energize Global Services) ստացել են յուրաքանչյուրը 400 միլիոն դրամ (1 մլն ԱՄՆ դոլար) աջակցություն։ 

Դատարանի վճիռը հրապարկվել է 2024 թվականի հուլիսի 29-ին։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter