HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հիդրոպոնիկայի ինստիտուտի տարածք լցվող կեղտաջրերը վարակում են լաբորատոր բույսերը

Բույսերի ուսումնասիրությամբ զբաղվող ինստիտուտի աշխատակիցները սեպտեմբերի  17-ի առավոտյան սովորականի պես դուրս են եկել աշխատանքի՝ բացօթյա փորձարարական դաշտ, իրենց դեղաբույսերը, սննդաբույսերը, պտղատու և դեկորատիվ ծառերը դիտարկելու։ Բնականոն աշխատանքը, սակայն, հերթական անգամ խաթարվել է ինստիտուտի հարևանությամբ անցնող խցանված կոյուղատարի կեղտաջրերից։ 

Գ.Ս. Դավթյանի անվան հիդրոպոնիկայի պրոբլեմների ինստիտուտի գործունեության հիմնական ոլորտը արդյունաբերական եղանակով բույսերի անհող մշակումն ու արտադրությունն է։ Փորձարկումների համար անհրաժեշտ պայման է ստերիլ միջավայրը, որը վերջին տարիներին աղտոտվում է ինստիտուտի տարածք լցվող կեղտաջրերից։

«Վարակվածության բարձր աստիճան է նկատվել լաբորատոր փորձաքննություններից հետո։ Բազմատեսակ բակտերիալ խմբեր են հայտնաբերվել, որոնք միայն կեղտաջրերի հետ կարող էին հայտնվել, օրինակ՝ աղիքային ցուպիկները և այլ 7 տեսակի բակտերիաներ»,- ասում է Հիդրոպոնիկայի ինստիտուտի փոխտնօրեն Արիստակես Ղահրամանյանը՝ ցույց տալով առավոտյան ինստիտուտի տարածք լցված կեղտաջրերի տեսագրությունները։

Նա պատմեց, որ գրեթե ամենօրյա կապի մեջ են «Վեոլիա Ջուր» ընկերության աշխատակիցների հետ, սակայն միակ լուծումը, որ տալիս են, այդ պահին խցանված կոյուղատարը բացելն է, որը ցանկացած պահի նորից կարող է խցանվել։ Իրավիճակին լուծում տալու համար ինստիտուտը դիմել է տարբեր կառույցների։

«Դիմել ենք քաղաքապետարանին, որը ասել է՝ մենք չենք զբաղվում դրանով, դիմել ենք Ջրային կոմիտե, որտեղից պատասխանել են, որ իրենք ոլորտը տվել են վարձակալության  «Վեոլիա Ջրին», սակայն չեն կարող իրականացնել վերահսկողություն։ Խորհուրդ տվեցին դիմել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով, որն ընդհանրապես չի պատասխանում մեր հեռախոսազանգերին»,- ասում է ինստիտուտի փոխտնօրեն Արիստակես Ղահրամանյանը։

Մինչ կոյուղաջրերի հարցի հիմնական լուծում տվող մարմնի որոնման աշխատանքները հիդրոպոնիկայի պրոբլեմների ինստիտուտի  ամենամեծ պրոբլեմը կենցաղային կեղտաջրերի հոսքն է ինստիտուտի տարածք։

Կարդացեք նաև՝

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter