HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Խաչին պոստ». արցախյան վերջին մարտեր

2023 թվականի սեպտեմբերի 19-ին՝ ժամը 13:00-ի մոտակայքում, ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումները սկսեցին հրետակոծել Ստեփանակերտը՝  «Խաչին պոստ» դիրքը։  

«Խաչին պոստը» կամ 842 մարտական դիրքը Ստեփանակերտի աշխարհազորային գումարտակի հրամանատարական դիտակետն էր։ Գումարտակը պահում էր քաղաքը պաշտպանող 841-846 մարտական դիրքերը։ Հարձակումից ժամեր անց ադրբեջանական զինված խմբերը, շրջանցելով հայկական դիրքերը, մոտեցել էին դիտակետի շենքին։

Դիրքում զոհվել է չորս հոգի՝  Բորիս Բալայանը, Արթուր Աղաջանյանը, Սերգեյ Բարսեղյան և Զորիկ Ղարայանը։

Ըստ զինվորների վկայության՝ ադրբեջանական զինուժի կորուստները մոտ 70 է եղել:

«Խաչին պոստ» կոչվող դիրքում 2021 թվականից մարտական հերթապահություն էին իրականացնում աշխարհազորայինները։ Աշխարհազորային գումարտակի հրամանատարը Գառնիկ Մնացականյանն էր։

Այս դիրքերի պահպանությունը 44-օրյա պատերազմից հետո իրականացնում էին Ցորի բրիգադի երկրորդ գումարտակի զինծառայողները։ Անձնակազմի քիչ լինելու պատճառով դիրքերի պահպանությունը փոխանցվել է Գառնիկ Մնացականյանի առաջին աշխարհազորային գումարտակին։ 

«Խաչին պոստը» կամ 842 մարտական դիրքը գումարտակի հրամանատարական դիտակետն էր։ Այստեղ հերթապահություն էր իրականացնում նաև գումարտակում ծառայող երեք կին՝ Սիրուն Օհանյանը, Անուշ Գրիգորյանը (Օլգան) և Դիանա Աղաջանյանը։ Սիրունը և Օլգան կապավորներ էին, Դիաննան՝ բուժակ։

Սիրուն Օհանյանը պատանեկությունից էր որոշել զինվորական դառնալ։ Սակայն մորեղբայրը, ով զինվորական էր, արգելել էր։ «Կնոջ տեղ չէ բանակը,- ասել էր Սիրունի քեռին։

Տարիներ անց Սիրունն իր ցանկությունն իրականացնելու հնարավորություն էր ստացել։ «Կյանքը բերեց, հասցրեց նրան, որ մի օր քեռուս տղան, էդ նույն քեռուս տղան, որը չէր ուզում որ զինվորական դառնամ, ասաց ականազերծման կենտրոնում «HALO Trust»-ում աղջիկների են ընդունում։ Արտյոմը՝ փոքր տղաս, էդ ժամանակ մի տարեկան էր։ Քեռուս տղային ասացի կփորձեմ, անունս գրի»,- պատմում է Սիրունը։

Ականազերծման կենտրոն ընդունվելու համար անհրաժեշտ բոլոր քննությունները Սիրունը հանձնել էր գերազանց և ընդունվել աշխատանքի։ 2020թ.-ի 44–օրյա պատերազմի ժամանակ բանակում էր, որպես ականազերծող։ Պատերազմից հետո հայ ականազերծողների խմբի հետ մեկնել է Սիրիա՝ հումանիտար առաքելության։ 

Սիրիայից Արցախ Սիրուն Օհանյանը վերադարձել է 2022-ին։ Այդ շրջանում ձեւավորվում էր աշխարհազորը։ Տարբեր բնակավայրերի աշխարհազորերը միավորվում էին և ստեղծվում էին աշխարհազորային վաշտեր ու գումարտակներ։

Հայրենի գյուղ՝ Կաղարծի, վերադառնալուց հետո Սիրունը որոշել է միանալ աշխարհազորին։ Միացել  է Ստեփանակերտի աշխարհազորին, որի հրամանատարը Ցորի տանկային գումարտակի թոշակի անցած հրամանատար Գառնիկ Մնացականյանն էր։ 

Գումարտակը վերջին անգամ մարտական հերթապահության է գնացել 2023 թվականի սեպտեմբերի 15-ին։

«Էդ օրը բարձրանալուց առաջ՝ ռազվոդին, աղջիկներին ասացի՝ էսօր տղաների թրաշը տեղն ա, ֆորմեքը տեղն ա։ Առաջին անգամ էր, որ դա նկատել էի։ Կռվից հետո Դիանային ասացի՝ երեւի սաղ գիտեին, որ դա վերջին հերթափոխն է լինելու»,- ասում է աշխարհազորային կապավորը։

Ժամը 13:00-ի մոտակայքում ադրբեջանական կողմը սկսել է դիրքերի հրետակոծությունը։ Առաջին արկից խափանվել են կապի բոլոր միջոցները։ 

«Մեր հրամանատարներից մեկը՝ Աղաջանյան Արթուրը, ինձ, Օլգային ու Դիանային ասաց հավաքվենք մի տեղ, որ միասին լինեք, դուրս չգանք շենքից, մինչև հրաման չլինի։ Իրանք գնացին խրամատներ։ Ամեն մարդ գիտեր իր անելիքը։ Ու մենք սպասեցինք շենքում, բայց արդեն մոտիկից լսվում էին կրակոցի ձայները։ Արդեն հասկանում էինք, որ սա վերջն ա»,- պատմում է Սիրուն Օհանյանը։

Երբ կանայք հրամանատարական դիտակետի շենքում են եղել, դիրքապահներից մեկը՝ Վասիլը, այնտեղ է բերել դիրքի երկու վիրավորներին։  

«Վասիլն ասաց՝ չգիտեմ՝ ինչ անեմ։ Սենց որ նայում եմ, սա վերջն է։ Շենքի դիմացով չեմ կարա ձեզ փախցնեմ, որովհետեւ վախենում եմ՝ գնդակները կպնի ձեզ»։ Վասիլը քանդեց շենքի հետևի մասի պատը, որ դուրս գայինք, բայց քանդված հատվածը նեղ էր, Դիանան չէր կարողանում անցնել։ Այդ ժամանակ ասացի՝ հիմա մեկը բոլորի համար, բոլորը՝ մեկի կարգախոսով պիտի առաջնորդվենք»,- պատմում է Սիրունը։

Նրանք դուրս են եկել շենքի դիմացի հատվածով։ Այդ պահին շենքում է եղել նաև շտապօգնության վարորդ Ջիվան Ծատրյանը, նա շենքի մոտ նկատել է ադրբեջանական խմբին: Ջիվանը շենքի պատուհանից սկսել է կրակել, որ կանայք վիրավորների հետ կարողանան դուրս գալ։ Իրենց օգնել է գումարտակի առաջին վաշտի հրամանատար  Բորիս Բալայանը, ով առաջին արցախյան պատերազմից հայտնի է որպես «Պուլիմյոտչիկ Բորյա»։ Նա իր դիրքից դեպի շինության կողմ է գնացել, և սկսել կրակ վարել,որ կանայք կարողանան դուրս գալ։

Սիրունը, Օլգան, Դիանան Վասիլի և երկու վիրավորների հետ անտառի միջով դուրս են եկել դիրքից։ Վիրավորներից մեկին օգնել է Սիրունը, մյուսին՝ Օլգան, իսկ Վասիլը օգնել է Դիանային։

Վեց հոգանոց խումբը գնացել է Շուշի-Ստեփանակերտ ճանապարհին տեղակայված ռուսական խաղաղապահ զորախմբի մոտ։ Սկզբում խաղաղապահները հորդորել են չմոտենալ իրենց, որ իրենք էլ չթիրախավորվեն։ 

«Խաղաղապահներից մի սպա կար, ասաց՝ տենց չի կարելի, պետք է օգնենք։ Ու մեզ ԲՏՌ-ով  իջացրին Իվանյան»,- պատմում է Սիրուն Օհանյանը։

Իվանյանից նրանք գնացել են Ստեփանակերտ, որ կարողանան լիցքավորել հեռախոսները և կապ հաստատել ընտանիքի անդամների հետ։

Սիրուն Օհանյանի երեք երեխաները այդ ժամանակ Կաղարծի գյուղում են եղել, ամուսինը՝ Ստեփանակերտում։ Սեպտեմբերի 19-ի հարձակման ժամանակ հակառակորդը մոտեցել էր Կաղարծիին և երեք կողմից շրջափակել գյուղը։

Ստեփանակերտ հասնելուց հետո Սիրուն Օհանյանը խոսել է երեխաների հետ, համոզվել, որ լավ են և դուրս են գալիս գյուղից։ Սիրունի երեխաները սեպտեմբերի 25-ին հասել են Ստեփանակերտ, երկու օր անց նրանց ընտանիքը դուրս է եկել Արցախից։

«Սեպտեմբերի 27-ին հասանք Շուշիի տանկի մոտ։ Ժամը վեցն էր, իմ հերթապահության ժամն էր»,- հիշում է Սիրունը՝ չկարողանալով զսպել հուզմունքը։

2023 թվականի սեպտեմբերի 19-20-ը ադրբեջանական հարձակման ընթացքում աշխարհազորային առաջին գումարտակից զոհվել են՝  Բորիս Բալայանը, Արթուր Աղաջանյանը, Սերգեյ Բարսեղյան և Զորիկ Ղարայանը։

Սիրուն Օհանյանը ամուսնու, ծնողների և երեք երեխաների հետ ապրում է Աբովյանում՝ վարձով։ Դիանան, Օլգան և Սիրունը հաճախ են հանդիպում, խոսում են Արցախում ապրած վերջին ամիսների, շրջափակման ու պատերազմի մասին։

Կարդացեք նաև՝ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter