
Խաչատրյան եղբայրները ԱՕԿՍ-ի շենքը վարձակալելուն զուգահեռ գնել են դրա հարևան տարածքը, որտեղ խանութ են կառուցելու
Գործարար եղբայրներ Հայկ եւ Ղուկաս Խաչատրյանները, որոնց «Զեթ էնդ Էյ» ՍՊԸ-ն 2024-ին 10 տարով վարձակալեց Երեւանի կենտրոնում՝ Աբովյան 3 հասցեում գտնվող եւ պետական սեփականություն հանդիսացող ԱՕԿՍ-ի շենքը, միաժամանակ գնել են դրա հարեւան տարածքը: Խաչատրյաններն արդեն իրավունք են ստացել քանդել իրենց ձեռք բերած տարածքում գտնվող շենքը:
Եղբայրները, որոնցից Հայկը Կանադայի քաղաքացի է, իսկ Ղուկասը՝ Սենթ Քիթս եւ Նեւիսի, Հայաստանում մի շարք հայտնի ապրանքանիշների սեփականատեր են, այդ թվում՝ «Մառանիկ», «Իդեալ Համակարգ», «Իդեալ Մաստեր»: Նրանք զբաղվում են նաեւ հագուստի ներկրմամբ ու առեւտրով: Մասնավորապես՝ եղբայրներին պատկանող «Զեթ ընդ Էյ» ՍՊԸ-ն է Հայաստանում ներկայացնում Ermenegildo Zegna, Emporio Armani, Burberry, Marc Jacobs, Red Valentino, OVS, Coincasa, New Yorker, Polo Ralph Lauren ապրանքանիշները:
Հիշեցնենք, որ պետությանը վերադարձված ԱՕԿՍ-ի շենքն ու դրա զբաղեցրած 454 քմ հողամասը, ինչպես նաեւ շենքի օգտագործման ու սպասարկման համար հատկացված 36 քմ հողամասը (գտնվում է շենքի ճակատային մասին կից՝ շենքի ու մայթի միջեւ) 2023-ի նոյեմբերին Կառավարությունն ամրացրել է ՏԿԵՆ-ին ենթակա Պետգույքի կառավարման կոմիտեին (ՊԳԿԿ): Անշարժ գույքի նկատմամբ պետության սեփականության իրավունքը գրանցվել է 2024-ի հունվարին: Նույն տարվա օգոստոսին ՊԳԿԿ-ն հայտարարեց, որ շենքի վարձակալության մրցույթում հաղթող է ճանաչվել «Զեթ ընդ Էյ» ՍՊԸ-ն: Քիչ ավելի ուշ հայտնի դարձավ, որ վարձակալողները երեքն են՝ «Զեթ ընդ Էյ» ՍՊԸ, «Մեզոն Մարօմ» ՍՊԸ, «Կերոն» զարգացման հիմնադրամ:
ԱՕԿՍ-ի շենքի ընդհանուր տարածքը 701,4 քմ է, սակայն վարձակալության մրցույթի էր ներկայացվել դրանից 651,6 քմ-ն (1-3-րդ հարկերը), քանի որ շենքի 49,8 քմ մակերեսով նկուղային տարածքը կից է «Թիֆլիս» ՍՊԸ-ին սեփականության իրավունքով պատկանող Աբովյան 3 շենք թիվ 1 շինություն հասցեին, ու «Թիֆլիսը» դիմել էր ՊԳԿԿ-ին՝ այդ նկուղային տարածքը վարձակալելու խնդրանքով:
ԱՕԿՍ-ի շենքի վարձակալները պարտավորվել են ամսական 16,2 մլն դրամ վարձ վճարել: ՊԳԿԿ-ն նաեւ հայտնել էր, որ նախատեսվում է 2 տարում շենքում իրականացնել 1 մլրդ 170 մլն դրամի ներդրում։ Ըստ վարձակալության նախագծի՝ ԱՕԿՍ-ի շենքում են միավորվելու բարձր արվեստն ու նորաձեւությունը։ Ներդրումային ծրագրի տեսլականն է՝ Երեւանը դարձնել նորաձեւության համաշխարհային կենտրոններից մեկը՝ ստեղծելով բացառիկ համալիր, որտեղ միաժամանակ կներկայացվեն համաշխարհային ու հայկական արվեստի լավագույն նմուշները։ Տարածքում գործելու են ցուցասրահ, զարգացման արվեստանոց, սրճարաններ։
Կադաստրի կոմիտեից տեղեկանում ենք, որ ԱՕԿՍ-ի շենքի հանդեպ վերոնշյալ եռյակի վարձակալության իրավունքը պետական գրանցում է ստացել 2024-ի հոկտեմբերին:
Այս տարվա փետրվարին Խաչատրյանների Nork Group-ը, որը ներառում է գործարար եղբայրների ընկերությունները, անդրադարձել է շենքում ընթացող աշխատանքներին. «Մեր գործընկերների հետ համագործակցությամբ իրականացվող վերականգնման ծրագրի շնորհիվ ԱՕԿՍ շենքը նոր կյանք է ստանում՝ վերափոխվելով Երեւանի մշակութային սրտի՝ արվեստի, նորաձեւության եւ համայնքի աշխույժ կենտրոնի: Այս փոփոխությունը շունչ է հաղորդում կառույցին՝ պահպանելով պատմական ժառանգությունը եւ բացելով նոր հնարավորություններ ապագայի համար»:
Քանի որ «Զեթ ընդ Էյ» ՍՊԸ-ի մասին գրել ենք նախորդ հոդվածում, այս անգամ կանդրադառնանք դրա գործընկերներին:
Խաչատրյանների գործընկերը «Էվոկաբանկի» տերն է
«Կերոն» զարգացման հիմնադրամը պետական գրանցում է ստացել 2024-ի մարտին: Ըստ պաշտոնական կայքի՝ հիմնադրամի առաքելությունն է Հայաստանում բարեփոխումներ խթանելը՝ իրականացնելով նախաձեռնություններ, որոնք նպաստում են մշակույթի, կրթության, տարածքային զարգացման, սպորտի եւ առողջապահության զարգացմանը, միաժամանակ աջակցելով տաղանդավոր անհատներին ամբողջ աշխարհից եւ հզորացնելով տեղական ներուժը: «Կերոնի» հիմնադիրը Մարետա Գեւորկյանն է, որը «Էվոկաբանկ» ՓԲԸ-ի միանձնյա սեփականատերն է: Հիմնադրամի գործադիր տնօրենը Վանանե Արարքցյանն է, որը ԱԺ նախկին նախագահ Բաբկեն Արարքցյանի դուստրն է:
«Մեզոն Մարօմ» ՍՊԸ-ն (Maison Marom) եւս նոր ընկերություն է՝ հիմնադրվել է 2024-ի մայիսին: 50-50 համամասնությամբ սեփականատերերն են Մարետա Գեւորկյանն ու ռուսաստանցի Օլգա Շչերբակովան (ընկերության հաղորդագրություններում նշվում է Մեդելյան ազգանունով): Ըստ ՊԵԿ-ի՝ ընկերությունն զբաղվում է հագուստի մանրածախ առեւտրով:
Խաչատրյան եղբայրները գնել են մի տարածք, որի հասցեն եւս Աբովյան 3 է. այստեղի շենքը քանդվում է
Ինչպես ասվեց, ԱՕԿՍ-ի շենքը գտնվում է Աբովյան 3 հասցեում, բայց հետաքրքիր է, որ նույն հասցեն է կրում նաեւ դրա հարեւան տարածքը (հողամասն ու վրան կառուցված շենքը): Խոսքը ԱՕԿՍ-ի շենքի ու Գագիկ Ծառուկյանի եւ վերջինիս գործընկերների կողմից կառուցվող հյուրանոցի միջեւ գտնվող անշարժ գույքի մասին է (տես ներքեւի լուսանկարում՝ ծածկված նարնջագույն ցանցով):
Ըստ Կադաստրի կոմիտեի՝ այս հողամասի մակերեսը 474 քմ է: Հիշեցնենք, որ այս գույքի նախորդ սեփականատեր Աննա Մարտիրոսյանը տեւական ժամանակ դատական վեճի մեջ էր իր հարեւանությամբ շինարարություն իրականացնող Ծառուկյանի ու նրան շինթույլտվություն տված Երեւանի քաղաքապետարանի հետ:
Հողամասն ու շենքը ձեռք է բերել Խաչատրյանների «Զեթ ընդ Էյ» ՍՊԸ-ն, որի սեփականության իրավունքը գրանցվել է 2024-ի օգոստոսին: Դրանից շատ չանցած ընկերությունը քաղաքապետարանից շենքը քանդելու թույլտվություն է ստացել: Աշխատանքները, ըստ իրազեկման պաստառի, նախատեսված են 6 ամսով՝ 2024-ի նոյեմբերի 28-ից մինչեւ այս տարվա մայիսի 28-ը:
Քանդման աշխատանքների կապալառուն «Սպիտակ տնակ» ՍՊԸ-ն է, որը պատկանում է ԱԺ նախկին պատգամավոր Արագած Ախոյանի եղբորը՝ Ստեփան Ախոյանին: Ըստ էության, այս կապալառուն կկառուցի նաեւ նոր շենքը:
Իսկ որ նոր շենք լինելու է, հունվարի վերջին հայտարարել է Nork Group-ը: Ըստ այդմ՝ հագուստեղենի լիբանանյան Aïshti խանութների ցանցը Nork Group-ի հետ «մեկնարկում է բացառիկ նախագիծ, որը նպատակ ունի վերափոխել եւ վերաիմաստավորել Աբովյան 3 հասցեի պատմական տարածքը։ Այս համատեղ նախաձեռնությունը կներկայացնի եզակի կոնցեպտ, որտեղ նորարարությունը կհամադրվի դասական արժեքների հետ՝ ստեղծելով եզակի փորձառություն: Ծրագրի հիմնական առաքելությունն է վերակենդանացնել չօգտագործված ներուժ ունեցող շենքերը՝ դրանք դարձնելով ժամանակակից, ֆունկցիոնալ եւ դինամիկ տարածքներ»:
Ընդ որում՝ Աբովյան 3 հասցեի քանդվող շենքի հետեւում՝ Հին Երեւանցու փողոցի կողմից, «Սպիտակ տնակը» բազմաֆունկցիոնալ շենք է կառուցում, որն, ըստ նախագծի, պետք է ունենա վերգետնյա 9 եւ ստորգետնյա 2 հարկ: Պատվիրատուները «Լոկալ Դիվելոփըրզ» ՍՊԸ-ն ու Կարինե Կարապետյանն են:
Մեկնաբանել